Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.32
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ  
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0079/05/12

Վարչական գործ թիվ ՎԴ/0079/05/12

2015թ.

Նախագահող դատավոր` Ա. Բաբայան

Դատավորներ`

Ա. Աբովյան

Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Ս. ԱնտոնյանԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

   

Տ. Պետրոսյանի

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ն. Ռ. Վ. Ա. Դ.» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.11.2014 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) 27.09.2011 թվականի թիվ 1013952 ստուգման ակտի 4-րդ կետը վերացնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ստուգման ակտի 4-րդ կետը:

ՀՀ վարչական դատարանի 05.11.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 05.11.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.05.2013 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 թվականի որոշման դեմ Կոմիտեի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 25.04.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դատարանի 25.04.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.06.2014 թվականի որոշմամբ կատարվել է դատավարության մասնակցի փոխարինում նրա իրավահաջորդով` Կոմիտեն փոխարինվել է Նախարարությամբ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.11.2014 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 25.04.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-29-րդ, 37-րդ, 145-րդ և 177-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը սույն վարչական գործի քննությունն իրականացրել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալի շրջանակներում: Մասնավորապես` Դատարանը հստակորեն անդրադարձել է Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ստուգման ակտի 4-րդ կետում արձանագրված խախտման փաստի վիճարկմանը վերաբերող փաստարկներին և գնահատել է դրա վերաբերյալ վարչական գործում առկա ապացույցները: Դատարանն օրենքով սահմանված կարգով կողմերի միջև կատարել է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի` վիճարկվող վարչական ակտի 4-րդ կետում արձանագրված խախտման առկայության կամ բացակայության ապացուցման բեռի բաշխում: Բացի այդ, Դատարանը քննարկման առարկա է դարձրել համապատասխան փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հարցը և չի նշանակել փորձաքննություն` լսելով ու հաշվի առնելով կողմերի կարծիքները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ստուգման ակտի հիմքում ընկած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է Կոմիտեն, մինչդեռ վերջինս չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր վիճարկվող ակտի կայացման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների առկայությունը, հետևաբար դրա բացասական հետևանքները պետք է կրի Կոմիտեի իրավահաջորդ Նախարարությունը: Ավելին, Կոմիտեն գործի քննության ընթացքում չի ներկայացրել վարչական վարույթի (ստուգման) նյութերը` պատճառաբանելով, որ դրանք չեն պահպանվել: Հետևաբար վարչական մարմնի կողմից վարչական վարույթի ընթացքում ուսումնասիրված նյութերի բացակայության պայմաններում փորձաքննություն նշանակելու դեպքում պետք է ուսումնասիրության առարկա դառնան այնպիսի հաշվապահական հաշվառման փաստաթղթեր և այլ նյութեր, որոնք սույն գործում առկա չեն: Մինչդեռ Ընկերության պարտավորության չափը չի կարող որոշվել այն փաստաթղթերի և նյութերի հիման վրա, որոնք վարչական մարմինը միջամտող վարչական ակտ կայացնելիս չի հետազոտել, և այդ ապացույցներով չի հաստատվել լրացուցիչ պարտավորություններ առաջադրելու համար անհրաժեշտ փաստական կազմը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.11.2014 թվականի որոշումը և հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող որոշմամբ բեկանելով Դատարանի 25.04.2014 թվականի վճիռը, իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ Դատարանը սույն գործի նոր քննությունը չի իրականացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 թվականի որոշմամբ սահմանված ծավալի շրջանակներում: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր 05.11.2014 թվականի որոշմամբ հիմնավոր կերպով գտել է, որ Դատարանը չի կատարել սույն գործի նյութերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Ալավերդյանի 14.04.2011 թվականի թիվ 1013952 հանձնարարագրի համաձայն` Տեսչության համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է Ընկերությունում ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում կատարել բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող` ՀՀ օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 39):

2) Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ակտի 4-րդ կետի համաձայն` ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) գծով Ընկերությանն առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ` ընդամենը 7.513.150 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 18-25):

3) Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ակտի 4-րդ կետով արձանագրվել է հետևյալը. «(...) 2010 թվականի ԱԱՀ-ի ամսական հաշվարկների և հաշվապահական տվյալների համադրումից պարզվեց, որ Ընկերությունը, խախտելով «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները, 2010 թվականի փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, սեպտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար հարկային տեսչություն ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկներով ավել հաշվանցում, ավել հետաձգում և նախորդ ժամանակաշրջաններում հետաձգված ԱԱՀ-ի գումարներից ավել դեբետագրում է ցույց տվել, (...) դրան հակառակ` նույն տարվա հունվար, հուլիս, օգոստոս և հոկտեմբեր ամիսների համար հարկային տեսչություն ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկներով պակաս հաշվանցում է ցույց տվել (...): Արդյունքում նշված ամիսների հաշվարկներով պակաս ԱԱՀ-ի գումար է հաշվարկվել (...) ընդամենը` 4.398.100 ՀՀ դրամ, դրան հակառակ` նշված ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներով ավել ԱԱՀ-ի գումար է հաշվարկվել (...) ընդամենը` 281.100 ՀՀ դրամ, որը ենթակա է պակասեցման: Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի` նույն օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարները պակասեցնելու (հաշվանցելու) հետևանքով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ԱԱՀ-ի գումարը` 4.398.100 ՀՀ դրամ, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50%-ի չափով` 2.199.050 ՀՀ դրամ: (...) Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի` ԱԱՀ-ի հաշվարկները սխալ կազմելու համար Ընկերությունից ենթակա է գանձման տուգանք այդ խախտման հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկի գումարի 10%-ի չափով` 178.900 ՀՀ դրամ: (...) Համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար յուրաքանչյուր օրվա համար ընկերությունից ենթակա է գանձման տույժ` ժամկետին չմուծված հարկի գումարի 0,15%-ի չափով` 737.100 ՀՀ դրամ: (...) ԱԱՀ-ի գծով ընդամենը ենթակա է գանձման 7.513.150 ՀՀ դրամ, ենթակա է պակասեցման 281.100 ՀՀ դրամ (...)» (հատոր 1-ին, գ.թ. 21):

 4) Գործի դատաքննության ընթացքում կողմերը հայտնել են, որ սույն գործով փորձաքննություն նշանակելու անհրաժեշտություն չկա (հիմք` 17.02.2014 թվականի դատական նիստի արձանագրություն, հատոր 6-րդ, գ.թ. 36-37, 81):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատարանի կողմից վերադաս դատական ատյանի սահմանած ծավալին համապատասխան գործի նոր քննության իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 29-րդ, 145-րդ և 177-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք վարչական գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը ենթակա է բեկանման գործը ոչ լիարժեք քննելու հիմքով այն պայմաններում, երբ ստորադաս դատական ատյանը գործի նոր քննությունն իրականացրել է վերադաս դատական ատյանի կողմից սահմանված ծավալի շրջանակներում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը` բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան` նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստորադաս դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վերադաս դատարանի որոշման հիման վրա` վերադաս դատարանի սահմանած ծավալով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ վարչական դատավարությունում գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վարչական վերաքննիչ դատարանի լիազորությունը բխում է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված ոչ լրիվ վերաքննության հայեցակարգի բովանդակությունից. այն նպատակ ունի լրացնելու վերաքննության փուլում գործն ամբողջ ծավալով քննելու վարչական վերաքննիչ դատարանի իրավազորության բացակայությունը, կանխելու վարչական վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը, երաշխավորելու դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաբերյալ վարչական վերաքննիչ դատարանի որոշումը պետք է հստակ եզրահանգումներ բովանդակի գործի նախորդ քննության ընթացքում թույլ տրված նյութական և (կամ) դատավարական նորմերի խախտումների և դրանց վերացմանն ուղղված դատավարական գործողությունների վերաբերյալ: Ընդ որում, գործի նոր քննության արդյունքում կայացված վարչական դատարանի դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վարչական վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի, թե վարչական դատարանը գործի նոր քննությունն արդյո՞ք իրականացրել է վերադաս դատական ատյանի կողմից սահմանված ծավալի շրջանակներում, թե` ոչ:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը պահանջել է վերացնել Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ստուգման ակտի 4-րդ կետը: Վիճարկվող վարչական ակտի 4-րդ կետով Ընկերության նկատմամբ առաջադրվել են ԱԱՀ-ի գծով լրացուցիչ հարկային պարտավորություններ` ընդամենը 7.513.150 ՀՀ դրամի չափով:

ՀՀ վարչական դատարանը 05.11.2012 թվականի վճռով մերժել է Ընկերության հայցը, իսկ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը 02.04.2013 թվականի որոշմամբ բեկանել է ՀՀ վարչական դատարանի նշված վճիռը և գործն ուղարկել նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր 02.04.2013 թվականի որոշման մեջ, մասնավորապես, արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանը սույն գործով պատշաճ քննություն չի իրականացրել, իր դատական ակտում որևէ հիմնավոր գնահատականի չի արժանացրել Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ստուգման ակտի 4-րդ կետում արձանագրված խախտման փաստի վիճարկմանը վերաբերող Ընկերության փաստարկները և որևէ կերպ չի գնահատել ի հիմնավորումն դրանց ներկայացված վարչական գործում առկա ապացույցները` Ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը: Ըստ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` ՀՀ վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխան կողմերի միջև կատարելով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի ապացուցման բեռի բաշխում, չի պարզել Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ստուգման ակտի 4-րդ կետում արձանագրված խախտման (այդ թվում նաև` արձանագրված ԱԱՀ-ի չափի վերաբերյալ) առկայության կամ բացակայության փաստը: Միաժամանակ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով գործում առկա ապացույցների ծավալն ու բնույթը, գտել է, որ գործի նոր քննության ընթացքում գործում առկա ապացույցները գնահատելու և վիճարկվող վարչական ակտի 4-րդ կետում արձանագրված խախտման փաստի առկայությունը կամ բացակայությունը պարզելու նպատակով պետք է քննարկվի համապատասխան փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հարցը:

Դատարանի 20.06.2013 թվականի որոշմամբ հարուցվել է սույն վարչական գործի նոր քննության վարույթ, իսկ գործի նոր քննության արդյունքում 25.04.2014 թվականին կայացված վճռով Ընկերության հայցը բավարարվել է` Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ստուգման ակտի 4-րդ կետը ճանաչվել է անվավեր: Դատարանն իր վճռում նշել է, որ «(...) դուրս չգալով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի կողմից սահմանված գործի նոր քննության ծավալից` անհրաժեշտ է պարզել այն հանգամանքը, թե արդյոք սույն վարչական գործով վիճարկվող ակտի 4-րդ կետով կատարված հղումները, արձանագրված խախտումները, խախտման ժամանակը և իրավական նորմերը, որոնց պահանջները չեն պահպանվել, համապատասխանում են սույն վարչական գործով առկա փաստական հանգամանքներին, թե` ոչ (...)»: Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության սահմանները, նախ և առաջ արձանագրել է, որ վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռը կրում է Կոմիտեն: Այնուհետև, ուսումնասիրելով գործում առկա ապացույցներն ու վիճարկվող վարչական ակտի 4-րդ կետի վերաբերյալ Կոմիտեի դիրքորոշումները, Դատարանը հանգել է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտում նշված գումարների հաշվարկը չի համապատասխանում սույն վարչական գործով Ընկերության կողմից ներկայացված հաշվապահական փաստաթղթերին և հաշվարկներին` ընդգծելով, որ «(...) Կոմիտեի կողմից որևէ կերպ չմասնավորեցվեց, թե որ հաշվապահական հաշվառման փաստաթղթերի մասին է խոսքը: (...) [Կոմիտեի] կողմից չվկայակոչվեց որևէ հաշվապահական փաստաթուղթ` կապված կատարված հաշվարկների հետ, որով կհիմնավորվեին առաջադրված գումարները` նշելով միայն Ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Մուրադյանի 17.05.2011 թվականի հայտարարությունը (...)»: Հետազոտելով այդ հայտարարությունը` Դատարանը գտել է, որ դրանում նշված հաշվարկների և վիճարկվող վարչական ակտում նշված հաշվարկների միջև ևս առկա են հակասություններ, որոնք Կոմիտեի կողմից չեն պարզաբանվել: Բացի այդ, Դատարանի գնահատմամբ` Ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Մուրադյանի 17.05.2011 թվականի հայտարարությունն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ Ընկերության նկատմամբ պարտավորություններ առաջադրելու համար, և այն պետք է համադրել սույն վարչական գործում առկա մյուս ապացույցների հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալ պատճառաբանությունները` Դատարանն իր 25.04.2014 թվականի վճռում հանգել է այն եզրակացության, որ սույն գործի նոր քննությամբ չի հիմնավորվել Ընկերության կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի խախտման փաստը, հետևաբար Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ստուգման ակտի 4-րդ կետը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման:

Վերաքննիչ դատարանի 05.11.2014 թվականի որոշմամբ Դատարանի 25.04.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Դատարանը, հարուցելով գործի նոր քննության վարույթ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում չի իրականացրել սահմանված ծավալով գործի լիարժեք նոր քննություն: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանը սույն վարչական գործի նոր քննության ընթացքում խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 27-րդ և 124-րդ հոդվածները` բավարարվելով միայն այն պատճառաբանությամբ, որ սույն վարչական գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում Ընկերության կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները խախտելու փաստը: Մինչդեռ ըստ Վերաքննիչ դատարանի` «(...) տվյալ դեպքում սահմանված ծավալով գործի նոր քննություն իրականացնելիս Դատարանը պետք է մանրամասն վերլուծության ենթարկեր գործում առկա Ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը (...) ու դրանք (...) համադրելով գործում առկա մյուս ապացույցների հետ` (...) եզրակացություն աներ գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստերի (...) առկայության կամ բացակայության մասին, ինչը (...) Դատարանի կողմից չի կատարվել (...)»: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի` սույն գործով կայացրած որոշմամբ նշված` «համապատասխան փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հարցի քննարկումը» Դատարանի կողմից չպետք է մեկնաբանվեր որպես դատավարության մասնակիցների հետ այդ հարցի քննարկման անհրաժեշտություն և եզրափակվեր այդ քննարկմամբ, այլ այդ հարցի քննարկման անհրաժեշտությունը Դատարանի մոտ պետք է առաջանար գործում առկա ապացույցների` Ընկերության կողմից ներկայացված, ըստ վերջինիս պնդման, վիճելի հարցին վերաբերող հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հետազոտման արդյունքում` դրանց վերլուծության նպատակով Դատարանի մոտ հատուկ գիտելիքներ պահանջող հարցեր ծագելու դեպքում, որոնց պարզաբանման համար էլ Դատարանը պետք է գար իր նախաձեռնությամբ համապատասխան փորձաքննությունը նշանակելու եզրահանգմանը, մինչդեռ տվյալ դեպքում, գործում առկա` վերը նշված ապացույցների գնահատման` դրանցից յուրաքանչյուրի մասով վերլուծության բացակայության պայմաններում, վճռում բացակայում է նաև Դատարանի այն եզրահանգումը, որ այդ նպատակով չեն ծագել այնպիսի հարցեր, որոնց պարզաբանման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ»: Ըստ այդմ` Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(...) Դատարանը հետամուտ չի եղել սահմանված ծավալով գործի նոր քննության լիարժեք իրականացմանը, (...) չի գնահատել գործում առկա ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 թվականի որոշմամբ մատնանշված ապացույցները, ըստ համապատասխան ժամանակահատվածների որևէ վերլուծության չի ենթարկել դրանցում պարունակվող տեղեկությունները, որի հետևանքով նոր միայն հնարավոր կլիներ հաստատված համարել կամ հերքել վիճարկվող ակտի 4-րդ (...) կետով արձանագրված (...) «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները խախտելու կամ նման խախտում թույլ չտալու փաստը (...)»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, 02.04.2013 թվականի որոշմամբ բեկանելով ՀՀ վարչական դատարանի 05.11.2012 թվականի վճիռը և գործն ուղարկելով նոր քննության, սահմանել է գործի նոր քննության ծավալ, որը հանգում է հետևյալին. ըստ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 թվականի որոշման` գործի նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը պետք է պարզեր Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ակտի 4-րդ կետում արձանագրված խախտման առկայության կամ բացակայության հարցը: Սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող այդ հարցը պարզելու նպատակով ստորադաս դատարանը պարտավոր էր`

ա) գնահատել սույն գործով վիճարկվող վարչական ակտի 4-րդ կետում արձանագրված խախտման փաստի վիճարկմանը վերաբերող Ընկերության փաստարկները և ի հիմնավորումն դրանց ներկայացված վարչական գործում առկա ապացույցները` Ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը.

բ) քննարկել համապատասխան փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հարցը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը սույն վարչական գործի նոր քննության ընթացքում պատշաճ կերպով հետևել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 թվականի որոշման պահանջներին և գործի նոր քննությունն իրականացրել է այդ որոշմամբ սահմանված ծավալի շրջանակներում (սահմաններում) հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որևէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցով ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը` դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների շրջանակում (...):

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափության հարցը պարզելու համար դատարանը պարտավոր է անմիջականորեն գնահատել այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված և գործում եղած ապացույցները, ապա դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ լուծել վիճարկման հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցերը: Ընդ որում, վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը: Հետևաբար, եթե վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված և գործում եղած բոլոր ապացույցները հետազոտելուց հետո վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ ակտն ընդունած վարչական մարմինը:

Վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն (տե՛ս, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Դատարանը սույն վարչական գործի նոր քննության ընթացքում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 թվականի որոշմամբ առաջ քաշված` սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հարցերը պարզաբանելու նպատակով նախ և առաջ հանգել է այն եզրակացության, որ սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի ընդունման համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռը կրում է Կոմիտեն, որն էլ պարտավոր է ապացուցել Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ակտի 4-րդ կետի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների առկայությունը: Մինչդեռ սույն գործի քննության ընթացքում Կոմիտեն չի ներկայացրել բավարար ապացույցներ` ի հիմնավորումն իր կողմից ընդունված վարչական ակտի իրավաչափության: Այսինքն` Դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ սույն գործի քննության ընթացքում Կոմիտեն չի ապացուցել Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ակտի 4-րդ կետի համար հիմք ծառայած փաստական հանգամանքների առկայությունը, մասնավորապես` նշված վարչական ակտի վիճարկվող կետով Ընկերության նկատմամբ առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորության օրինականությունը և հիմնավորվածությունը: Այնուհետև Դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով սույն գործում առկա` Ընկերության կողմից ներկայացված գրավոր ապացույցները` հաշվապահական հաշվառման փաստաթղթերը, եզրահանգել է, որ Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ակտի 4-րդ կետում նշված գումարների հաշվարկը չի համապատասխանում այդ գրավոր ապացույցներում առկա հաշվարկներին, ինչի բացասական հետևանքները պետք է կրի Կոմիտեն:

Ինչ վերաբերում է սույն գործի նոր քննության ընթացքում համապատասխան փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հարցին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը, պահպանելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալը, պատշաճ կերպով հետամուտ է եղել նաև այդ հարցի քննարկմանը: Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 17.02.2014 թվականի դատական նիստում կողմերի հետ քննարկել է փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հարցը, և Ընկերության ու Կոմիտեի ներկայացուցիչները հայտնել են Դատարանին, որ այդպիսի անհրաժեշտություն չեն տեսնում: Փաստորեն, Դատարանը սույն գործի նոր քննության ընթացքում կողմերի հետ քննարկել է համապատասխան փորձաքննություն նշանակելու հարցը և լսելով կողմերի կարծիքները` եզրահանգել է, որ սույն գործով փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է: Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հարցի քննարկումը Դատարանի կողմից չպետք է մեկնաբանվեր որպես դատավարության մասնակիցների հետ այդ հարցի քննարկման անհրաժեշտություն, այլ այդ հարցի քննարկման անհրաժեշտությունը պետք է առաջանար գործում առկա ապացույցների, Ընկերության կողմից ներկայացված վիճելի հարցին վերաբերող հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հետազոտման արդյունքում` դրանց վերլուծության նպատակով Դատարանի մոտ հատուկ գիտելիքներ պահանջող հարցեր ծագելու դեպքում: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա և Ընկերության կողմից ներկայացված հաշվառման փաստաթղթերի հետազոտության և դրանց վերլուծության արդյունքում եզրահանգում կատարելու համար ինքնին հատուկ գիտելիքներ չեն պահանջվում, իսկ վարչական մարմնի կողմից վարչական վարույթում ձեռք բերված ապացույցները սույն գործի քննության ընթացքում ներկայացված չլինելու պայմաններում բացակայում է սույն գործում առկա ապացույցների և վարչական վարույթում ձեռք բերված ապացույցների միջև որևէ համեմատական վերլուծություն իրականացնելու հնարավորությունը, ինչը կարող էր հատուկ գիտելիքներ պահանջել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը, սույն գործի նոր քննության ընթացքում կողմերի հետ քննարկելով համապատասխան փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության հարցը և հաշվի առնելով այդ հարցի շուրջ կողմերի արտահայտած կարծիքները, ինչպես նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով սույն գործում առկա ապացույցները, իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ սույն գործով համապատասխան փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ոչ միայն սույն գործի նոր քննությունն իրականացրել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 թվականի որոշմամբ սահմանված ծավալի շրջանակներում, այլ նաև սույն գործի նոր քննության արդյունքում իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ակտը` 4-րդ կետի մասով, ոչ իրավաչափ վարչական ակտ է և մասամբ ենթակա է անվավեր ճանաչման, քանի որ սույն գործի նոր քննությամբ չի հիմնավորվել Ընկերության կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի խախտման փաստը:

Վճռաբեկ դատարանի` վերը նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում հետևյալը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ստուգման ակտը` որպես վարչական ակտ, պետք է նշում պարունակի այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք համապատասխան վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու այդ ստուգման ակտը: Մինչդեռ, տվյալ դեպքում, Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ակտի 4-րդ կետը չի պարունակում նշում այն բոլոր էական փաստական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսացել ԱԱՀ-ի գծով Ընկերության նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրելու համար: Մասնավորապես` սույն գործով վիճարկվող վարչական ակտում բացակայում են ստուգմամբ արձանագրված` Ընկերության կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի խախտման փաստը հաստատող համապատասխան հիմնավորումները. այդ ակտից պարզ չէ, թե ինչ փաստական հանգամանքների վրա է հիմնվել Տեսչությունը թիվ 1013952 ակտի 4-րդ կետով ԱԱՀ-ի գծով Ընկերության նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրելու համար: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը մասնակիորեն` 4-րդ կետի մասով, ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ և այդ հիմքով ենթակա է անվավեր ճանաչման:

Այսպիսով, վերոգրյալ փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր 05.11.2014 թվականի որոշմամբ անհիմն կերպով է հանգել այն եզրակացության, որ Դատարանը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 որոշմամբ սահմանված սույն գործի նոր քննության ծավալին համապատասխան չի իրականացրել սույն գործի լիարժեք նոր քննություն: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն իր 05.11.2014 թվականի որոշմամբ հաշվի չի առել, որ տվյալ պարագայում Դատարանի 25.04.2014 թվականի վճիռը բեկանելու և սույն գործը կրկին նոր քննության ուղարկելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատարանը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.04.2013 որոշմամբ սահմանված ծավալի շրջանակներում պատշաճ կերպով կատարել է սույն գործի նոր քննություն և իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը` Տեսչության 27.09.2011 թվականի թիվ 1013952 ակտը մասնակիորեն` 4-րդ կետի մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ոչ իրավաչափ վարչական ակտ է, և պետք է ճանաչվի անվավեր:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Նկատի ունենալով, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.03.2015 թվականի որոշմամբ հետաձգվել է վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումարը` 20.000 ՀՀ դրամը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է բռնագանձման Նախարարությունից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 05.11.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 25.04.2014 թվականի վճռին:

2. ՀՀ ֆինանսների նախարարությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.03.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊետրոսՅԱՆ