Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1212
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/32(1121) Հոդ.427
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.05.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

26 մայիսի 2015 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ` (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2015 թվականի ապրիլի 30-ին սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը և դատաքննության ընթացքում ներկայացված պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ Բանկ) միջև «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2015 թվականի ապրիլի 8-ին, որի նպատակն է էլեկտրահաղորդման ցանցի և համակարգի կառավարման հուսալիության բարելավումն ու Հայաստանի Հանրապետության` բավարար էլեկտրամատակարարման ապահովման ջանքերի օժանդակումը:

Համաձայնագրի բաղկացությունն են կազմում երեք առդիր և մեկ հավելված: Առդիրներում համապատասխանաբար ներկայացված են վարկային միջոցների հաշվին իրականացվելիք ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) նկարագրությունը, դրա իրականացումը և վարկի մարման ժամանակացույցը, իսկ հավելվածում` Համաձայնագրում օգտագործված սահմանումներն ու ընդհանուր պայմանների փոփոխությունների վերաբերյալ մի շարք դրույթներ:

Ծրագիրը բաղկացած է 3 մասից, որոնք վերաբերում են` էլեկտրահաղորդման ցանցի ուժեղացմանը (մաս 1), էներգահամակարգի կառավարման բարելավմանը (մաս 2) և էլեկտրաէներգիայի արտադրության հզորության մեջ ներդրման նախապատրաստմանը (մաս 3): Ծրագիրն ավարտվելու է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։

 

2. Ըստ 1-ին առդիրի` Համաձայնագրի նպատակ է ընտրված Հայաստանի Հանրապետության Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ-ի (այսուհետ՝ ԲԷՑ)` Աշնակում գտնվող և Երևանի Ջերմային էլեկտրակենտրոն ՓԲԸ-ի (այսուհետ՝ ՋԷԿ) էլեկտրական ենթակայանների վերակառուցումը` հիմնական սարքավորումների ամբողջական կամ մասնակի փոխարինման և/կամ վերականգնման, վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի տեղադրման, հսկողության սենյակների համար նոր շենքի կառուցման և էլեկտրաէներգիայի մատակարարման համար պահանջվող հաղորդման օդային գծերի վերամիացման (Մաս 1, «ա» և «բ» կետեր), դրա համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման (Մաս 1, «գ» կետ), ԲԷՑ-ին և Երևանի ՋԷԿ-ին օժանդակության տրամադրման (Մաս 1, «դ» և «ե» կետեր) միջոցով, կարգավարման պահուստային կենտրոնի ստեղծումը (Մաս 2), համակցված ցիկլով շոգեգազային տուրբինի (ՀՑՇԳ) ներդրման նախագծի կազմումը և Ծրագրի աուդիտների իրականացումը (Մաս 3, «ա» և «բ» կետեր):

Վերոհիշյալ նպատակներով Բանկը Համաձայնագրով նշված պայմաններով Վարկառուին է տրամադրում 52.000.000.00 (հիսուներկու միլիոն) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով՝ Համաձայնագրի 2.08-րդ բաժնի դրույթներին համաձայն` 1-ին առդիրում նկարագրված Ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու համար:

Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14,5 տարի:

 

3. Ըստ Համաձայնագրի II հոդվածի 2.05-րդ բաժնի՝ Վարկառուի կողմից տոկոսագումարի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարվելիք տոկոսագումարը հավասար է վարկի արժույթի կողմնորոշիչ դրույքաչափին գումարած փոփոխական տարբերությունը (սփրեդը)՝ պայմանով, որ վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա մի մասի փոխարկման դեպքում Վարկառուի կողմից փոխարկման ժամանակահատվածում այդ գումարի համար վճարվելիք տոկոսագումարը որոշվում է Ընդհանուր պայմանների IV հոդվածի դրույթներին համապատասխան: Ընդ որում, եթե վարկի առհանված մնացորդի որևէ գումար ժամկետը լրանալիս չի վճարվում և չվճարվելը շարունակվում է 30 օր, ապա Վարկառուի կողմից վճարման ենթակա տոկոսագումարը հաշվարկվում է Ընդհանուր պայմանների 3.02-րդ բաժնի «ե» կետում նախատեսված կարգով:

 

4. Ըստ Համաձայնագրի II հոդվածի 2.03-րդ և 2.04-րդ բաժինների՝ Վարկառուի կողմից վճարման սկզբնավճարը հավասար է վարկի գումարի 0,25%-ին, իսկ պարտավճարը հավասար է վարկի չառհանված մնացորդի տարեկան 0,25%-ին:

Ըստ Համաձայնագրի II հոդվածի 2.06-րդ և 2.07-րդ բաժինների՝ վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ը և նոյեմբերի 15-ը, իսկ վարկի մայր գումարի մարումը պետք է իրականացվի Համաձայնագրի 3-րդ Առդիրում սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին. սկսած 2029 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2039 թվականի մայիսի 15-ը մայր գումարի վճարվելիք տոկոսային մասնավճարը պետք է կազմի 4,76%, իսկ 2039 թվականի նոյեմբերի 15-ին այն պետք է կազմի 4,8%:

 

5. Ըստ Համաձայնագրի II հոդվածի 2.02-րդ բաժնի և 2-րդ առդիրի 4-րդ բաժնի «Ա» մասի 1-ին կետի՝ Վարկառուն կարող է առհանել վարկի միջոցները` Համաձայնագրի II հոդվածի, 2-րդ առդիրի 4-րդ բաժնի և այնպիսի այլ լրացուցիչ ցուցումների համաձայն, որոնք Բանկը կներկայացնի Վարկառուին գրավոր ծանուցման միջոցով:

2-րդ առդիրի 4-րդ բաժնի «Ա» մասի 2-րդ կետի համաձայն նախատեսվում է, որ վարկի միջոցներից կարող են ֆինանսավորվել Ծրագրի շրջանակներում նախատեսվող ապրանքների, աշխատանքների, ոչ խորհրդատվական ծառայությունների, խորհրդատվական ծառայությունների (Ծրագրի աուդիտները ներառյալ) և Ուսուցում Ծրագրի գործառնական ծախսերի 80%-ը:

 

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ հիմնական պարտավորությունները.

- վճարել սկզբնավճար` վարկի գումարի 0,25%-ի չափով, ինչպես նաև պարտավճար`վարկի չառհանված մնացորդի տարեկան 0,25%-ի չափով,

- կիսամյակային վճարումներով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վճարել տոկոսագումարը` Համաձայնագրի II հոդվածի 2.05-րդ բաժնի դրույթներին համապատասխան,

- վարկի մայր գումարի վճարումն իրականացնել Համաձայնագրի 3-րդ առդիրում ներկայացված մարման ժամանակացույցին համապատասխան,

- հայտարարել Ծրագրի նպատակների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հանձնառության մասին և ապահովել` ԲԷՑ-ի կողմից Ծրագրի 1(ա), 1(գ), 1(դ) 2-րդ և 3(բ) մասերի իրականացումը և Երևանի ՋԷԿ-ի կողմից Ծրագրի 1(բ), 1(ե) և 3(ա) մասերի իրականացումը, բոլորն էլ Ընդհանուր պայմանների V հոդվածի, ԲԷՑ Ծրագրի համաձայնագրի և Երևանի ՋԷԿ Ծրագրի համաձայնագրի դրույթների համաձայն, ինչպես նաև առանց սույն դրույթները սահմանափակելու և, բացառությամբ այն դեպքի, երբ այլ համաձայնություն է ձեռք բերվում Վարկառուի և Բանկի միջև, ապահովել Ծրագրի իրականացումը 2-րդ առդիրի դրույթներին համապատասխան,

- Ծրագրի` ԲԷՑ-ի և Երևանի ՋԷԿ-ի համապատասխան մասերի իրականացումը դյուրացնելու նպատակով Վարկառուի և ԲԷՑ-ի միջև համաձայնագրի շրջանակում (ԲԷՑ-ի Օժանդակ համաձայնագիր) վարկի միջոցների մի մասը (ԲԷՑ-ի ենթավարկ) Բանկի համար ընդունելի պայմաններով տրամադրել ԲԷՑ-ին, իսկ Վարկառուի և Երևանի ՋԷԿ-ի միջև համաձայնագրի շրջանակում (Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագիր) վարկի միջոցների մյուս մասը (Երևանի ՋԷԿ-ի ենթավարկ) Բանկի համար ընդունելի պայմաններով տրամադրել Երևանի ՋԷԿ-ին,

- բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք կբերվի, չփոխանցել, չփոխել, անվավեր չճանաչել կամ չհրաժարվել ԲԷՑ-ի և Երևանի ՋԷԿ-ի Օժանդակ համաձայնագրերից կամ դրանց որևէ դրույթից,

- ապահովել Ծրագրի իրականացումը Հակակոռուպցիոն ուղեցույցի դրույթներին համապատասխան, ինչպես նաև ապահովել ԲԷՑ-ի և Երևանի ՋԷԿ-ի կողմից 2-րդ առդիրի 1-ին բաժնի «Գ» մասում նախատեսված բնապահպանական և սոցիալական երաշխիքների իրականացումը և բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկի հետ այլ համաձայնություն ձեռք կբերվի, ապահովել, որպեսզի ԲԷՑ-ը և Երևանի ՋԷԿ-ը չեղյալ չհայտարարեն, չփոխեն, չկասեցնեն, չհրաժարվեն ՀՀ համապատասխան բնապահպանական կառավարման պլաններից (ԲԿՊ) կամ դրանց որևէ դրույթից,

- վարել և ԲԷՑ-ին և Երևանի ՋԷԿ-ին հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ՝ Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթներին համապատասխան,

- ապահովել, որպեսզի ԲԷՑ-ը և Երևանի ՋԷԿ-ը յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում կազմեն և Բանկին ներկայացնեն կիսամյակն ընդգրկող` Ծրագրի իրենց համապատասխան մասերի աուդիտով չհաստատված միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ,

- ԲԷՑ-ի միջոցով ապահովել նրա ֆինանսական հաշվետվությունների տարեկան աուդիտի անցկացումը՝ Ընդհանուր պայմանների 5.09 (բ) բաժնի դրույթների համաձայն, և յուրաքանչյուր տարեկան աուդիտով հաստատված ֆինանսական հաշվետվությունները Բանկին ներկայացնել այդպիսի ժամանակահատվածի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում,

- Ծրագրի համար պահանջվող և վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները գնել Գնումների ուղեցույցի I բաժնում սահմանված կամ նշված պահանջների և Համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի դրույթների համաձայն,

- Ծրագրի համար պահանջվող և վարկի միջոցներից ֆինանսավորվող բոլոր խորհրդատվական ծառայությունները գնել Խորհրդատուի ուղեցույցի I և IV բաժիններում սահմանված կամ նշված պահանջների և Համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի դրույթների համաձայն,

- ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները գնել Միջազգային մրցակցային սակարկության հիման վրա շնորհված պայմանագրերով, բացառությամբ Համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի «Բ» մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի,

- Միջազգային մրցակցային սակարկությունից բացի, Համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի «Բ» մասի 2-րդ կետում նշված գնումների մեթոդները ևս կարող են կիրառվել Գնումների պլանում նշված պայմանագրերի համար ապրանքներ, աշխատանքներ և ոչ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու համար,

- խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել Որակի և գնի վրա հիմնված ընտրության հիման վրա շնորհված պայմանագրերի շրջանակում, բացառությամբ Համաձայնագրի 2-րդ առդիրի 3-րդ բաժնի «Գ» մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերի,

- եթե վարկի միջոցներն ամբողջությամբ չեն առհանվել մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ, ապա մայր գումարի վճարման առաջին ամսաթվի դրությամբ վարկի որևէ առհանված գումարի դեպքում վերադարձնել վարկի առհանված մնացորդը՝ Համաձայագրի 3-րդ առդիրի 1-ին կետի համաձայն,

- մայր գումարի վճարման առաջին ամսաթվից հետո առհանված ցանկացած գումար վերադարձնել մայր գումարի վճարման յուրաքանչյուր ամսաթվին, որը հաջորդում է առհանման այդ օրվան, Բանկի կողմից որոշված գումարներով` յուրաքանչյուր այդպիսի առհանման գումարը բազմապատկելով կոտորակով, որի համարիչը սկզբնական մասնավճարի մասն է, իսկ հայտարարն այդ ամսաթվի դրությամբ կամ դրանից հետո ընկնող մայր գումարի վճարման ամսաթվերին վճարման ենթակա բոլոր մնացած մասնավճարների մասերի հանրագումարն է:

 

7. Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության էլեկտրահաղորդման ցանցի բարելավմանն ուղղված միջազգային ներդրումային ծրագրերի իրականացման և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք վարկային համաձայնագրերով ստանձնված պարտավորությունների կատարման պրակտիկային՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման համաձայնագրերի վավերացման ժամանակ, որոնք ենթադրում են լրացուցիչ ֆինանսավորում, անհրաժեշտ է նախապես հստակ գնահատել արդեն իսկ կատարված աշխատանքների արդյունավետությունը, և դրանից ելնելով՝ ճշգրտել վարկային միջոցների հատկացման և մասհանման օբյեկտներն ու ծավալները։

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2011 թվականից հետո այս ոլորտում իրականացվող թվով երեք վարկային ծրագրերի վերաբերյալ դեռևս առկա չէ ՀՀ վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություն։ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2014 թվականի մարտի 25-ի թիվ 10/9 որոշմամբ հաստատված` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպություններին և բաժնետիրական ընկերություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ հաշվետվությամբ արձանագրվել է, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն շարունակաբար աշխատում են վնասով` կրելով միաժամանակ լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Միաժամանակ, քննության առարկա համաձայնագրով վարկային միջոցների ֆինանսական կառավարման համակարգի վարումը հանձնարարված է հիշատակված ընկերություններին։ Նման վիճակը պահանջում է վարկային միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ առավել գործուն վերահսկողական կառուցակարգերի արմատավորում։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

26 մայիսի 2015 թ.

ՍԴՈ-1212

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան