Գլխավոր տեղեկություն
Համար
N 1206-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (21.03.2015-31.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.13/48(503) Հոդ.1004
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2006 թվականի N 1206-Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժթ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 04.10.12 N 1262-Ն)

1. Հաստատել ճանապարհային երթևեկության կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2006 թ. օգոստոսի 26
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 29-ի N 1206-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներով, բնակավայրերի փողոցներով (այսուհետ` ճանապարհներ) երթևեկության կազմակերպման և դրանց հետ կապված նախագծային, շինարարական, վերակառուցման, շինարարական-նորոգման աշխատանքների, ինչպես նաև հետազոտությունների գործընթացը:

2. Սույն կարգի նպատակը ճանապարհային երթևեկության կազմակերպումը` տրանսպորտային միջոցների և հետիոտների անխափան ու անվտանգ երթևեկության ապահովումը և ճանապարհների թողունակության մեծացումն է:

3. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման բոլոր ճանապարհների վրա` անկախ սեփականության ձևից:

Ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհների սեփականատերերը, հաշվի առնելով երթևեկության հատուկ պայմանները և դրանցով տրանսպորտային միջոցների շահագործման յուրահատկությունները, կարող են մշակել նաև լրացուցիչ պայմաններ:

4. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`

ճանապարհի թողունակություն` միավոր ժամանակահատվածում ճանապարհի կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող ավտոմոբիլների առավելագույն թիվը,

ճանապարհի երթևեկության ինտենսիվություն` միավոր ժամանակահատվածում (օր, ժամ) ճանապարհի որևէ կտրվածքով հանդիպակաց ուղղություններով անցնող տրանսպորտային միջոցների թիվը:

(4-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն)

 

II. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ճանապարհային երթևեկության կազմակերպման հիմնական խնդիրներն են`

ա) ճանապարհների և ճանապարհային կառույցների նախագծման, շինարարության, վերակառուցման, կահավորման, շահագործման և պահպանման, շինարարական-նորոգման աշխատանքների կատարման ժամանակ երթևեկության անվտանգության պահանջների ապահովումը.

բ) ճանապարհային երթևեկության պայմանների և վիճակի ուսումնասիրությունը, դրանց կատարելագործման ուղղությամբ միջոցառումների մշակումը.

գ) անբավարար ճանապարհային պայմանների (ճանապարհի երկրաչափական տարրերի, տեխնիկական վիճակի, այդ թվում` դրա սարքավորումների ու կահավորանքի) պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը, դրանց առաջացման պատճառները վերացնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:

6. Ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացնում են`

ա) ընդհանուր օգտագործման պետական ճանապարհների (այդ թվում` բնակավայրերով անցնող տարանցիկ ճանապարհների հատվածների` բացառությամբ Երևան քաղաքի) համար` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը.

բ) Երևանի ճանապարհների (այդ թվում` քաղաքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության տարանցիկ ճանապարհների հատվածների) համար` Երևանի քաղաքապետը.

գ) ընդհանուր օգտագործման ոչ պետական ճանապարհների (բացառությամբ բնակավայրերով անցնող տարանցիկ ճանապարհների հատվածների) համար` դրանց սեփականատերերը.

դ) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար` դրանց սեփականատերերը:

7. Ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում`

ա) վտանգավոր և անբավարար թողունակությամբ ճանապարհի տեղամասեր հայտնաբերելու նպատակով ուսումնասիրում են ճանապարհային երթևեկության պայմաններն ու վիճակը,

բ) ձեռնարկում են միջոցներ ճանապարհների երկրաչափական պարամետրերի կատարելագործման, երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներով կահավորումը բարելավելու համար,

գ) տալիս են եզրակացություններ ճանապարհների, ճանապարհային կառույցների, երկաթուղային գծանցների, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծերի շինարարության և վերակառուցման նախագծերի մասին,

դ) իրականացնում են վերահսկողություն ճանապարհների շինարարության և վերակառուցման նորմատիվային փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ,

ե) երթևեկության կազմակերպման օբյեկտները շահագործման ընդունելիս` մասնակցում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված աշխատանքային և պետական հանձնաժողովների աշխատանքներին,

զ) իրականացնում են վերահսկողություն ճանապարհները, ճանապարհային կառույցները և երկաթուղային գծանցները երթևեկության համար անվտանգ պահպանելու, ճանապարհները երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցներով կահավորելու նկատմամբ,

է) ճանապարհներին, երկաթուղային գծանցներում շինարարական-նորոգման և այլ աշխատանքներ կատարելիս վերահսկում են նորմատիվային փաստաթղթերի, ինչպես նաև երթևեկության անվտանգության ապահովման պահանջների կատարումը,

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան քննարկում և եզրակացություն են տալիս համաձայնության համար իրենց ներկայացված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթուղիների մասին:

8. Ճանապարհային երթևեկության կազմակերպումն իրականացնողները տրանսպորտային միջոցների և հետիոտների անխափան ու անվտանգ երթևեկության համար անհրաժեշտ ճանապարհային պայմաններ ստեղծելու նպատակով համագործակցում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) հետ, իսկ փոխադարձ համաձայնության դեպքում համագործակցում են նաև ճանապարհաշինարարական, կոմունալ և այլ կազմակերպությունների, նախագծային, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև համապատասխան լիազորություններ ունեցող այլ անձանց հետ:

(8-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն)

 

III. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

9. Ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներն իրականացվում են ճանապարհների, երկաթուղային գծանցների, քաղաքային էլեկտրատրանսպորտի գծերի շինարարության, վերակառուցման նախագծերի հիման վրա, որոնք կազմվում են սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի, ճանապարհի սեփականատիրոջ որոշմամբ` նախագծային կազմակերպությունների և (կամ) համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից:

10. Նախագծերը կազմելիս պետք է պահպանվեն հետևյալ շինարարական նորմերի, ստանդարտների պահանջները`

1) ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ.

2) ՍՆԻՊ 2.07.01-89 Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծումը և կառուցապատումը.

3) ԳՕՍՏ 10807-78 Ճանապարհային նշաններ: Ընդհանուր տեխնիկական պայմաններ.

4) ԳՕՍՏ Ռ51256-96 Ճանապարհային նշագծում: Տեսակներն ու պարամետրերը: Հիմնական ընդհանուր պահանջներ.

5) ԳՕՍՏ Ռ51256-96 Ճանապարհային գծանշում: Տեսակներն ու պարամետրերը: Հիմնական ընդհանուր պահանջներ.

6) ՀՀ ՇՆ IV-11.05.04-97 Երկաթուղային և ավտոճանապարհային թունելներ.

7) ԳՕՍՏ 25458-82 Ճանապարհային նշանների փայտյա հենասյուներ: Տեխնիկական պայմանները.

8) ԳՕՍՏ 25459-82 Ճանապարհային նշանների երկաթբետոնյա հենասյուներ: Տեխնիկական պայմանները.

9) ԳՕՍՏ 25695-91 Ճանապարհային լուսացույցեր: Տեսակները: Հիմնական պարամետրերը.

10) ԳՕՍՏ Ռ50970-96 Ճանապարհային ազդանշանային կարճասյուներ: Ընդհանուր տեխնիկական պահանջները: Կիրառման կանոնները.

11) ԳՕՍՏ Ռ50971-96 Ճանապարհային լուսանդրադարձիչներ: Ընդհանուր տեխնիկական պայմանները: Կիրառման կանոնները.

12) ԳՕՍՏ Ռ50971-96 Ճանապարհային լուսանդրադարձիչներ: Ընդհանուր տեխնիկական պայմանները: Կիրառման կանոնները:

(10-րդ կետը խմբ. 04.10.12 N 1262-Ն)

11. Նախագծերը ճանապարհային երթևեկության կազմակերպման մասով պետք է նպաստեն`

ա) ճանապարհային ցանցի զարգացմանը, բնակավայրերում այլընտրանքային ճանապարհների նախատեսմանը` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվության հետագա աճը.

բ) քաղաքներից կամ դրանց կենտրոնական մասից տրանսպորտային հոսքերը շրջանցող ուղիների առկայությանը.

գ) տարբեր մակարդակներում տրանսպորտային և հետիոտնային հոսքերի բաժանմանը.

դ) նույն մակարդակի վրա բարդ հանգույցներում և փոխհատումներում երթևեկության կարգավորման և անվտանգության խնդիրների լուծմանը.

ե) ճանապարհների ինժեներական կառուցապատմանը.

զ) ճանապարհների երթևեկության կարգավորման ավտոմատացված համակարգերի ներդրմանը.

է) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների առավելության իրավունքի ապահովմանը.

ը) վարչական, մշակութային, ուսումնական հաստատությունների շենքերի, հյուրանոցային համալիրների, հանգստյան գոտիների, առևտրային և այլ օբյեկտների մոտ ավտոկայանավայրերի և կանգառի տեղերի կառուցապատմանը.

թ) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների բաց և փակ (ստորգետնյա) կայանատեղերի և ավտոտնակների առկայությանն ու տեղաբաշխմանը.

ժ) վառելիքի ավտոլցավորման, ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման կայանների տեղաբաշխմանը.

ժա) ճանապարհներին` երթևեկության մասնակիցներին սպասարկելու համար անհրաժեշտ շենքերի և կառույցների առկայությանը:

(11-րդ կետը խմբ. 04.10.12 N 1262-Ն)

12. Բնակավայրերի ճանապարհների և քաղաքային էլեկտրատրանսպորտի գծերի նախագծման ժամանակ պետք է հաշվի առնել`

ա) քաղաքի ճանապարհների լայնության համապատասխանությունը դրանց կարգին և տրանսպորտային միջոցների ու հետիոտնի երթևեկության հաշվարկային ինտենսիվությունը.

բ) մայթերի, հեծանվային արահետների, անվտանգության կղզյակների առկայությունը.

գ) գետներեսի, վերգետնյա և ստորգետնյա հետիոտնային անցումների տեղաբաշխումը.

դ) ավտոբուսների կանգառի կետերի, կանգառի հրապարակների և ավտոտաղավարների տեղաբաշխումը.

ե) ճանապարհների փոխհատումներում երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նախատեսումն ու տեղաբաշխումը.

զ) լուսացուցային ազդանշաններով համակարգված կարգավորում ներդնելու դեպքում, դրանք օգտագործելու համար, կապի գծերի առկայությունը.

է) մայթերի և բաժանիչ գոտիների եզրերով երթևեկելի մասի կորացումների համապատասխան շառավիղները.

ը) տրոլեյբուսների և տրամվայների կանգառի կետերի տեղադրվածությունը.

թ) տրամվայի գծերի տեղաբաշխումը:

13. Երկաթուղային գծանցների նախագծերի համաձայնեցման ժամանակ պետք է ապահովել`

ա) գծանցների տեսակի համապատասխանությունը տվյալ պայմանների հետ.

բ) գծանցի մոտեցումներում ճանապարհի թեքության պահպանումը.

գ) գծանցի տախտամածի ծածկի առկայությունը և դրա լայնության համապատասխանությունը սահմանված նորմերին.

դ) գծանցին մոտենալիս անհրաժեշտ տեսադաշտի ապահովումը.

ե) գծանցի կարգին համապատասխան ուղեփակոցների, ուղղորդ արգելափակոցների, եզրաչափային դարպասների, լուսային և ձայնային ազդանշանների, ճանապարհային նշանների և ցուցանակների առկայությունը.

զ) գծանցի արհեստական լուսավորության առկայությունը:

14. Ճանապարհների շինարարական-նորոգման աշխատանքներ կատարելու համար կազմվում է գծապատկեր, որտեղ նշվում են տեղի արգելափակումը, համապատասխան ճանապարհային նշանները, տեղամասը շրջանցելու ուղիները (անհրաժեշտության դեպքում):

Ճանապարհի որևէ գոտու վրա նորոգման և այլ աշխատանքների կատարման համար երթևեկությունը փակելու դեպքում, գծապատկերում պետք է նախատեսել երթևեկելի մասի ժամանակավոր լայնացում կամ տրանսպորտային միջոցների երթևեկության այլ ուղիներ:

Ճանապարհի որևէ տեղամասում երթևեկությունը փակելու դեպքում տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններն ու երթևեկության մասնակիցները նախօրոք պետք է տեղեկացվեն դրա և այդ տեղամասը շրջանցելու հնարավոր ուղիների մասին:

Շինարարական-նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է տեղամասը բերել բարեկարգ տեսքի:

15. Ճանապարհներին իրականացվող շինարարական-նորոգման աշխատանքները հաստատում և կազմակերպում են սույն կարգի 6-րդ կետում նշված մարմինները, ճանապարհի սեփականատերը: Նշված աշխատանքների գծապատկերը կազմվում է օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպության կողմից և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասով` օրենքով սահմանված կարգով համաձայնեցվում է ճանապարհային ոստիկանության մարմնի հետ:

Համաձայնեցման ժամանակ ստուգվում է աշխատանքների կատարման վայրը շրջանցող ուղիների առկայությունը, ճշտվում են ճանապարհային նշանների տեղաբաշխումը, աշխատանքի կատարման վայրի ցանկապատման կառուցվածքի և տեսակի ընտրության պահանջների ապահովումը, օրվա մութ ժամերին լուսավորության ապահովումը, ինչպես նաև աշխատանքներն իրականացնող կազմակերպության և դրա համար պատասխանատու անձի տվյալները:

(15-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն)

16. Թույլատրվում է վերացնել ինժեներական ցանցերի վթարները` առանց համապատասխան գրավոր համաձայնության` նախապես իրազեկելով համապատասխան իրավասու մարմիններին: Տվյալ դեպքում սույն կարգով սահմանված երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումներն իրականացվում են վթարը վերացնելու հետ միաժամանակ:

 

IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

17. Ճանապարհային երթևեկության կազմակերպման հիմնական պայմաններն իրականացնելու նպատակով պետք է ապահովվեն ՀՀ ՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» և ՍՆԻՊ «Քաղաքաշինություն: Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները:

18. Անհրաժեշտ է հետիոտնային անցումների, ավտոբուսների կանգառների անցումային-արագացման գոտիների, թունելների, ուղեանցների տակի հատվածների և երկաթուղային գծանցների երթևեկելի մասերն իրականացնել ավելի բաց գույնի ծածկույթով:

 

V. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների (ճանապարհային նշաններ, գծանշում, լուսացույցներ, ճանապարհային ցանկապատներ, բազրիքներ, պարապետներ, ուղղորդ կարճասյուներ, անվտանգության կղզյակներ, արհեստական անհարթություններ և այլն) ներդրումն իրականացվում է սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի, ճանապարհի սեփականատիրոջ որոշմամբ` ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության, ճանապարհների եղանակային և այլ հետազոտությունների (ստուգումների) տվյալների, ճանապարհային երթևեկության պայմանների և վիճակի ուսումնասիրության, ինչպես նաև ճանապարհաշինարարական, կոմունալ ծառայությունների, ճանապարհային ոստիկանության մարմինների, շահագրգիռ այլ կազմակերպությունների և քաղաքացիների առաջարկությունների հիման վրա:

(19-րդ կետը փոփ., լրաց. 04.10.12 N 1262-Ն, փոփ. 19.02.15 N 161-Ն)

20. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ ներդնելու որոշում ընդունելու դեպքում`

ա) դրանց նախագծման, տեղակայման կամ վերակառուցման համար որոշվում են տեխնիկատնտեսական պահանջները.

բ) կազմվում են կարգավորման տեխնիկական միջոցների համապատասխան տեսակների տեղաբաշխման գծապատկերները.

գ) որոշվում է դրանց պահանջարկը, կազմվում այդ միջոցների տեղակայման նախագծային աշխատանքների կատարման առաջադրանքը:

21. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեղաբաշխման գծապատկերների վրա նշվում են`

ա) լուսացուցային կահավորանքի տեղաբաշխումը` հարմարեցնելով տեղանքի հետ` դրանք կողմնորոշելով դեպի երթևեկության մասնակիցները.

բ) տրանսպորտային և հետիոտնային հոսքերի երթևեկության ուղղությունները.

գ) երթևեկության գոտիների քանակը, բաժանիչ կամ լրացուցիչ գոտիների առկայությունը.

դ) հետիոտնային ուղղորդ արգելափակոցների տեղակայման տեղերը.

ե) երթևեկության կազմակերպման գծապատկերում ընդունված ճանապարհային նշանների տարատեղումը:

Ճանապարհային նշանների տարատեղությունները մշակվում և հաստատվում են սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի, ճանապարհի սեփականատիրոջ կողմից և համաձայնեցվում են ճանապարհային ոստիկանության հետ:

(21-րդ կետը լրաց. 04.10.12 N 1262-Ն)

22. Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները շահագործման են ընդունում սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի, ճանապարհի սեփականատիրոջ կողմից ստեղծված հանձնաժողովները, որոնք կարող են ունենալ առնվազն 4 անդամ` պատվիրատուն (նախագահ), ճանապարհային ոստիկանության մարմինների, կապալառուի ներկայացուցիչները, ինչպես նաև նախագծային և շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչները (իրենց համաձայնությամբ):

(22-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն)

23. Ճանապարհային երթևեկության կազմակերպման գծապատկերները վերանայելու, տեխնիկական միջոցների թերությունները վերացնելու, դրանք արդիականացնելու նպատակով անհրաժեշտ է կատարել հետազոտություններ, 5 տարին մեկ անգամ մշակել և իրականացնել նոր տարաբաշխում: Հետազոտությունները կազմակերպում են սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմինները, իրականացնում են ճանապարհի սեփականատերերը և օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները` ճանապարհային ոստիկանության մարմինների հետ համատեղ:

(23-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն, 19.02.15 N 161-Ն)

24. Ճանապարհային երթևեկության որոշակի պայմանների, ինչպես նաև առանձին ճանապարհային նշանների ազդեցությունը դադարեցնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքերում, թույլատրվում է դրանք ժամանակավոր փակել հատուկ ծածկոցներով։

Ճանապարհային երթևեկության հատուկ պայմաններ առաջանալու դեպքում (արտակարգ իրավիճակ, տարերային աղետ, վթար և այլն) ճանապարհային երթևեկությունը կարգավորելու նպատակով թույլատրվում է ժամանակավոր տեղադրել համապատասխան ճանապարհային նշաններ: Անհրաժեշտ է ապամոնտաժել ժամանակավոր տեղադրված ճանապարհային նշանները` դրանց տեղադրման պատճառները վերացնելուց անմիջապես հետո:

Բնակավայրերում տեղադրված նոր ճանապարհային նշանները երթևեկության մասնակիցների ուշադրությունը հրավիրելու նպատակով դրանց կողքին կամ դրանց վրա ցանկալի է ժամանակավոր տեղադրել թարթող լուսային ազդանշաններ:

Սույն կետում նշված ճանապարհային նշանների գործողության դադարեցումը և տեղադրումը ճանապարհի լիազոր մարմինների հաստատումից հետո իրականացնում են ճանապարհներն սպասարկելու և շահագործելու համար օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները:

(24-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն)

 

VI. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

25. Ճանապարհային երթևեկության կազմակերպման պայմանների և վիճակի ուսումնասիրության ժամանակ ճշտվում են`

ա) տրանսպորտային հոսքերի ինտենսիվությունն ու կազմը.

բ) հետիոտնային հոսքերի ինտենսիվությունը, նրանց շարժման ուղղությունները.

գ) տրանսպորտային հապաղումների տևողությունը.

դ) ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը` վերջին 2-3 տարվա ընթացքում.

ե) ճանապարհի երկրաչափական պարամետրերը (երթևեկելի մասի լայնությունը, երթևեկության գոտիների թիվը, հատակագծում կորերի շառավիղները, երկայնական թեքությունների երկարությունը և այլն).

զ) ճանապարհային երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցների առկայությունը, դրանց գործառութային նշանակությունն ուսումնասիրվող տեղամասում:

Միաժամանակ 1:500 մասշտաբով կազմվում է ճանապարհի տվյալ տեղամասի երթևեկության կազմակերպման գծապատկերը:

26. Ամփոփ նյութերի ուսումնասիրության ժամանակ անհրաժեշտ է նշել`

ա) ճանապարհատրանսպորտային պատահարների կուտակման վայրերը.

բ) տրանսպորտային միջոցների մշտական խցանումների և հապաղումների վայրերը.

գ) տրանսպորտային և հետիոտնային հոսքերի առավել ծանրաբեռնված տեղամասերը:

27. Ճանապարհներին վթարայնության մասին տեսողական երկրատեղեկատվական ժամանակակից սարքեր կիրառելով անհրաժեշտ է կատարել ճանապարհատրանսպորտային պատահարների քարտեզագրված վերլուծություն:

(27-րդ կետը փոփ. 04.10.12 N 1262-Ն)

28. Ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են դրա համար լիազորված մարմինները` օրենքով սահմանված կարգով:

29. Վերահսկողական աշխատանքների արդյունքներից ստացված տվյալների վերլուծության հիման վրա միջոցառումներ են մշակվում երթևեկության պայմանների կատարելագործման ուղղությամբ` ճանապարհային նշաններ տեղակայելու, լուսացուցային ազդանշաններ ներդնելու, դրանց ռեժիմները ճշտելու, վերակառուցողական միջոցառումներ իրականացնելու և նման այլ ճանապարհներով:

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 04.10.12 N 1262-Ն, փոփ. 19.02.15 N 161-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան