Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120).1 Հոդ.421.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0253/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ4/0253/02/11

2015 թ.

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

Դատավորներ`

Ի. Վարդանյան

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի ապրիլի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ Արայիկ Հայրապետյանի և երրորդ անձ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ու ըստ Արայիկ Հայրապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կազմակերպության՝ պայմանագիրը լուծելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Արայիկ Հայրապետյանից բռնագանձել 14.176.050 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Արայիկ Հայրապետյանը պահանջել է 01.10.2010 թվականից լուծել 07.04.2006 թվականին իր և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի միջև կնքված հողի վարձակալության պայմանագիրը:

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս. Մանուկյան) (այսուհետ` Դատարան) 28.04.2014 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակիորեն՝ վճռվել է Արայիկ Հայրապետյանից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 3.624.822,80 ՀՀ դրամ, որից 1.756.233,50 ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 1.868.589,30 ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև 50.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման վճար, լուծել 07.04.2006 թվականին Սևանի քաղաքապետարանի և Արայիկ Հայրապետյանի միջև կնքված հողի վարձակալության պայմանագիրը, պարտավորությունները դադարած համարել վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից. մնացած մասերով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.09.2014 թվականի որոշմամբ Արայիկ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 28.04.2014 թվականի վճիռը մասնակիորեն` Արայիկ Հայրապետյանից հօգուտ Կազմակերպության 1.868.589,30 ՀՀ դրամ` որպես տույժ բռնագանձելու մասով, բեկանվել է և փոփոխվել` հայցն այդ մասով մերժվել է, Արայիկ Հայրապետյանից հօգուտ Կազմակերպության 1.756.233,50 ՀՀ դրամ` որպես ապառք, ինչպես նաև 50.000 ՀՀ դրամ` որպես իրավաբանական ծառայությունների մատուցման վճար, բռնագանձելու մասերով, բեկանվել և գործն այդ մասերով ուղարկվել է նոր քննության. մնացած մասերով վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածը և 210-րդ հոդվածի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ վերաքննության կարգով գործի վերանայման հիմքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածով նախատեսված ժամկետներում ներկայացված վերաքննիչ բողոքն է կամ այդ ժամկետներից հետո ներկայացված բողոքը, եթե պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում վերաքննիչ բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի է ճանաչվել, չանդրադառնալով բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցին, Դատարանի 28.04.2014 թվականի վճիռը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու փոխարեն` այն վերանայել է 10.07.2014 թվականին նշանակված դատական նիստից (նշված օրը դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 10.09.2014 թվականին) հետո` 09.09.2014 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքի լրացման հիմքերի և հիմնավորումների սահմաններում` իր կողմից 17.09.2014 թվականին կայացված որոշման հիմքում բացառապես դնելով «լրացուցիչ վերաքննիչ բողոքի» բովանդակության շարադրանքը և հիմքերը, այսինքն` ըստ էության, բավարարել է «լրացուցիչ վերաքննիչ բողոքը»:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում, իսկ վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել կամ լրացվել բողոքի քննության ընթացքում:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 1-ին կետը և մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ ընդհանրապես չի անդրադարձել Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, իսկ որոշման պատճառաբանական մասում չի նշել, թե որ իրավական ակտերով է ղեկավարվել Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժելիս:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականին կայացված որոշմանը:

 

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ, 417-րդ, 447-րդ, 466-րդ, 467-րդ, 468-րդ, 606-րդ, 616-րդ, 617-րդ, 620-րդ, 623-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումը, որի հետևանքով ջրածածկ է եղել վարձակալությամբ տրամադրված հողամասը, չի կարող դիտվել որպես անհաղթահարելի ուժի առկայություն, քանի որ պայմանագիրը կնքելու ժամանակ գործող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված է եղել նման հնարավորություն, և պայմանագիրը կնքելիս կողմերը գիտեին դրա առկայության մասին:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը քննելով նաև այն հիմքով, որ Արայիկ Հայրապետյանի համար անհնար է դարձել վարձակալված գոտին ըստ նշանակության օգտագործելը, քանի որ առկա է եղել անհաղթահարելի ուժ` Սևանա լճի մակարդակը բարձրացել է նախատեսվածից ավելի, անտեսել է, որ դրա վերաբերյալ վերջինս առաջին ատյանի դատարանում դիրքորոշում չի հայտնել` զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու իրավունքից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ մինչ օրս ուժի մեջ է և գործում է 470.000քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիրը, վարձավճար վճարելու պարտավորությունը ծագել է ոչ թե հողատարածքի փաստացի օգտագործման փաստի ուժով, այլ` բացառապես պայմանագրի հիման վրա, իսկ Արայիկ Հայրապետյանը երբևէ չի դիմել Կազմակերպությանը` պայմանագրով սահմանված և վերջինիս տրամադրված հողամասից ավելի պակաս հողատարածք օգտագործելու մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.09.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն՝ հայցն ամբողջությամբ բավարարել, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Դատարանը վճիռը կայացրել է 28.04.2014 թվականին (հատոր 5-րդ, գ.թ. 46-54).

2) Դատարանի 28.04.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքն Արայիկ Հայրապետյանը փոստային առաքման եղանակով բերել է 15.05.2014 թվականին (հատոր 5-րդ, գ.թ. 69-81).

3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Արայիկ Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է և սահմանվել է երկշաբաթյա ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 5-րդ, գ.թ. 103, 104).

4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն Արայիկ Հայրապետյանն ստացել է 12.06.2014 թվականին (հատոր 5-րդ, գ.թ. 111-113).

5) Արայիկ Հայրապետյանը վերաքննիչ բողոքը փոստային առաքման եղանակով կրկին ներկայացրել է 19.06.2014 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 7-12).

6) 23.06.2014 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել Արայիկ Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին` գործի քննությունը նշանակելով 10.07.2014 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 13, 14).

7) 10.07.2014 թվականին նշանակված դատական նիստում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել Արայիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանի միջնորդությունը բավարարելու և գործի քննությունը հետաձգելու մասին` միաժամանակ որոշելով գործի քննության ժամանակի և վայրի մասին կողմերին ծանուցել լրացուցիչ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 10.09.2014 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 44, 45, 47, 50, 53, 56, 59).

8) Արայիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը «Վերաքննիչ բողոքի լրացում» վերտառությամբ փաստաթուղթը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել 09.09.2014 թվականին (հատոր 6-րդ, գ.թ. 67-78).

9) «Վերաքննիչ բողոքի լրացում» վերտառությամբ փաստաթղթում որպես Դատարանի կողմից խախտված նյութական իրավունքի նորմ նշվել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը, որը չի նշվել Արայիկ Հայրապետյանի կողմից փոստային առաքման եղանակով 19.06.2014 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում (հատոր 6-րդ, գ.թ. 8-10, 67-78).

10) Վերաքննիչ դատարանն Արայիկ Հայրապետյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու, Դատարանի 28.04.2014 թվականի վճիռը մասով բեկանելու և փոփոխելու, իսկ մյուս մասով բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմքում դրել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը (հատոր 6-րդ, գ.թ. 88-95).

11) Դատարանի 28.04.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել նաև Կազմակերպության ներկայացուցիչը: 11.06.2014 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նաև որոշում է կայացրել Կազմակերպության վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին (հատոր 5-րդ, գ.թ. 85-102, հատոր 6-րդ, գ.թ. 3-5).

12) Վերաքննիչ դատարանի 17.09.2014 թվականի որոշման ներածական մասում նշվել է, որ քննվում է նաև Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի բողոքը, իսկ նկարագրական մասում նշվել են նաև այդ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը: Նույն որոշման պատճառաբանական մասում որևէ նշում չկա Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի բողոքի քննության ընթացքում պարզված և այդ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի մասին, ինչպես նաև վկայակոչված չեն այն իրավական ակտերը, որոնցով Վերաքննիչ դատարանը ղեկավարվել է նշված բողոքը մերժելու մասին որոշում կայացնելիս (հատոր 6-րդ, գ.թ. 88-95):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությունը (արտահայտված Վերաքննիչ դատարանի գործողություններում) հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականին կայացրած որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածը, 210-րդ հոդվածի 5-րդ կետը և 219-րդ հոդվածի 1-ին կետը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի 1-ին և 2-րդ հիմքերում բարձրացված հարցադրումներին պատասխանելու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ խնդիրներին`

1) արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավունք ունի հիմք ընդունելու «Վերաքննիչ բողոքի լրացում» վերտառությամբ փաստաթուղթն այն դեպքում, երբ այն ներկայացվել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո, և այդ փաստաթղթում նշված նյութական իրավունքի նորմի խախտման հիման վրա վերանայել դատական ակտը.

2) արդյո՞ք վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ակտը վերանայելու Վերաքննիչ դատարանի լիազորությունը ենթադրում է վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացրած դատական ակտում վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերից յուրաքանչյուրի վերաբերյալ եզրահանգում կատարելու պարտականություն:

Վերոգրյալի համատեքստում քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել, լրացվել բողոքի քննության ընթացքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ տնօրինչականության սկզբունքի համատեքստում անդրադարձել է վկայակոչված իրավանորմերի վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով: Դատական ակտերի վերանայման վարույթներում, սակայն, պայմանավորված այդ վարույթների առանձնահատկություններով, քաղաքացիական դատավարության վերը նշված սկզբունքը ենթարկվում է որոշակի սահմանափակման:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև տնօրինչականության սկզբունքի դրսևորումներին մինչև վերաքննիչ վարույթի հարուցումը (վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը) և վերաքննիչ վարույթի հարուցումից հետո, նշել է, որ վերաքննիչ վարույթի հարուցման փուլը ներառում է վերաքննիչ բողոքարկման և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու շրջանակներում իրականացվող դատավարական գործողությունները: Վերաքննիչ վարույթի հարուցումը պայմանավորված է օրենքով սահմանված կարգով վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրականացմամբ, որը ենթադրում է օրենսդրի կողմից ամրագրված ժամկետում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ վերաքննիչ բողոքի ներկայացում վերաքննիչ դատարան: Պայմանավորված բողոքարկման ենթակա դատական ակտի տեսակով` գործն ըստ էության լուծող, թե միջանկյալ, օրենսդիրը նախատեսել է բողոքարկման իրավունքի իրացման տարբեր ժամկետներ: Մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի և 140-րդ հոդվածի 1-ին կետի փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման պարագայում այդ ժամկետը մեկ ամիս է: Նշված մեկամսյա ժամկետն օրենսդրի տեսանկյունից այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որի շրջանակներում անձը կարող է իրապես իրացնել իր բողոքարկման իրավունքը: Այդ ժամանակահատվածում բողոքարկման իրավունքի սուբյեկտն օժտված է իրավունքների առավել լայն շրջանակով, քան վերաքննության մյուս փուլերում, և հակառակը՝ վերաքննիչ վարույթի հարուցման փուլում վերաքննիչ դատարանի մասնակցությունը դատավարական իրավահարաբերություններին կրում է պասիվ բնույթ` ի տարբերություն վերաքննության մյուս փուլերի: Վերոգրյալով պայմանավորված` վերաքննության հարուցման փուլում տնօրինչականության սկզբունքն առավել լայն դրսևորում ունի, քան վերաքննության մյուս փուլերում: Վերաքննության հարուցման փուլում տնօրինչականության սկզբունքը կարող է դրսևորվել նաև վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները փոփոխելով կամ լրացնելով, ինչը, սակայն, կարող է կատարվել մինչև բողոքարկման իրավունքի իրականացման համար սահմանված մեկամսյա ժամկետի ավարտը, որպիսի եզրահանգումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, համաձայն որի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Նշված մեկամսյա ժամկետի ավարտից հետո կայացնելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում` վերաքննիչ դատարանը հարուցում է վերաքննիչ վարույթ, իսկ վերաքննիչ վարույթի հարուցմամբ սկսվում է բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում, որի ընթացքում գործում է վերաքննիչ բողոքի հիմքերը փոփոխելու, լրացնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված արգելքը: Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը կարող են փոփոխվել և (կամ) լրացվել բացառապես վերաքննության հարուցման փուլում` մինչև բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը լրանալը (տե′ս, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը վճիռը կայացրել է 28.04.2014 թվականին, Դատարանի 28.04.2014 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքն Արայիկ Հայրապետյանը փոստային առաքման եղանակով բերել է 15.05.2014 թվականին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Արայիկ Հայրապետյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է երկշաբաթյա ժամկետ` բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու բողոքը կրկին ներկայացնելու համար: Այդ որոշումն Արայիկ Հայրապետյանն ստացել է 12.06.2014 թվականին և դրանում նշված ժամկետում` 19.06.2014 թվականին, վերաքննիչ բողոքը փոստային առաքման եղանակով կրկին ներկայացրել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն այդ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացրել է 23.06.2014 թվականին, իսկ գործի քննությունը նշանակել է 10.07.2014 թվականին: 10.07.2014 թվականին նշանակված դատական նիստում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել Արայիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանի միջնորդությունը բավարարելու և գործի քննությունը հետաձգելու մասին` միաժամանակ որոշելով գործի քննության ժամանակի և վայրի մասին կողմերին ծանուցել լրացուցիչ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է 10.09.2014 թվականին: Արայիկ Հայրապետյանի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը «Վերաքննիչ բողոքի լրացում» վերտառությամբ փաստաթուղթը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել 09.09.2014 թվականին: Այդ փաստաթղթում որպես Դատարանի կողմից խախտված նյութական իրավունքի նորմ նշվել է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածը և որպես հիմնավորում` որ Արայիկ Հայրապետյանը պարտավորությունը չկատարելու հարցում անմեղ է և չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ դրա կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, մինչդեռ բողոքի նշված իրավական և փաստական հիմքերը չեն նշվել Արայիկ Հայրապետյանի կողմից փոստային առաքման եղանակով 19.06.2014 թվականին կրկին ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքում: Այսինքն` Արայիկ Հայրապետյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքի իրավական հիմքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածով, իսկ փաստական հիմքը` վերը նշված հիմնավորմամբ լրացրել է վերաքննության հարուցման փուլից հետո` բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը լրանալուց հետո:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված հանգամանքը, անդրադարձել է այդ հիմքին և Դատարանի 28.04.2014 թվականի վճիռը բեկանել է այդ հիմքով:

Վերը նշվածը հիմք ընդունելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ բողոք բերած անձի տնօրինչական գործողություններն օրենսդրորեն սահմանափակված լինելու պայմաններում 09.09.2014 թվականին ներկայացված «Վերաքննիչ բողոքի լրացում» վերտառությամբ փաստաթուղթը և դրանում նշված նյութական իրավունքի նորմի խախտումների վերաբերյալ հիմքերն ու հիմնավորումները չէին կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքի հիմքեր և հիմնավորումներ, ուստի և դրանք ենթակա չէին քննության Վերաքննիչ դատարանում:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի մեկնաբանությանը, նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին (տե`ս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը, մեկ այլ գործով արձանագրել է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե`ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի, և Վոլոդյա Հակոբյանն ընդդեմ Համայակ Ոսկանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանի 17.09.2014 թվականի որոշման ներածական մասում նշվել է, որ քննվում է նաև Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի վերաքննիչ բողոքը, իսկ նկարագրական մասում նշվել են նաև այդ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, մինչդեռ նույն որոշման պատճառաբանական մասում որևէ նշում չկա Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի վերաքննիչ բողոքի քննության ընթացքում պարզված և այդ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի, ինչպես նաև այն իրավական ակտերի մասին, որոնցով ղեկավարվել է Վերաքննիչ դատարանը Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում կայացնելիս:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով Կազմակերպության ներկայացուցիչ Գ. Թորոսյանի բերած վերաքննիչ բողոքին, ըստ էության քննության առարկա չդարձնելով վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

 

Բողոքի առաջին և երկրորդ հիմքերի բավարարման ենթակա լինելու, այն է` բողոք բերած անձի դատավարական իրավունքների նման խախտումների առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ բողոքում նշված երրորդ հիմքին:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին և երկրորդ հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է Վերաքննիչ դատարան` նոր քննության, գտնում է, որ դատական ծախսերի, այդ թվում նաև վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.09.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.12.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան