ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2015 թվականի N 381-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ՝
1) «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) նպատակը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող` 18 տարին լրացած անձանց շուրջօրյա և ցերեկային խնամքի տրամադրումն է.
2) կազմակերպության գործունեության առարկան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց սննդի, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական օգնության, իրավական խորհրդատվության, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրումը, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ ուղեգրման, ազատ ժամանցի և աշխատանքային թերապիայի կազմակերպումն է.
3) կազմակերպությունը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքն իրականացնում է երեք առանձնացված մասնաշենքերում տեղակայված երկու շուրջօրյա խնամքի բաժանմունքում և ցերեկային խնամքի կենտրոնում.
4) մինչև վերանվանումը՝ «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաստատված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների: Նշված հատկացումները ներառվում են վերանվանումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
3. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել`
ա. կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը,
բ. կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ապահովել այն պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը.
2) մինչև 2015 թվականի հունիսի 1-ը ապահովել «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում խնամվող երեխաների կարիքների գնահատումը և, գնահատված կարիքներին համապատասխան, տեղավորումը խնամքի այլ հաստատություններում կամ վերադարձն ընտանիք.
3) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդունելությունն իրականացնել 2015 թվականի հունիսի 1-ից` սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո.
4) մինչև 2015 թվականի հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող՝ 18 տարին լրացած անձանց կազմակերպության կողմից շուրջօրյա և ցերեկային խնամք իրականացվող գործունեությունից բխող առանձին բյուջետային ծրագրերի տեսքով:
5. Կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Մի շարք պետական հատուկ հանրակրթական հաստատություններ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ վերանվանելու, գործունեության բնագավառը սահմանելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնելու, «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 890-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2023, N 2341-Ն | 30.12.2023, N 381-Ն | |
15.02.2018, N 163-Ն | 01.03.2018, N 381-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|