Գլխավոր տեղեկություն
Համար
N 214-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.03.2015-28.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.03.18/14(1103).1 Հոդ. 188.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2015 թվականի N 214-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ ու «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) և հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից: Գիտությունների դոկտորի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ և թեկնածուի գիտական աստիճան».

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ատենախոսության թեման հաստատելու իրավունք ունեն այն բարձրագույն ուսումնական հաստատությունները կամ գիտական կազմակերպությունները, որոնք ունեն ԲՈՀ-ի թույլտվությունը: Թույլտվություն ստանալու համար բարձրագույն ուսումնական հաստատությունը կամ գիտական կազմակերպությունը պետք է դիմի ԲՈՀ` տվյալ մասնագիտությամբ գիտական աստիճան ունեցող առնվազն 3 (առնվազն մեկ գիտությունների դոկտոր) աշխատողի առկայության դեպքում, որոնց համար տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունը կամ գիտական կազմակերպությունը հիմնական աշխատավայր է:

Ատենախոսության թեմա հաստատելու համար հայցորդը դիմում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության ղեկավարին: Թեման հաստատվում է բարձրագույն ուսումնական հաստատության կամ կազմակերպության գիտական խորհրդում` համապատասխան ստորաբաժանումներում քննարկվելուց հետո: Ատենախոսության թեման պետք է լինի արդիական: Ատենախոսության թեմայի հաստատման վերաբերյալ որոշման մեջ նշվում են թեմայի անվանումը, գիտության բնագավառը և մասնագիտությունը՝ ըստ աստիճանաշնորհման անվանացանկի:

Գիտական խորհուրդը հաստատում է նաև ատենախոսության գիտական ղեկավար` թեկնածուական ատենախոսության համար, անհրաժեշտության դեպքում՝ խորհրդատու` դոկտորական ատենախոսության համար: Գիտական ղեկավարի կամ խորհրդատուի համաձայնությունը պարտադիր է:

Գիտական ղեկավար կարող են նշանակվել տվյալ բնագավառի գիտության դոկտորները և այն թեկնածուները, ովքեր ստացել են ԲՈՀ-ի թույլտվությունը: Թույլտվություն ստանալու համար ԲՈՀ են ներկայացվում կազմակերպության ղեկավարի միջնորդությունը և թեկնածուի` համապատասխան գիտական բնագավառում առնվազն 30 տպագիր գիտական աշխատանքների ցուցակը, որոնցից առնվազն հինգը՝ վերջին հինգ տարում:

Ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի հաստատման վերաբերյալ որոշման մասին տվյալ կազմակերպությունը տեղեկացնում է ԲՈՀ-ին».

3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրատարակվեն միջազգային նշանակություն ունեցող՝ գրախոսվող գիտական հրատարակություններում և ԲՈՀ-ի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում:

Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն վեց գիտական հոդված, այդ թվում՝ առանց համահեղինակների` երկուսը, կամ առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկ հոդված՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում, և մեկ հոդված՝ առանց համահեղինակների:

Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում: Հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն մեկը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում: Առանց համահեղինակների աշխատանքների թիվը պետք է լինի առնվազն հինգ (փորձարարական կամ կլինիկական բնույթ ունեցող ատենախոսությունների դեպքում` երկու): Մենագրության դեպքում (առնվազն 14 տպագրական մամուլ ծավալով) գիտական հոդվածների թիվը կրճատվում է մինչև տասնհինգ։

Գիտական զեկուցմամբ պաշտպանության դեպքում անհրաժեշտ է առնվազն հիսուն գիտական հոդված՝ տվյալ թեմայի շրջանակներում, որոնցից առնվազն հինգը՝ Web of Science կամ Scopus շտեմարաններում ընդգրկված գիտական հրատարակություններից որևէ մեկում:».

4) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սեղմագրերը պետք է հրապարակվեն համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության կամ գիտական կազմակերպության կայքում, որտեղ գործում է մասնագիտական խորհուրդը:».

5) 14-րդ կետի երկրորդ պարբերությունում «տրվում է ռուսերեն ամփոփագիր» բառերը փոխարինել «տրվում են ռուսերեն և անգլերեն ամփոփագրեր» բառերով.

6) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Թեկնածուի գիտական աստիճանի հայցորդը պետք է քննություն հանձնի մասնագիտությունից: Գիտական կազմակերպությունը ԲՈՀ է ներկայացնում մասնագիտական քննություն ընդունող հանձնաժողովի կազմը: Հանձնաժողովը հաստատվում է հետևյալ կազմով` նախագահ (գիտության դոկտոր) և 2-4 անդամներ (գիտության դոկտոր և թեկնածու): Մեկ անձը կարող է լինել միայն մեկ հանձնաժողովի անդամ:

Քննությունը հանձնվում է այն մասնագիտությունից, որով հաստատվել է ատենախոսության թեման` ԲՈՀ-ի հաստատած ծրագրով: Այն դեպքերում, երբ հայցորդի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին (ենթաբնագավառին), որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից:

Քննությունը կազմակերպվում է երկու քննաշրջանով` մայիս-հունիս և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Քննության ընթացքում յուրաքանչյուր հայցորդի համար լրացվում է արձանագրություն, որտեղ գրանցվում են քննական հարցերը և քննության վերջնական արդյունքը: Մասնագիտական քննությունը գնահատվում է 4 բալային համակարգով` «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար»: Քննությունը համարվում է հանձնված` «գերազանց» կամ «լավ» գնահատականի դեպքում: Արձանագրությունն ստորագրում են քննական հանձնաժողովի նախագահը և անդամները: Արձանագրությունը պահպանվում է քննություն ընդունող կազմակերպությունում, որը և տալիս է տեղեկանք քննության հանձնման մասին: Քննությունը չհանձնելու դեպքում հայցորդը կարող է այն հանձնել հաջորդ քննաշրջաններում:».

7) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. ԲՈՀ-ը ուսումնասիրում է որակավորման գործը և սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի պահանջներին անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում ատենախոսությունը տալիս է փորձաքննության:».

8) 32-րդ կետը «ԲՈՀ-ը» բառից հետո լրացնել «հաստատում է խորհրդի որոշումը` թեկնածուական ատենախոսության համար` 3, դոկտորական ատենախոսության համար` 6 ամսվա ընթացքում» բառերով.

9) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. ԲՈՀ-ը սույն կանոնակարգի 31-րդ կետով նախատեսված փորձաքննության բացասական եզրակացությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է խորհրդի` գիտական աստիճանի վկայագիր հանձնելու միջնորդությունը:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը հաստատելու մասին» N 662 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել 12-րդ կետի «բ» և «գ» ենթակետերը.

2) 19-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հանձնի մասնագիտական քննություն՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով սահմանված կարգով,».

3) 37-րդ կետում «Որակավորման քննություններ» բառերը փոխարինել «Քննություն օտար լեզվից (անգլերեն կամ ֆրանսերեն կամ գերմաներեն) և ստուգարք ինֆորմատիկայից» բառերով.

4) 42-րդ կետում «որակավորման քննություններ՝ ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան» բառերը փոխարինել «մասնագիտական քննություն՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով սահմանված կարգով:» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի երրորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի երկրորդ պարբերության պահանջները չեն տարածվում այն անձանց վրա, որոնց թեկնածուական ատենախոսության թեման սահմանված կարգով հաստատվել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ թեկնածուական ատենախոսությունը ոչ ուշ, քան ուսումնառության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում պաշտպանելու պայմանով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 10
Երևան