Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1202
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.04.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.04.22/23(1112) Հոդ.296
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.04.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2015

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

14 ապրիլի 2015 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1058-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ Տ. Ավետիսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արա Վարդանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Արա Վարդանյանի` 15.10.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 05.05.1998 թվականին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 28.07.1998 թվականին և ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականից:

Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.

«1. Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

2009 թվականի հուլիսի 3-ին «Նորարար» արտադրական կոոպերատիվը վերակազմակերպվել է «Նորարար» ՍՊԸ-ի, որը գրանցվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի մայիսի 15-ի ԵՔՐԴ/0382/01/08 դատավճռով Արա Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Դիմելով դատարան` ՀՀ գլխավոր դատախազությունը (Դատախազություն) պահանջել է Արա Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 2.436.070 ՀՀ դրամ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 27.05.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 10.12.2010 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 27.05.2010 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 09.02.2011 թվականի որոշմամբ Դատախազության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 31.05.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 22.09.2011 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2011 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.11.2011 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (Դատարան) 05.04.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2012 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի` 05.04.2012 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի` 05.12.2012 թվականի որոշմամբ Դատախազության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 15.08.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` 29.01.2014 թվականի որոշմամբ Արա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 15.08.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Արա Վարդանյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը վերադարձվել է:

Համաձայն ՀՀ վարչական դատարանի` 26.05.2010թ. թիվ ՎԴ/5290/05/09 վարչական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով ՀՀ ԿԱ ՊԵԿ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության հայցն ընդդեմ «Նորարար» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է: Վճռվել է «Նորարար» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ ԿԱ ՊԵԿ Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության բռնագանձել ընդհանուր գումարով 59.900.100 ՀՀ դրամ, որից ապառք` 29.121.700 ՀՀ դրամ, տույժ` 15.128.400 ՀՀ դրամ, տուգանք` 15.650.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 1.198.100 ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:

 

3. Դիմողի պնդմամբ` իրավակիրառական գործունեության սուբյեկտներն իրենց իրավական դիրքորոշումը կառուցելիս հաշվի չեն առել ՀՀ իրավական համակարգում առկա և իրավական ակտերով հստակորեն կարգավորված հարկային և քաղաքացիական հարաբերությունների տարանջատման հայեցակարգը: Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմերը չեն կարող ենթարկվել այնպիսի անհամարժեք իրավական մեկնաբանման ու կիրառման, որոնց արդյունքում անձը կկրեր պարտականություններ (ենթարկվեր պատասխանատվության) մեկ այլ սուբյեկտի փոխարեն, բովանդակային, ըստ էության սուբսիդիար և կրկնակի գույքային պատասխանատվություն. հարկման ենթակա գումարը դիտարկվել է նախ` որպես հարկ` գանձելով իրավաբանական անձից (հանրային իրավական տարր), ապա արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարագայում` որպես վնաս քաղաքացիաիրավական բնութագրիչներով ու վավերապայմաններով (մասնավոր իրավական տարր), ըստ որում` այդ ամենը զուգադրելով քրեաիրավական գործիքներով և ուղղորդմամբ: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմի դատաիրավական պրակտիկայի ամփոփ ուսումնասիրությունը վկայում է, որ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար-ֆիզիկական անձը (սեփականատերը) չի կարողանում արդյունավետ կերպով իրականացնել սեփականության իրավունքի դատական պաշտպանությունը: Դիմողը գտնում է, որ անձի (իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) անձնական գույքի (սեփականության իրավունքի) նկատմամբ իրավահավակնությունը ներկայիս ձևավորված դատաիրավական պրակտիկայում լուծվում է հարկային իրավական համատեքստում` իշխանական մարմնի հայեցողությամբ: Դիմողը վկայակոչում է նաև ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածը` առ այն, որ ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար, և նշում է, որ «Դիմողը, փաստական և իրավական առումներով բովանդակային (ըստ էության) վերլուծության ենթարկելով իր գործի առնչությամբ կայացված դատական ակտերը` դրանք դիտարկել էր հանրային իրավական պատասխանատվության ինստիտուտի և այդ համատեքստում կրկնակի պատասխանատվության արգելման սահմանադրաիրավական սկզբունքի անմիջական գործողության ուժի համադրությամբ»:

 

4. Պատասխանող կողմը` հիմնավոր չհամարելով դիմողի փաստարկները, գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը նպատակաուղղված է տուժողի` վնաս պատճառելու հետևանքով առաջացած գույքային շահերի պաշտպանությանը` հետապնդելով իրավաչափ նպատակ: Այսուհանդերձ, պատասխանողի հիմնական փաստարկը հանգում է նրան, որ դիմողի խնդիրը պայմանավորված չէ վիճարկվող նորմի սահմանադրականությամբ, այլ դիմողն առաջ է քաշում իր նկատմամբ կիրառված դատական ակտի իրավաչափության հարց:

 

5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ վիճարկվող նորմի` ՀՀ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ սահմանադրաիրավական վեճ։ Դիմողը չի ներկայացնում նաև որևէ դատական ատյանի կողմից վիճարկվող նորմին տրված այնպիսի մեկնաբանություն, որը կարգելափակեր ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված որևէ իրավունքի իրականացումը, ինչի արդյունքում էլ կառաջացներ հակասություն վիճարկվող դրույթի` իրավակիրառ պրակտիկայում բացահայտված բովանդակության և ՀՀ Սահմանադրության միջև:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիտարկում է դատական մարմինների կողմից համապատասխան դրույթի ենթադրյալ սխալ կիրառման տեսանկյունից, արդյունքում` բարձրացնում է վիճարկվող նորմի կիրառման իրավաչափության հարց, ինչը չի հանդիսանում սահմանադրական արդարադատության առարկա:

Դիմողը բարձրացնում է նաև ne bis in idem սկզբունքի ենթադրյալ խախտման հարցը, որն այս պարագայում հիմնավոր չէ, քանի որ հենց դիմողը միմյանցից զատում է խնդրահարույց իրավահարաբերության սուբյեկտներին` իրավաբանական անձին և նրա տնօրենին, ինչպիսի փաստն ինքնին բացառում է այս սկզբունքի քննության անհրաժեշտությունը, քանզի ne bis in idem սկզբունքը վերաբերում է նույն անձին կրկնակի պատասխանատվության ենթարկելու հարցին:

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման՝ «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով՝ որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Քաղաքացի Արա Վարդանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 ապրիլի 2015 թ.

ՍԴՈ-1202

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան