Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2013/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2013/02/12

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Ն. Տավարացյան

Դատավորներ՝   

Ս. Միքայելյան
 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Սիմոնյանի, Սամվել և Լիա Դանիելյանների ներկայացուցիչ Կարեն Մելիքսեթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ Անահիտ Սիմոնյանի, Սամվել և Լիա Դանիելյանների հայցի ընդդեմ «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ), Արմենուհի Բդոյանի` Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին և ըստ Արմենուհի Բդոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Անահիտ Սիմոնյանի, Սամվել և Լիա Դանիելյանների` բնակարանն ապօրինի տիրապետումից ազատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Սիմոնյանը, Սամվել և Լիա Դանիելյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 32 հասցեում գտնվող անշարժ գույքի աճուրդը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արմենուհի Բդոյանը պահանջել է Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 32 հասցեում գտնվող բնակարանն ազատել Անահիտ Սիմոնյանի, Սամվել և Լիա Դանիելյանների ապօրինի տիրապետումից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ՝ Դատարան) 10.01.2014 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.04.2014 թվականի որոշմամբ Անահիտ Սիմոնյանի, Սամվել և Լիա Դանիելյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.01.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Սիմոնյանը, Սամվել և Լիա Դանիելյանների ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 130-132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում` հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Բանկի 07.02.2011 թվականի գրությունն Անահիտ Սիմոնյանի, Սամվել և Լիա Դանիելյանների կողմից 11.02.2011 թվականին ստանալը հավաստող որևէ ապացույց սույն գործում առկա չէ։ Մասնավորապես` 039391846 փոստային առաքման հետադարձ ծանուցման վրա որպես միակ հասցեատեր նշված է Լիա Դանիելյանը, իսկ ստորագրությունն էլ անհայտ է Լիա Դանիելյանինն է, թե` ոչ, քանի որ վերջինս չի հիշում բռնագանձման ծանուցում ստացած լինելու հանգամանքը. որևէ փաստով չի ապացուցվում նաև ծրարի պարունակությունը։ Եթե նույնիսկ ստորագրությունը Լիա Դանիելյանինն է, այնուամենայնիվ, Անահիտ Սիմոնյանին և Սամվել Դանիելյանին Բանկից որևէ նամակ չի ուղարկվել և նրանք բռնագանձման ծանուցումներ չեն ստացել:

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ և 16-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Անշարժ գույքի աճուրդն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես` «Ազգ» օրաթերթի 25.08.2011 թվականի համարի 8-րդ էջում տպագրված հետևյալ բովանդակությամբ անվերնագիր հայտարարությունը. «Ընկերությունը «ԱԴԱՄԱՆԴ» ԵՍՀԲ ՓԲԸ-ի հարթակում և վերջինիս միջոցով իրականացնելու է Բանկին օտարման իրավունքով պատկանող գույքի աճուրդային վաճառք հրապարակային սակարկություններով՝ Բնակարան, ընդ. մակերեսը՝ 54,0քմ։ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 15 փող. շենք 5, բնակարան 32։ Մեկն. գինը ՝ 12.400.000 ՀՀ դրամ»։

Հիշյալ հայտարարության տեքստն ակնհայտորեն չի համապատասխանում օրենքով սահմանված՝ հրապարակային ծանուցմանը ներկայացվող պահանջներին։ Այսպես, տեքստից պարզ չէ, թե դա համարվում է հրապարակային ծանուցում, թե` ոչ, տեքստի բովանդակությունից հնարավոր չէ որոշել, թե երբ է անցկացվելու վեճի առարկա հանդիսացող բնակարանի աճուրդը։ Հայտարարության տեքստում աճուրդների անցկացման ժամանակահատվածը նշվել է 26.09.2011 թվականից մինչև 30.12.2011 թվականը, սակայն աճուրդը կազմակերպվել է 19.04.2012 թվականին, որի մասին հրապարակային ծանուցում չի հրապարակվել։ Բացի այդ, տեքստում նշված չէ լոտի նկատմամբ սահմանափակումները (գրավի իրավունք), լոտի անվանումը (ամբողջությամբ), լոտերի վաճառքի հերթականությունը, աճուրդում հաղթողին որոշելու կարգը, աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը, աճուրդի ձևը և անցկացման կարգը։ Հայտարարության տեքստում նշված «Աճուրդի փուլերը՝ դասական, այնուհետև` հոլանդական եղանակով» բովանդակությամբ արտահայտությունից հնարավոր չէ հասկանալ ո'չ աճուրդի ձևը, ո'չ անցկացման կարգը, ո' չ էլ հաղթողին որոշելու կարգը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.04.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցը մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի և Լիա Դանիելյանի միջև 30.06.2010 թվականին կնքված թիվ VTM02090 վարկային պայմանագրի համաձայն` Լիա Դանիելյանը 1097 օր ժամկետով, մինչև 01.07.2013 թվականը ներառյալ մարման պայմանով, տարեկան 22% անվանական տոկոսադրույքի չափով, վարկային պայմանագրի անբաժան մասը կազմող վարկի մարման ժամանակացույց-պարտավորագրով սահմանված չափերով, հաճախականությամբ և ժամկետներում մարելու պայմանով, Բանկից ստացել է 6.000.000 (վեց միլիոն) ՀՀ դրամի չափով վարկ` սպառողական նպատակներով օգտագործելու համար (հատոր 1-ին, գ.թ. 21-29)։

2) 30.06.2010 թվականի թիվ VTM02090 հիփոթեքի պայմանագրի համաձայն` Անահիտ Սիմոնյանը, Սամվել և Լիա Դանիելյանները, որպես Բանկի և Լիա Դանիելյանի միջև 30.06.2010 թվականին կնքված թիվ VTM02090 վարկային պայմանագրով վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց` Բանկում գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 32 հասցեում գտնվող 54քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 30-34):

3) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման կողմից 02.07.2010 թվականին տրվել է թիվ 0221404 գրավի, հիփոթեքի վկայականը, որի համաձայն` Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 32 հասցեում գտնվող 54քմ ընդհանուր մակերեսով բնակարանի նկատմամբ գրանցված է Բանկի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 39):

4) Բանկի 07.02.2011 թվականի թիվ кф05/125 գրության համաձայն՝ Անահիտ Սիմոնյանին, Սամվել և Լիա Դանիելյաններին ներկայացվել է բռնագանձման ծանուցումով պահանջագիր՝ պահանջելով մինչև 11.02.2011 թվականը մարել Բանկի նկատմամբ Լիա Դանիելյանի ընդհանուր պարտքը, և տեղեկացնելով, որ հակառակ դեպքում Բանկը կդիմի «Ադամանդ» ապրանքահումքային բորսա կամ այլ լիցենզավորված ընկերություններ՝ հրապարակային սակարկություններով երրորդ անձնաց օտարելու միջոցով պարտավորությունները կատարելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 40-41):

5) Համաձայն թիվ 039391846 փոստային առաքման հետադարձ ծանուցման`գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագրի հասցեատեր նշված է Լիա Դանիելյանը, առաքանու համար ստորագրել և այն ստացել է միայն Լիա Դանիելյանը (հատոր 1-ին, գ.թ. 42):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին` մեկից ավելի գրավատուների առկայության դեպքում բռնագանձման ծանուցումը մեկ գրավատուին ուղարկելը կարո՞ղ է արդյոք համարվել պատշաճ ծանուցում մյուս գրավատուների համար, եթե վերջիններս հաշվառված և բնակվում են նույն հասցեում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերության համաձայն՝ գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում):

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է վերոգրյալ նորմի վերլուծությանը և արձանագրել, որ գրավառուի կողմից գրավատուին պատշաճ ձևով ծանուցելու (բռնագանձման ծանուցում) օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ և հետապնդում է գրավատուի այլ իրավունքների իրականացման ապահովման նպատակ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը ենթադրում է գրավառուի կողմից գրավատուին` վերջինիս կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու մասին իրազեկելու (ծանուցելու) կապակցությամբ գրավառուի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն պատշաճ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գրավատուի` առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկացնելու փաստը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ նախատեսված` առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի տեղեկանալու իրավունքը և գրավառուի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված գրավառուի իրավունքների ապահովման հետ: Այդ իրավունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գրավատուին ընձեռված է առանց դատարան դիմելու գրավառուի կողմից գրավի առարկայի բռնագանձման մասին տեղեկանալու հնարավորություն: Այդ իսկ պատճառով գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուի իրազեկումը գրավառուի պարտականությունն է, որի չպահպանման դեպքում վերջինս չի կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը (տե՛ս, Վարդան Պետրոսյանն ընդդեմ «Արարատ» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Հովհաննիսյանի թիվ ՎԴ3/0092/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2010 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել հետևյալը․

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը գրավառուի համար սահմանել է առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելուց առաջ գրավի առարկայի բռնագանձման մասին գրավատուին պատշաճ ծանուցելու պարտականություն, հետևաբար օրենսդրական տեխնիկայի վերը նշված կանոնի կիրառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մեկից ավելի գրավատուների առկայության դեպքում գրավառուն պատշաճ ծանուցման պարտականություն կրում է յուրաքանչյուր գրավատուի նկատմամբ: Օրենսդրական նման կարգավորումը միտված է պաշտպանելու գույքի սեփականատիրոջ իրավունքները, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածին համահունչ գրավի առարկան իրացնելիս անձը զրկվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից արտադատական կարգով, որը բացառություն է ընդհանուր՝ դատական կարգով սեփականության իրավունքից զրկվելու կանոնից: Հետևաբար սեփականատիրոջ իրավունքները, այդ թվում գույքի իրացման վերաբերյալ ծանուցված լինելու իրավունքը, առավելագույն պաշտպանության են ենթարկված վերոնշյալ իրավակարգավորմամբ: Նման պայմաններում գրավի առարկայի իրացման վերաբերյալ ծանուցման իրականացումը կասկած չպետք է հարուցի ծանուցագիրը հասցեատիրոջ կողմից ստանալու վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն Խաչատրյանի և այլոց թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Սիմոնյանը, Սամվել և Լիա Դանիելյանները, որպես Բանկի և Լիա Դանիելյանի միջև 30.06.2010 թվականին կնքված թիվ VTM02090 վարկային պայմանագրով վերջինիս կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց` Բանկում գրավադրել են սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Նոր Արեշ 15-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 32 հասցեում գտնվող 54քմ ընդհանուր մակերեսով բնակարանը:

Բանկի կողմից 07.02.2011 թվականին Անահիտ Սիմոնյանին, Սամվել և Լիա Դանիելյաններին ուղարկվել է գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագիր, որը համաձայն թիվ 039391846 փոստային առաքման հետադարձ ծանուցման` ստորագրել և ստացել է միայն Լիա Դանիելյանը: Համաձայն թիվ 039391846 փոստային առաքման հետադարձ ծանուցման`գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագրի հասցեատեր նշված է միայն Լիա Դանիելյանը:

Դատարանը, մերժելով հայցը և բավարարելով հակընդդեմ հայցը, պատճառաբանելով, որ Բանկը բազմիցս բանավոր ձևով նախազգուշացրել է վարկառուին և գրավատուներին վարկային պայմանագրով սահմանված դրամական պարտավորությունները մարելու անհրաժեշտության մասին, և քանի որ Լիա Սամվելի Դանիելյանը, Սամվել Լյուդվիգի Դանիելյանը և Անահիտ Լեկտարի Սիմոնյանը հաշվառված բնակվել են նույն հասցեում, նրանց է ուղարկվել թվով 1 (մեկ) բռնագանձման ծանուցում, որը Բանկի կողմից Լիա Սամվելի Դանիելյանին, Սամվել Լյուդվիգի Դանիելյանին և Անահիտ Լեկտարի Սիմոնյանին ուղարկելը և վերջիններիս կողմից ստանալու փաստը հավաստվում է համապատասխան ստորագրությամբ, գտել է, որ հայցվորները բնակվում են նույն հասցեում, հանդիսանում են նույն ընտանիքի անդամները, վարում են ընդհանուր տնտեսություն, հայցվորները ծանոթ են եղել հիփոթեքի պայմանագրի բովանդակությանը, գիտակցել են բռնագանձման ծանուցում ուղարկելու և այն ստանալու իրավական հետևանքները, և եզրակացրել է, որ բռնագանձման ծանուցումն ուղարկվել է բոլոր հայցվորներին, նրանք ստացել են այն, տեղյակ են եղել վերոնշյալ անշարժ գույքի արտադատական կարգով իրացման գործընթացի մասին:

Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները, գտել է որ Բանկը կատարել է գրավադրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին գրավատուներին ծանուցելու իր պարտականությունը:

 Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, սույն գործի փաստերի հաշվառմամբ, արձանագրում է, որ Բանկի կողմից թեև 07.02.2011 թվականին Անահիտ Սիմոնյանին, Սամվել և Լիա Դանիելյաններին ուղարկվել է գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագիր, սակայն բռնագանձման ծանուցագիր ստացել է միայն Լիա Դանիելյանը, քանի որ այդ ծանուցագիրը, ըստ փոստային ծրարի, հասցեագրված է եղել վերջինիս, ով, հանդիսանալով գրավատու, չի կրում և չի կարող կրել բռնագանձման մասին յուրաքանչյուր գրավատուին պատշաճ ծանուցելու կամ իրազեկելու գրավառուի պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրողը:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե′ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Անահիտ Սիմոնյանն ու Սամվել Դանիելյանն ստացել են բռնագանձման ծանուցումը, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ընդհանուր կանոնի կիրառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բանկը չի կատարել վերջիններիս պատշաճ ծանուցելու իր պարտականությունը, առանց որի չէր կարող իրականացնել առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իր իրավունքը:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված վերը նշված խախտման պայմաններում այն չի կարող դառնալ քննության առարկա:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2014 թվականի որոշումը և այն փոփոխել` Անահիտ Սիմոնյանի, Սամվել և Լիա Դանիելյանների հայցը բավարարել․ անվավեր ճանաչել «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ի կողմից 19.04.2012 թվականին իրականացված Երևան քաղաքի Նոր Արեշ 15-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 32 բնակարանի աճուրդը և որպես դրա հետևանք՝ անվավեր ճանաչել Արմենուհի Բդոյանի հետ կնքված Նոր Արեշ 15-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 32 բնակարանի առուվաճառքի պայմանագիրն ու նույն բնակարանի նկատմամբ Արմենուհի Բդոյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Արմենուհի Բդոյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Անահիտ Սիմոնյանի, Սամվել և Լիա Դանիելյանների՝ Նոր Արեշ 15-րդ փողոցի 5-րդ շենքի թիվ 32 բնակարանն Անահիտ Սիմոնյանի, Սամվել և Լիա Դանիելյանների ապօրինի տիրապետումից ազատելու, բնակարանից վտարելու պահանջի մասին, մերժել:

2. «Ֆլորես» Աճուրդի Տուն ՍՊԸ-ից, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ից և Արմենուհի Բդոյանից համապարտության կարգով հօգուտ Անահիտ Սիմոնյանի, Սամվել և Լիա Դանիելյանների բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան