Գլխավոր տեղեկություն
Համար
N 1521-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.04.2015-02.07.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.30/75(1088).1 Հոդ.1252.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1521-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը վերանվանել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ:

2. Հաստատել՝

1) Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ, որպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կանոնադրություն՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացման իրավասությունը վերապահել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ կնքել գործակալության պայմանագիր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 29
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1521-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը վերանվանվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 162 որոշման համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և վարկային համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև կնքվող ու անբաժանելի մաս կազմող ղեկավար ձեռնարկով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հիմնադրամի հիմնադրի անունից որպես պետական լիազոր մարմին հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

4. Հիմնադրամի հիմնադիրը կատարել է 151,630 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով գույքային ներդրում:

5. Ղեկավար ձեռնարկը հիմնադրամի ընթացակարգը և կառուցվածքը սահմանող փաստաթուղթ է, որը մշակվում է՝ խորհրդակցելով Համաշխարհային բանկի և նվիրատուների հետ: Այն հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` համաձայնեցնելով Համաշխարհային բանկի հետ: Ղեկավար ձեռնարկը միակողմանիորեն փոփոխման ենթակա չէ:

6. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ.

2) կրճատ` ՀՏԶՀ.

3) ռուսերեն լրիվ`  Армянский фонд территориального развития.

4) կրճատ` АФТР.

5) անգլերեն լրիվ` Armenian Territorial Development Fund.

6) կրճատ` ATDF:

7. Հիմնադրամի գտնվելու վայրն է` 0037, քաղ. Երևան, Կարապետ Ուլնեցու 31:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

8. Հիմնադրամի գործունեության առարկան է`

1) տեղական ինքնակառավարման մարմիններին, տեղական հասարակական և այլ ոչ պետական կազմակերպություններին օժանդակելը հիմնադրամի գործունեությանը վերաբերող ծրագրերի նախապատրաստման ու իրականացման գործում.

2) անհրաժեշտության դեպքում իր գործունեության մասին տեղեկությունների տրամադրումը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին ու հասարակական կազմակերպություններին.

3) ներկայացվող ծրագրերի փորձաքննումը և հաստատումը, դրանց իրականացման աշխատանքների ֆինանսավորումը, կապալառուների և խորհրդատուների ընտրության նպատակով անցկացվող մրցույթների ու շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկումը ղեկավար ձեռնարկով սահմանված կարգով.

4) իր գործունեության համար անհրաժեշտ հետազոտությունների, նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը կամ իրականացումը:

9. Հիմնադրամի նպատակներն են`

1) տարածքներում բնակչության նյութական և ոչ նյութական բարեկեցության աճին նպաստելը՝ սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների ու հանրային ծառայությունների որակի և հասանելիության բարձրացման, զբաղվածության և տնտեսական ու ներդրումային ակտիվության խթանման միջոցով.

2) տարածքների ինստիտուցիոնալ և ֆինանսական կարողությունների հզորացմանն օժանդակելը.

3) տարածքներում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների և մատուցվող համայնքային ու հանրային ծառայությունների որակը, հասանելիությունն ու արդյունավետությունը բարելավելը և զարգացնելը.

4) տարածքներում տնտեսական ու ներդրումային ակտիվության աճին և տարածքային «աճի բևեռների» ձևավորմանը նպաստելը.

5) տարածքային սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված պետական, դոնոր կազմակերպությունների և մասնավոր ներդրումների ու ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը բարձրացնելը.

6) տարածքային կառավարման բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես, միջհամայնքային համագործակցության ընդլայնմանն օժանդակելը և համայնքների խոշորացմանը նպաստելը.

7) համայնքների ու տարածքների զարգացման համալիր ծրագրերի մշակմանն օժանդակելը:

10. Հիմնադրամի գործունեության շահառու են Հայաստանի Հանրապետության համայնքները, տեղական ինքնակառավարման մարմինները, տեղական հասարակական և այլ ոչ պետական կազմակերպությունները:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

11. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

12. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:

13. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ, ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ և այլ անհատականացման նշաններ: Իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ և դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

14. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

15. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը՝ հիմնադրամի պարտավորությունների համար:

16. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

17. Հիմնադրի՝ հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է:

18. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող ու իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` իր գործունեության առարկային, նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան:

19. Հիմնադրամը, որպես սեփականություն, կարող է ունենալ անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ` դրամով, արտարժույթով և այլն:

20. Հիմնադրամի գույքի, այդ թվում՝ ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ֆինանսական և նյութական ներդրումները.

2) քաղաքացիների և կազմակերպությունների բարեգործական նվիրատվությունները.

3) ծրագրերում ընդգրկված համայնքների դրամական և նյութական ներդրումները.

4) տեղական և օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսական ու նյութական ներդրումները և նվիրատվությունները.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

21. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային ու այլ հաշիվներ (այդ թվում՝ տարադրամային):

22. Հիմնադրամի բոլոր գործարքները և բանկային հաշիվներից վճարումները կատարվում են ըստ ղեկավար ձեռնարկում սահմանված ընթացակարգի ու հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով:

23. Հիմնադրամի ֆինանսական միջոցներն օգտագործվում են՝ վարկային համաձայնագրի և նվիրաբերությունների նպատակներին համապատասխան:

24. Հիմնադրամը հրապարակում է տարեկան հաշվետվություն իր միջոցների օգտագործման մասին:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

25. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը:

26. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որը ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը՝ սույն կանոնադրությանը և հիմնադրամի ղեկավար ձեռնարկին համապատասխան:

27. Խորհուրդը կազմված է 11 անդամից:

28. Խորհրդի անդամներն են`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետը (խորհրդի նախագահ).

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը.

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը.

6) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը.

7) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը.

8) «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչը (համաձայնությամբ).

9) «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը (համաձայնությամբ).

10) «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության երևանյան գրասենյակի տնօրենը (համաձայնությամբ).

11) Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրենը (համաձայնությամբ):

29. Խորհրդի անդամները խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Խորհրդի անդամները դադարեցնում են իրենց լիազորությունները՝ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են իրենց համաձայնությամբ, իսկ պետական մարմինների ներկայացուցիչները` ի պաշտոնե:

30. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որն անձամբ նախագահում է խորհրդի նիստերը, իսկ խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

31. Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում`

1) ղեկավար ձեռնարկում կատարվող փոփոխությունների հաստատումը.

2) հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները որոշելը.

3) հիմնադրամի տարեկան բյուջեն ու աշխատանքային պլանները հաստատելը.

4) հիմնադրամի եռամսյա ու տարեկան ֆինանսական հաշվետվությունները հաստատելը.

5) հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտորների ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքները հաստատելը.

6) առանձին ծրագրերի ֆինանսավորումը հաստատելը՝ ղեկավար ձեռնարկի համաձայն.

7) նախագահի առաջարկությամբ, Համաշխարհային բանկի հետ համաձայնեցնելով՝ հիմնադրամի գործադիր տնօրենին պաշտոնում նշանակելը և պաշտոնից ազատելը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:

32. Խորհուրդն իրականացնում է վերահսկողություն հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության նկատմամբ:

33. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են տարեկան առնվազն երկու անգամ: Խորհրդի որոշումները կարող են ընդունվել հեռակա կարգով քվեարկության (հարցման) միջոցով: Հեռակա կարգով քվեարկությամբ (հարցմամբ) ընդունված խորհրդի որոշումն օրինական ուժ ունի, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին:

34. Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Հրավիրված արտահերթ նիստերը չեն կարող անցկացվել հեռակա կարգով (հարցման միջոցով):

35. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

36. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է չընդունված: Խորհուրդը, Համաշխարհային բանկի հետ համաձայնեցնելով, հիմնադրամի գործադիր տնօրենին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների (2/3) մեծամասնությամբ: Խորհուրդը որոշումներն ընդունում է այլ կարգով` օրենքով սահմանված դեպքերում:

37. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

38. Հիմնադրամի գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը վարում է հիմնադրամի ընթացիկ գործերը և հաշվետու է խորհրդին:

39. Գործադիր տնօրենը`

1) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից.

2) հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) տնօրինում է գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները, համաձայն սույն կանոնադրության, ղեկավար ձեռնարկի և խորհրդի կողմից հաստատված բյուջեի.

4) կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

5) բացում է բանկային հաշիվներ.

6) սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափերը և վճարման կարգը` համաձայն ղեկավար ձեռնարկի.

7) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.

8) տալիս է լիազորագրեր.

9) իրականացնում է սույն կանոնադրությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բխող այլ լիազորություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

40. Հիմնադրամի գործունեությունն ստուգվում է անկախ աուդիտորների կողմից` տարեկան առնվազն մեկ անգամ:

41. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

42. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի ու Համաշխարհային բանկի կողմից:

43. Հիմնադրամը` «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի հրապարակում է հաշվետու տարվա հաշվետվությունն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, խորհրդի անդամների, տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են հիմնադրամի միջոցներից ու ծառայություններից, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:

44. Հիմնադրամի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին ու ստուգումների և ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:

46. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում է ու վարվում, հաշվապահական հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համաձայն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և Համաշխարհային բանկի պահանջների:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

47. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել՝ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 25-ի N 1521-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարար

 

«Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

(համաձայնությամբ)

 

«Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության երևանյան

գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայ բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության

տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան