ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
2 դեկտեմբերի 2014 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին` Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` «Երևանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի նոյեմբերի 4-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Ֆինանսական պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) ստորագրվել է 2014 թվականի հունիսի 24-ին և նույն թվականի հունիսի 27-ին` համապատասխանաբար Երևանում և Լյուքսեմբուրգում, որի նպատակն է Պայմանագրով նախատեսված ծրագրին համապատասխան Երևանի ջրամատակարարման բարելավման համար Եվրոպական ներդրումային բանկի կողմից (այսուհետ՝ Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (այսուհետ՝ Վարկառու) տրամադրել 5.167.195.69 եվրո (7.000.000 ԱՄՆ դոլար) գումարի չափով վարկ՝ առավելագույնը թվով 5 տրանշներով (մասնաբաժիններով): Բացի դրանից, հիշյալ ծրագրի կատարմանն է ուղղվելու նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրվելիք 5.500.000 եվրո գումարի չափով ներդրումային դրամաշնորհը: Վարկի տոկոսադրույքը կարող է լինել հաստատագրված կամ լողացող, որը որոշվում է Պայմանագրի 3-րդ հոդվածում սահմանված կարգով:
Պայմանագրով ֆինանսավորվող ծրագրի կատարման ժամանակահատվածը 2015 թվականի մարտի 1-ից մինչև 2018 թվականի մարտի 1-ն է:
2. Պայմանագիրը բաղկացած է թվով 5 հավելվածներից, որոնցում մանրամասնված են իրականացվելիք ծրագրի տեխնիկական նկարագրությունը, վարկի դիմաց վճարվելիք տոկոսադրույքների հաշվարկման հետ կապված ընթացակարգերը, ինչպես նաև Պայմանագրի կատարման համար անհրաժեշտ այլ իրավադրույթներ:
3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- գրավոր տեղեկացնել Բանկին վարկային հաշվին հատկացման կատարման մասին` ոչ ուշ, քան ժամանակացույցով հատկացման սահմանված ամսաթվից 15 օր առաջ, ինչպես նաև հաստատել, որ Բանկի վարկային հաշիվը Հայաստանի Հանրապետության սեփական բանկի հաշիվն է (1-ին հոդված, 1.02.Դ),
- եթե Հայաստանի Հանրապետության գրավոր հարցման դեպքում Բանկը հետաձգում է ընդունված տրանշի ցանկացած հատկացումը մասամբ կամ ամբողջությամբ, մինչև Հայաստանի Հանրապետության կողմից նշված ամսաթիվը, վճարել հետաձգման փոխհատուցում, որը հաշվարկվում է հետաձգված հատկացման գումարի հիման վրա (1-ին հոդված, 1.05.Ա),
- վճարել Բանկին կանխավճարի փոխհատուցում այն դեպքում, երբ Բանկը չեղյալ է հայտարարում ֆիքսված տոկոսադրույքով տրանշը (1-ին հոդված, 1.06. Գ., բ) կետ, i) ենթակետ),
- կատարել փոխհատուցում Բանկին 10.03-րդ հոդվածով սահմանված կարգով, այն դեպքում, երբ Բանկը չեղյալ է հայտարարում ընդունված տրանշը պարտավորության չկատարման դեպքի առաջացման պատճառով (1-ին հոդված, 1.06. Գ., բ) կետ, ii) ենթակետ),
- Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 15 օրվա ընթացքում վճարել գնահատման վճար (50.000 եվրո) կամ երաշխավորել դրա վճարումը Բանկին, որը կատարվում է ծրագրի հետ կապված՝ Բանկի կողմից իրականացված գնահատման դիմաց (1-ին հոդված, 1.08),
- ԱՄՆ դոլարով վճարել յուրաքանչյուր տրանշի համար տոկոսներ, հետվճարումներ և այլ գանձումներ (2-րդ հոդված, 2.02),
- տոկոսի վճարումը կատարել մասերով ֆիքսված տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի մասով՝ ֆիքսված տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով (3-րդ հոդված, 3.01.Ա),
- տոկոսի վճարումը կատարել մասերով և այն ժամանակահատվածում, որը սահմանված է պայմանագրի 3-րդ հոդվածի 3.01.Բ. բաժնում,
- յուրաքանչյուր տրանշ հետ վճարել մասնաբաժիններով և հատկացման առաջարկում սահմանված ամսաթվերին (4-րդ հոդված, 4.01.Ա),
- Բանկին վճարել կանխավճարի փոխհատուցումը կանխավճարի ամսաթվին, ֆիքսված տոկոսադրույքով տրանշի առնչությամբ, որը նախապես վճարվում է այն դեպքում, երբ Վարկառուն նախօրոք վճարում է ֆիքսված տոկոսադրույքով տրանշը (4-րդ հոդված, 4.02.Բ., 1) կետ),
- կանխավճարի հետ միաժամանակ վճարել նաև կանխավճարի գումարի կուտակված տոկոսները և, առկայության դեպքում, փոխհատուցման տույժի գումարը (4-րդ հոդված, 4.02.Գ),
- տրանշի համար համապատասխան վճարման ամսաթվից տարբերվող որևէ այլ ամսաթվին կանխավճար կատարելու դեպքում փոխհատուցել Բանկին վերջինիս կողմից սահմանված գումարի այնպիսի չափով, որը պահանջվում է փոխհատուցել իրեն այն միջոցների ստացման համար, որոնք ստացվել են վճարման ամսաթվին ոչ համապատասխան (4-րդ հոդված, 4.04),
- վարկի շրջանակներում փոխառած բոլոր գումարներն օգտագործել ծրագրի իրականացման նպատակով (6-րդ հոդված, 6.01),
- ծրագիրն իրականացնել տեխնիկական նկարագրության համաձայն, որը Բանկի հաստատմամբ կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխությունների ենթարկվել և երաշխավորել ծրագրի ավարտը նշված վերջնաժամկետում (6-րդ հոդված, 6.02),
- երաշխավորել, որ ծրագրի իրականացման նպատակով և դրա հետ կապված սարքավորումները ձեռք են բերված, ծառայությունների մատուցումն ապահովված է, և աշխատանքները պատվիրված են միջազգային բաց մրցույթների կամ այլ ընդունելի գնումների ընթացակարգերի միջոցով (6-րդ հոդված, 6.04),
- ապահովել Պայմանագրի 6-րդ հոդվածի 6.05 բաժնում ամրագրված շարունակական պարտավորությունների կատարումը (6-րդ հոդված, 6.05),
- հավաստիացնել և երաշխավորել Բանկին, որ կպահպանվեն Պայմանագրի 6-րդ հոդվածի 6.07 բաժնում նշված պայմանները,
- ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք Բանկը ողջամտորեն պահանջում է ծրագրի առնչությամբ ենթադրյալ կամ կասկածելի ցանկացած արգելված վարքագիծ հետաքննելու կամ վերացնելու համար (6-րդ հոդված, 6.09, ա) կետ, ii) ենթակետ),
- ապահովել, որ ծրագրի ծախսերն ամբողջությամբ ծածկելու համար (ներառյալ պարտքի սպասարկման ծախսերը, սակայն բացառելով ակտիվների արժեզրկումը) ցանկացած սակագնային բարձրացում հաստատվի ՀՀ համապատասխան մարմինների կողմից՝ այն պայմանով, որ սակագները մնան մատչելիության սահմաններում (6-րդ հոդված, 6.12),
- վարել համապատասխան հաշվեմատյաններ ու գրանցամատյաններ, որոնցում ամբողջությամբ և ճշգրտորեն կարտացոլվեն բոլոր ֆինանսական գործարքները, այդ թվում՝ ծրագրի հետ կապված ծախսերը (6-րդ հոդված, 6.14., բ) կետ),
- վճարել բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և ցանկացած բնույթի այլ պարտադիր վճարները, ներառյալ պետական տուրքը և գրանցման վճարները, որոնք ծագում են Պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի կատարումից կամ իրականացումից (9-րդ հոդված, 9.01),
- հատուցել և Բանկին զերծ պահել որևէ կորստից, որը հետևանք է Հայաստանի Հանրապետության կողմից կատարված որևէ վճարման կամ մասնակի մարման, որոնք տեղի են ունեցել Պայմանագրի հստակ սահմանված ձևից տարբերվող ձևով՝ չսահմանափակելով Պայմանագրի կամ կիրառելի իրավունքի ներքո Բանկի որևէ իրավունք (9-րդ հոդված, 9.03, բ) կետ),
- Բանկի կողմից գրավոր պահանջ ներկայացվելու դեպքում անմիջապես հետ վճարել Վարկը` ամբողջությամբ կամ մասամբ՝ Պայմանագրի ներքո կուտակված տոկոսների կամ այլ չվճարված գումարների հետ միասին՝ համաձայն Պայմանագրի 10-րդ հոդվածի 10.01 բաժնում ամրագրված դրույթների (10-րդ հոդված, 10.01),
- ֆիքսված տոկոսադրույքով տրանշի մասով՝ Պայմանագրի 10.01-րդ հոդվածի ներքո ցանկացած պահանջի դեպքում Բանկին վճարել պահանջվող գումարը կանխավճարի փոխհատուցման հետ միասին՝ ցանկացած հիմնական գումարի մասով, որը ենթակա է նախապես վճարման (10-րդ հոդված, 10.03.Ա),
- լողացող տոկոսադրույքով տրանշի մասով՝ Պայմանագրի 10.01-րդ հոդվածի ներքո ցանկացած պահանջի դեպքում Բանկին վճարել պահանջվող գումարը` ընթացիկ արժեքի 0.15%-ին համարժեք գումարի հետ միասին, որը տարեկան կտրվածքով հաշվարկվում և կուտակվում է վճարման ենթակա գումարի վրա, որը պետք է նախապես վճարվի այնպես, ինչպես այն տոկոսը, որը կհաշվարկվեր և կկուտակվեր, եթե այդ գումարը մնար չմարված՝ տրանշի մարման ժամանակացույցին համապատասխան, մինչև մարման ամսաթիվը (10-րդ հոդված, 10.03.Բ),
- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը Պայմանագրի ներքո իր իրավունքներից կամ պարտավորություններից որևէ մեկը չհանձնի կամ չփոխանցի` առանց Բանկի կողմից նախապես ստացված գրավոր համաձայնության (12-րդ հոդված, 12.03):
4. Պայմանագրում նախատեսված են նաև կողմերի իրավունքների ու պարտականությունների պատշաճ կատարումն ապահովող այլ դրույթներ, ինչպես նաև Պայմանագիրը գործողության մեջ դնելու ընթացակարգեր:
5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև սոցիալական բնագավառում դրված սահմանադրաիրավական խնդիրներից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին` Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` «Երևանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
2 դեկտեմբերի 2014 թ. |