Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1180
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.10/67(1080) Հոդ.1105
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.12.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

2 դեկտեմբերի 2014 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՋՐԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին` Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2014 թվականի նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիրը (այսուհետ նաև՝ Պայմանագիր) Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է 2014 թվականի հունիսի 24-ին` Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին` Լյուքսեմբուրգում:

2. Պայմանագրով Եվրոպական ներդրումային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 25.500.000 (քսանհինգ միլիոն հինգ հարյուր հազար) եվրո գումարի չափով վարկ (Վարկ)` Պայմանագրով նախատեսված ծրագիրը (Ծրագիր) ֆինանսավորելու նպատակով:

Ծրագրի նպատակն է ապահովել խմելու ջրի կայուն և շարունակական մատակարարումը և բարելավել կոյուղաջրերի սանիտարահիգիենիկ հեռացումը համակարգի հիմնական կետերում, ինչպես նաև ապահովել կոյուղաջրերի մաքրման էկոլոգիապես առողջ և կայուն գործընթաց «Նոր ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում:

Ծրագիրը ներառում է.

- Վանաձորում և Գյումրիում ջրամատակարարման և կոյուղու օբյեկտների շարունակական վերանորոգումը, ինչպես նաև Լոռու և Շիրակի մարզերի գյուղական շրջաններում այդ օբյեկտների բարեկարգումը.

- Արմավիրի մարզում ջրամատակարարման և կոյուղու օբյեկտների շարունակական վերականգնումը, ինչպես նաև համատեղ մաքրման կայանի կառուցումն Արմավիրի (Մեծամոր, Նորապատ) քաղաքների համար.

- ջրամատակարարման և կոյուղաջրերի հավաքման համակարգեր Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի մոտ 40 փոքր քաղաքներում և գյուղերում` «Հայջրմուղկոյուղի» ընկերության սպասարկման տարածքներում.

- փոքրածավալ միջոցառումներ փորձնական ծրագրի ձևաչափով մոտ 560 գյուղում, որոնք նախկինում չէին սպասարկվում հինգ ջրային ընկերություններից որևէ մեկի կողմից: Այն հիմնված է լինելու «Հայաստանում 560 ցրված համայնքների (գյուղերի) մատակարարման նպատակով ինտեգրված` տեխնիկական, սոցիալական, ինստիտուցիոնալ և առևտրային մեխանիզմների կառուցման վերաբերյալ հայեցակարգային ուսումնասիրության» արդյունքների վրա, որոնք ակնկալվում են 2014 թվականին: Ազդակիր համայնքները կկցվեն համապատասխան ջրային կոմունալ ծառայությանն իրենց տարածաշրջանում:

Ծրագիրն իրականացվելու է 2014-2018 թվականների ընթացքում:

3. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) վճարել յուրաքանչյուր տրանշի տոկոսները, հետվճարումները և այլ գանձումները եվրոյով.

բ) Վարկի շրջանակներում իր փոխառած բոլոր գումարներն օգտագործել Ծրագրի իրականացման նպատակով.

գ) երաշխավորել, որ Ծրագրի իրականացման նպատակով և դրա հետ կապված սարքավորումները ձեռք են բերված, ծառայությունների մատուցումն ապահովված է և աշխատանքները պատվիրված են միջազգային բաց մրցույթների կամ այլ ընդունելի գնումների ընթացակարգերի միջոցով` Պայմանագրով սահմանված կարգով.

դ) վճարել ողջ հիմնական գումարը, տոկոսը, փոխհատուցման գումարը և Պայմանագրի ներքո վճարման ենթակա մյուս գումարներն առանց որևէ ազգային կամ տեղական հարկման նվազեցման.

ե) կրել բոլոր գանձումների և այլ ծախսերի վճարման պարտավորությունը, այդ թվում` մասնագիտական, բանկային կամ տարադրամի փոխանակման գանձումները, որոնք առաջանում են Պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի նախապատրաստման, փոփոխման, կատարման, իրականացման և դադարեցման կամ Պայմանագրից կամ այլ համապատասխան փաստաթղթից հրաժարման, ինչպես նաև Վարկի համար որևէ երաշխիքի փոփոխման, ստեղծման, կառավարման, իրականացման և իրացման առնչությամբ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թվականի նոյեմբերի 27-ին հավանություն է տվել սույն գործով քննության առարկա Պայմանագրին:

5. Սույն գործի շրջանակներում ուսումնասիրելով իրավակիրառական պրակտիկան` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համաձայն սահմանադրական դատարանում Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության` «Համայնքային ենթակառուցվածքներ II, Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ներդրումային ծրագրի 1-ին փուլն արդեն իսկ ավարտվել է, իսկ 2-րդ փուլի իրականացումն ընթացքում է, և դրա ավարտը նախատեսված է 2015 թվականին: Ծրագրի 3-րդ փուլով նախատեսված միջոցառումների իրականացման համար տրամադրվող 73.0 մլն եվրոյից 17.5 մլն եվրոն դրամաշնորհային միջոցներ են: Ծրագրի 3-րդ փուլում KfW բանկի (30.0 մլն եվրո վարկ, 2.5 մլն եվրո դրամաշնորհ) հետ իր մասնակցությունն է ունենալու նաև Եվրոպական ներդրումային բանկը (25.5 մլն եվրո վարկ): Ֆինանսավորում է նախատեսվել նաև Եվրոպական հարևանության ներդրումային ծրագրի (15.0 մլն եվրո դրամաշնորհ) ֆոնդերից:

Համաձայն վերոհիշյալ բացատրության` Ծրագրով հատկացված միջոցների օգտագործման մասով աուդիտի իրականացում նախատեսված չէ: Սակայն Ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների վերահսկումն իրականացվում է մրցույթով ընտրված գերմանական GITEC Consult GmbH կազմակերպության կողմից: «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների լիազորություններն ստանձնած մասնավոր կառավարչի` գերմանական «Էմ Վի Վի դեկոն Ջի էմ բի Էյջ (MVV-decon GmbH)», «Էմ Վի Վի Էներջի Էյ Ջի (MVV Energie AG)» և հայկական «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությունների կոնսորցիումի, որը 2009 թ. ստանձնել է ընկերությունների կառավարումը, իսկ 2014 թ. հունվարից կոնսորցիումի կազմում ընդգրկվել է նաև «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորություններն ստանձնած ֆրանսիական «ՍԱՈՒՌ Ս.Ա.Ս. (SAUR S.A.S.)» կազմակերպությունը, որի գործառույթների մեջ է մտնում նաև ներդրումային ծրագրերի իրականացման վերահսկումը: Պայմանագրային կառավարչի գործողության տարեկան արդյունքները ենթարկվում են աուդիտի` տեխնիկական մասով` FICHTNER, իսկ ֆինանսական մասով` Grant Thornton կազմակերպությունների կողմից:

6. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2014 թվականի հունիսի 24-ին` Երևանում և 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

2 դեկտեմբերի 2014 թ.
ՍԴՈ-1180