Գլխավոր տեղեկություն
Համար
N 814-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (28.12.2014-13.01.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.18/34(908) Հոդ.855
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հունիսի 2012 թվականի N 814-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 25.12.14 N 1503-Ն)

 

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 10.1-ին հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 25.12.14 N 1503-Ն)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ծրագրերի բնակելի տների նախագծերի և կատալոգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 1136-Ն և 2010 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և դրանց կատալոգի ներդրման ու կիրառման կարգը հաստատելու մասին» N 440-Ն որոշումները:

3. (կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1503-Ն)

3.1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հնգօրյա ժամկետում՝

1) բազմակի օգտագործման նախագծերն ու դրանց կատալոգները տեղադրել նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.mսd.am).

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նյութերն էլեկտրոնային կրիչներով տրամադրել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` բնակչության իրազեկման ու հետագա կիրառման նպատակով:

(3.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1503-Ն)

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նյութերը հնգօրյա ժամկետում համապատասխանաբար տեղադրել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքերում:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`

1) եռօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նյութերը Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և համապատասխան մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրված լինելու մասին.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում սահմանված կարգով, մոնիթորինգի անցկացման նպատակով, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը կիսամյակային կտրվածքով տրամադրել տեղեկատվություն համապատասխան մարզի համայնքներում բազմակի օգտագործման նախագծերի կիրառման ընթացքի մասին:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նյութերի առկայության մասին հնգօրյա ժամկետում իրազեկել (տեսանելի վայրերում տեղադրված ցուցավահանակներով, զանգվածային լրատվության միջոցներով` ռադիո, հեռուստատեսություն և այլն) համայնքի հասարակությանը և հնարավորության դեպքում դրանք տեղադրել համայնքի ինտերնետային կայքում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 4

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 7-ի N 814-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱԼՈԳՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ
(վերնագիրը խմբ. 25.12.14 N 1503-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օբյեկտների (այսուհետ՝ օբյեկտ) օրինակելի նախագծերի (այսուհետ` օրինակելի նախագծեր) և այդ նախագծերի գովազդային տեղեկագրերից կազմված հավաք կատալոգների (այսուհետ` կատալոգներ) կիրառման կարգը, ինչպես նաև այդ գործընթացի իրականացումը` քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով:

(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)

2. Օրինակելի նախագծեր են համարվում քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ղեկավարի հրամանով կիրարկման մեջ դրված` սույն կարգի պահանջներին համապատասխան մշակված ճարտարապետաշինարարական նախագծերը: Օրինակելի նախագծերը կառուցապատողի կողմից օգտագործվում են կամավորության սկզբունքով` սույն կարգին համապատասխան և նրան են տրամադրվում անվճար:

(2-րդ կետը խմբ. 25.12.14 N 1503-Ն)

3. Օրինակելի նախագծերն ու կատալոգը մշակվում են լիազոր մարմնի պատվերով` նրա կողմից տրված նախագծային առաջադրանքի հիման վրա: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձագիտական դրական եզրակացություն ստացած օրինակելի նախագծերը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատվում և ընդունվում են կիրառման:

(3-րդ կետը խմբ. 25.12.14 N 1503-Ն)

4. Կատալոգներին կից կարող է կազմվել ձեռնարկ` շինարարական գործունեության իրականացման ընթացքի վերաբերյալ գործնական խորհրդատվությունների տեքստային և պատկերային նկարագրությամբ (այսուհետ` ձեռնարկ):

(4-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)

5. Կառուցապատողը 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում և 4-րդ կետում նշված համապատասխան ինտերնետային կայքերից ստացված տեղեկատվության հիման վրա կատալոգից ընտրում է համապատասխան օբյեկտն ու դրա նախագծային փաստաթղթերը և դիմում համայնքի ղեկավարին (այսուհետ՝ իրավասու մարմին)`

1) հաստատված գոտևորման նախագիծ չունեցող տարածքներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստանալու հայտով.

2) հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում` կառուցապատվող հողամասի վրա ընտրված օբյեկտի տեղանշման հատակագիծը (այսուհետ՝ տեղանշման հատակագիծ) ճշտելու և օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) ստանալու դիմումով (համաձայն N 1 ձևի)` նշելով կատալոգից ընտրված օբյեկտի տիպը և սույն կետում նշված ձևաթղթով սահմանված այլ տեղեկություններ:

(5-րդ կետը խմբ. 25.12.14 N 1503-Ն)

6. Կառուցապատողը սույն կարգի 5-րդ կետի 2-րդ ենթակետով նշված դիմումին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

1) կառուցապատվող հողամասի ծածկագիրը, հատակագիծը` կից հողօգտագործումների (կառուցապատումների) նյութերով.

2) ընտրված օբյեկտի կառուցման համար նախատեսված հողամասի նպատակային և գործառնական նշանակության նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը և տեղեկատվություն հողամասում առկա շինությունների, այդ թվում` ինքնակամ շինությունների (առկայության դեպքում) մասին.

3) կառուցապատվող հողամասի վրա ընտրված օբյեկտը տեղադրելու (տեղանշման հատակագծի) վերաբերյալ առաջարկությունը:

(6-րդ կետը փոփ., խմբ. 25.12.14 N 1503-Ն)

7. Հաստատված գոտևորման նախագիծ ունեցող տարածքներում օրինակելի նախագծերով կառուցապատում իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրում չի պահանջվում:

(7-րդ կետը խմբ. 25.12.14 N 1503-Ն)

8. Իրավասու մարմինը, կառուցապատողի դիմումն ստանալու օրվանից երկու օրվա ընթացքում հարցում է ներկայացնում սույն կարգի 5-րդ կետում նշված տեխնիկական պայմաններ տրամադրող կազմակերպություններ (այսուհետ` մատակարարող կազմակերպություններ)՝ օբյեկտի տեխնիկական պայմաններն ստանալու համար, կցելով սույն կարգի 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

(8-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)

9. Մատակարարող կազմակերպությունների կողմից տեխնիկական պայմաններն իրավասու մարմնին տրամադրվում են վերջինիս հարցումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում:

(9-րդ կետը խմբ. 25.12.14 N 1503-Ն)

9.1. Իրավասու մարմինը ճշտում է տեղանշման հատակագիծը (օբյեկտի տեղադիրքն օրենսդրության և նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության դեպքում), կցում մատակարար կազմակերպությունների կողմից ստացված տեխնիկական պայմանները և սույն կարգի 14-րդ կետով առաջադրված պայմանները (առկայության դեպքում) ու տրամադրում կառուցապատողին համաձայն N 2 ձևի:

(9.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1503-Ն)

10. Սույն կարգի 1-ին կետով սահմանված օբյեկտի շինարարության թույլտվությունը տրվում է եռօրյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, շինարարության թույլտվության տրամադրման համար հիմք են հողամասի վրա ընտրված օբյեկտի՝ կառուցապատողի միջոցների հաշվին կազմված տեղակապման նախագիծը (օբյեկտի զրոյական նիշից ցածր տեղակայված հատվածի հարմարեցումը տեղանքին` ելնելով ռելիեֆի առանձնահատկություններից), տեղակապման նախագիծը թողարկող կապալառուի՝ սահմանված կարգով տրված երաշխավորագիրը (կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` փորձագիտական եզրակացությունը) և շինարարության թույլտվության համար օրենքով սահմանված տեղական տուրքի մուծման անդորրագիրը:

(10-րդ կետը փոփ., լրաց. 25.12.14 N 1503-Ն)

10.1. Օրինակելի նախագծերի տեղակապման նախագծերը մշակվում են տեղակապվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

(10.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1503-Ն)

10.2. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված գործառույթներն իրավասու մարմինն իրականացնում է կառուցապատողի դիմումն ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում:

(10.2-րդ կետը լրաց. 25.12.14 N 1503-Ն)

11. Կառուցապատողը պարտավոր է շինարարությունն իրականացնել հաստատված նախագծին, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Կառուցապատողն իր կողմից ընտրված օբյեկտի նախագծով հաստատված հատակագծային լուծումներում կարող է կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, ինչպես նաև միջնորմների տեղադրման փոփոխություններ` օբյեկտի կոնստրուկտիվ համակարգը չխաթարելու պարտադիր պայմանով:

(11-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)

11.1. Եթե կառուցապատողի կողմից ընտրված օբյեկտի ծավալահատակագծային լուծումներում նախատեսվող փոփոխությունները (ճակատային հատվածում նոր բացվածքների, պատշգամբների իրականացում և այլն) առաջացնում են հաստատված նախագծի կոնստրուկտորական մասում որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ապա նշված փոփոխությունների էսքիզային առաջարկը կցվում է սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումին (կամ հայտին): Սույն կետով սահմանված դեպքերում տեղակապման նախագծի հետ մշակվում են նաև հաստատված օրինակելի նախագծում կատարվող փոփոխությունները:

(11.1-ին կետը լրաց. 25.12.14 N 1503-Ն)

12. (կետն ուժը կորցրել է 25.12.14 N 1503-Ն)

13. Օբյեկտի շինարարության շահագործումը փաստագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, ավարտված շինարարության շահագործման ակտը հիմք է կառուցված օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար:

(13-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)

14. Իրավասու մարմինը, ելնելով բնակավայրի քաղաքաշինական իրադրությունից, կառուցապատվող տարածքի տեղադիրքից և ճարտարապետական միջավայրի առանձնահատկություններից, սույն կարգի 9.1-ին կետով սահմանված գործառույթի իրականացման շրջանակներում կարող է առաջադրել օբյեկտի կոնստրուկտիվ համակարգը չխաթարող ճակատային լուծումների և հարդարման նյութերի փոփոխություններ:

(14-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)

15. Սույն կարգով սահմանված գործառույթները, կառուցապատողի հայեցողությամբ, կարող են իրականացվել նաև էլեկտրոնային համակարգի կիրառման միջոցով՝ Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման համակարգի ներդրման ժամանակացույցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փուլերին համընթաց: Ընդ որում, էլեկտրոնային համակարգից օգտվելու դեպքում, սույն կարգի՝

1) 5-րդ կետում նշված դիմումը (N 1 ձև) և 6-րդ կետում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները ներկայացվում են իրավասու մարմնի «Մեկ պատուհանի» ծառայության վեբ-կայքի «Էլեկտրոնային ընդունարանում» գրանցվելուց հետո ստացված գրանցման ծածկագրով, որը կառուցապատողի համար կարող է լինել նաև դիմումի շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց.

2) 10-րդ և 13-րդ կետերում նշված որոշումներով սահմանված դիմումներն ու դրանց կցվող փաստաթղթերի տեսաներածված օրինակներն իրավասու մարմին են ներկայացվում սույն կետի 1-ին ենթակետում նշված ծածկագրով.

3) 9-րդ կետում նշված իրավասու մարմնի տեղեկացմամբ հաղորդվում է նաև կառուցապատողի կողմից ներկայացված տեսաներածված փաստաթղթերի հավաստիությունն ուսումնասիրելու անհրաժեշտության մասին.

4) սահմանված կարգով կազմված և իրավասու մարմնի կողմից կնքված կառուցապատման թույլտվությունները (տեղանշման հատակագիծն ու տեխնիկական պայմանները, շինարարության թույլտվությունը և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտը) ելքագրվում և դրանց՝ կնիքով հաստատված թղթային տարբերակները (բնօրինակները) տրամադրվում են կառուցապատողին՝ վերջինիս կողմից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները դրանց բնօրինակների հետ տեղում համեմատվելուց հետո.

5) սույն կետի 4-րդ ենթակետով անհամապատասխանության հայտնաբերման դեպքում դիմումը մերժվում է, իսկ իրավասու մարմնի կողմից տրված կառուցապատման թույլտվությունը չեղյալ է համարվում, ինչի մասին կառուցապատողին տեղեկացվում է գրավոր՝ նշելով մերժման պատճառները:

16. Օբյեկտների նախագծային փաստաթղթերն ու կատալոգներն էլեկտրոնային կրիչներով պահվում են պատվիրատուի մոտ` բնօրինակի իրավունքով:

(16-րդ կետը փոփ. 25.12.14 N 1503-Ն)

17. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար

__________________________________________________________________________ -ին

(համայնքի (իրավասու մարմնի) ղեկավարի անունը, ազգանունը)

Կառուցապատող ___________________________________________________________-ից

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը,

հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ տրամադրել Հայաստանի Հանրապետությունում բազմակի օգտագործման օբյեկտների օրինակելի նախագծերի կատալոգից ընտրված_____________________________ ________________________________________________________________________________

(բնակելի, հասարակական, արտադրական նշանակության բազմակի օգտագործման օբյեկտի տիպը)

 

կառուցման համար նախատեսված հողամասի վրա օբյեկտի ճշտված տեղանշման հատակագիծը և անհրաժեշտ ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) տեխնիկական պայմանները:

 

Կառուցապատման համար նախատեսված հողամասը գտնվում է________________________ ________________________________________________________________________________

(մարզը, համայնքը, գտնվելու վայրը)

1. Կից ներկայացնում եմ`

1) կառուցապատվող հողամասի ծածկագիրը, հատակագիծը` կից հողօգտագործումների (կառուցապատումների) նյութերով.

2) օբյեկտի կառուցման համար նախատեսված հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության, կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը.

3) տեղեկատվություն հողամասում առկա շենքերի, շինությունների մասին ____________________

________________________________________________________________________________.

(այդ թվում` ինքնակամ շինությունների (առկայության դեպքում)

4) կառուցապատվող հողամասի վրա ընտրված օբյեկտը տեղադրելու վերաբերյալ առաջարկությունը

_______________________________________________________________:

(Մ 1:100 կամ 1:50 տեղանշման հատակագծի առաջարկը)

2. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում ներկայացվում են սույն ձևում նշված փաստաթղթերի տեսաներածված օրինակները:

Կառուցապատող ____________________________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ ___________ 20 թ.

 

 

 

(ձևը խմբ. 25.12.14 N 1503-Ն)

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

___________________________________________________________

(ՀՀ մարզը, համայնքը)

 

ԲԱԶՄԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԵՂԱՆՇՄԱՆ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

____ ____________ 20 թ. N _____

 

Տրվում է կառուցապատող ________________________________________________________-ին

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը,

էլեկտրոնային հասցեն)

________________________________________________________ օբյեկտի կառուցման համար,

      (օբյեկտի անվանումը՝ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության
               
բազմակի օգտագործման օբյեկտի տիպը)

այդ թվում՝

1. Հողամասի վրա օբյեկտի տեղանշման հատակագիծը՝ ____________________________ թերթ:

2. Ինժեներական ենթակառուցվածքների մատակարարման տեխնիկական պայմանները՝

1) ջրամատակարարում___________________________________________________________ ,

2) ջրահեռացում _________________________________________________________________ ,

3) էլեկտրամատակարարում

_______________________________________________________________________________ ,

4) գազամատակարարում __________________________________________________________:

3. Էլեկտրոնային համակարգի կիրառման դեպքում սույն ձևում նշված փաստաթղթերը տրամադրվում են դիմումին կից ներկայացված փաստաթղթերի տեսաներածված պատճենները դրանց բնօրինակների հետ տեղում համեմատվելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության համայնքի ղեկավար _______________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Կ.Տ.

_____ ____________ 20 թ.

(ձևը խմբ. 25.12.14 N 1503-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 25.12.14 N 1503-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.01.2023, N 54-Ն 13.01.2023, N 814-Ն
25.12.2014, N 1503-Ն 28.12.2014, N 814-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան