Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.11.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.12/1(1090) Հոդ.16
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.11.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/1159/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/1159/02/13

2014 թ.

Նախագահող դատավոր` Ի. Վարդանյան

Դատավորներ`

Ս. Միքայելյան

Կ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի նոյեմբերի 28-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էջմիածնի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Էջմիածնի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ Վյաչեսլավ Ավետյանի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է լուծել իր և Վյաչեսլավ Ավետյանի միջև 02.03.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր):

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Մելքոնյան) (այսուհետ՝ Դատարան) 14.05.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.07.2014 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.05.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վյաչեսլավ Ավետյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 408-րդ, 417-րդ, 423-րդ և 424-րդ հոդվածները, 466-րդ հոդվածի 2-րդ կետը և 468-րդ հոդվածի 2-րդ կետը, 612-րդ հոդվածը, 616-րդ հոդվածի 1-ին կետը, 622-րդ հոդվածի 1-ին պարբերության 3-րդ կետը, նույն հոդվածի 2-րդ պարբերությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Վյաչեսլավ Ավետյանի կողմից թույլ են տրվել վարձավճարի վճարման ժամկետի էական և բազմակի խախտումներ:

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել Պայմանագրի 20.1-րդ կետը, որի համաձայն` վարձատուի կողմից պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը երեք ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը:

Վյաչեսլավ Ավետյանը խախտել է Պայմանագրի 11-րդ կետի պահանջները և սկսած 2006 թվականից չի կատարել վարձավճարները վճարելու իր պարտավորությունը, որի պայմաններում Պայմանագրի 20.1-րդ կետով վարձատուին իրավունք է վերապահվել պահանջելու պայմանագրի վաղաժամկետ լուծում:

Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել նաև Պայմանագրի 5.1-րդ և 11-րդ կետերը, ինչպես նաև անտեսել է, որ պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու դեպքում օրենքով կամ պայմանագրով նախատեսված սանկցիան կիրառելը չի ազատում պարտավորությունը բնեղենով կատարելուց:

Վերաքննիչ դատարանի 17.07.2014 թվականի որոշումը հակասում է ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակի գյուղական համայնքն ընդդեմ «Մաքս ֆրութ» ՍՊԸ-ի թիվ 3-1785(ՏԴ)/2006 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.07.2014 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ինչպես Դատարանի 14.05.2014 թվականի վճիռը, այնպես էլ Վերաքննիչ դատարանի 17.07.2014 թվականի որոշումն օրինական են և հիմնավորված, քանի որ թույլ չի տրվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Քաղաքապետարանն անտեսել է, որ իր կողմից վարձավճարները վճարվել են ամբողջությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայաստանի Հանրապետության` ի դեմս Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարի, և Վյաչեսլավ Ավետյանի միջև 02.03.2005 թվականին կնքվել է Պայմանագիրը, որի համաձայն` համապատասխան վարձավճարի դիմաց Վյաչեսլավ Ավետյանի տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 8ա/1 տանը կից 48քմ մակերեսով հողամասը: Պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Վյաչեսլավ Ավետյանին 05.03.2005 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1728091 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 7, 8, 46-50).

2) Պայմանագրի 8-րդ կետի համաձայն` հողամասի տարեկան վարձավճարը կազմել է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 10 տոկոսը` 3.341 ՀՀ դրամ, իսկ 11-րդ կետի համաձայն՝ վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով՝ տարվա օրացուցային եռամսյակների համաձայն` ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Պայմանագրի 20.1-րդ կետի համաձայն` Պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել վարձատուի կողմից, եթե վարձակալը երեք ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը (հատոր 1-ին, գ.թ. 7, 8).

3) Վյաչեսլավ Ավետյանը 2006 թվականի դեկտեմբեր ամսից հետո վարձավճար չի մուծել (հատոր 1-ին, գ.թ. 14).

4) Քաղաքապետարանը 16.12.2013 թվականի թիվ 1593 գրությամբ Վյաչեսլավ Ավետյանին առաջարկել է 7-օրյա ժամկետում ներկայանալ Քաղաքապետարանի բյուջետային մուտքերի ապահովման բաժին 36.393 ՀՀ դրամի չափով առաջացած վարձավճարի պարտքը մարելու և Պայմանագիրը լուծելու համար: Նշված գրությունն ստանալով 18.12.2013 թվականին` Վյաչեսլավ Ավետյանը 20.12.2013 թվականին 36.400 ՀՀ դրամ է մուտքագրել Էջմիածնի տեղական գանձապետարանի համապատասխան հաշվեհամարին, իսկ Պայմանագիրը լուծելու Քաղաքապետարանի առաջարկի վերաբերյալ ինչպես չի ուղարկել մերժում, այնպես էլ չի ներկայացրել պատասխան (հատոր 1-ին, գ.թ. 12, 13, 51).

5) Քաղաքապետարանը 27.12.2013 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Վյաչեսլավ Ավետյանի՝ Պայմանագիրը լուծելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 4, 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի և 622-րդ հոդվածի 2-րդ պարբերության միատեսակ կիրառության համար.

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 1-ին պարբերության 3-րդ կետը սխալ կիրառելու, նույն հոդվածի 2-րդ պարբերությունը չկիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք վարձակալության պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո վարձավճարի վճարումն ուշացնելու պարագայում պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջը կարող է դատարանով մերժվել այն պատճառաբանությամբ, որ հետագայում վարձակալը մուծել է չվճարված վարձավճարը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վարձակալության պայմանագրով կարող են սահմանվել վարձատուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ պայմանագրի լուծումը հնարավոր է ոչ միայն կողմերի համաձայնությամբ, այլ նաև օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում կողմերից մեկի պահանջով դատարանի վճռի հիման վրա: Օրենսդրական նման իրավակարգավորումն իրավունք է վերապահում կողմերին վարձակալության պայմանագրում նախատեսել վարձատուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի կողմը կարող է պայմանագրի լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն այն դեպքում, երբ պայմանագրի լուծման առաջարկ է ներկայացրել պայմանագրի մյուս կողմին և դրա վերաբերյալ ստացել է մերժում կամ առաջարկում նշված ժամկետում, իսկ այդ ժամկետի բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում պատասխան չի ստացել:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության` ի դեմս Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարի, և Վյաչեսլավ Ավետյանի միջև 02.03.2005 թվականին կնքվել է Պայմանագիրը, որով համապատասխան վարձավճարի դիմաց Վյաչեսլավ Ավետյանի տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնվել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 8ա/1 տանը կից 48քմ մակերեսով հողամասը: Պայմանագրի 8-րդ կետի համաձայն` հողամասի տարեկան վարձավճարը կազմել է տվյալ հողամասի կադաստրային արժեքի 10 տոկոսը` 3.341 ՀՀ դրամ, իսկ 11-րդ կետի համաձայն՝ վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից պետք է մուծվեն հավասար չափերով՝ տարվա օրացուցային եռամսյակների համաձայն` ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Միաժամանակ Պայմանագրի կողմերը Պայմանագրի 20.1-րդ կետով նախատեսել են վարձատուի նախաձեռնությամբ վարձակալության հարաբերությունները վաղաժամկետ դադարեցնելու` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված հիմքերից տարբերվող այլ հիմք, այն է` Պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել վարձատուի կողմից, եթե վարձակալը երեք ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը:

Սույն գործի փաստերի համաձայն` վարձակալը պարտավորվել է վարձակալական ընթացիկ վճարումները կատարել հավասար չափերով՝ տարվա օրացուցային եռամսյակների համաձայն` ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը, մինչդեռ գործում առկա վճարների, հաշվարկների և գոյացած պարտքերի վերաբերյալ 16.12.2013 թվականի դրությամբ առկա տեղեկանքի ուսումնասիրությունից հետևում է, որ Վյաչեսլավ Ավետյանը 2006 թվականի դեկտեմբեր ամսից հետո վարձավճար չի մուծել: Քաղաքապետարանը 16.12.2013 թվականի թիվ 1593 գրությամբ Վյաչեսլավ Ավետյանին առաջարկել է 7-օրյա ժամկետում ներկայանալ Քաղաքապետարանի բյուջետային մուտքերի ապահովման բաժին 36.393 ՀՀ դրամի չափով առաջացած վարձավճարի պարտքը մարելու և Պայմանագիրը լուծելու համար: Նշված գրությունն ստանալով 18.12.2013 թվականին` Վյաչեսլավ Ավետյանը 20.12.2013 թվականին 36.400 ՀՀ դրամ է մուտքագրել Էջմիածնի տեղական գանձապետարանի համապատասխան հաշվեհամարին, որպիսի փաստը հաստատվում է 20.12.2013 թվականի թիվ 131220064215017 անդորրագրով, իսկ Պայմանագիրը լուծելու Քաղաքապետարանի առաջարկի վերաբերյալ ինչպես չի ուղարկել մերժում, այնպես էլ չի ներկայացրել պատասխան: Առաջարկում նշված ժամկետը լրանալուց հետո` 27.12.2013 թվականին, Քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Վյաչեսլավ Ավետյանի՝ Պայմանագիրը լուծելու պահանջի մասին:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունները, որ «Վյաչեսլավ Ավետյանը պատշաճ կերպով կատարել է Պայմանագրով ստանձնած` վարձավճարները վճարելու իր պարտավորությունը, որը հաստատվում է նրա կողմից Դատարան ներկայացված 20.12.2013 թվականի թիվ 131220064215017 անդորրագրով, որով վերջինս Քաղաքապետարանի հաշվեհամարին վճարել է 36.400 ՀՀ դրամ` որպես Պայմանագրով վարձավճարների գումար» և «նման պայմաններում, երբ Վյաչեսլավ Ավետյանը կատարել է վարձակալության պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը, իսկ Քաղաքապետարանը դատարանին որևէ ապացույց չի ներկայացրել Վյաչեսլավ Ավետյանի կողմից վարձակալության պայմանագրի էական խախտումների վերաբերյալ, դատարանը գտնում է, որ Վյաչեսլավ Ավետյանի միջև 02.03.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու հիմքեր չկան և հայցը ենթակա է մերժման»։

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 14.05.2014 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «20.12.2013 թվականին, այն է` մինչև Քաղաքապետարանի կողմից Դատարան դիմելը, Վյաչեսլավ Ավետյանը պատշաճ կերպով կատարել է Պայմանագրով ստանձնած` վարձավճարները վճարելու իր պարտավորությունը»:

Վերոնշյալ դիրքորոշման համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունը և հիմք ընդունելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. թե Դատարանը, և թե' Վերաքննիչ դատարանը հաշվի չեն առել այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը որպես Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի իրավական հիմնավորում վկայակոչել է Պայմանագրի 20.1-րդ կետը` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետը, իսկ որպես փաստական հիմք` վարձավճարի մուծումը վարձակալի կողմից բազմակի ուշացնելու փաստը: Հետևաբար, ստորադաս դատարանները պետք է քննության առարկա դարձնեին Պայմանագիրը լուծելու` վերը նշված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը պարզելու հարցը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Պայմանագրի 20.1-րդ կետի մեկնաբանությունից հետևում է, որ Պայմանագրի լուծման համար բավարար է վարձակալի կողմից վարձավճարը երեք ամիս ուշացնելու խախտման փաստի արձանագրումը` անկախ այդ պարտավորությունը հետագայում կատարվելու հանգամանքից: Նմանատիպ իրավական դիրքորոշում Վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև նույնանման փաստական հանգամանքներ ունեցող ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակի գյուղական համայնքն ընդդեմ «Մաքս ֆրութ» ՍՊԸ-ի թիվ 3-1785(ՏԴ)/2006 քաղաքացիական գործով 26.10.2006 թվականին կայացված որոշմամբ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով կողմերի միջև առկա պայմանագրային կարգավորումը, և կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 1-ին պարբերության 3-րդ կետը, սխալ եզրահանգման է եկել Պայմանագիրը վաղաժամկետ լուծելու հիմքի բացակայության վերաբերյալ այն դեպքում, երբ գործով հիմնավորվում է վարձակալի կողմից վարձավճարի վճարումը երեք ամսից ավել ուշացնելու փաստը, ինչը բավարար է Պայմանագիրը վարձատուի պահանջով դատարանի վճռով լուծելու համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 1-ին պարբերության 3-րդ կետը, չի կիրառել նույն հոդվածի 2-րդ պարբերությունը:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2014 թվականի որոշումը և փոփոխել այն. Էջմիածնի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Վյաչեսլավ Ավետյանի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջի մասին, բավարարել` լուծել Հայաստանի Հանրապետության` ի դեմս Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարի, և Վյաչեսլավ Ավետյանի միջև 02.03.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը։

2. Վյաչեսլավ Ավետյանից հօգուտ Էջմիածնի քաղաքապետարանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար վճարված պետական տուրք, 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրք, և 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան