Գլխավոր տեղեկություն
Համար
N 1276-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2014-11.06.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1276-Ա

 

ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1675-Ն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը կնքել «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 50,000 դրամ անվանական արժեքով կանոնադրական կապիտալի 100 տոկոս բաժնեմասերը մասնակից ֆիզիկական անձանցից գնման պայմանագիր՝ հետևյալ հիմնական պայմաններով`

1) բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը պայմանագրի կնքումից և ռեգիստրում մասնակիցների գրանցամատյանում փոփոխությունների կատարման պահից՝ համարվելով վաճառողների օգտին գրավադրված մինչև գնի վերջնական վճարումը.

2) բաժնեմասերի 100 տոկոսի գինը կազմում է 3,200,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (ըստ վճարումների կատարման օրվա դրությամբ վաճառողներին սպասարկող «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայտարարած ԱՄՆ-ի դոլարի վաճառքի փոխարժեքի), նվազեցրած «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վճարային պարտավորությունները, եթե այդպիսիք լինեն.

3) գնից 140,000 ԱՄՆ-ի դոլարի համարժեք մասը վճարվում է պայմանագրի կնքումից երեք բանկային օրվա ընթացքում, որպես նախավճար, մնացած մասը վճարվում է 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին, յուրաքանչյուր ամիս հավասարաչափ 1,020,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք մասերով.

4) «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական N 2 շենքի նկուղային և առաջին հարկի ներկայիս անշարժ գույքի հետագա չափագրման արդյունքներով մակերեսի ճշտման դեպքում բաժնեմասերի օտարման գինը վերանայման ենթակա չէ.

5) «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական N 2 շենքի նկուղային և առաջին հարկի անշարժ գույքի վարձակալի իրավունքները պահպանվում են ռեստորանային ծառայություններ մատուցելու համար մինչև 2015 թվականի դեկտեմբերի 8-ը՝ անկախ շինության սեփականատիրոջ փոփոխություններից.

6) պայմանագրի կնքման օրվան հաջորդող օրվա դրությամբ ընկերության ակտիվների կազմում պետք է առկա լինի միայն Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական N 2 շենքի նկուղային և առաջին հարկի անշարժ գույքը և առնվազն 200,000 դրամ դրամական միջոցներ բանկային հաշվում, դադարեցված և վերջնահաշվարկն ավարտված պետք է լինեն «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գովազդային, հաշվապահական, իրավաբանական և այլ խորհրդատվական ծառայությունների, ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսակապի, ինտերնետի և ապագայում ֆինանսական պարտավորություն առաջացնող ցանկացած երրորդ անձի հետ «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առկա բոլոր պայմանագրերը.

7) բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքի գրանցման ծախսերը կրում է վաճառող կողմը:

2. Հայաստանի Հանրապետությունը հավաստիացնում է վաճառողներին, որ «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսի սեփականատեր ֆիզիկական անձ մասնակիցների կողմից բաժնեմասերի օտարումն ավելացված արժեքի հարկով հարկվող օբյեկտ չէ՝ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի, իսկ բաժնեմասերի օտարումից մասնակիցների ստացված եկամուտներն ազատված են եկամտային հարկից՝ համաձայն «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, ըստ այդմ՝ գնորդ Հայաստանի Հանրապետության մոտ առկա չէ գնի վճարումներից եկամտային հարկի պահման հարկային գործակալի պարտավորություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսի նկատմամբ պետության սեփականության իրավունքի գրանցման օրվանից մեկշաբաթյա ժամկետում ապահովել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերությանը պատկանող՝ Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական N 2 շենքի նկուղային և առաջին հարկի անշարժ գույքի (հողամասի բաժնեմասով հանդերձ) մասնակի հատուցմամբ՝ 1000 դրամ (ներառյալ ԱԱՀ) գնով օտարումը Հայաստանի Հանրապետությանը՝ ընկերության հետ կնքելով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր (պայմանագրի նոտարական վավերացման ու ծագող իրավունքների գրանցման ծախսերը կատարելով վաճառող կողմի հաշվին), որից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Արարատ-Ռեստորան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական N 2 շենքի նկուղային և առաջին հարկի անշարժ գույքի տարաժամկետ վճարմամբ առուվաճառքի նախնական պայմանագիր՝ հետևյալ հիմնական պայմաններով՝

1) առուվաճառքի հիմնական պայմանագրով գույքի (հողամասի բաժնեմասով հանդերձ) նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է գնորդին հիմնական պայմանագրից ծագող իրավունքների գրանցման պահից՝ համարվելով գրավադրված վաճառողի օգտին մինչև գնի վերջնական վճարումը.

 2) հիմնական պայմանագրով գույքի օտարման գինը հաշվարկվում է գրանցված 1 քառ. մետրի համար 4000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ համաձայն վճարումների կատարման օրվա դրությամբ «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության հայտարարած ԱՄՆ-ի դոլարի վաճառքի փոխարժեքի.

3) հիմնական պայմանագրի գնից 140,000 ԱՄՆ-ի դոլարի համարժեք մասը գնորդը վճարում է որպես նախավճար՝ նախնական պայմանագրի կնքումից երեք բանկային օրվա ընթացքում՝ հիմնական պայմանագրի գնի մնացած մասը գնորդը վճարում է 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մասերով.

4) նախնական պայմանագրի նոտարական վավերացման, հիմնական պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կրում է գնորդ կողմը.

5) Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական N 2 շենքի նկուղային և առաջին հարկի անշարժ գույքի վարձակալի իրավունքները պահպանվում են ռեստորանային ծառայություններ մատուցելու համար մինչև 2015 թվականի դեկտեմբերի 8-ը, անկախ շինության սեփականատիրոջ փոփոխություններից.

6) հիմնական պայմանագրով գույքի ընդունման հանձնման ժամկետը նախատեսվում է 12015 թվականի դեկտեմբերի 15-ին` վարձակալի տիրապետությունից տարածքն ազատված վիճակում:

5. Սահմանել, որ գնորդը պարտավոր է գույքի հանձնում-ընդունումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանության պայմանագիր (պարտավորագիր), գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փոփոխումը՝ միայն բացառիկ դեպքում լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. նոյեմբերի 18

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.01.2016, N 10-Ա 20.01.2016, N 1276-Ա
04.06.2015, N 613-Ա 11.06.2015, N 1276-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան