Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.02.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.01.30/6(946) Հոդ.54
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.01.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2013 թվականի N 26-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԻԶՀ TF 011972 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 11-րդ կետի պահանջների`

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունների հզորացման ծրագիր» ԻԶՀ TF 011972 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունների հզորացման ծրագիր» ԻԶՀ TF 011972 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. հունվարի 18

 Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 18-ի N 26-Ն

որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԻԶՀ TF 011972 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունների հզորացման ծրագիր» ԻԶՀ TF 011972 դրամաշնորհային ծրագրի (այսուհետ` ծրագիր) կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, դրամաշնորհային ծրագրի համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և ծրագրի բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, դրամաշնորհային ծրագրի համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության կարգավորիչ բարեփոխումների ստորաբաժանման կարողությունների հզորացման ծրագիր» ԻԶՀ TF 011972 դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի կառավարումն է:

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման ընթացքում 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ.

2) ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ) գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

4) դրամաշնորհի համաձայնագիրն ստորագրվելուց և օրենքով սահմանված կարգով հաստատվելուց կամ վավերացվելուց հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.

5) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցի ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

6) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.

7) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով դրամաշնորհ տրամադրող կազմակերպության հետ.

8) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

9) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման մասին որոշումներ ընդունելը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

10) դրամաշնորհ տրամադրող միջազգային կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը, արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

11) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման շրջանակներում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, դրամաշնորհ-համաձայնագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` դրանք ներկայացվելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև՝ արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի առաջարկությամբ:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող նիստից հինգ օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիստերը տեղի են ունենում խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:

17. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահն ու քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:

20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:

23. 350 մլն դրամ և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե դրամաշնորհի համաձայնագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալն է:

25. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

26. Խորհուրդն ունի 5 անդամ: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնյա, ԾԻԳ-ի գործադիր տնօրենը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից:

27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

28. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ապա խորհրդի նիստի արդյունքների մասին գրավոր զեկուցում է իր վերադասին:

29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարը կամ գերատեսչության ղեկավարը:

30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:

31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարի կամ գերատեսչության ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

33. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:

34. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշումների նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստերի արձանագրություններն ուղարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

36. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2013 թ.

հունվարի 18-ի N 26-Ն

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐԻՉ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ԻԶՀ TF 011972 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

 

Գ. Մելքոնյան   ‑ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
     (խորհրդի նախագահ)
     
 Մ. Ղամբարյան   ‑ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտե-
սագիտական վարչության պետ
   
     
 Ա. Մելկիկյան   ‑ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
     միջազգային համագործակցության վարչության պետ
     
 Է. Ավետյան    ‑ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան
     ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն»
     պետական հիմնարկի գործադիր տնօրեն
     (համաձայնությամբ)
     
 Ա. Եղիազարյան   ‑ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության
     կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի
     իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
     (համաձայնությամբ)

 

(հավելվածը խմբ. 21.10.13 N 951-Ն, 03.02.15 N 68-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան