Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 376-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.02.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.02.16/5(517).1 Հոդ.23.16
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.12.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 դեկտեմբերի 2014 թ.

թիվ 376-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով խթանել Հայաստանի Հանրապետության բանկերի միջև միաձուլումների իրականացումը և բանկերի խոշորացումը, ինչը կհանգեցնի բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, բանկային համակարգի կայունության ու տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակության ամրապնդմանը, ինչպես նաև նպաստել բանկային համակարգի կողմից առավել արդյունավետ և մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «ժթ» կետերով և 36-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«16. Բանկի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է.

1) մինչև 2017 թվականի հունվարի 1-ը՝ հինգ միլիարդ (5.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

2) նոր ստեղծվող բանկերի համար՝ մինչև 2017 թվականի հունվարի 1-ը երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ,

3) 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո՝ բանկի և նոր ստեղծվող բանկերի համար՝ երեսուն միլիարդ (30.000.000.000) Հայաստանի Հանրապետության դրամ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. դեկտեմբերի 30

Երևան