«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014548
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 նոյեմբերի 2014 թ. |
թիվ 311-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՑ ԿԱՄ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ՀԵՏԳՆՄԱՆ (ՄԱՐՄԱՆ) ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/26 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել ներդրումային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման հիմքեր, որոնք կարող են նախատեսվել ֆոնդի կառավարիչների կողմից ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ),
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բաց կամ միջակայքային ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման հիմքերը» կանոնակարգ 10/26-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2014 թ. նոյեմբերի 20 |
Հավելված |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/26
«ԲԱՑ ԿԱՄ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ՀԵՏԳՆՄԱՆ (ՄԱՐՄԱՆ) ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ»
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը կարգավորում է բաց կամ միջակայքային ֆոնդի կառավարիչների կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման այն հիմքերը, որոնք ֆոնդի կառավարիչները կարող են նախատեսել ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ):
2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով կիրառվող նշանակությունը:
ԳԼՈՒԽ 2. ՓԱՅԵՐԻ (ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ) ՀԵՏԳՆՄԱՆ (ՄԱՐՄԱՆ) ԿԱՍԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
3. Բաց կամ միջակայքային ֆոնդի կառավարիչը ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսել ֆոնդի մասնակիցների շահերը վտանգող ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման միայն հետևյալ հիմքերը.
1) Կարգավորվող շուկաների բնականոն գործունեության դադարում կամ շուկայի ձախողումներ (այդ թվում՝ գործարքների կնքման սահմանափակումների կիրառում): Փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման այս հիմքն առկա է այն ժամանակ, երբ շուկայի վրա ազդում են այնպիսի անկանխատեսելի իրադարձություններ, որոնք խափանում են կարգավորվող շուկայի գործունեության բնականոն ընթացքը և (կամ) առաջացնում են շուկայի ձախողումներ (անկայունություն), որն էլ անհնար է դարձնում ֆոնդի ակտիվների արժեքի ճշգրիտ որոշումը կամ ֆոնդի ակտիվների վաճառքը՝ փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) վճարը փոխհատուցելու համար: Ընդ որում, եթե կարգավորվող շուկաների բնականոն գործունեության դադարեցումները, շուկայի ձախողումները չեն ազդում ներդրումային ֆոնդի ակտիվների էական մասի վրա, այս դեպքում փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցումը կարող է հիմնավորված չլինել:
2) Գործառնական խնդիրների կամ տեխնիկական ձախողումների առաջացում: Փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման համար հիմք հանդիսացող իրավիճակներ կարող են համարվել գործառնական խնդիրները կամ տեխնիկական ձախողումները, որոնք կարող են ժամանակավորապես խոչընդոտել ֆինանսական շուկաներում գործառնությունների իրականացումը, ուստի՝ ազդել ֆոնդի ակտիվների շուկայական արժեքի վրա: Բացի այդ, երրորդ անձինք, որոնք գործում են ֆոնդի անունից և հաշվին, նույնպես կարող են առաջացնել կենսաթոշակային ֆոնդի ակտիվների շուկայական արժեքի վրա ազդող գործառնական խնդիրներ:
3) Իրացվելիության խնդիրների առաջացում: Փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման հիմք կարող են հանդիսանալ այն դեպքերը, երբ ներդրումային ֆոնդում առկա դրամական միջոցները բավարար չեն փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) համար, և ներդրումային ֆոնդի ակտիվները կարող են վաճառվել զգալի կորուստներով:
4) Փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) արդյունքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքը էապես կնվազի և (կամ) կնվազի օրենքով որոշված կարգով նախատեսված ֆոնդի զուտ ակտիվների նվազագույն մեծությունից:
5) Այլ գործոններ: Փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման հիմք կարող են հանդիսանալ նաև բնական աղետները, ինչպես նաև այն գործոնները, որոնք անհնար են դարձնում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի որոշումը, ֆոնդի ակտիվների գնահատումը, տնօրինումը և (կամ) դրանց գծով եկամուտների ստացումը: