ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հոկտեմբերի 2014 թ. |
1975 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-ԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Առաքելյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված` Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից` 1974 թվականի նոյեմբերի 12-ին և ստորագրման համար բացվել է Նյու Յորքում` 1975 թվականի հունվարի 14-ին: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1976 թվականի սեպտեմբերի 15-ին:
2. Կոնվենցիայով նախատեսվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պարտադիր հիմունքներով ստեղծի և վարի տիեզերական տարածություն արձակված օբյեկտների կենտրոնական գրանցամատյան, տիեզերական տարածություն արձակված օբյեկտների պարտադիր գրանցման համակարգ, ինչպես նաև Կողմ հանդիսացող պետություններին պետք է տրամադրվի լրացուցիչ միջոցներ և ընթացակարգեր` տիեզերական օբյեկտները նույնականացնելու համար:
3. Ըստ Կոնվենցիայի II հոդվածի` տիեզերական օբյեկտը տիեզերք արձակող պետությունը պետք է այն գրանցի իր կողմից վարվող համապատասխան գրանցամատյանում: Յուրաքանչյուր տիեզերք արձակող պետություն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացնում է այդ գրանցամատյանի ստեղծման մասին: Յուրաքանչյուր գրանցամատյանի բովանդակությունը և այն վարելու պայմանները սահմանվում են տվյալ գրանցման պետության կողմից (կետ 1-ին և 3-րդ):
Եթե տիեզերական օբյեկտն արձակել են երկու և ավելի տիեզերք արձակող պետություններ, ապա նրանք համատեղ են որոշում, թե իրենցից ով է գրանցելու օբյեկտը, սույն հոդվածի 1-ին պարբերության համաձայն, հաշվի առնելով «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրի VIII հոդվածի դրույթները և չխախտելով տիեզերք արձակող պետությունների միջև կնքված կամ կնքվելիք` այդ տիեզերական օբյեկտների և դրանց անձնակազմի նկատմամբ իրավազորության կամ վերահսկողության մասին համապատասխան համաձայնագրերը (կետ 2-րդ):
4. Կոնվենցիայի III հոդվածի համաձայն` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վարում է գրանցամատյան, որի բոլոր տվյալները պետք է լինեն ամբողջությամբ հասանելի, և որտեղ գրանցվում են IV հոդվածով նախատեսված` պետությունների կողմից տրամադրված հետևյալ տեղեկությունները. ա) տիեզերք արձակող պետության անվանումը, բ) տիեզերական օբյեկտի` համապատասխան բնութագրող նշանը կամ դրա գրանցման համարը, գ) տիեզերք արձակելու ամսաթիվը և տարածքը կամ վայրը, դ) ուղեծրի հիմնական պարամետրերը` պտույտների պարբերությունը, թեքումը, հեռակետն ու մերձակետը, ե) տիեզերական օբյեկտի ընդհանուր գործառույթը:
5. Կոնվենցիայի V հոդվածով նախատեսվում է, որ տիեզերական օբյեկտի` համապատասխան բնութագրող նշանով կամ դրա գրանցման համարով (կամ էլ` երկուսը միասին) առանձնացված լինելու պարագայում գրանցման պետությունը ծանուցում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այդ մասին, որն էլ այդ ծանուցման մասին գրանցում է կատարում գրանցամատյանում:
6. Ըստ Կոնվենցիայի VI հոդվածի` եթե Կոնվենցիայի դրույթների կիրառումը Կողմ հանդիսացող որևէ պետություն հնարավորություն չի տվել նույնականացնելու այն տիեզերական օբյեկտը, որն իրեն կամ իր որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի վնաս է պատճառել, կամ որն ունի վտանգավոր կամ վնասակար բնույթ, ապա Կողմ հանդիսացող մյուս պետությունները պետք է իրագործելիության սահմաններում արձագանքեն այդ պետության կամ այդ պետության անունից Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի միջոցով ներկայացված` օբյեկտը նույնականացնելու համար արդարացի և ողջամիտ պայմաններով աջակցության խնդրանքին:
7. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- որպես տիեզերք արձակող պետություն հանդես գալու պարագայում ստեղծել և վարել գրանցամատյան` գրանցամատյանի ստեղծման մասին տեղեկացնելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, իսկ տիեզերական օբյեկտը Երկրի ուղեծիր կամ դրա սահմաններից դուրս արձակելիս գրանցել տիեզերական օբյեկտը՝ մուտքագրում կատարելով համապատասխան գրանցամատյանում (հոդված 2, կետ 1),
- որպես գրանցման պետություն` կիրառելիության սահմաններում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին տրամադրել ՀՀ գրանցամատյանում գրանցված յուրաքանչյուր տիեզերական օբյեկտի մասին Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունները (հոդված 4, կետ 1),
- որպես գրանցման պետություն` իրագործելիության և կիրառելիության սահմաններում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ծանուցել տիեզերական այն օբյեկտների մասին, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը նախկինում տեղեկություն է տրամադրել, և որոնք եղել են Երկրի ուղեծրում, բայց այլևս այնտեղ չեն (հոդված 4, կետ 3),
- այն դեպքում, երբ Երկրի ուղեծիր կամ դրա սահմաններից դուրս արձակված տիեզերական օբյեկտն առանձնացված է բնութագրող նշանով կամ գրանցման համարով, որին հղում է կատարվում Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին կետի (բ) պարբերության մեջ, կամ էլ` երկուսը միասին, ապա որպես գրանցման պետություն` ծանուցել գլխավոր քարտուղարին այդ փաստի մասին` 4-րդ հոդվածի համաձայն տիեզերական օբյեկտների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու ժամանակ (հոդված 5),
- եթե Կոնվենցիայի դրույթների կիրառումը հնարավորություն չի տվել Կոնվենցիայի Կողմ հանդիսացող որևէ պետության նույնականացնելու այն տիեզերական օբյեկտը, որն իրեն կամ իր որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի վնաս է պատճառել, կամ որն ունի վտանգավոր կամ վնասակար բնույթ, ապա, մասնավորապես, տիեզերքի դիտանցման և հետագծման հնարավորություններ ունենալու պարագայում, իրագործելիության սահմաններում արձագանքել Կողմ այդ պետության կամ այդ պետության անունից գլխավոր քարտուղարի միջոցով ներկայացված՝ օբյեկտը նույնականացնելու համար արդարացի և ողջամիտ պայմաններով աջակցության խնդրանքին, իսկ որպես նման խնդրանք ներկայացնող Կողմ հանդես գալու պարագայում իրագործելիության սահմաններում տեղեկություններ ներկայացնել խնդրանքով դիմելու համար հիմք հանդիսացող դեպքերի ժամանակի, բնույթի և հանգամանքների մասին (հոդված 6),
- Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան` տիեզերական գործունեություն իրականացնող միջազգային միջկառավարական կազմակերպության անդամ հանդիսանալու պարագայում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր այդ կազմակերպության հայտարարություն կատարելն ապահովելու համար (հոդված 7, կետ 2):
8. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, կոչված են ապահովելու արբանյակային կապի ներդրման և զարգացման նպատակով համապապատասխան միջոցառումների իրականացմանը, ստեղծելու փոխշահավետ հարաբերություններ Կոնվենցիայի Կողմ պետությունների հետ տիեզերական տարածության հետազոտմանը և խաղաղ օգտագործմանը նպաստելու հարցում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1975 թվականի հունվարի 14-ին Նյու Յորքում ստորագրված` Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
28 հոկտեմբերի 2014 թվականի ՍԴՈ-1173 |