Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.08.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.42
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.08.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԱՐԱԴ/0021/06/14

ԱՐԱԴ/0021/06/14

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Պողոսյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան

Գ. Հակոբյանի

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Արտակ Ավետիքի Դիլանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ դատախազ Ա.Նաղդալյանի վճռաբեկ բողոքը,

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2013 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է թիվ 54106313 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2014 թվականի ապրիլի 7-ին Արտակ Դիլանյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի 2014 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ Ա.Դիլանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

2. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2014 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ Ա.Դիլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է Ա.Դիլանյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու մասին պաշտպանների միջնորդությունը:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի ապրիլի 26-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 10-ի որոշումը փոփոխելու մասին: Մեղադրյալ Ա.Դիլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով, և գրավի չափ է սահմանվել 2.000.000 ՀՀ դրամը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազ Ա.Նաղդալյանը:

2014 թվականի հունիսի 9-ին մեղադրյալ Ա.Դիլանյանի պաշտպան Գ.Հակոբյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել դատախազի վճռաբեկ բողոքը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունիսի 26-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Դիլանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ « (…) նա, 2013 թվականի հոկտեմբերի 31-ին` ժամը 22:30-ի սահմաններում, իր վարած «Մերսեդես G-500» մակնիշի 35TO382 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով երթևեկելով Գյումրի-Երևան ավտոճանապարհով` Երևան քաղաքի ուղղությամբ, հասնելով ճանապարհի 84.5-րդ կմ հատվածին, թույլ է տվել ՃԵԿ-ի 2-րդ, 65-րդ, 66-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է` նախապես հաշվի չի առել առկա ճանապարհային պայմանները` մասնավորապես ճանապարհի աջ շրջադարձի հանգամանքը, և չի ընտրել տվյալ ճանապարհահատվածի համար սահմանված առավելագույն 90 կմ/ժ արագություն, ավտոմեքենան վարել է թույլատրելի առավելագույն 90 կմ/ժ արագությունը գերազանցող 120-122 կմ/ժ արագությամբ, ճանապարհի աջ շրջադարձային հատվածում հատելով ճանապարհի առանցքային հոծ գիծը, իր վարած ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց` Գյումրի տանող ուղեմաս, որտեղ բախվել է նույն պահին տվյալ ճանապարհահատվածով Գյումրի քաղաքի ուղղությամբ ընթացող Հարություն Մանվելի Սիմոնյանի վարած «ԲՄՎ» մակնիշի 25ՕՍ662 հաշվառման համարինիշի ավտոմեքենային, որի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավոտմեքենայի վարորդ Հարություն Մանվելի Սիմոնյանին և նույն ավտոմեքենայի ուղևոր Արթուր Վարուժանի Կարճիկյանին անզգուշությամբ պատճառել է մահ» (տե՛ս նյութեր, թերթ 2-3):

6. Մեղադրյալ Ա.Դիլանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ « (…) Դատարանը, (…), գտնում է, որ առկա է հիմնավոր կասկած, որ հանցանքը հնարավոր է կատարած լինի Արտակ Ավետիքի Դիլանյանը:

Դատարանը, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար, միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին անզգուշությամբ պատճառել է մահ, և մեղադրյալին առաջադրվող հոդվածով նախատեսված է չորսից տասը տարի ժամկետով ազատազրկում, ինչը մեծացնում է հավանականությունը, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելով, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, իսկ մեղադրյալի պաշտպանների ներկայացրած` գրավ կիրառելու միջնորդությունը` մերժման» (տե՛ս նյութեր, թերթ 51-53):

7. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն՝ « (…) Վերաքննիչ դատարանը, հետազոտելով դատական վարույթի նյութերը, հանգում է հետևության, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներով նախատեսված անձի օրինական կալանավորումը թույլատրող իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները պատշաճ չեն պատճառաբանվել:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անձին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ հիմքերը պետք է հիմնավորված լինեն կոնկրետ փաստացի նյութերով, տվյալներով:

Գործի նյութերում առկա վկա Արմեն Ղանդիլյանի ցուցմունքի համաձայն` վերջինս ընդհարվելու պահը չի տեսել, «ԲՄՎ»-ի դիմաց մեքենա չի տեսել:

Դատաավտոտեխնիկական փորձաքննության 20.02.2014թ. թիվ 45211308 եզրակացության համաձայն` «Մերսեդես-Բենց G-500» մակնիշի 35 TO 382 հաշվառման համարանիշի ավտոմոբիլի վարորդի գործողությունների տեխնիկական վերլուծություն կատարել հնարավոր չէ: (…) ՃԵԿ-ի տեսանկյունից «Մերսեդես-Բենց G-500» մակնիշի ավտոմոբիլի վարորդի գործողությունները գնահատելու և փորձաքննությանն առաջադրված 1-ին և 2-րդ հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ է փորձաքննությանն առաջադրել «Մերսեդես-Բենց G-500» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից կատարված այնպիսի գործողություններ և ելակետային այնպիսի պայմաններ, որոնք առնվազն կգտնվեն տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի մեխանիզմին համապատասխանող հանգամանքների և տվյալների շրջանակներում:

Նույն փորձաքննության եզրակացության համաձայն` «ԲՄՎ-316» և «Մերսեդես-Բենց G-500» մակնիշի ավտոմոբիլների ընդհարման պահին ունեցած ընթացքի արագությունների իրական ճշգրիտ արագությունները տվյալ կոնկրետ դեպքում որոշել տեխնիկական տեսակետից հնարավոր չէ:

«Մերսեդես-Բենց G-500» մակնիշի ավտոմոբիլի ընթացքի արագությունը հաշվարկվել է մոտավոր` վկա Արմեն Ղանդիլյանի ցուցմունքներից ելնելով:

Նշված փորձաքննության եզրակացությամբ «Մերսեդես-Բենց G-500» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից ՃԵԿ-ի 2-րդ, 65-րդ, 66-րդ կետերի խախտում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ թույլ տալու վերաբերյալ հետևություններ չեն արձանագրվել: Մինչդեռ Արտակ Դիլանյանին առաջադրված մեղադրանքում նշվել են վերոգրյալ խախտումները:

Վերաքննիչ դատարանում պաշտպանության կողմը հայտնեց, որ կարող են տրամադրել փաստական տվյալներ այն մասին, որ վթարից տուժածներին մեքենայից դուրս հանելիս մեքենաները տեղաշարժվել են, և դրանից հետո է կատարվել դեպքի վայրի զննությունը: Այդ ուղղությամբ քննություն չի կատարվել:

Այնուամենայնիվ, հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը և վերաքննիչ դատարանում դատախազի, քննիչի պատճառաբանությունները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը քննիչի միջնորդությունը բավարարելու մասով պետք է թողնել օրինական ուժի մեջ:

(…)

Վերաքննիչ դատարանը միաժամանակ արձանագրում է նաև, որ բացակայում են Արտակ Դիլանյանի նկատմամբ կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու հիմքերը:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Արտակ Դիլանյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը կարող է ապահովել քրեական գործով վարույթի ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, քիչ է ռիսկը, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կխուսափի քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը:

(…) Քննության ընթացքում մեղադրյալ Արտակ Դիլանյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, քննությանը խոչընդոտելու հանգամանքը հիմնավորող նյութ քրեական հետապնդման մարմինը չի ներկայացրել:

(…) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավարումը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ու հիմնավորված չէ, իսկ ներկայացված նյութերի տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ գրավի կիրառումը կարող է բավարար երաշխիք լինել քրեական գործի հետագա քննության ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար (…)» (տե՛ս նյութեր, թերթ 84-89):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ մեղադրյալ Ա.Դիլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և չպատճառաբանված:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը մատնանշել է մի շարք հանգամանքներ, որոնք Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելիս հաշվի չեն առնվել: Մասնավորապես, բողոքաբերը, վերլուծելով վկա Ա.Ղանդիլյանի ցուցմունքները, համադրելով դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությամբ հաստատված ճանապարհատրանսպորտային պատահարի մեխանիզմն Ա.Դիլանյանի ու նրա ուղևորների ցուցմունքների հետ, եկել է այն եզրահանգման, որ մեղադրյալի և նրա ուղևորների ցուցմունքներն անարժանահավատ են, իսկ մեղադրյալի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները` պատշաճ պատճառաբանված:

Բացի այդ, բողոք բերած անձը վկայակոչել է նախաքննության ընթացքում Ա.Դիլանյանի ընկերների` վկաներ Է.Ավետիսյանի և Ա.Գրիգորյանի վարքագիծը, մասնավորապես` Է.Ավետիսյանի իրարամերժ ցուցմունքներն ու ցուցմունք տալուց հրաժարվելը, Ա.Գրիգորյանի կողմից հարցաքննության չներկայանալը, որպիսի հանգամանքերը, ըստ բողոքաբերի, հիմք են տալիս ենթադրելու վերջիններիս վրա մեղադրյալի անօրինական ազդեցության մասին:

Բողոքաբերն անհիմն է համարել նաև Վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ քննության ընթացքում Ա.Դիլանյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, քննությանը խոչընդոտելու վերաբերյալ որևէ հանգամանք գործի նյութերում առկա չէ, և հիշատակել է 2014 թվականի մարտի 3-ի հարցաքննության ժամանակ վկայի կարգավիճակ ունեցող Ա.Դիլանյանի կողմից քրեական վարույթն իրականացնող մարմնի հարցերին պատասխանելուց հրաժարվելու փաստը:

9. Վերոնշյալ հանգամանքների գնահատմամբ բողոքի հեղինակը եզրակացրել է, որ օբյեկտիվ հիմքեր չկան մեղադրյալ Ա.Դիլանյանի նկատմամբ գրավ կիրառելու համար, ուստի խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի ապրիլի 26-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի ապրիլի 10-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` օրինական և հիմնավո՞րված են արդյոք մեղադրյալ Ա.Դիլանյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(…) Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը (…)»:

Վերը նշված նորմերի վերլուծությունից երևում է, որ գրավը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, կարող է կիրառվել միայն այն ժամանակ, երբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:

12. ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք: Մարդուն կարելի է ազատությունից զրկել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքը կարող է նախատեսել ազատությունից զրկում միայն հետևյալ դեպքերում`

(…)

4) առկա է հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա անհրաժեշտ է անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով. (…) »:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝«Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.

(…)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար. (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Միայն ապացույցների հիման վրա են հաստատվում կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը (…) խափանման միջոց կարող [է] կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝

1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.

2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.

3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.

4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.

5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:

13. Նախորդ կետում մեջբերված դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծել է Գ.Միքայելյանի գործով որոշման մեջ՝ իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ «(…) [Ա]նձին կալանավորելու միջնորդությունը կարող է բավարարվել այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրած քրեական հետապնդման մարմնին հաջողվի դատարանի համար համոզիչ հիմնավորել.

ա) անձին մեղսագրվող հանցագործությանը նրա առնչությունը (տվյալ հանցագործության կատարման մեջ հիմնավոր կասկածը) և

բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը: (…)» (տե՛ս Գագիկ Միքայելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 32-րդ կետը):

Վ.Գևորգյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը զարգացրել է վերոնշյալ իրավական դիրքորոշումը և արձանագրել, որ «(…) [Կ]ալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը: Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը, որի առկայությունը հավաստելուց հետո միայն հնարավոր է անդրադառնալ կալանավորման հիմքերին: Ավելին, եթե առկա չէ անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված՝ կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկումն այլևս անիմաստ է:

(…) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը`

ա) պետք է արձանագրի հիմնավոր կասկածի առկայությունը կամ բացակայությունը,

բ) պետք է պարզի կալանավորման մյուս պայմանների առկայությունը,

գ) այն դեպքում, երբ դատարանը կհանգի այն հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար են արձանագրելու, որ առկա է անձի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած, և միաժամանակ կալանավորման մյուս պայմանները նույնպես առկա են, ապա պետք է կայացնի հիմնավորված և պատճառաբանված որոշում այն մասին, թե արդյոք առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկը կամ մի քանիսը:

(…) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ: Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում: Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված» (տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-րդ, 22-23-րդ կետերը):

14. Սույն որոշման 11-12-րդ կետերում մեջբերված իրավանորմերը համադրելով սույն որոշման 13-րդ կետում և համապատասխանաբար, Գ.Միքայելյանի և Վ.Գևորգյանի գործերով որոշումներում շարադրված դիրքորոշումների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել կալանավորման պարտադիր պայմաններից մեկի, այն է՝ հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այլ խոսքով՝ եթե առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ անձը հանցանք է կատարել, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել, հետևաբար չի կարող քննարկման առարկա դառնալ նաև գրավի՝ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի կիրառման թույլատրելիության հարցը:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ա.Դիլանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին որոշմամբ փաստել է, որ առկա է հիմնավոր կասկած, որ հանցանքը հնարավոր է կատարած լինի Ա.Դիլանյանը: Բացի այդ, նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար, միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու անձի անզգուշությամբ պատճառվել է մահ, և Ա.Դիլանյանին առաջադրվող հոդվածով նախատեսված է չորսից տասը տարի ժամկետով ազատազրկում, ինչը մեծացնում է հավանականությունը, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելով, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ նախաքննության մարմնի միջնորդությունը ենթակա է բավարարման, իսկ Ա.Դիլանյանի պաշտպանների ներկայացրած` գրավ կիրառելու միջնորդությունը՝ մերժման (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի որոշումը` մեղադրյալ Ա.Դիլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինելով գրավով: Վերաքննիչ դատարանը գտել է, որ անձի օրինական կալանավորումը թույլատրող իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները պատշաճ չեն պատճառաբանվել, և արձանագրել է, որ անձին ազատությունից զրկելու համար անհրաժեշտ հիմքերը պետք է հիմնավորված լինեն կոնկրետ փաստացի նյութերով, տվյալներով: Այնուհետև, Վերաքննիչ դատարանը վերլուծել է գործի նյութերում առկա փաստական հանգամանքները, այդ թվում՝ դատաավտոտեխնիկական փորձագետի եզրակացությունը և փաստել, որ դրանով «Մերսեդես-Բենց G-500» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ՃԵԿ-ի 2-րդ, 65-66-րդ կետերի խախտում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ թույլ տալու վերաբերյալ հետևություններ չեն արձանագրվել: Մինչդեռ Ա.Դիլանյանին առաջադրված մեղադրանքում նշվել են վերոգրյալ խախտումները:

Ամփոփելով` Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ այնուամենայնիվ, հաշվի առնելով մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև քննիչի և դատախազի պատճառաբանությունները, խափանման միջոց կալանավորում կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ բացակայում են Ա.Դիլանյանի նկատմամբ կալանավորումը գրավով փոխարինելն անթույլատրելի ճանաչելու հիմքերը: Ըստ Վերաքննիչ դատարանի` մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը կարող է ապահովել քրեական գործով վարույթի ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, քիչ է ռիսկը, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կխուսափի քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց, կխոչընդոտի մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով ձեռք բերված փաստական տվյալների հետազոտման արդյունքում ըստ էության փաստել է, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է Ա.Դիլանյանի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած: Նման պայմաններում, անտեսելով այն հանգամանքը, որ հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը կալանավորման պայման է, որի բացակայությունը բացառում է տվյալ խափանման միջոցի կիրառումը, Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա.Դիլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ հաշվի առնելով վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև քննիչի և դատախազի պատճառաբանությունները, որից հետո կալանավորումը փոխարինել է այլընտրանքային խափանման միջոց գրավով: Մինչդեռ, հանցանք կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել, հետևաբար չի կարող քննարկման առարկա դառնալ նաև գրավ կիրառելու թույլատրելիության հարցը:

Հետևաբար, մեղադրյալ Ա.Դիլանյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևություններն օրինական և հիմնավորված չեն:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Դիլանյանին կալանքից գրավով ազատելը թույլատրելի ճանաչելով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ և 137-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների իմաստով հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

18. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում պետք է հետազոտի վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալները և դրանց հիման վրա պատճառաբանված հետևության գա Ա.Դիլանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Համապատասխան եզրահանգման գալուց հետո միայն Վերաքննիչ դատարանն իրավասու է քննարկման առարկա դարձնել մեղադրյալ Ա.Դիլանյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի թույլատրելիության հարցը:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ա.Դիլանյանի նկատմամբ գրավ կիրառելու հնարավորության հարցը քննարկելու դեպքում Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրություն պետք է դարձնի նաև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթին և վտանգավորության աստիճանին: Հանցագործության նշված հատկանիշներն էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս, ինչպես նաև գրավի թույլատրելիության հարցը լուծելիս: Դրանք հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր և գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին (տե՛ս mutatis mutandis Վահագն Պողոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը):

Բացի այդ, դատախազն իր վճռաբեկ բողոքում փաստարկել է, որ նախաքննության ընթացքում դեպքին ականատես մեղադրյալի ընկերները` վկաներ Է.Ավետիսյանը և Ա.Գրիգորյանը, հակասական ցուցմունքներ են տվել, ոչ իրավաչափորեն հրաժարվել են ցուցմունք տալուց, խուսափել են հարցաքննությանը ներկայանալուց, ինչը հիմք է տալիս ենթադրելու վերջիններիս վրա Ա.Դիլանյանի անօրինական ազդեցության մասին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Ա.Դիլանյանի նկատմամբ գրավի թույլատրելիության հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը պետք է քննության առարկա դարձնի նաև դատախազի վերոգրյալ փաստարկները, քանի որ դրանց պարզաբանումն էական նշանակություն կարող է ունենալ մեղադրյալի հետագա վարքագծի կապակցությամբ հիմնավորված ենթադրություն կատարելու առումով:

19. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մեղադրյալ Արտակ Ավետիքի Դիլանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ա. Պողոսյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ս. Օհանյան