Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.08.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.41
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.08.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ/0204/01/13

ՍԴ/0204/01/13

Նախագահող դատավոր` Ա. Խաչատրյան

Դատավորներ` 

Ա. Դանիելյան

Լ. Թադևոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արամայիս Արտավազդի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մարտի 31-ի որոշման դեմ մեղադրող Ա.Մարուխյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2012 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 41109912 քրեական գործը` Արամայիս Հարությունյանի կողմից Անժելա և Անուշ Սագիյաններին ծեծելու փաստի առթիվ:

2012 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 19122412 քրեական գործը` Ա.Հարությունյանի կողմից 18 տարին չլրացած Անուշ Սագիյանին շահագործելու փաստի առթիվ:

2012 թվականի դեկտեմբերի 25-ին թիվ 41109912 և թիվ 19122412 քրեական գործերը միացվել են, և գործի քննությունը շարունակվել է թիվ 19122412 համարով:

Նախաքննության մարմնի 2013 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Ա.Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով, այնուհետև Ա.Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

2013 թվականի հոկտեմբերի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է` տուժողի հետ հաշտվելու հիմքով:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ա.Սագիյանը և Ս.Քոչինյանը:

3. Ամբաստանյալ Ա.Հարությունյանի, ամբաստանյալ Ա.Սագիյանի և նրա պաշտպան Ռ.Ղազարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի մարտի 31-ի որոշմամբ Ա.Սագիյանի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժել է, իսկ Ա.Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարել, պատժի մասով բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճիռը: Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ա.Մարուխյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ մեղադրողի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Ա.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով մեղադրանք է առաջադրվել և նա դատապարտվել է այն բանի համար, որ «նա, հանդիսանալով Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող «Կապանի ավտոդպրոց» ՍՊ ընկերության տնօրեն, երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, ավտոդպրոցի տարածքում գտնվող` սեփականության իրավունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահավորանքով ապահովված ավտոտնակը, 2008 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 13-ը որպես կացարան պարբերաբար տրամադրել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներ` Անժելա Արմենակի Սագիյանին, Սիրուն Էդիկի Քոչինյանին, Հեղինե Սերյոժայի Օդաբաշյանին և Մարիամ Ալեքսու Ծատուրյանին, ովքեր վարձատրության դիմաց պարբերաբար սեռական հարաբերություն են ունեցել նույն ավտոդպրոցի ավտոկայանատեղիում հանգրվանած` ԻԻՀ-ից ժամանած ազգությամբ պարսիկ բեռնատար ավտոմեքենաների վարորդների հետ: (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 89):

6. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0297/01/11 դատավճռով Ա.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և դատապարտվել տուգանքի` 250.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով 18 տարին լրացած անձ, հաստատապես տեղյակ լինելով Անուշ Սագիյանի 16 տարին չլրանալու հանգամանքի մասին, 2009 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում, Կապան քաղաքի ավտոդպրոցի տարածքում տեղադրված տնակում, «Վանատուր» կոչվող հյուրանոցում և Վանաձոր քաղաքի Տարոն 2, ՔՇՀ 3, 12/15 բնակարանում, պարբերաբար փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություններ է ունեցել 1995 թվականի հոկտեմբերի 14 ծնված Անուշ Սագիյանի հետ (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 6):

7. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռի համաձայն` «Ամբաստանյալ Արամայիս Հարությունյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքը կատարելու ռեցիդիվը:

Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է կատարած հանցագործությունների համար իրեն լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը:

Արամայիս Հարությունյանը բնութագրվում է դրականորեն, վատառողջ է` 2-րդ խմբի հաշմանդամ: Մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ՀՀ և ԼՂՀ նախագահների ու պաշտպանության նախարարների հրամաններով պարգևատրվել է մի շարք մեդալներով, կրծքանշանով: Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով:

Վերլուծելով և գնահատելով գործի վերը նշված տվյալները, հաշվի առնելով (…) Արամայիս Հարությունյանի կատարած հանցագործությ[ան] վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև ելնելով քրեական օրենսդրության սկզբունքներից, պատժի նպատակների իրականացման անհրաժեշտությունից, դատարանը գտնում է, որ [նրա] ուղղվելը հնարավոր է նշանակված պատիժ[ը] կրելու պայմաններում» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 102-103):

8. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 31-ի որոշման համաձայն. «(…) Վերաքննիչ դատարանը վերլուծելով գործի նյութերը, գտնում է, որ որպես ամբաստանյալ Արամայիս Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք` հանցագործության ռեցիդիվը սույն քրեական գործի շրջանակներում առկա չէ` հետևյալ պատճառաբանությամբ:

(…) [Ն]ախքան ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0297/01/11 քրեական գործով դատավճիռ կայացնելը, ամբաստանյալ Արամայիս Հարությունյանը կատարել է սույն գործով իրեն վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն, ու դատապարտվելուց հետո այն շարունակել է մինչև 2012 թվականի հոկտեմբերի 13-ը, իսկ հոկտեմբերի 13-ին կատարել է մեկ այլ հանցագործություն, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արամայիս Հարությունյանի գործողություններում առկա է հանցանքների համակցություն և վերջինիս նկատմամբ պատիժ պետք է նշանակել ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 6-րդ և 68-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հաշվի առնելով, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/0297/01/11 դատավճռով տուգանքի ձևով նշանակված պատիժը ամբաստանյալն արդեն իսկ կրել է:

Անդրադառնալով ամբաստանյալ Արամայիս Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հարցին` (…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

(…) Վերաքննիչ դատարան է ստացվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մ.Սարգսյանի միջնորդությունը (…), ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Մ.Գրիգորյանի 27.02.2014 թվականի թիվ 02/11 գրությունը (…), Կապանի զինվորական կոմիսար Լ.Գրիգորյանի միջնորդությունը (…), ՀՀ Կապան քաղաքային համայնքի ղեկավար Ա.Հայրապետյանի միջնորդությունը (…):

Վերը նշված հանգամանքները, Վերաքննիչ դատարանը դիտում է որպես ամբաստանյալ Արամայիս Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք, քանի որ դրանք իրական են, և էականորեն նվազեցնում են ամբաստանյալի անձի հասարակական վտանգավորության աստիճանը:

(…)

Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով ամբաստանյալ Արամայիս Հարությունյանի կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող սույն որոշման մեջ արձանագրված հանգամանքները, վերջինիս պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում, հանգում է այն հետևության, որ սույն քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելի է, և դրանով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատականերին, (…):» (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 159-164):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում, մասնավորապես, սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, որի արդյունքում անհիմն որոշում է կայացրել Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ ամբաստանյալի հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին է վկայում ծանր հանցագործության կատարման հանգամանքը: Ա.Հարությունյանը երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, սեփականության իրավունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահավորանքով ապահովված ավտոտնակը, 2008 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 13-ը որպես կացարան տրամադրել է Ա.Սագիյանին, Ս.Քոչինյանին, Հ.Օդաբաշյանին և Մ.Ծատուրյանին: Վերջիններս վարձատրության դիմաց պարբերաբար սեռական հարաբերություններ են ունեցել ԻԻՀ-ից ժամանած բեռնատար ավտոմեքենաների վարորդների հետ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել այն հանգամանքը, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով մեղավոր ճանաչվելով և ազատազրկման հետ չկապված պատժի՝ տուգանքի դատապարտվելով՝ Ա.Հարությունյանը չի ուղղվել, այլ հակառակը, շարունակել է իր հանցավոր գործունեությունը:

Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով բացառապես ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի միջնորդությունը և դրանում նշված հանգամանքները, Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել, ինչն արդարացի չէ և չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է Ա.Հարությունյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 31-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը հաստատված համարելու դատավարական կարգի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝

«1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (...)»:

Մեջբերված իրավական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել և դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է հայտնել թիվ ՎԲ-50/07, ՎԲ-124/07, ՎԲ-142/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԵՇԴ/0029/01/08, ԱՎԴ2/0059/01/08, ԵԱՔԴ/0078/01/09 ԵԿԴ/0042/01/11, ինչպես նաև մի շարք այլ գործերով կայացված որոշումներում: Մասնավորապես, Թ.Տեր-Գրիգորյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

(…) նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը» (տե՛ս Թամարա Տեր-Գրիգորյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ ՎԲ-192/07 որոշումը):

Դ.Հովհաննիսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, սակայն դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը» (տե՛ս Դավիթ Հովհաննիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0078/01/09 որոշման 12-րդ կետը):

14. Այսպիսով, պատիժ նշանակելիս, ինչպես նաև պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ համապատասխան հետևության հանգելիս դատարանը, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնի հանցավորի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող, ինչպես նաև ծանրացնող հանգամանքները:

Դատարանների կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի գործով որոշման մեջ, որի համաձայն` «(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները» (տե՛ս Պարույր Բայրամյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի թիվ ՎԲ-84/07 որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով Պ.Բայրամյանի գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքը հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները, մասավորապես՝

- հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն,

- դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում,

- պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ոչ միայն թվարկում է ապացույցների տեսակները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդված), այլև սահմանում է, թե դրանք ինչպես են ձևավորվում և ում կողմից են ձեռք բերվում: Մասնավորապես, քրեական դատավարության ընթացքում ապացույց ձեռք բերելու իրավասությամբ օժտված են բացառապես քրեական վարույթն իրականացնող մարմինները և պաշտոնատար անձինք: Օրենքով նախատեսված մարմիններից և պաշտոնատար անձանցից բացի որևէ այլ անձ կամ պետական մարմին քրեական գործով ապացույց ձեռք բերելու իրավասությամբ օժտված չէ, իսկ այդպիսի նյութերը որպես ապացույց չեն կարող օգտագործվել (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):

15. Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն քրեական գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու կամ հերքելու նպատակով քրեական գործին կցելու և հետազոտելու համար ձեռք բերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել նյութեր, իրեր, փաստաթղթեր: Այդպիսի իրավունքով օժտված են, մասնավորապես, տուժողը (տուժողի իրավահաջորդը), քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները և ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը (ամբաստանյալը), նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը և նրա ներկայացուցիչը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ, 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 63-րդ հոդվածի 2-իդ մասի 10-րդ կետ, 65-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետ, 73-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ, 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ, 77-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): Ընդ որում, հիշյալ սուբյեկտների ներկայացրած նյութերը, փաստաթղթերը քրեական գործով որպես ապացույց օգտագործելու համար պետք է վարույթն իրականացնող մարմնի կողմից ստուգվեն և գնահատվեն քրեադատավարական օրենքով սահմանված կարգով: Այս սուբյեկտներից զատ որևէ այլ անձ կամ մարմին իրավունք չունի վարույթ իրականացնող մարմնին ներկայացնել նյութեր կամ փաստաթղթեր քրեական գործին կցելու և հետազոտելու համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական քննության փուլում քրեական գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները, մասնավորապես ամբաստանյալի քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները հաստատելու կամ հերքելու նպատակով ապացուցողական նշանակություն ունեցող տվյալներ կարող է ձեռք բերել վարույթ իրականացնող մարմինը կամ ներկայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այդպիսի իրավունքով օժտված դատավարության մասնակիցը: Այլ ճանապարհով ստացված նյութերը չեն կարող օգտագործվել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքը հաստատելիս կամ հերքելիս՝ անթույլատրելի լինելու հիմքով:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ Ա.Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել է կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, 2-րդ խմբի հաշմանդամ է, մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, պարգևատրվել է մի շարք մեդալներով, կրծքանշանով, նրա նկատմամբ նշանակել է ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի սանկցիայով նախատեսված նվազագույն պատիժ՝ 3 տարի ժամկետով ազատազրկում (տե՛ս սույն որոշման 2-րդ և 6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառել: Որպես Ա.Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք Վերաքննիչ դատարանը հաշվի է առել ամբաստանյալի կողմից ներկայացված` ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մ.Սարգսյանի, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Մ.Գրիգորյանի, Կապանի զինվորական կոմիսար Լ.Գրիգորյանի, Կապան համայնքի ղեկավար Ա.Հայրապետյանի գրությունները (տե՛ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը):

17. Սույն որոշման 13-15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշատակված գրությունները որպես ապացույց օգտագործվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ: Մասնավորապես, այդ փաստաթղթերի բովանդակությունը կազմող փաստական տվյալները Վերաքննիչ դատարանի կողմից չեն ստուգվել, չեն հաստատվել կամ հերքվել դատական քննության փուլում: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը որևէ հիմնավորում չի նշել հիշատակված գրությունների և ամբաստանյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության միջև կապի առկայության վերաբերյալ: Ավելին, հաշվի առնելով Ա.Հարությունյանին վերագրվող արարքի բնույթը (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը), այն կատարելու հանգամանքները և նշված գրությունների բովանդակությունը (ամբաստանյալի մարտական գործունեության վերաբերյալ տեղեկությունները)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք չեն կարող ողջամտորեն նվազեցնել Ա.Հարությունյանի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես հանցավորի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ հաշվի առնված ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Մ.Սարգսյանի, ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Մ.Գրիգորյանի, Կապանի զինվորական կոմիսար Լ.Գրիգորյանի, Կապան համայնքի ղեկավար Ա.Հայրապետյանի գրությունները, ինչպես նաև դրանցում ամրագրված փաստական տվյալները չեն համապատասխանում Պ.Բայրամյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ սահմանված և սույն որոշման 14-15-րդ կետերում զարգացրած չափանիշներին: Հետևաբար, հիշատակված գրությունները չեն կարող հանդիսանալ Ա.Հարությունյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ:

18. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկի հետ, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել այն, որ Ա.Հարությունյանը դատված լինելով ազատազրկման հետ չկապված պատժի, չի ուղղվել և շարունակել է իր հանցավոր գործունեությունը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործությունների ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս»:

Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ Ա.Հարությունյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող, բնակության համար անհրաժեշտ կահավորանքով ապահովված ավտոտնակը պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է 2008 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբերի 13-ը: Այդ հանցագործության իրականացման ընթացքում Ա.Հարությունյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված դիտավորյալ հանցագործություն և Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 15-ի դատավճռով դատապարտվել դրա համար (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը):

Փաստորեն, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2012 թվականի փետրվարի 15-ի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Ա.Հարությունյանը շարունակել է իր հանցավոր գործունեությունը, ինչը Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատականի չի արժանացվել պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցը լուծելիս:

19. Հիմք ընդունելով սույն որոշման 17-18-րդ կետերում շարադրված եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Վերաքննիչ դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող է համարել այնպիսի հանգամանքներ, որոնք որպես այդպիսին չեն կարող գնահատվել, ինչպես նաև Ա.Հարությունյանին վերագրվող հանցագործության կատարման առանձնահատկությունների համատեքստում հաշվի չի առել այլ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված լինելու հանգամանքը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ:

20. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել սույն գործի բոլոր փաստական հանգամանքները և անհիմն կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը: Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի իմաստով` կիրառվել է քրեական օրենսգրքի հոդված, որը ենթակա չէր կիրառման, ինչի արդյունքում թույլ է տվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված՝ օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում: Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, Ա.Հարությունյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով, սխալ է կիրառել քրեական օրենքը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական օրենքի նշված ոչ ճիշտ կիրառումը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող, անօրինական, չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտի կայացմանը, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի կրման անհրաժեշտության մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

21. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արամայիս Արտավազդի Հարությունյանի մասով ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մարտի 31-ի որոշումը բեկանել և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան