Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2015-01.01.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.27/23(200) Հոդ.334
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
08.07.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2005

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
16 սեպտեմբերի 2005 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60005374

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

8 հուլիսի 2005 թ.
ք. Երևան

N 95-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 29-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները հաստատելու մասին» N 24 և 2001 թվականի նոյեմբերի 30-ի «Գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 66 որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի նոյեմբերի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի
N 95-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  I

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1.1. Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները.

Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

բնական գազ կամ գազ` այնպես, ինչպես սահմանված է ԳՕՍՏ 5542-87 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար» ստանդարտով սահմանված նշանակությունը.

մատակարար` գազի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը գազամատակարարման պայմանագիր է կնքել բաժանորդի հետ.

բաժանորդ՝ բնական գազի պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր.

գազամատակարարման ցանց` գազի փոխադրման և բաշխիչ ցանց.

(պարբերությունն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

գազասպառման համակարգ` գազի առաքման կետից կամ հաշվառքի սարքի ելքից (բկանցքից) հետո տեղադրված գազատարները, գազակարգավորիչ կետերը, գազօգտագործող տեղակայանքները, հսկման-չափման սարքավորումները, օդատար և ծխատար ուղիները, ներառյալ խողովակները, ու դրանց սարքավորումները.

ներտնային գազասպառման համակարգ` բնակչության կենցաղային կարիքների համար նախատեսված գազասպառման համակարգ.

(պարբերությունն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

միացման պայմանագիր` գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման համար մատակարարի և միացման համար դիմող անձի միջև կնքվող պայմանագիր, որում ներառված են մատակարարի և դիմող անձի պարտականությունները, ինչպես նաև միացման տեխնիկական պայմանները.

գազիֆիկացման պայմանագիր` առանձին պատվիրատուի կողմից նոր կառուցվող շենքի կամ կառուցապատվող թաղամասի գազիֆիկացման պայմանները սահմանող` պատվիրատուի և մատակարարի միջև կնքված պայմանագիր.

(պարբերությունն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

գազամատակարարման պայմանագիր կամ Պայմանագիր` մատակարարի և բաժանորդի միջև կնքված գազի մատակարարման պայմանները, այդ թվում բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման պայմանները, նրանց իրավունքներն ու պարտականությունները սահմանող պայմանագիր, որի օրինակելի ձևը սահմանում է Հանձնաժողովը.

գազի համակարգ` գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի համալիր.

բնակիչ-բաժանորդ՝ բնական գազի պահանջարկ ունեցող ֆիզիկական անձ, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր.

կազմակերպություն՝ բնական գազի պահանջարկ ունեցող իրավաբանական անձ, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որը մատակարարի հետ կնքել է բնական գազի մատակարարման պայմանագիր.

կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն՝ կազմակերպություն, որն օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով.

սահմանազատման կետ` գազի համակարգի` մատակարարի և բաժանորդի սեփականության տարանջատման կետը.

առաքման կետ` մատակարարի կողմից գազը բաժանորդին փոխանցելու` գազի համակարգի Պայմանագրով սահմանված կետը: Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների համար գազամատակարարման դեպքում առաքման կետ է հանդիսանում գազի առևտրային հաշվառքի սարքի ելքը (բկանցքը).

առևտրային հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված և վկայագրված (կնքված) գազի ծախսի հաշվառքի սարք (կայան), որի միջոցով կատարվում է մատակարարված գազի քանակի առևտրային հաշվառումը: Առևտրային հաշվառքի սարքի (կայանի) տվյալները ամրագրվում են գազամատակարարման պայմանագրում.

հսկիչ հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված և վկայագրված (կնքված) գազի ծախսի հաշվառքի սարք (կայան), որի միջոցով առևտրային հաշվառքի սարքի (կայանի) խախտման դեպքում կատարվում է մատակարարված գազի քանակի առևտրային հաշվառումը: Հսկիչ հաշվառքի սարքի (կայանի) տվյալները ամրագրվում են գազամատակարարման պայմանագրում.

առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների խափանումները կամ դրանց վնասվածքները, կամ առևտրային հաշվառքի սարքի կնիքների բացակայությունը, կամ դրանց կեղծված կամ վնասված լինելը, կամ առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի նկատմամբ որևէ անձի կողմից այլ ներգործությունները.

գազամատակարարման ցանցի ընդլայնում` նոր սպառողների (բաժանորդների) գազամատակարարման նպատակով գազամատակարարման ցանցի գործող գազատարի շարունակումը, ճյուղավորումը, թողունակության մեծացումը կամ գազակարգավորիչ նոր կետերի կառուցումը, կամ վերակառուցումը.

գազամատակարարման ընդհատում` գազի մատակարարման ընդհատում ապահովիչ փակող սարքերի միջոցով կամ մատակարարի կողմից` պլանային աշխատանքների կատարման ժամանակ կամ վթարային, կամ ֆորս մաժորային իրավիճակներում.

գազամատակարարման դադարեցում` ԳՄՕԿ-ի կամ գազամատակարարման պայմանագրի պայմանները խախտելու, գազամատակարարման պայմանագիրը լուծելու, բաժանորդի դիմումի համաձայն կամ օրենքով սահմանված այլ դեպքերում գազի առաքման դադարեցում մատակարարի կողմից.

գազամատակարարման (գազասպառման) սահմանափակում` մատակարարի կողմից բաժանորդ կազմակերպությանը ներկայացվող` գազամատակարարման պայմանագրում ամրագրված գազասպառման սահմանափակման պահանջ, որի համաձայն հայտարարված սահմանափակման ռեժիմում վերջիններս սահմանափակում են գազի սպառումը մինչև գազամատակարարման պայմանագրով սահմանված քանակությունը.

տեխնիկական պայմաններ` ԳՄՕԿ-ով սահմանված պայմաններով նոր կամ վերակառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումների համալիր.

ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի դեպքեր և հանգամանքներ, որոնք ստեղծվել են մատակարարի կամ բաժանորդի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը), սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, գազամատակարարման ցանցի վթարները այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով, մատակարարից և բաժանորդից անկախ Հայաստանի Հանրապետություն գազի ներկրման ընդհատումները, որոնք խոչընդոտում են մատակարարի գործունեությանը կամ հանգեցնում նրա ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման` անկախ նրա կողմից գործադրված ջանքերի` խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը.

գազօգտագործող սարքավորման օգտագործում` գազօգտագործող սարքավորման նկատմամբ գործողություն (միացում, անջատում, աշխատանքի ռեժիմի հսկում և այլն), որը կատարում է բաժանորդը (օգտագործողը) սարքը նպատակային նշանակությամբ օգտագործելու ընթացքում.

Չափագիտական մարմին` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն:

(1.1-ին կետը փոփ., լրաց., խմբ. 07.09.11 N 411-Ն, 18.12.13 N 445-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, միացման պայմանագրով, գազամատակարարման պայմանագրով և սույն կանոններով:

2.2. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.3. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.4. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.5. Մատակարարը պարտավոր է առաքման կետում ապահովել Պայմանագրում նշված գազի որակական ցուցանիշները և գազի ճնշումը` ստանդարտներով սահմանված թույլատրելի տիրույթում:

(պարբերությունն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

Մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա հինգը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել նախորդ ամսում մատակարարված գազի ջերմատվության միջին ցուցանիշները` ըստ տասնօրյակների:

(2.5-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

2.6. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.7. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.8. Մատակարարը պարտավոր է նվազագույնի հասցնել յուրաքանչյուր բաժանորդի գազամատակարարման ընդհատումների թիվը և ընդհատման տևողությունը, ընդ որում, ընդհատումների թիվը 12 ամսվա ընթացքում չպետք է գերազանցի 4 անգամը, իսկ յուրաքանչյուր ընդհատման առավելագույն տևողությունը` 36 ժամը, բացառությամբ, եթե ընդհատումը ֆորս մաժորի հետևանք է: Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբերի 1-ից մինչև մարտի 15-ը) բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը չպետք է ընդհատվի գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու պատճառով:

Գազիֆիկացվող բնակավայրերում նոր բաժանորդների միացման պատճառով բաժանորդների գազամատակարարման ընդհատումները չեն ներառվում ընդհատումների հաշվառվող քանակի մեջ:

Ջերմային էլեկտրակայանների և տեխնոլոգիական անընդհատ ցիկլ ունեցող բաժանորդների համար այդ ցուցանիշները կարող են սահմանվել Պայմանագրով` չգերազանցելով սույն կետում սահմանված արժեքները:

(2.8-րդ կետը լրաց. 12.11.08 N 607-Ն)

2.9. Տարածքի վարձակալության դեպքում մատակարարը պարտավոր է վարձակալին մատուցել վարձատուի կամ վարձակալի հետ կնքված Պայմանագրերով նախատեսված ծառայությունները: Գազի համակարգի օգտագործման և շահագործման անվտանգության ապահովման վերաբերյալ ԳՄՕԿ-ի 3-րդ գլխի պահանջները տարածվում են նաև վարձակալած տարածքում գտնվող գազասպառման համակարգի վարձակալի (փաստացի օգտագործողի) վրա:

2.10. Բաժանորդը գազասպառման համակարգ ներառող տարածքը վարձակալության հանձնելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել մատակարարին` վարձակալին արտահերթ հրահանգավորման համար:

2.11. Բաժանորդը պարտավոր է իր սեփականությունը հանդիսացող գազասպառման համակարգ պարունակող տարածքը վաճառելու կամ այլ կերպ օտարելու դեպքում դիմել մատակարարին` Պայմանագիրը լուծելու համար:

2.12. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

2.13. Գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին կատարվում է միացման պայմանագրի համաձայն: Առանձին պատվիրատուի պատվերով թաղամասերի, բազմաբնակարան շենքերի կառուցման դեպքում գազիֆիկացումը իրականացվում է գազիֆիկացման պայմանագրով: Բնակչի կամ այն կազմակերպության հետ, որի գազասպառման համակարգը գտնվում է բազմաբնակարան շենքում, միացման պայմանագիրը կնքվում է Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան:

2.14. Միացման պայմանագրում ներառվող տեխնիկական պայմանները սահմանվում են` ելնելով հետևյալ նախապայմաններից.

ա) գազամատակարարման ցանցի և գազասպառման համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը,

բ) գազամատակարարման ցանցի թողունակության առավելագույն օգտագործումը:

2.15. Միացման պայմանագրով սահմանված տեխնիկական պայմանները դրանց կատարումից հետո կարող են փոփոխվել միայն կողմերի փոխհամաձայնությամբ` հետևյալ պայմաններով.

ա) մատակարարի նախաձեռնությամբ մատակարարման ցանցում կատարված փոփոխությունների հետևանքով բաժանորդների գազասպառման համակարգերում փոփոխությունների կատարման ծախսերը կատարում է մատակարարը,

բ) բաժանորդի նախաձեռնությամբ գազասպառման համակարգի, այդ թվում` միացման կետի փոփոխությունների, հաշվառքի սարքերի վերահավաքակցման համար անհրաժեշտ ծախսերը կատարում է բաժանորդը:

2.16. Բնակիչ-բաժանորդները և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունները գազօգտագործող սարքավորման փոխարինման կամ նոր սարքերի հավաքակցման կամ գազասպառման համակարգում այլ փոփոխություններ կատարելու համար գրավոր դիմում են մատակարարին` ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն այդ փոփոխությունների մասին:

Մատակարարը պարտավոր է 15-օրյա ժամկետում քննարկել դիմումը, անհրաժեշտ փոփոխություններ կատարել գազասպառման համակարգի նախագծում կամ թույլատրել գազօգտագործող սարքավորման փոխարինումը: Դիմումը մերժելու դեպքում մատակարարը պարտավոր է դիմողին ներկայացնել գրավոր հիմնավորում:

Գազասպառման համակարգում փոփոխությունները (նոր գազատարի կամ ծխատարի կառուցում, հաշվառքի սարքի վերահավաքակցում և այլն) կատարվում են նոր միացման պայմանագրով սահմանված կարգով:

(2.16-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

2.17. Բնակելի թաղամասերի, փողոցների, նոր տարածքների կառուցապատման, առանձին շենքերի ու շինությունների վերակառուցման դեպքերում դրանցում գործող բաշխիչ ցանցերի վերակառուցումը կատարվում է կառուցապատողի միջոցներով` մատակարարի հետ համաձայնեցված նախագծերով և նրա վերահսկողությամբ:

2.18. Գազասպառման համակարգերի հավաքակցման, փորձարկման, գործարկման, գործող ցանցին միացման, գազամատակարարման ժամանակ վթարների վերացման և նորոգման աշխատանքների կատարման համար մատակարարի լիազոր ներկայացուցիչները միացման պայմանագրի կամ գազամատակարարման պայմանագրի հիման վրա և պայմանագրով սահմանված պայմաններով կարող են մուտք գործել բաժանորդի (օգտագործողի) տարածք միայն անձի լիազորությունները հավաստող լուսանկարով վկայականի ներկայացման դեպքում: Գազասպառման և ներշենքային համակարգերում վթարի դեպքում ապահովվում է շուրջօրյա մուտք: Բաժանորդի (օգտագործողի) տարածքում մատակարարի ներկայացուցիչները պարտավոր են պահպանել բաժանորդի ներքին կանոնակարգը:

(2.18-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

2.19. Մատակարարի և բաժանորդի միջև ծագած վեճերը լուծվում են Պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

3.1. Գազասպառման համակարգը գործարկման և գազամատակարարման ընթացքում պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին:

3.2. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.3. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.4. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.5. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.6. Մատակարարը պարտավոր է կատարել բնակիչ-բաժանորդների և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի պարբերական սպասարկման աշխատանքները` համաձայն Պայմանագրի պահանջների:

(3.6-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

3.7. Գազասպառման համակարգի հավաքակցման և օգտագործման ընթացքում արգելվում է.

ա) կատարել գազաթողարկման կատարողական-տեխնիկական փաստաթղթերին և նախագծին չհամապատասխանող միացումներ և փոփոխություններ,

բ) գազը սպառել գազասպառման համակարգի անսարքության դեպքում,

գ) գազը սպառել հաշվառքի սարքի շրջանցմամբ,

դ) խախտել գազատարների և գազասարքավորումների պահպանման գոտիները,

ե) ինքնակամ միացումներ կատարել գազամատակարարման ցանցին, գազն օգտագործել գազօգտագործող սարքավորման տեխնիկական փաստաթղթով (անձնագրով) չնախատեսված նպատակներով:

3.8. Բաժանորդի յուրաքանչյուր գազասպառման համակարգի գազամատակարարումը պետք է իրականացվի գազամատակարարման համակարգի մեկ կետից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար կարևոր պաշտպանական նշանակություն ունեցող ռազմական օբյեկտների գազամատակարարման կազմակերպման համար Հանձնաժողովի կողմից նախատեսված առանձին տարբերակներից: Այդ օբյեկտների ցանկը «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.9. Մատակարարը պարտավոր է ունենալ մշտական գործող հեռախոսակապով շուրջօրյա վթարային-կարգավարական ծառայություն` վթարային կանչերը, դրանց արձագանքելու ժամանակը և կատարված աշխատանքները համապատասխան գրանցամատյաններում գրանցելու և վթարները վերացնելու համար: Վթարային-կարգավարական ծառայության հեռախոսահամարի մասին մատակարարը պարտավոր է ոչ պակաս, քան տարին երկու անգամ տեղեկացնել զանգվածային լրատվամիջոցներով:

3.10. Գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների դեպքում մարդկանց կյանքին, առողջությանը կամ շրջակա միջավայրին վտանգ սպառնացող իրավիճակներում բաժանորդը պարտավոր է անմիջապես ընդհատել գազի սպառումը և այդ մասին անհապաղ տեղեկացնել մատակարարին: Մատակարարը պարտավոր է ահազանգն ստանալուց հետո հնարավոր կարճ ժամկետում դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը: Մատակարարը վերսկսում է գազամատակարարումը վերոհիշյալ վտանգը վերացնելուց հետո` նախապես փոխհամաձայնեցված օրը և ժամին` հայտն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում: Բնակչի կամ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության գազասպառման համակարգի վթարի կամ վթարային իրավիճակների դեպքում գազամատակարարման դադարեցումից հետո մատակարարը պետք է միջոցներ ձեռնարկի գազասպառման համակարգի վերականգնման համար` համաձայն սպասարկման համաձայնագրի:

3.11. Բաժանորդի պահանջով Պայմանագրի լուծման կամ գազամատակարարման ժամանակավոր դադարեցման պահանջի կամ օրենքով սահմանված այլ դեպքերում մատակարարը պարտավոր է դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Գազամատակարարման ժամանակավոր դադարեցման դեպքում գազամատակարարումը վերսկսվում է բաժանորդի դիմումի համաձայն`այն ստանալուց հետո 36 ժամվա ընթացքում:

(3.11-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

3.12. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.13. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.14. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.15. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.16. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

3.17. Մատակարարի կողմից բնակչության ներտնային գազասպառման և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը սահմանում է Հանձնաժողովը:

(3.17-րդ կետը խմբ. 12.11.08 N 607-Ն, 18.12.13 N 445-Ն)

3.18. Մատակարարը բնակիչների և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման, վերականգնման, վերանորոգման և փոխարինման աշխատանքները կարող է կատարել անձամբ կամ պայմանագրով հանձնարարել Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված այլ սպասարկող անձի: Այդ դեպքում`

ա) բաժանորդի կողմից տեխնիկական սպասարկման համաձայնագրի պայմանների խախտման համար բաժանորդի նկատմամբ պատասխանատվության կիրառման իրավունքը մատակարարը չի փոխանցում սպասարկող անձին,

բ) տեխնիկական սպասարկման համաձայնագրում նշվում է տեխնիկական սպասարկման աշխատանքներն այլ սպասարկող անձի հանձնարարելու մասին,

գ) մատակարարի և սպասարկող անձի փոխհարաբերությունները (այդ թվում` սպասարկող անձի պատասխանատվությունը) կանոնակարգվում են նրանց միջև կնքված պայմանագրով,

դ) բաժանորդի առջև մատակարարի պատասխանատվությունը պայմանագրով չի փոխանցվում սպասարկող անձին:

3.19. Գազասպառման համակարգի անվտանգության ապահովման համար`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

բ) գազասպառման համակարգն սպասարկող անձը պարտավոր է ունենալ վթարային-կարգավարական շուրջօրյա ծառայություն և իրականացնել գազասպառման համակարգի, այդ թվում` օդածխատար ուղիների համալիր սպասարկում, գազասպառման համակարգի վթարների օպերատիվ վերացում և վերականգնում: Սպասարկող անձը պարտավոր է անհապաղ հայտնել մատակարարին բաժանորդի գազասպառման համակարգի թերությունների (նախագծից շեղումների) մասին, որոնք չեն վերացվել բաժանորդի մեղքով և վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին և գույքին.

գ) մատակարարը պարտավոր է Պայմանագրով սահմանված պարբերականությամբ և ծավալներով հրահանգավորել բնակիչներին և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպություններին գազօգտագործող սարքավորման անվտանգ շահագործման վերաբերյալ, ինչպես նաև կատարել Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված տեխնիկական սպասարկման և ստուգման աշխատանքները,

դ) մատակարարը պարտավոր է հրապարակել հուշաթերթիկներ և անվճար տրամադրել բաժանորդներին` գործընթացը կրկնելով առնվազն երեք տարին մեկ անգամ.

ե) մատակարարը պարտավոր է զանգվածային լրատվամիջոցներով տարին առնվազն երկու անգամ բաժանորդներին իրազեկել գազի անվտանգ օգտագործման կանոնների մասին:

(3.19-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ, ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳԱԶԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
(գլուխը խմբ. 07.09.11 N 411-Ն)

 

4.1. Բազմաբնակարան շենքերի բնակիչների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց բնակարաններից դուրս: Առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների գազամատակարարման համար առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են նրանց սեփականության տարածքից դուրս: Ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերի տեղակայման կետը սահմանվում է միացման պայմանագրով, որը ամրագրվում է նաև Պայմանագրում:

4.2. Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, հերթական ստուգաչափման և նորոգման) ծախսերը` անկախ դրա պատկանելությունից, իսկ բնակչության դեպքում՝ նաև առևտրային հաշվառքի սարքերի ձեռքբերման ծախսերը կրում է մատակարարը: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման և նորոգման ծախսերն իրականացվում են ԳՄՕԿ-ի 4.8 կետով սահմանված կարգով:

(4.2-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

4.3. Առևտրային կամ հսկիչ հաշվառքի սարքերը, ինչպես նաև դրանց արկղերը, կարող են կնքվել ինչպես մատակարարի, այնպես էլ բաժանորդի կողմից:

4.4. Մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, հերթական կամ արտահերթ ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցել բաժանորդին: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքը ապահավաքակցել առանց բաժանորդին նախապես ծանուցելու, եթե ակնհայտորեն հայտնաբերել է, որ բաժանորդը բնական գազը սպառում է առևտրային հաշվառքի սարքի խախտմամբ: Նման դեպքում մատակարարը առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման մասին բաժանորդին պարտավոր է սույն կետում նշված եղանակներով ծանուցել անմիջապես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում, և ներկայացնել առևտրային հաշվառքի սարքի ակնհայտ խախտման իր հիմնավորումները:

(4.4-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

4.5. Բաժանորդն իրավունք ունի պահանջել, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ՝ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ՝ նախապես փոխհամաձայնեցված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մատակարարի կողմից այդ մասին գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) ծանուցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կետում սահմանված ժամկետում առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը կամ ստուգաչափմանը բաժանորդի չներկայանալու դեպքում այդ աշխատանքներն իրականացվում են առանց բաժանորդի ներկայության:

(4.5-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

4.6. Մատակարարի կամ բաժանորդի սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրա ապահավաքակցման դեպքում մատակարարը`

ա) սույն կանոնների 4.4 կետով սահմանված կարգով տեղեկացնում է բաժանորդին.

բ) կազմում է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, դրա ամբողջականության կամ վնասված լինելու մասին արձանագրություն (ակտ), որը ստորագրում են մատակարարը և բաժանորդը: Արձանագրության (ակտի) որևէ դրույթին բաժանորդի անհամաձայնության դեպքում այդ մասին արձանագրությունում (ակտում) կատարվում է համապատասխան նշում` նկարագրելով անհամաձայնության պատճառները: Արձանագրությունը (ակտը) կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար: Բաժանորդի չներկայանալու դեպքում մատակարարը արձանագրությանը (ակտին) կցում է բաժանորդին ծանուցելու մասին գրությունը և արձանագրության (ակտի) մեջ կատարում համապատասխան նշում՝ բաժանորդի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը չներկայանալու մասին.

գ) տեղակայում է իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարք, որի տվյալներն ամրագրվում են Պայմանագրում: Կազմակերպությունների առևտրային հաշվառքի սարքերի՝ բացառությամբ RG տիպի առևտրային հաշվառքի սարքերի, ստուգաչափման դեպքում մատակարարն իր սեփականությունը հանդիսացող առևտրային հաշվառքի սարքը տեղակայում է ժամանակավոր՝ մինչև կազմակերպության առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը: Մատակարարի կողմից տեղադրվող առևտրային հաշվառքի սարքը պետք է համալրված լինի առնվազն 30 օր հիշողություն ունեցող գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ բաժանորդը օգտագործում է ցածր ճնշման բնական գազ, և բնական գազի ծախսը հաշվառվում է մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարքով: Եթե կազմակերպության առևտրային հաշվառքի սարքը համալրված չէ գազի ճնշման և ջերմաստիճանի էլեկտրոնային ճշտիչով, ապա մատակարարն այն համալրում է իր միջոցներով:

4.7. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ կասկածի դեպքում իրականացվում է առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափումը կարող է իրականացվել ինչպես բաժանորդի պահանջով, այնպես էլ մատակարարի նախաձեռնությամբ: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը: Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման հետ կապված բոլոր ծախսերը կրում է մատակարարը՝ բացառությամբ սույն կանոնների 4.8 կետով սահմանված դեպքի: Մատակարարը պարտավոր է բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման վերաբերյալ գրավոր պահանջ ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ապահավաքակցել առևտրային հաշվառքի սարքը:

(4.7-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

4.8. Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում, երբ Չափագիտական մարմնի տված փորձագիտական եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի այնպիսի խախտում, որի դեպքում մատակարարված բնական գազի վերահաշվարկն իրականացվում է ԳՄՕԿ-ի 4.13 կամ 4.13.1 կետի համաձայն, ապա առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման և նորոգման ծախսերը փոխհատուցում է բաժանորդը: Մնացած դեպքերում առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման ծախսերը փոխհատուցում է նախաձեռնող կողմը:

(4.8-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

4.9. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում կատարվում է բաժանորդի ծախսած գազի քանակի և արժեքի վերահաշվարկ: Գազի քանակի վերահաշվարկը կատարվում է սույն կանոնների 4.11, 4.12, 4.13 կետերի համաձայն: Վերահաշվարկված գազի արժեքը որոշվում է վերահաշվարկված գազի քանակի և առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման ամսվա գազի սակագնի արտադրյալով:

Սույն կետը չի սահմանափակում մատակարարի կամ բաժանորդի իրավունքը` առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մյուս կողմից պահանջելու պատճառած վնասի հատուցում:

4.10. Մատակարարը պարտավոր է գազի արժեքի վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել բաժանորդին՝ առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 35 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդը կարող է չհամաձայնել վերահաշվարկի արդյունքին: Եթե բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկվի արդյունքին, ապա մատակարարի կողմից գազի արժեքի վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունն ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում բաժանորդը մատակարարին է ներկայացնում վերջինիս կատարած վերահաշվարկի հետ կապված իր գրավոր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով:

Մատակարարը պարտավոր է բաժանորդի գրավոր առարկություններն ստանալուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկել դրանք և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել բաժանորդին՝ պարզաբանելով վերահաշվարկի արդյունքի վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարն իր կատարած վերահաշվարկում անճշտություններ հայտնաբերելու դեպքում պարտավոր է ճշգրտել վերահաշվարկված գազի արժեքը: Մատակարարը վերահաշվարկված (ճշգրտված) գազի արժեքը հաշվի է առնում (նվազեցնում կամ ավելացնում) վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում: Մատակարարի և բաժանորդի համատեղ քննարկումների արդյունքում տարաձայնությունների առկայության դեպքում բաժանորդը վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա ընթացքում վճարման ենթակա գազի արժեքի հետ վճարում է վերահաշվարկված գազի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար: Այդ դեպքում մատակարարն իրավունք չունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը` մինչև վեճը Հանձնաժողովում լուծելը: Սույն կետը չի սահմանափակում կողմերի իրավունքը՝ վեճը լուծելու դատական կարգով:

Եթե բաժանորդը սույն կետում սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին մատակարարին գրավոր առարկություններ չի ներկայացնում, ապա մատակարարը վերահաշվարկված գազի արժեքը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում:

(4.10-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

4.11. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա է հսկիչ հաշվառքի սարք, բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկը կատարվում է համաձայն հսկիչ հաշվառքի սարքի ցուցմունքի` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրն ընկած ժամանակահատվածի համար: Վերահաշվարկված գազի քանակն ընդունվում է հավասար հսկիչ և առևտրային հաշվառքի սարքերով հաշվառված գազի քանակի տարբերությանը: Եթե մատակարարը և բաժանորդը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրը չեն գրանցել հսկիչ հաշվառքի սարքի ցուցմունքը, բաժանորդի ծախսած գազի քանակի վերահաշվարկ չի իրականացվում:

4.12. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք չէին կարող պայմանավորված լինել որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ այն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման և հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող չափը (արտահայտված տոկոսներով), ապա.

ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք= ՆՄօծ 

ԱՏօր1 Ս%

,

100

 

որտեղ`

Վգք-ն առևտրային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված գազի քանակն է (խորանարդ մետր),

ՆՄօծ-ն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսն է, իսկ եթե այդ ժամանակահատվածում բաժանորդը ծախս չի ունեցել, ապա առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող ծախս ունեցած ամսվա միջին օրական ծախսն է,

ԱՏօր1-ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 40 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 40-ի` եթե խախտումը հայտնաբերվել է մատակարարի կողմից, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ և 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի` եթե խախտումը հայտնաբերվել է բաժանորդի կողմից,

Ս%-ը Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվառքի սարքի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային մեծությունն է.

բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

 

Վգք = Մօծ 

ԱՏօր2 Ս%

,

100 – Ս%

որտեղ`

ԱՏօր2-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 30 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 30-ի, ինչը սակայն չի սահմանափակում մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում կիրառել ավելի կարճ ժամկետ.

Մօծ-ն բաժանորդի միջին օրական ծախսն է, որը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Մօծ 

Հգք1

,


Տօր

 

որտեղ`

Հգք1-ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր), իսկ եթե նշված ամսում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին հաշվարկային ամսում առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր):

Տօր-ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, իսկ եթե նշված ժամանակահատվածում ծախս չի գրանցվել, ապա ծախս ունեցած վերջին հաշվարկային ամսում ծախս ունեցած օրերի քանակը:

(4.12-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 18.12.13 N 445-Ն)

4.13. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ առկա չէ հսկիչ հաշվառքի սարք, Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ բացակայում են կամ կեղծված են, կամ վնասված են առևտրային հաշվառքի սարքի կնիքները, կամ առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է եղել առևտրային հաշվառքի սարքի առանձին դետալների այնպիսի խափանումներով կամ վնասվածքներով, որոնք կարող էին պայմանավորված լինել միայն որևէ անձի ներգործությամբ, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն այն հանգեցրել է բաժանորդի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման, ապա.

ա) բնակչության և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

Վգք = ԱՏօր3  ՆՄօծ  - Հգք2,

որտեղ`

ԱՏօր3 -ը առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է՝ արտահայտված օրերով, որը 60 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 60-ի.

Հգք2 -ը առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի ծախսն է (խորանարդ մետր).

բ) ոչ կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների համար վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով՝

Վգք = ԱՏօր2  Ժէճ  Գէճ  0.5Qmax - Հգք1 ,

որտեղ`

Ժէճ -ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում բաժանորդի ծախս ունեցած ժամերի միջին օրական քանակն է, որը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի վնասման դեպքում Ժէճ  մեծությունն ընդունվում է հավասար 12-ի.

Գէճ -ն առևտրային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում բնական գազի ճնշումը և ջերմաստիճանը հաշվի առնող գործակիցն է, որը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի հիշողության մեջ արտացոլված տվյալների հիման վրա: Առևտրային հաշվառքի սարքի էլեկտրոնային ճշտիչի բացակայության կամ վնասման դեպքում Գէճ  մեծությունը որոշվում է հաշվարկային եղանակով՝ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաների համաձայն.

Qmax -ը տվյալ առևտրային հաշվառքի սարքի ժամային առավելագույն անձնագրային թողունակությունն է:

(4.13-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

4.13.1 Սույն կանոնների 4.13 կետում սահմանված կարգով բաժանորդի ծախսած բնական գազի քանակի վերահաշվարկ է կատարվում նաև, երբ սույն կանոնների 4.13 կետում սահմանված դեպքերում Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության համաձայն փաստվել է, որ առևտրային հաշվառքի սարքի խախտումը կարող էր հանգեցնել և, ըստ մատակարարի, այն հանգեցրել է բաժանորդի ծախսած գազի քանակի սխալ հաշվառման:

(4.13.1-ին կետը լրաց. 18.12.13 N 445-Ն)

4.14. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ Չափագիտական մարմնի եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի խախտումը ըստ մատակարարի պայմանավորված է բաժանորդի միտումնավոր գործողություններով, և դա առևտրային հաշվառքի սարքի խախտման առաջին դեպքն է վերջին երկու տարիների ընթացքում, մատակարարն իրավունք ունի բաժանորդից պահանջել վճարելու տույժ` վերահաշվարկված գազի արժեքի չափով: Բաժանորդի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին համաձայնելու դեպքում մատակարարը հաշվարկված տույժը հաշվի է առնում վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում: Բաժանորդի կողմից մատակարարի տույժ վճարելու պահանջին չհամաձայնելու դեպքում մատակարարը վեճը լուծում է դատական կարգով: Մատակարարն իրավունք չունի տույժի չվճարման համար դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը մինչև վեճի վերջնական լուծումը:

Միևնույն բաժանորդի մոտ երկու տարվա ընթացքում առևտրային հաշվառքի սարքի 1-ից ավելի խախտում հայտնաբերելու դեպքում, երբ Չափագիտական մարմնի եզրակացությամբ փաստված առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքերը ըստ մատակարարի պայմանավորված են եղել բաժանորդի միտումնավոր գործողություններով, մատակարարն իրավունք ունի վերահաշվարկված գազի արժեքի կրկնապատիկի չափով հաշվարկելու տույժ և այն հաշվի առնել վերահաշվարկի կատարմանը հաջորդող հաշվարկային ամսվա համար բաժանորդին ներկայացվող վճարման փաստաթղթում: Այդ դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը՝ հաշվարկած տույժը՝ կազմակերպությունների դեպքում սույն կանոնների 6-րդ գլխով, իսկ բնակչության դեպքում` սույն կանոնների 8-րդ գլխով սահմանված կարգով չվճարելու համար: Մատակարարի հաշվարկած տույժին չհամաձայնելու դեպքում բաժանորդը վեճը լուծում է դատական կարգով:

(4.14-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

4.15. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ փաստվել է, որ դա պայմանավորված է մատակարարի գործողություններով, ապա մատակարարը բաժանորդին վճարում է տույժ` հաշվարկային ամսվա համար ներկայացվելիք վճարման փաստաթղթում ձևակերպելով կանխավճար վերահաշվարկված գազի արժեքի կրկնապատիկի չափով:

(4.15-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

(գլուխը խմբ. 07.09.11 N 411-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  II

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

5.1. Մատակարարը կազմակերպությունների գազամատակարարումն սկսում է հետևյալ պայմանների ապահովման դեպքում.

ա) գազասպառման համակարգը փորձարկվել և ստուգվել է, կազմվել են շահագործման ընդունման ակտը և գործարկման եզրակացությունը` համաձայն ԳՄՕԿ-ի 10.3 կետի,

բ) կատարվել են միացման պայմանագրի բոլոր պայմանները,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

դ) մատակարարը կազմակերպության հետ կնքել է Պայմանագիր:

(5.1-ին կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

5.2. Մատակարարը պարտավոր է գազը մատակարարել բաժանորդի կողմից առաջադրված և Պայմանագրում ամրագրված ժամանակացույցով (շուրջտարյա, սեզոնային) և չափաքանակներով: Պայմանագրով սահմանված չափաքանակների խախտման համար մատակարարի կամ բաժանորդի պատասխանատվությունը սահմանվում է Պայմանագրով:

5.3. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

5.4. Մատակարարը պարտավոր է բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության դիմումի հիման վրա կնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծերի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Կազմակերպությունն իրավունք չունի առանց մատակարարին տեղյակ պահելու հանել վերջինիս կնիքները:

(5.4-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

5.5. Մատակարարն իրավունք ունի ընդհատել, դադարեցնել կամ Պայմանագրով սահմանված կարգով սահմանափակել բաժանորդի գազամատակարարարումը`

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները, ինչպես նաև վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,

բ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 07.09.11 N 411-Ն)

դ) (ենթակետն ուժը կորցրել է 07.09.11 N 411-Ն)

ե) ԳՄՕԿ-ի 6-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի, իսկ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների դեպքում՝ մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի կամ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում,

զ) օրենքով կամ Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

(5.5-րդ կետը լրաց., փոփ. 07.09.11 N 411-Ն, խմբ. 18.12.13 N 445-Ն)

5.5.1. Սույն կետի ա) ենթակետում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի ընդհատել գազամատակարարումն առանց բաժանորդին նախազգուշացնելու: Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել բաժանորդին գազամատակարարման ընդհատման և վերականգնման ժամանակի մասին:

5.5.2. Սույն կետի բ) ենթակետում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի Պայմանագրով սահմանված կարգով ընդհատել գազամատակարարումը` 1 օր առաջ նախազգուշացնելուց հետո:

5.5.3. (5.5.3-րդ կետն ուժը կորցրել է 07.09.11 N 411-Ն)

5.5.4. (5.5.4-րդ կետն ուժը կորցրել է 07.09.11 N 411-Ն)

5.5.5. Սույն կետի ե) ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 6.6. կետով սահմանված կարգով` դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:

5.6. (5.6-րդ կետն ուժը կորցրել է 07.09.11 N 411-Ն)

5.7. Մատակարարը պարտադիր դադարեցնում է գազամատակարարումը`

ա) առանց Պայմանագրի (ապօրինի) սպառման դեպքում,

բ) բաժանորդի դիմումի համաձայն,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

դ) գազասպառման համակարգում կամ գազատարների պահպանման գոտիներում բաժանորդի կողմից կատարված այնպիսի ինքնակամ փոփոխությունների դեպքում, որոնք մատակարարի գնահատմամբ վտանգ են ներկայացնում մարդկանց առողջությանը, կյանքին կամ գույքին,

ե) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

զ) պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր պետական կառավարման մարմնի կարգագրի հիման վրա,

է) օրենքով սահմանված այլ դեպքերում:

(5.7-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

5.7.1. Սույն կետի ա) և դ) ենթակետերում նշված դեպքերում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն, անմիջապես դադարեցնում գազամատակարարումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում վնասի փոխհատուցում և խախտված պահպանման գոտիների վերականգնում` բաժանորդի հաշվին:

5.7.2. Սույն կետի բ) ենթակետում նշված դեպքում գազամատակարարման դադարեցումը կատարվում է բաժանորդի առաջադրած խելամիտ ժամկետում:

5.7.3. (կետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

5.7.4. Սույն կետի զ) ենթակետում նշված դեպքերում գազամատակարարման դադարեցումը կատարվում է կարգագրով սահմանված ժամկետում` գազամատակարարման դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:

5.8. ԳՄՕԿ-ի 5.5 կամ 5.7 կետերում նշված գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման, Պայմանագրով սահմանված սահմանափակման կարգը չպահպանելու դեպքում բաժանորդն իրավունք ունի մատակարարից պահանջել իր կրած վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Պայմանագրով սահմանված կարգով:

5.9. Բարդ և անընդհատ տեխնոլոգիական ցիկլերում գազ օգտագործող կազմակերպությունների դեպքում կողմերը Պայմանագրի լրացուցիչ պայմաններում պետք է սահմանեն գազամատակարարման սահմանափակման պայմանները՝ այնպես, որ այդ ժամանակահատվածի ավարտից հետո մատակարարն իրավունք ունենա ընդհատել կամ դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը:

(5.9-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

5.10. Մատակարարը իրավունք ունի դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը, եթե վերջինս խոչընդոտել է մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը իր գազասպառման համակարգի տեղակայման տարածք՝ լիազորությունները հավաստող ծառայողական վկայական (լուսանկարով) ներկայացնելու և կազմակերպության քարտի համարը հայտնելու դեպքում:

(5.10-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

5.11. ԳՄՕԿ-ի 5.5 կետի ե) ենթակետում կամ 5.10 կետում նշված դեպքերում գազամատակարարումը եռակցման միջոցով դադարեցնելու և վերսկսելու դեպքում մատակարարի կատարած ծախսերը փոխհատուցում է կազմակերպությունը:

(5.11-րդ կետը խմբ. 18.12.13 N 445-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  6
(գլուխը խմբ. 18.12.13 N 445-Ն)

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 18.12.13 N 445-Ն)

 

6.1. Կազմակերպությանը հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը որոշվում է վերջինիս Պայմանագրում նշված առևտրային հաշվառքի սարքի (հաշվառքի կայանի չափող սարքավորումների) գրանցած ցուցմունքների տարբերության միջոցով՝ բերված հաշվարկային ամսվա ժամանակահատվածի: Կազմակերպությանը մատակարարված գազի քանակը ճշգրտվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով: Կազմակերպությանը մատակարարված բնական գազի քանակը չի ճշգրտվում, եթե վերջինս կենցաղային սպառում ունեցող կազմակերպություն է:

Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս՝ գազասպառման համակարգի հատվածում, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի քանակին գումարվում է դրա տեղադրման և սահմանազատման կետերի միջև առաջացած գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը: Եթե առևտրային հաշվառքի սարքը տեղադրված է սահմանազատման կետից դուրս՝ գազամատակարարման ցանցի հատվածում, ապա առևտրային հաշվառքի սարքով հաշվառված գազի քանակից նվազեցվում է դրա տեղադրման և սահմանազատման կետերի միջև առաջացած գազի վթարային կորուստների մեծությունը: Տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը հաշվարկվում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված` բնական գազի բաշխիչ ցանցերում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկի մեթոդիկայի համաձայն:

6.2. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարը պարտավոր է կազմակերպության առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել նրա ներկայացուցչի մասնակցությամբ, եթե վերջինս ներկայացրել է նման պահանջ: Այդ դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել կազմակերպության հետ համատեղ՝ փոխհամաձայնեցված ժամկետում՝ տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարն իրավունք ունի առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցել առանց կազմակերպության ներկայացուցչի, եթե սույն կետով սահմանված ընթացակարգով տեղեկացնելուց հետո վերջինս չի ներկայացել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

Հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 176-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-Բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևով սահմանված՝ 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող բաժանորդների դեպքում մատակարարի և կազմակերպության պատասխանատու անձինք հաշվարկային ամսվա համար կազմակերպությանը մատակարարված բնական գազի քանակի մասին սույն կետում առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքների գրանցման համար սահմանված ժամկետում կազմում են երկկողմ ակտ: Այն դեպքում, երբ կազմակերպությունը (պատասխանատու անձը) չի մասնակցում առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը և սույն կետում նշված ակտի կազմմանը, ապա Մատակարարը կարող է ակտը կազմել միակողմանի: Մատակարարի կողմից կազմված ակտը հիմք է հանդիսանում կազմակերպությանը վճարման փաստաթուղթ ներկայացնելու համար:

6.3. Կազմակերպության գրավոր (այդ թվում՝ փոստով, հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) պահանջի դեպքում Մատակարարը պարտավոր է յուրաքանչյուր ամիս վերջինիս ծանուցել հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին: Ծանուցումը փոստով առաքելու կազմակերպության պահանջի դեպքում՝ փոստային առաքման համար վճարում է կազմակերպությունը, իսկ մնացած դեպքերում ծանուցումն իրականացվում է մատակարարի միջոցներով:

6.4. Հաշվարկային ամսում մատակարարված գազի համար մատակարարը բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ: Կազմակերպությունը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի արժեքի համար պարտավոր է վճարումը կատարել մատակարարից վճարման փաստաթուղթն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Սույն կետը չի սահմանափակում մատակարարի իրավունքը` կազմակերպություններին վճարման փաստաթուղթ ներկայացնել ԳՄՕԿ-ի 8.3 կետով սահմանված կարգով:

6.5. ԳՄՕԿ-ի 6.4 կետում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարը գրավոր (այդ թվում` հեռախոսագրով կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) զգուշացնում է կազմակերպությանը՝ վճարումը չկատարելու դեպքում գազամատակարարման դադարեցման կամ սահմանափակման մասին: Եթե զգուշացման պահից սկսած 3 օրվա ընթացքում կազմակերպությունը վճարում չի կատարում, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել կամ սահմանափակել վերջինիս գազամատակարարումը: Գազամատակարարումը դադարեցնելուց կամ սահմանափակելուց անմիջապես առաջ մատակարարը պարտավոր է այդ մասին զգուշացնել կազմակերպությանը:

6.6. Կազմակերպության կողմից պարտքը ամբողջությամբ մարելուց և այդ մասին մատակարարի հավաստիանալուց հետո վերջինս պարտավոր է կազմակերպության հետ համաձայնեցված կարգով գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` սակայն ոչ ուշ, քան 36 ժամը:

6.7. Մատակարարը չպետք է դադարեցնի կամ սահմանափակի կազմակերպության գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե կազմակերպությունը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել վերջինիս գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 6.5 կետում սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

6.8. Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում կողմերը տեղեկացնում են միմյանց: Տեղեկացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում կողմերը պարտավոր են ստուգել իրենց գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր տեղյակ պահել միմյանց: Վճարման փաստաթղթում հայտնաբերված սխալի հաստատման դեպքում մատակարարը պարտավոր է հաջորդ հաշվարկային ամսում ուղղել այն: Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի կազմակերպության գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է գազի` իր կողմից չվիճարկվող մասի արժեքը:

6.9. Մատակարարը կազմակերպության կողմից վճարման համար սահմանված ժամկետի խախտման դեպքում իրավունք ունի` խախտմանը հաջորդող 12 ամիսների ընթացքում տվյալ խախտումը կրկնվելու դեպքում, վերջին խախտմանը հաջորդող 3 ամիսների ընթացքում պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել իր համար ընդունելի վճարման այլ երաշխիք, որի մեծությունը չպետք է գերազանցի կազմակերպության նախորդ տարում օգտագործած բնական գազի ծախս ունեցած ամիսների միջին ամսական արժեքի 50 տոկոսը։

6.10. Մատակարարը ավտոմոբիլային գազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կազմակերպություններից իրավունք ունի պահաջնել հաշվարկային ամսվա ընթացքում վճարել կանխավճար՝ արդեն իսկ մատակարարված գազի արժեքի չափով, սակայն ոչ ավելի հաճախ, քան 10 օրը մեկ անգամ:

6.11. Եթե կազմակերպությունը ԳՄՕԿ-ի 6.9 և 6.10 կետերում սահմանված դեպքերում ԳՄՕԿ-ի 6.4 սահմանված ժամկետում չի վճարում կանխավճարը կամ չի ներկայացնում մատակարարի համար ընդունելի վճարման այլ երաշխիք, ապա մատակարարն իրավունք ունի ԳՄՕԿ-ի 6.5 կետով սահմանված ընթացակարգով դադարեցնել կազմակերպության գազամատակարարումը: ԳՄՕԿ-ի 6.9 կետում սահմանված դեպքում, եթե կազմակերպությունը բարդ, անընդհատ տեխնոլոգիական ցիկլում գազ օգտագործող է, ապա մատակարարը վերջինիս գազամատակարարումը կարող է դադարեցնել միայն Պայմանագրի լրացուցիչ պայմաններում սահմանված պայմաններն ապահովելուց հետո:

6.12. Մատակարարն իրավունք չունի, բացառությամբ ԳՄՕԿ-ի 6.9 և 6.10 կետերում սահմանված դեպքերի, գազի մատակարարման համար կազմակերպությունից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ:

6.13. ԳՄՕԿ-ի 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7 և 6.8 կետերը հավասարապես տարածվում են մատակարարի և բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության՝ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված վճարման հարաբերություններում:

(գլուխը լրաց. 26.08.09 N 524-Ն, 04.08.10 N 407-Ն, խմբ. 27.04.11 N 199-Ն, խմբ. 07.09.11 N 411-Ն, 18.12.13 N 445-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  III

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7.1. Մատակարարը սկսում է բնակչության գազամատակարարումը հետևյալ պայմանների դեպքում.

ա) մատակարարը փորձարկել է ներտնային համակարգը և ստուգել նրա համապատասխանությունը նախագծին,

բ) ընդունող հանձնաժողովը կազմել է ներտնային համակարգի շահագործման ընդունման ակտը և գործարկման եզրակացությունը,

գ) միացման պայմանագրի բոլոր պայմանները կատարվել են,

դ) Պայմանագրով սահմանված կարգով մատակարարը հրահանգավորել է բաժանորդին (վարձակալին, փաստացի օգտագործողին) գազի սարքերի անվտանգ շահագործման կանոնների պահպանման մասին,

ե) մատակարարը բաժանորդի հետ կնքել է Պայմանագիր:

7.2. Մատակարարը պարտավոր է բաժանորդին մատակարարել անհրաժեշտ քանակի գազ` Պայմանագրում ամրագրված գազօգտագործող սարքավորումների հզորությունների սահմաններում, Պայմանագրով ամրագրված ժամանակացույցով (շուրջտարյա, սեզոնային): Գազը մատակարարվում է անընդհատ, եթե բաժանորդի պահանջով Պայմանագրում մատակարարման այլ կարգ չի նախատեսվում:

7.3. Մատակարարն իրավունք ունի ընդհատել կամ դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը`

ա) ֆորս մաժորի դեպքում, եթե անհրաժեշտ է արագ վերացնել ֆորս մաժորի ազդեցությունը կամ հետևանքները,

բ) վթարները կամ վթարային իրավիճակները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու դեպքերում,

գ) գազամատակարարման ցանցում պլանային աշխատանքներ կատարելու կամ նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու դեպքում,

դ) ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման նպատակով մատակարարի (լիազորված անձի) ներկայացուցչի մուտքը բնակիչ-բաժանորդի ներտնային գազասպառման համակարգի տեղակայման տարածք խոչընդոտելու դեպքում,

ե) ԳՄՕԿ-ի 8-րդ գլխով սահմանված կարգով և ժամկետներում մատակարարված (վերահաշվարկված) գազի կամ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար չվճարելու դեպքում,

զ) օրենքով կամ Հանձնաժողովի կողմից հաստատված օրինակելի ձևին համապատասխան կնքված Պայմանագրով սահմանված այլ դեպքերում:

(7.3-րդ կետը խմբ. 12.11.08 N 607-Ն, լրաց. 07.09.11 N 411-Ն, խմբ. 18.12.13 N 445-Ն)

7.4 ԳՄՕԿ-ի 7.3 կետի ա) և բ) ենթակետերում նշված դեպքերում մատակարարն իրավունք ունի ընդհատել գազամատակարարումն առանց բաժանորդին նախազգուշացնելու: Մատակարարը պարտավոր է հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկացնել բաժանորդին գազամատակարարման ընդհատման պատճառների և վերականգնման ժամանակի մասին: ԳՄՕԿ-ի 7.3 կետի գ) ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի Պայմանագրով սահմանված կարգով ընդհատել գազամատակարարումը՝ 1 օր առաջ նախազգուշացնելուց հետո: ԳՄՕԿ-ի 7.3 կետի ե) ենթակետում նշված դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը ԳՄՕԿ-ի 8.6 կետով սահմանված կարգով՝ դադարեցումից անմիջապես առաջ նախազգուշացնելով բաժանորդին:

(7.4-րդ կետը լրաց. 12.11.08 N 607-Ն, փոփ. 18.12.13 N 445-Ն)

7.5. ԳՄՕԿ-ի 7.3 կետի դ) և ե) ենթակետերում նշված դեպքերում գազամատակարարումը եռակցման միջոցով դադարեցնելու և վերսկսելու դեպքում մատակարարի կատարած ծախսերը փոխհատուցում է բնակիչ-բաժանորդը:

(7.5-րդ կետը լրաց. 12.11.08 N 607-Ն, խմբ. 18.12.13 N 445-Ն) 

7.6 Մատակարարը պարտադիր դադարեցնում է գազամատակարարումը`

ա) առանց Պայմանագրի (ապօրինի) սպառման դեպքում,

բ) բաժանորդի դիմումի համաձայն,

գ) (ենթակետն ուժը կորցրել է 18.12.13 N 445-Ն)

դ) օրենքով սահմանված այլ դեպքերում։

(7.6-րդ կետը լրաց. 12.11.08 N 607-Ն, փոփ. 18.12.13 N 445-Ն)

7.7 ԳՄՕԿ-ի 7.6 կետի ա) ենթակետում նշված դեպքում մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն, անմիջապես դադարեցնում գազամատակարարումը և ղեկավարվում «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ կետով: ԳՄՕԿ-ի 7.6 կետի բ) ենթակետում նշված դեպքում գազամատակարարման դադարեցումը կատարվում է բաժանորդի առաջադրած խելամիտ ժամկետում:

(7.7-րդ կետը լրաց. 12.11.08 N 607-Ն, փոփ. 18.12.13 N 445-Ն)

7.8. Մատակարարը պարտավոր է բնակիչ-բաժանորդի դիմումի հիման վրա կնքել գազամատակարարման ցանցին միացված, սակայն օգտագործման մեջ չգտնվող գազօգտագործող սարքավորման գազի մուտքային գծերի փականները և դրա վերաբերյալ կազմել համապատասխան ակտ: Կնքված գազօգտագործող սարքավորումը համարվում է աշխատանքի մեջ չգտնվող: Բնակիչ-բաժանորդն իրավունք չունի առանց մատակարարին տեղյակ պահելու հանել վերջինիս կնիքները:

(7.8-րդ կետը լրաց. 18.12.13 N 445-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  8
(գլուխը խմբ. 18.12.13 N 445-Ն)

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏԱԿԱՐԱՐՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
(վերնագիրը խմբ. 18.12.13 N 445-Ն)

 

8.1. Բնակիչ-բաժանորդներին հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը որոշվում է վերջիններիս Պայմանագրում նշված առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերության միջոցով՝ բերված հաշվարկային ամսվա ժամանակահատվածի: Բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակը «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողության և վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաներով ճշգրտման ենթակա չէ:

8.2. Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցում է մատակարարը` տվյալ հաշվարկային ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա առաջին երկու աշխատանքային օրվա ընթացքում: Բնակիչ-բաժանորդներն իրավունք ունեն մասնակցել առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

8.3. Մատակարարը պարտավոր է.

1) մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, հանրապետական սփռման առնվանզն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, ժամը 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում, հայտարարել նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրվա մասին.

2) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն` նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին.

3) նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի դիմաց բնակիչ-բաժանորդներին ներկայացվող վճարման փաստաթղթում ապահովել հետևյալ տեղեկատվության առկայությունը. բաժանորդի անունը, ազգանունը, հասցեն, քարտի համարը, հաշվարկային ամիսը, առևտրային հաշվառքի սարքի նախորդ և վերջին ցուցմունքները, հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակը (արտահայտված խորանարդ մետրերով) և արժեքը (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը), պարտքի մնացորդը հաշվարկային ամսվա սկզբին և վերջին (արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով` ներառյալ ավելացված արժեքի հարկը) և վճարման ամսաթիվը.

4) բնակիչ-բաժանորդի գրավոր դիմումի դեպքում, դիմումը ստանալուն հաջորդող հաշվարկային ամսվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս սույն կետի 2-րդ ենթակետում սահմանված ժամկետում, վերջինիս նախընտրած եղանակով (փոստով՝ գրավոր կամ էլեկտրոնային փոստով) ծանուցել նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի քանակի և արժեքի հաշվարկման ընթացքում օգտագործված բոլոր ցուցանիշների մասին՝ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ձևաչափով: Ծանուցումը փոստով առաքելու համար վճարում է բնակիչ-բաժանորդը, իսկ ծանուցումն էլեկտրոնային փոստով իրականացվում է անվճար: Փոստային առաքման վճարը ներառվում է վճարման փաստաթղթում առանձին տողով և ավելացվում է ծախսված բնական գազի արժեքին:

(8.3-րդ կետը լրաց. 30.07.14 N 314-Ն)

8.4. Բնակիչ-բաժանորդը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված գազի արժեքի համար պարտավոր է վճարել Կանոնների 8.3 կետում սահմանված կարգով և ժամկետներում՝ նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում:

8.5. ԳՄՕԿ-ի 8.4 կետում սահմանված ժամկետում վճարում չկատարելու դեպքում մատակարարն իրավունք ունի դադարեցնել բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը՝ առնվազն 3 օր առաջ հեռուստատեսությամբ կամ բնակիչ-բաժանորդներին հասու այլ ձևերով (հայտարարություն փակցնելով շքամուտքերում, փոստային բաժանմունքներում և այլն) զգուշացնելուց հետո: Զգուշացումը հեռուստատեսությամբ պետք է իրականացվի հանրապետական սփռման առնվանզն մեկ հեռուստաընկերության միջոցով` երկու անգամ, 18:00-ից 20:00-ն և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում: Մատակարարը բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց անմիջապես առաջ պարտավոր է վերջինիս զգուշացնել:

8.6. Բնակիչ-բաժանորդի կողմից պարտքն ամբողջությամբ մարելուց և այդ մասին մատակարարին հայտնելուց (այդ թվում` հեռախոսով, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով) հետո մատակարարը պարտավոր է բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը վերսկսել հնարավորին կարճ ժամկետում` սակայն ոչ ուշ, քան 36 ժամը: Գազամատակարարումը վերսկսելուց առաջ մատակարարը կարող է տեղում ստուգել բնակիչ-բաժանորդի վճարումը հաստատող փաստաթուղթը:

8.7. Մատակարարը չպետք է դադարեցնի բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս ներկայացրել է մատակարարի համար ընդունելի պայմաններով վճարման երաշխիքներ կամ նրա հետ կազմել է պարտքի մարման ժամանակացույց: Եթե բնակիչ-բաժանորդը պարտքը չի մարում ըստ ժամանակացույցի, ապա մատակարարն իրավունք ունի դադարեցնել նրա գազամատակարարումը` ԳՄՕԿ-ի 8.5 կետով սահմանված կարգով նախազգուշացնելուց հետո:

8.8. Վճարման փաստաթղթում սխալ հայտնաբերելու դեպքում կողմերը տեղեկացնում են միմյանց: Տեղեկացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում մատակարարը պարտավոր է ստուգել իր գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր տեղյակ պահել բնակիչ-բաժանորդին: Վճարման փաստաթղթում հայտնաբերված սխալի հաստատման դեպքում մատակարարը պարտավոր է հաջորդ հաշվարկային ամսում ուղղել այն: Վճարման փաստաթղթի վերաբերյալ տարաձայնությունների դեպքում մատակարարը չպետք է դադարեցնի բնակիչ-բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է գազի արժեքի` իր կողմից չվիճարկվող մասի համար:

8.9. Մատակարարն իրավունք չունի գազի մատակարարման համար բնակիչ-բաժանորդից պահանջել վճարել կանխավճար կամ ներկայացնել վճարման այլ երաշխիքներ:

8.10. ԳՄՕԿ-ի 8.3, 8.4, 8.5, 8.6, 8.7, 8.8 և 8.9 կետերը հավասարապես տարածվում են մատակարարի և բնակիչ-բաժանորդի՝ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման հետ կապված վճարման հարաբերությունների վրա:

(գլուխը լրաց. 04.08.10 N 407-Ն, խմբ., փոփ.  07.09.11 N 411-Ն, խմբ. 18.12.13 N 445-Ն, լրաց. 30.07.14 N 314-Ն)

 

Բ Ա Ժ Ի Ն  IV

 

ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ ԿԱՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

9.1. Գազիֆիկացումը կամ գազամատակարարման ցանցի վերականգնումը կատարվում է.

ա) գազամատակարար ընկերության զարգացման հեռանկարային ծրագրի համաձայն կազմված և Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ամենամյա ծրագրերով` ԳՄՕԿ-ի 10-րդ գլխում սահմանված կարգով,

բ) առանձին բնակավայրերի (թաղամասերի) կամ բազմաբնակարան շենքերի բնակիչների խմբի և կազմակերպությունների ֆինանսավորմամբ բաշխիչ ցանցի կառուցման (գազիֆիկացման) վերաբերյալ դիմումի և գազիֆիկացման պայմանագրի համաձայն` ԳՄՕԿ-ի 11-րդ գլխում սահմանված կարգով:

9.2. Բնակավայրի (թաղամասի, բազմաբնակարան շենքի) գազիֆիկացման կամ գազամատակարարման ցանցի վերականգնման ժամանակ մատակարարը պարտավոր է ԳՄՕԿ-ով սահմանված պայմաններով միացման պայմանագիր կնքել պատվիրատուի հետ, որը սահմանված կարգով դիմել է մատակարարին` իր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու (գազիֆիկացման) համար և բավարարում է գազիֆիկացման պայմանները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

9.3. Եթե գազասպառման հայտ է ներկայացնում կազմակերպություն, որի գազասպառման համակարգը տեղադրվում է բնակավայրի կառուցապատման հաստատված գլխավոր հատակագծի սահմաններից դուրս, ապա գազամատակարարման ցանցի ընդլայնման պայմանները սահմանվում են միացման պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ ԿԱՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

 

10.1. Մատակարարի նախաձեռնությամբ գազիֆիկացման աշխատանքներն իրականացվում են զարգացման հեռանկարային պլանին համապատասխան, մատակարարի կողմից հաստատված և Հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրով` ապահովելով աշխատանքների պլանավորման, հաստատման և իրականացման թափանցիկությունը: Մատակարարը յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, տեղեկատվություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերից մեկում` հաջորդ տարի նախատեսվող գազիֆիկացման աշխատանքների մասին` նշելով բնակավայրերի անվանումը, կատարվելիք աշխատանքների նախնական ծավալները, գազիֆիկացվող բնակարանների և կազմակերպությունների ընդհանուր թվաքանակը և աշխատանքների սկզբի ու ավարտի կանխատեսվող ժամկետները:

10.2. Բնակչության և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի նախագծման, շինհավաքակցման և կարգաբերման աշխատանքները կատարվում են մատակարարի կողմից` Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով որոշված գնով, հետևյալ կարգով.

10.2.1. Բնակավայրերի (թաղամասերի, բազմաբնակարան շենքերի) գազիֆիկացման աշխատանքներն սկսելուց անմիջապես առաջ մատակարարը զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է գազիֆիկացման ավարտի և գազամատակարարման սկզբի ժամկետների մասին:

10.2.2. Հայտարարության հրապարակումից հետո գազամատակարարման համար դիմող բնակիչները և կազմակերպությունները (պատվիրատուները) մատակարարին են ներկայացնում վերջինիս կողմից սահմանված ձևով դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր` նշելով իրենց գազօգտագործող սարքավորումների անվանումները և տիպերը:

10.2.3. Մատակարարը, ուսումնասիրելով դիմողի առաջարկած գազօգտագործող սարքավորումների կիրառման սահմանափակումները, 30 օրվա ընթացքում նրա հետ կնքում է գազամատակարարման ցանցին գազասպառման համակարգի միացման պայմանագիր` համաձայն Հանձնաժողովի հաստատած օրինակելի ձևերի:

10.2.4. Միացման պայմանագրով սահմանված նախագծման աշխատանքների վճարը (կանխավճարը) դիմողի կողմից մատակարարի բանկային հաշվին մուծելուց հետո 30 օրվա ընթացքում մատակարարը նախագծային կազմակերպության միջոցով կազմում է գազասպառման համակարգի նախագիծը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման տիպային նախագծերը: Նախագիծը պարտադիր համաձայնեցվում է դիմողի հետ:

Միացման պայմանագրով սահմանված գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքների վճարը (կանխավճարը) դիմողի կողմից մատակարարի բանկային հաշվին մուծելուց հետո մատակարարն անձամբ կամ Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված շինհավաքակցման կազմակերպության միջոցով իրականացնում է շինհավաքակցման աշխատանքները, որոնց ժամկետը սահմանվում է միացման պայմանագրով:

Եթե պատվիրատուն չի տրամադրում նախագծով նախատեսված գազօգտագործող սարքավորումների մի մասը կամ տրամադրում է այլ սարքավորում, ապա մատակարարը պարտավոր է նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ` լրացուցիչ վճարելու պայմանով: Եթե գազօգտագործող սարքավորումը հավաքակցվում է այն վաճառող կազմակերպության կողմից, ապա այդ սարքավորման փորձարկումները կատարվում են մատակարարի ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ: Վաճառող կազմակերպությունը պարտավոր է ապահովել գազօգտագործող սարքավորման միացման վերաբերյալ մատակարարի կազմակերպության ստանդարտների կատարումը:

10.2.5. Ընդունող հանձնաժողովի կողմից գազասպառման համակարգի ընդունումը, փորձարկումները, սարքերի կարգաբերումը կազմակերպում է մատակարարը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները: Ընդունող հանձնաժողովի կողմից աշխատանքների շահագործման ընդունման ակտի կազմումը հիմք է հանդիսանում շինհավաքակցման աշխատանքների ամբողջ արժեքը պատվիրատուի կողմից վճարելու համար:

10.2.6. Միացման պայմանագրի հիման վրա բնակիչ-բաժանորդը գազամատակարարման համար մատակարարի բանկային հաշվին մուծում է Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափով կանխավճար, որի դիմաց մատակարարը գազ է մատակարարում բաժանորդին գազամատակարարումն սկսելուց հետո 12 ամսվան հաջորդող ժամանակահատվածում: Կանխավճարի դիմաց գազը մատակարարվում է գազ մատակարարելու պահին գործող սակագնով հաշվարկված գազի արժեքի չափով` մինչև կանխավճարի մարումը: Կազմակերպության կողմից մուծվող կանխավճարի չափը սահմանվում է միացման պայմանագրով:

Կանխավճարի մուծումից հետո մատակարարը ապահովում է բնակչի առևտրային հաշվառքի սարքի տեղադրումը, բնակչի և կազմակերպության հրահանգավորումը և Պայմանագրի կնքումը:

Մատակարարը պետք է սկսի գազամատակարարումը Պայմանագիրը կնքելուց հետո 10 օրվա ընթացքում:

10.2.61. Սույն կանոնների 10.2.6 կետը չի տարածվում այն բնակիչ-բաժանորդների վրա, որոնց գազիֆիկացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի «Գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման միջոցառումների ծրագրի մասին» N 584-Ն որոշման շրջանակներում:

(10.2.6-րդ կետը լրաց. 25.08.06 N 189-Ն)

10.3. Կազմակերպությունների, բացառությամբ բազմաբնակարան շենքերում գտնվողների, գազասպառման համակարգերի նախագծման, շինհավաքակցման և կարգաբերման աշխատանքները կատարվում են հետևյալ կարգով.

10.3.1. ԳՄՕԿ-ի 10.2.2 կետում նշված հայտարարության հրապարակումից հետո գազամատակարարման համար դիմող կազմակերպությունները մատակարարին են ներկայացնում վերջինիս կողմից սահմանված ձևով դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր` նշելով իրենց գազօգտագործող սարքավորումների քանակը, տիպերը, գազասպառման ռեժիմը:

10.3.2. Մատակարարը, ուսումնասիրելով դիմումը և գազամատակարարման ցանցի տեխնիկական հնարավորությունները (թողունակությունը, անվտանգության և հուսալիության պահանջները և այլն), դիմող կազմակերպության հետ քննարկում է կառուցվող գազամատակարարման ցանցի օգտագործման, նրա թողունակության մեծացման և ընդլայնման հնարավորությունները և դրանց համար պահանջվող ծախսերը:

10.3.3. Մատակարարը և կազմակերպությունը կնքում են միացման պայմանագիր: Եթե նոր սպառողի միացման համար անհրաժեշտ է գազամատակարարման ցանցի ընդլայնում կամ այլ ճնշման ցանցի կառուցում, ապա միացման պայմանագրում ներառվում են նաև ընդլայնվող (կառուցվող) մասի ֆինանսավորման պայմանները: Գազասպառման համակարգի նախագծի պատվիրատու է հանդիսանում դիմողը: Նախագիծը համաձայնեցվում է մատակարարի և իրավասու պետական մարմնի հետ` օրենքով սահմանված կարգով:

10.3.4. Գազամատակարարման ցանցի թողունակության մեծացման (ընդլայնման) անհրաժեշտության դեպքում դրա նախագծի և շինարարության պատվիրատու է հանդիսանում մատակարարը, եթե միացման պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

10.3.5. Գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքները կատարում է լիցենզիա ունեցող շինհավաքակցման կազմակերպությունը` միացման համար դիմող կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

10.3.6. Գազասպառման համակարգի ստուգումը, փորձարկումը և կարգաբերումը կատարում է սպասարկող անձը` Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ծավալներով և կարգով, որոնց վերաբերյալ կազմվում են շահագործման ընդունման ակտը և գործարկման եզրակացությունը: Մատակարարն իրավունք ունի մասնակցել այդ աշխատանքներին, որոնց կազմակերպման պարտականությունը դրվում է կազմակերպության վրա:

10.3.7. Գազասպառման համակարգի ավարտված աշխատանքներն ընդունում և գործարկումը թույլատրում է ընդունող հանձնաժողովը, որի կազմը և գործունեության կարգը սահմանվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ և այլ իրավական ակտերով:

10.3.8. Գազասպառման համակարգի միացումը գազամատակարարման ցանցին, Պայմանագրի կնքումը և փաստացի գազամատակարարումը կատարվում են ԳՄՕԿ-ի 5.1 կետով սահմանված պայմանների բավարարման դեպքում:

(10.3.8-րդ կետը խմբ. 26.08.09 N 524-Ն)

10.4. Նոր առանձնատների կառուցման (վերակառուցման) դեպքում սեփականատերն իր հայեցողությամբ ներտնային գազասպառման համակարգի հավաքակցումը (վերակառուցումը) կարող է իրականացնել ԳՄՕԿ-ի 10.3 կետում սահմանված կարգով:

10.5. Գազիֆիկացված և գազամատակարարումը վերականգնված բնակավայրերում նոր բաժանորդների գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացվում է ԳՄՕԿ-ի 10.2 և 10.3 կետերով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ ԿԱՄ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

 

11.1. Բնակիչների և կազմակերպությունների խմբի նախաձեռնությամբ գազիֆիկացման կամ գազամատակարարման ցանցի վերականգնման համար բնակիչները և կազմակերպությունները կամ նրանց կողմից լիազորված անձը գրավոր դիմում են մատակարարին: Մատակարարը պարտավոր է դիմումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում առաջադրել գազիֆիկացման (գազամատակարարման ցանցի վերականգնման) պայմանները և կնքել միացման պայմանագիր: Մատակարարը կարող է մերժել դիմումը, եթե գազիֆիկացումը հակասում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերին, շինարարական նորմերին ու կանոններին: Մերժման դեպքում մատակարարն այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմողներին` նշելով մերժման պատճառները և հիմնավորումները:

11.2. Գազիֆիկացման աշխատանքները կատարվում են նախաձեռնողի (նախաձեռնող խմբի) ֆինանսավորմամբ` միացման պայմանագրով սահմանված կարգով: Բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգի նախագծումը, կառուցումը, փորձարկումը, թողարկումը և հետագա սպասարկումը կատարվում է ԳՄՕԿ-ի 10.2 կետով սահմանված կարգով:

11.3. Միացման պայմանագիր կնքելուց հետո մատակարարը կազմում է բաշխիչ ցանցի նախագծման, շինհավաքակցման, փորձարկման, կարգաբերման և այլ անհրաժեշտ աշխատանքների համար կատարվելիք ծախսերի խոշորացված նախահաշիվ, որին նախաձեռնողների համաձայնության դեպքում պատվիրում է բաշխիչ ցանցի կառուցման (վերականգնման) նախագծանախահաշվային փաստաթղթերը:

11.4. Մատակարարը պարտավոր է ցանցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը համաձայնեցնել բաժանորդների հետ:

11.5. Նախագիծը և նախահաշիվը բնակիչների և կազմակերպությունների (նրանց խմբի) հավանությանն արժանանալու դեպքում մատակարարը, նախահաշվի հիման վրա, նախաձեռնողին է ներկայացնում գազիֆիկացման աշխատանքներն իրականացնելու համար կանխավճարի վճարման փաստաթուղթ: Կանխավճարի չափը սահմանվում է միացման պայմանագրով:

11.6. Գազիֆիկացման նախագծման, շինհավաքակցման, կարգաբերման և այլ աշխատանքներն սկսվում են նախաձեռնողների կողմից գազիֆիկացման աշխատանքներն իրականացնելու համար կանխավճարի վճարման անդորրագիրը մատակարարին ներկայացնելուց հետո:

11.7. Նախաձեռնող խմբի կողմից բաշխիչ ցանցի ընդլայնման համար բնակիչների կատարած ծախսերը փոխհատուցվում են հետևյալ պայմաններով.

ա) յուրաքանչյուր բնակչի ներդրած գումարը փոխհատուցվում է գազամատակարարման ընթացքում` գործող սակագնով հաշվարկված ամսական մատակարարված գազի արժեքի 50 տոկոսի չափով, սկսած գազամատակարարման սկզբից հաշված 12 ամիս հետո և անընդհատ` մինչև գումարի լրիվ մարումը.

բ) բնակչի ներդրած գումարը չի վերադարձվում, եթե նա հրաժարվում է գազամատակարարումից.

գ) եթե միացման պայմանագիրը լուծվում է բնակչի կողմից` միակողմանի, մատակարարը պարտավոր է երեք ամսվա ընթացքում վերադարձնել վճարված գումարի չօգտագործված մասը.

դ) եթե միացման պայմանագիրը լուծվել է մատակարարի կողմից` միակողմանի, մատակարարը պարտավոր է անմիջապես վերադարձնել ամբողջ գումարը և պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

11.8. Եթե նոր կառուցվող գազիֆիկացման ենթակա բազմաբնակարան շենքի կամ թաղամասի նախագծումը և կառուցումն իրականացվում է առանձին պատվիրատուի կողմից համալիր նախագծով, ապա բազմաբնակարան շենքի (թաղամասի) գազիֆիկացման պայմանները սահմանվում են պատվիրատուի և գազամատակարարի միջև կնքվող գազիֆիկացման պայմանագրերով` հետևյալ պարտադիր պայմանների կատարմամբ.

11.8.1. գազիֆիկացման բոլոր նախագծերը (այդ թվում` գազասպառման համակարգերի) համաձայնեցվում են մատակարարի հետ.

11.8.2. մատակարարն իրավունք ունի հսկողություն սահմանել գազամատակարարման և գազասպառման համակարգերի շինհավաքակցման աշխատանքների վրա դրանց կատարման ողջ ընթացքում և մասնակցել ընդունող հանձնաժողովի բոլոր աշխատանքներին, ինչպես նաև կարգաբերման, փորձարկման և ստուգման աշխատանքներին.

11.8.3. գազամատակարարման նոր համակարգերը հանձնվում են մատակարարի հաշվեկշիռ` համաձայն միացման պայմանագրում ամրագրված պայմանների:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԳԱԶԻՖԻԿԱՑՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏՎՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

 

12.1. Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում, առաջադրանք տվող իրավասու մարմինը գազիֆիկացման տեխնիկական պայմաններ ստանալու նպատակով դիմում է մատակարարին՝ ներկայացնելով կառուցապատվող հողամասի հատակագիծն ու նախագծվող օբյեկտի չափորոշիչները (գործառնական նշանակությունը, հարկայնությունը, անհրաժեշտ գազասպառման ռեժիմը)։

(12.1-րդ  կետը լրաց. 03.06.09 N 257-Ն)

12.2 Ճարտարապետահատակագծային առաջադրանք տվող իրավասու մարմնի դիմումն ստանալուց հետո մատակարարը մշակում և ներկայացնում է գազիֆիկացման տեխնիկական պայմանները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար 5 աշխատանքային օրվա ընթացքում, III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 10 աշխատանքային օրվա ընթացքում, IV և V ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար` 15 աշխատանքային օրվա ընթացքում:

(12.2-րդ  կետը լրաց. 03.06.09 N 257-Ն, խմբ. 04.05.11 N 217-Ն)

12.3. Միացման պայմանագիր կնքելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստացած կառուցապատողը մատակարարի կողմից սահմանված ձևով դիմումի հետ մեկտեղ մատակարարին ներկայացնում է ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ ստացված գազիֆիկացման տեխնիկական պայմանները։ Կառուցվող գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացվում է ԳՄՕԿ-ի 11-րդ գլխով սահմանված կարգով։

(12.3-րդ  կետը լրաց. 03.06.09 N 257-Ն)

(գլուխը լրաց. 03.06.09 N 257-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12.1

 

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 18.12.13 N 445-Ն)

 

12.1.1 Բաժանորդը մատակարարին կարող է դիմում (բողոք, հարցադրում) ներկայացնել գրավոր, բանավոր (այդ թվում` հեռախոսազանգի միջոցով) և էլեկտրոնային փոստի միջոցով, եթե սույն կանոններով առանձին դեպքերի համար այլ բան սահմանված չէ:

(12.1.1-ին կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

12.1.2 Բաժանորդի բանավոր դիմումին մատակարարի կողմից տրվում է բանավոր պատասխան, գրավոր դիմումին` գրավոր պատասխան, իսկ էլեկտրոնային փոստով ստացված դիմումին` էլեկտրոնային փոստի միջոցով:

(12.1.2-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

12.1.3 Մատակարարը բաժանորդի դիմումին պարտավոր է պատասխանել այն ստանալու պահից 15 օրվա ընթացքում, եթե սույն կանոններով առանձին դեպքերի համար այլ ժամկետ սահմանված չէ:

(12.1.3-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

12.1.4 Մատակարարը պարտավոր է սպառիչ պատասխան տալ բաժանորդի դիմումին` հանգամանորեն ներկայացնելով բաժանորդի դիմումի առնչությամբ գործող իրավական դաշտը, նրա իրավունքներն ու պարտականությունները և այն բոլոր հանգամանքները, որոնք անհրաժեշտ կլինեն բաժանորդին ամբողջական պատկերացում կազմելու ներկայացված դիմումի վերաբերյալ:

(12.1.4-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

(գլուխը լրաց. 14.11.12 N 451-Ն, փոփ. 18.12.13 N 445-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  12.2

 

ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԵՐԸ ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

12.2.1 Մատակարարը պարտավոր է բաժանորդին վճարել տույժ` ծախսված բնական գազի միջին ամսական արժեքի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը, այն դեպքերում, երբ խախտել է`

ա) բաժանորդի գազամատակարարման ընդհատումների վերաբերյալ սույն կանոնների 2.8-րդ կետով սահմանված պահանջները,

բ) բաժանորդի պահանջով գազամատակարարման դադարեցման և վերականգնման սույն կանոնների 3.11-րդ կետով սահմանված ժամկետները,

գ) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման սույն կանոնների 4.7-րդ կետով սահմանված ժամկետները,

դ) առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի արտահերթ ստուգաչափման սույն կանոնների 4.8-րդ կետով սահմանված կարգը,

ե) բնական գազի վերահաշվարկի վերաբերյալ սույն կանոնների 4.10-րդ կետով սահմանված ժամկետները,

զ) բաժանորդի գազամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու սույն կանոնների 6.6-րդ և 8.6-րդ կետերով սահմանված ժամկետները,

է) բաժանորդի բողոքին պատասխանելու սույն կանոնների 12.1.3-րդ կետով սահմանված ժամկետը:

(12.1.2-րդ կետը փոփ. 18.12.13 N 445-Ն)

12.2.2 Սպառողի կողմից ծախսված բնական գազի միջին ամսական արժեքն ընդունվում է տվյալ տարում սպառողի ծախսած բնական գազի արժեքի և տվյալ տարում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին հավասար:

12.2.3 Հաշվարկված տույժը մատակարարը հաշվի է առնում սպառողին ընթացիկ ամսում ծախսած բնական գազի համար ներկայացվելիք վճարման հաշվում: Հաշվարկված տույժը վճարման հաշվում նշվում է առանձին տողով և նվազեցվում է ծախսված բնական գազի արժեքից:

12.2.4 Մատակարարը սույն կանոնների 12.2.1-րդ կետում նշված խախտումների համար տույժի չի ենթարկվում, եթե դա ֆորս մաժորի հետևանք է:

(գլուխը լրաց. 14.11.12 N 451-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

13.1. Սույն կանոնների 4.6 կետի գ) ենթակետը կիրառվում է.

ա) 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև G6 (ներառյալ) տիպի բնական գազի մեկ առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում,

բ) 2012 թվականի հուլիսի 1-ից սույն կետի ա) և գ) ենթակետերում չնշված տիպերի բնական գազի առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում,

գ) 2013 թվականի հունվարի 1-ից RG տիպի բնական գազի առևտրային հաշվառքի սարք ունեցող բաժանորդների առևտրային հաշվառքի սարքի փոխարինման կամ ստուգաչափման նպատակով դրանց ապահավաքակցման դեպքերում:

(գլուխը լրաց. 07.09.11 N 411-Ն)

 

Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն
որոշմամբ հաստատված բնական
գազի մատակարարման և
օգտագործման կանոնների

 

Մ Ի Ա Ց Մ Ա Ն  Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N___

 

(կնքվում է գազի օգտագործման հայտ ներկայացրած բնակչի կամ
բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպության հետ)

 

___ ________________ 200__ թվական                          ______________

                                                                                                 (կնքման վայրը)

 

_______________________________________________________

                         (մատակարար ընկերության և նրա մասնաճյուղի անվանումը)

_______________________________________________________,

 

այսուհետև` Կատարող, ի դեմս ____________________________________

 

_______________________________________________________,

                                            (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի

Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

 

________________________________________________________,

  քաղաքացու անունը, ազգանունը և բնակության վայրը կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը

 

այսուհետև` Պատվիրատու, ի դեմս ___________________________________

 

_________________________________________________________,

                                            (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

մյուս կողմից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական

ակտերով, համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Պատվիրատուն պատվիրում է, իսկ Կատարողը ապահովում է հետևյալ ծառայությունների մատուցումը.

ա) Պատվիրատուի գազասպառման համակարգի (այդ թվում` ծխատարների և օդատարների) նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում ըստ սույն պայմանագրի N 1 հավելվածի տեխնիկական պայմանների, նախագծի համաձայնեցում իրավասու մարմինների և պատվիրատուի հետ, N 1 լրացուցիչ համաձայնագրով (հավելված N 2) սահմանված պայմաններով.

բ) Պատվիրատուի գազասպառման համակարգի բոլոր շինհավաքակցման աշխատանքների կատարում ըստ համաձայնեցված նախագծի, միացում գազի բաշխիչ ցանցին (հաշվառքի սարքին), պատվիրատուի տրամադրած գազօգտագործող սարքավորման հավաքակցում (եթե հավաքակցումը չի կատարվում սարքավորումը վաճառող կազմակերպության կողմից) ըստ սույն պայմանագրի N 2 լրացուցիչ համաձայնագրով (հավելված N 3) սահմանված պայմանների.

գ) ներտնային համակարգի ստուգումների և փորձարկումների իրականացում, գազօգտագործող սարքավորման կարգաբերում, սահմանված կարգով ներտնային համակարգի շահագործման ընդունման ակտի կազմում.

դ) ներտնային համակարգի թողարկում և գազամատակարման պայմանագրի կնքում:

 

2. Կողմերի պարտավորությունները

 

2.1 Կատարողը պարտավորվում է.

ա) ապահովել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների մատուցումը իր կամ իր կողմից Հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով ընտրված կազմակերպությունների միջոցով` սույն պայմանագրով սահմանված պայմաններով.

բ) ապահովել գազասպառման համակարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին.

2.2 Պատվիրատուն պարտավորվում է.

ա) թույլատրել Կատարողի ներկայացուցիչների և լիազոր անձանց մուտքն իր տիրապետման տակ գտնվող տարածք` սույն պայմանագրով նախատեսված աշխատանքներ կատարելու համար.

բ) գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքների ընթացքում տրամադրել Կատարողին նախագծով նախատեսված գազօգտագործող սարքավորումը.

գ) Պայմանագրով սահմանված ժամկետներում և չափով կատարել վճարումներ նախագծային և շինհավաքակցման աշխատանքների կատարման համար.

դ) շինհավաքակցման և կարգաբերման աշխատանքների ավարտից և դրանց ընդունումից հետո Կատարողի բանկային հաշվին մուծել --(--) դրամ կանխավճար` Կատարողի կողմից գազամատակարարման պայմանագրով և ԳՄՕԿ-ի 10.2.7 կետով սահմանված կարգով այն վերադարձնելու պայմանով:

 

3. Լրացուցիչ համաձայնագրերի կնքումը

 

3.1. Կողմերը լրացուցիչ համաձայնագրերը կնքում են սույն պայմանագրի հիման վրա` փոխհամաձայնեցված ժամկետներում:

 

4. Վճարման կարգը

 

4.1. Պայմանագրի 1.1 կետով նախատեսված ծառայությունների մատուցման համար Պատվիրատուն վճարում է Կատարողին լրացուցիչ համաձայնագրերով (սույն պայմանագրի N 2, N 3 հավելվածներ) սահմանված գնով:

 

5. Լրացուցիչ պայմաններ (սահմանում են Կողմերը)

 

________________________________________________________

________________________________________________________

________________________________________________________

 

6. Կողմերի պատասխանատվությունը

 

Սույն պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

 

7. Տարաձայնությունների լուծումը

 

Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

 

8. Պայմանագրի գործողության ժամկետը եվ փոփոխման կարգը

 

8.1 Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև 200__ թվականի ________-ը:

8.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:

8.3 Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից` մեկական յուրաքանչյուր Կողմի համար:

 

9. Կողմերի գտնվելու վայրը եվ հաշվարկային համարները

 

Պատվիրատու`

Բնակության (գտնվելու) վայրը ___
______________________
Հ/հ _____________________
Հեռախոս__________________
Էլեկտրոնային
փոստ ____________________
Ղեկավար`
________________________
                (անունը, ազգանունը)
________________________
                (ստորագրությունը)


Կ.Տ 

Կատարող`

Գտնվելու վայրը _____________
_______________________
Հ/հ _____________________
Հեռախոս__________________
Էլեկտրոնային
փոստ ____________________
Ղեկավար`
______________________
            (անունը, ազգանունը)
________________________
                   (ստորագրությունը)

Կ.Տ

 

Հավելված N 1
___ _____ 200__թվականի
N____ միացման պայմանագրի

 

Գազասպառման համակարգի միացման տեխնիկական պայմաններ

 

1. Պատվիրատուի տվյալները _________________________________________

___________________________________________________________

բնակչի անունը, ազգանունը, բնակության (գտնվելու) վայրը կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը

 

2. Պատվիրատուի հայտով տեղադրվող գազօգտագործող սարքավորման տիպը և հզորությունը

ա) _________________________________________________________

բ) _________________________________________________________

գ) _________________________________________________________

 

3. Գազասպառման համակարգը պետք է նախագծվի և կառուցվի հետևյալ տեխնիկական

պահանջների պարտադիր կատարումով.

 

3.1. Տեղակայվող կենցաղային գազասարքավորումների տեսակը և քանակը, այդ թվում.

__________________________________________________________

__________________________________________________________

 

3.2. Գազասպառման համակարգի գազատարի տրամագիծը միացման կետում ____ մմ,

3.3. Լրացուցիչ պայմաններ

__________________________________________________________

__________________________________________________________

__________________________________________________________

 

3.4. Ծխատար և օդափոխման ուղիների նկատմամբ պահանջներ

__________________________________________________________

__________________________________________________________

 

Պատվիրատու`

________________________
(անունը, ազգանունը, բնակության (գտնվելու) վայրը)
________________________

Կ.Տ 

Կատարող`

______________________
(անունը, ազգանունը, բնակության (գտնվելու) վայրը)
________________________

Կ.Տ

 

Հավելված N 2
___ _____ 200__թվականի
N____ միացման պայմանագրի

 

Լ ր ա ց ու ց ի չ  հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր  N  1

 

Գազասպառման համակարգի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման եվ համաձայնեցման

 

1. Պատվիրատու _____________________________________________

                                            քաղաքացու անունը, ազգանունը և բնակության (գտնվելու) վայրը կամ

________________________________________________________

                                      կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը

 

2. Կատարող ________________________________________________

                                           ընկերության (նրա ստորաբաժանման) անվանումը և գտնվելու վայրը,

________________________________________________________

3. Համաձայնագրով մատուցվող ծառայությունների անվանումը.

Պատվիրատուի գազասպառման համակարգի նախագծանախահաշվային փաստաթղթերի

կազմում ըստ սույն պայմանագրի N 1 հավելվածի տեխնիկական պայմանների, նախագծի

համաձայնեցում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պետական

մարմինների և պատվիրատուի հետ` սույն հավելվածով սահմանված պայմաններով:

Նախագծային աշխատանքները Կատարողը հանձնարարում է

________________________________________________________

                                  նախագծող անձի անվանումը և գտնվելու վայրը

 

4. Ծառայությունների մատուցման գինը (հիմք ընդունելով Հանձնաժողովի հետ

համաձայնեցված մեթոդիկայով հաշվարկված գինը)` ______________դրամ,

ԱԱՀ` __________ դրամ, ընդամենը` ____________________ դրամ:

5. Վճարման պայմանները (սահմանում են Կողմերը).

________________________________________________________

________________________________________________________:

5.1 Վճարումները կատարվում են Կատարողի բանկային հետևյալ հաշվեհամարին

_________________:

6. Աշխատանքի սկիզբը ___ _________200 թվական.

Աշխատանքի ավարտը ___ _________200 թվական

7. Ծառայությունների ընդունման պայմանները

Գազասպառման համակարգի համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերը`

երկու օրինակից, Կատարողը հանձնում է Պատվիրատուին և կազմվում է աշխատանքի ավարտի

մասին համատեղ ակտ:

8. Լրացուցիչ պայմաններ _________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

 

Պատվիրատու`

________________________
(անունը, ազգանունը, բնակության (գտնվելու) վայրը)


Կ.Տ 

Կատարող`

______________________
(անունը, ազգանունը, գտնվելու վայրը)


Կ.Տ

 

Հավելված N 3
___ _____ 200__թվականի
N____ միացման պայմանագրի

 

Լ ր ա ց ու ց ի չ  հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր  N  2

 

Գազասպառման համակարգի շինհավաքակցման աշխատանքների կատարման եվ շահագործման ընդունման ակտի կազմման

 

1. Պատվիրատու _________________________________________________

                                      քաղաքացու անունը, ազգանունը, բնակության (գտնվելու) վայրը

____________________________________________________________

                                       կամ կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը

2. Կատարող ____________________________________________________

ընկերության (նրա ստորաբաժանման) անվանումը և գտնվելու վայրը

3. Համաձայնագրով մատուցվող ծառայությունները.

Պատվիրատուի գազասպառման համակարգի բոլոր շինհավաքակցման աշխատանքների կատարում

ըստ համաձայնեցված նախագծի, միացում գազի բաշխիչ ցանցին (հաշվառքի սարքին),

Պատվիրատուի տրամադրած գազօգտագործող սարքավորման հավաքակցում (եթե հավաքակցումը

չի կատարվում սարքավորումը վաճառող կազմակերպության կողմից) ըստ սույն հավելվածով

սահմանված պայմանների, ծխահեռացման (օդատար) ուղիների հավաքակցում (ստուգում, մաքրում),

գազասպառման համակարգի ստուգումների և փորձարկումների կատարում, գազօգտագործող

սարքավորման կարգաբերում, սահմանված կարգով աշխատանքների շահագործման ընդունման

ակտի կազմում, գազասպառման համակարգի թողարկում և գազամատակարման պայմանագրի

կնքում:

Ծառայությունների մատուցումը Կատարողը հանձնարարում է

___________________________________________________________

շինհավաքակցման կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը

4. Ծառայությունների մատուցման պայմանագրային գինը հաշվարկված է

Հանձնաժողովի հետ համաձայնեցված մեթոդիկայով և կազմում է.

 

__________________ դրամ,     ԱԱՀ` ___________________ դրամ,

ընդամենը` ________________________________________ դրամ:

5. Ծառայությունների մատուցման սկիզբը ____ _________200 թվական

Ծառայությունների մատուցման ավարտը ____ _________200 թվական

6. Վճարման պայմանները (սահմանում են Կողմերը).

___________________________________________________

___________________________________________________:

6.1. Վճարումները կատարվում են Կատարողի հետևյալ բանկային հաշվեհամարին

_____________________:

7. Աշխատանքների ընդունման պայմանները.

Աշխատանքները ընդունվում են Պատվիրատուի և ընդունող հանձնաժողովի կողմից, երբ

կատարված են ստուգման, փորձարկման և կարգաբերման բոլոր աշխատանքները և

կազմված է աշխատանքների շահագործման ընդունման ակտը:

9. Լրացուցիչ պայմաններ

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

____________________________________________________

 

Պատվիրատու`

________________________
(անունը, ազգանունը, բնակության (գտնվելու) վայրը)

Կ.Տ 

Կատարող`

______________________
(անունը, ազգանունը, գտնվելու վայրը)


Կ.Տ

(կանոնները լրաց. 25.08.06 N 189-Ն, լրաց., խմբ. 12.11.08 N 607-Ն, լրաց. 03.06.09 N 257-Ն, լրաց., խմբ. 26.08.09 N 524-Ն, 04.08.10 N 407-Ն, խմբ. 04.05.11 N 217-Ն, 27.04.11 N 199-Ն, փոփ., լրաց., խմբ. 07.09.11 N 411-Ն, լրաց. 14.11.12 N 451-Ն, փոփ., լրաց., խմբ.18.12.13 N 445-Ն, լրաց. 30.07.14 N 314-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան