Գլխավոր տեղեկություն
Համար
N 981-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.10.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065) Հոդ.865
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2014 թվականի N 981-Ն

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի և գնահատման իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը:

3. Սահմանել, որ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի ընդհանրական մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև ամենամյա ծրագրում ներառված՝ զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում 2015 թվականից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 23

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 11-ի N 981-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի (այսուհետ՝ ամենամյա ծրագիր) մոնիթորինգի և գնահատման իրականացման նպատակը, խնդիրները, իրականացման տեսակներն ու փուլերը, իրականացնողները, ինչպես նաև կարգավորվում են ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման ընթացքում ու դրա արդյունքում իրականացվող հիմնական գործընթացներն ու ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Ամենամյա ծրագրի մոնիթորինգն ամենամյա ծրագրի ընդհանրական և դրանում ներառված զբաղվածության առանձին պետական ծրագրերի պարբերական մշտադիտարկման գործընթաց է, որն իրականացվում է` համաձայն «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով հաստատված մեթոդաբանության:

3. Ամենամյա ծրագրի գնահատումն ամենամյա ծրագրի ընդհանրական և դրանում ներառված զբաղվածության առանձին պետական ծրագրերի գնահատման ընթացակարգ է, որն իրականացվում է` համաձայն սույն կարգի 2-րդ կետի:

4. Ամենամյա ծրագրի և դրանում ներառված զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգը և գնահատումն իրականացվում են լիազոր մարմնի համապատասխան կառուցվածքային ստարաբաժանումների, առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև պետական ոչ առևտրային և այլ կազմակերպությունների միջոցով՝ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված կարգով:

 

II. ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման իրականացման նպատակը ամենամյա ծրագրի և դրանում ներառված զբաղվածության առանձին պետական ծրագրերի մշտադիտարկման, հավաքագրված տեղեկատվության բազմակողմանի վերլուծության, ծրագրերից շահառուների բավարարվածության մակարդակի գնահատման և առկա խնդիրների բացահայտման արդյունքում զբաղվածության ոլորտում վարվող պետական քաղաքականության առաջնահերթությունների սահմանումը, զբաղվածության պետական յուրաքանչյուր ծրագրի արդյունավետության գնահատումը և հետագա շարունակության տեսանկյունից նպատակահարմարության որոշումը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների ծախսարդյունավետության և կառավարման արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, ամենամյա ծրագրի հասցեականության և ոչ նպատակային օգտագործված ֆինանսական միջոցների վերադարձման գործընթացի ապահովումն է:

6. Ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման իրականացման խնդիրներն են`

1) զբաղվածության ոլորտում վարվող քաղաքականության` իրականացվող ծրագրերի միջոցով օբյեկտիվորեն գնահատումը, ինչպես նաև ոլորտի ճկունությունը և առկա խնդիրներին օպերատիվ արձագանքելու հնարավորությունը բարձրացնելը.

2) զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի համար մոնիթորինգային անձնագրերի, թիրախային և մոնիթորինգային ցուցանիշների մշակման ապահովումը.

3) զբաղվածության ոլորտում գործող տեղեկատվական համակարգերի կատարելագործումը և դրանց միջոցով ստացվող հաշվետվությունների, մոնիթորինգային ցուցանիշների տվյալների հավաքագրումն ու դրանց կիրառման հնարավորությունն ապահովելը.

4) զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության, մատուցվող ծառայությունների որակի ու հասցեականության վերաբերյալ շահառուների կարծիքների պարբերական ուսումնասիրությունը և գնահատման գործընթացում արդյունքների օգտագործումն ապահովելը.

5) գնահատման գործընթացում հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված համապատասխան առաջարկությունների դիտարկումն ապահովելը:

 

III. ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ

 

7. Ամենամյա ծրագրի և դրանում ներառված զբաղվածության առանձին պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման իրականացման տեսակներն են՝

1) ամենամյա ծրագրի ընդհանրական մոնիթորինգ և գնահատում.

2) ամենամյա ծրագրում ներառված՝ գործող և փորձարկվող ծրագրերի պարբերական մոնիթորինգ և գնահատում.

3) ամենամյա ծրագրում ներառված՝ նոր ծրագրերի հնարավոր ռիսկերի կանխատեսում և գնահատում:

8. Ամենամյա ծրագրի, ինչպես նաև դրանում ներառված գործող և փորձարկվող ծրագրերի մոնիթորինգը և գնահատումն իրականացվում են հետևյալ փուլերով`

1) մոնիթորինգի և գնահատման նախապատրաստում. այս փուլում իրականացվում են հետևյալ գործողությունները`

ա. մոնիթորինգի և գնահատման տարեկան ծրագրի (այսուհետ` տարեկան ծրագիր) մշակում` համաձայն N 1 ձևի, որը մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը հաստատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից,

բ. ամենամյա ծրագրի, ինչպես նաև դրանում ներառված զբաղվածության պետական ծրագրերից յուրաքանչյուրի համար մոնիթորինգային անձնագրի մշակում` համաձայն N 2 ձևի,

գ. ամենամյա ծրագրի, ինչպես նաև դրանում ներառված զբաղվածության պետական ծրագրերից յուրաքանչյուրի համար մոնիթորինգային ցուցանիշների մշակում` համաձայն N 3 ձևի,

դ. տեղեկատվության հավաքման ձևաչափերի, տեղեկատվական հոսքերի տեղաշարժման սխեմաների, մոնիթորինգի և գնահատման շրջանակներում գործող տեղեկատվական համակարգի արդիականացման տեխնիկական առաջադրանքի, շահառուների կարծիքների ուսումնասիրության հարցաթերթերի մշակում.

2) մոնիթորինգի և գնահատման անձնագրի, ցուցանիշների, տեղեկատվության հավաքման ձևաչափերի համաձայնեցում. այս փուլում տվյալ ծրագրի մոնիթորինգի և գնահատման գործընթացում ներգրավված կողմերի միջև իրականացվող քննարկումների արդյունքում լրամշակվում են ծրագրի մոնիթորինգի և գնահատման անձնագիրը, ցուցանիշները, գործող տեղեկատվական համակարգերի արդիականացման տեխնիկական առաջադրանքը, տեղեկատվության հավաքման ձևաչափերը, դրանց տրամադրման պարբերականությունը, և վերջնական տեսքի բերված փաթեթը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համաձայնեցմանը: Քննարկմանը մասնակից կողմերի ցանկը սահմանվում է մոնիթորինգի և գնահատման անձնագրով.

3) տեղեկատվության հավաքում. այս փուլում, ըստ սահմանված մոնիթորինգային ցուցանիշների, իրականացվում է պահանջվող տեղեկատվության հավաքագրում` համաձայն սահմանված ձևաչափերի: Մոնիթորինգի գործընթացի շրջանակներում պահանջվող տեղեկատվությունը հավաքագրվում է հաշվետվությունների, ուսումնասիրությունների և հետազոտությունների, ինչպես նաև տեղեկատվական շտեմարաններից տեղեկատվության առցանց ստացման միջոցով.

4) արդյունքների մոնիթորինգ. այս փուլում իրականացվում են հաշվետվությունների, ուսումնասիրությունների և հետազոտությունների, ընթացիկ մշտադիտարկման արդյունքների վերլուծություն, սահմանված թիրախային ցուցանիշներից ընթացիկ ցուցանիշների շեղումների բացահայտում, ինչպես նաև հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեներից ստացված համապատասխան առաջարկությունների դիտարկում և ստացված արդյունքների ամփոփում.

5) գնահատման իրականացում. այս փուլում, հիմք ընդունելով մոնիթորինգի արդյունքները, իրականացվում է ծրագրի արդյունավետության, մատուցված ծառայության գնահատում` համաձայն հաստատված մեթոդաբանության.

6) հաշվետվության կազմում. այս փուլում կազմվում է ամենամյա ծրագրի և դրանում ներառված յուրաքանչյուր ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասին հաշվետվություն, որը ներառում է տվյալ ծրագրի արդյունավետության գնահատականը, միջանկյալ և հեռահար նպատակներին այդ գնահատականի համապատասխանության հիմնավորումը, թիրախային ցուցանիշներից շեղումները, ծրագրի հետագա բարելավման, դրա ֆինանսավորման ավելացման կամ կրճատման, ծրագրի աննպատակահարմարության, ծրագրին առնչվող նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև իրավիճակից բխող այլ անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները.

7) մոնիթորինգի և գնահատման արդյունքների կիրառում. այս փուլում որոշվում են մոնիթորինգի և գնահատման արդյունքների կիրառման ուղղությունները` պետական քաղաքականության և ծրագրի իրականացման շրջանակներում, ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և իրականացվում են միջոցառումներ` ծրագրում տեղ գտած շեղումները և թերությունները վերացնելու համար:

9. Ամենամյա ծրագրում ներառված նոր ծրագրերի հնարավոր ռիսկերի կանխատեսման և գնահատման գործընթացը ներառում է հետևյալ քայլերը`

1) ծրագրի վերլուծություն, ուժեղ և թույլ կողմերի նախանշում.

2) ծրագրի իրականացման դեպքում հնարավոր ռիսկերի բացահայտում և դրանց հնարավոր ազդեցությունների վերլուծություն.

3) ծրագրի հնարավոր արդյունավետության գնահատում և եզրակացություն ներկայացնելը:

 

IV. ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Ամենամյա ծրագրի ընդհանրական մոնիթորինգի և գնահատման արդյունքում ներկայացվում է հետևյալ եզրակացություններից մեկը`

1) ծրագիրը գնահատվում է դրական.

2) ծրագիրը գնահատվում է բացասական:

11. Մոնիթորինգի և գնահատման արդյունքում ամենամյա ծրագրում ներառված գործող և փորձարկվող զբաղվածության պետական ծրագրերից յուրաքանչյուրի վերաբերյալ ներկայացվում է հետևյալ եզրակացություններից մեկը`

1) ծրագիրը գնահատվում է դրական և նպատակահարմար է այն ներառել հաջորդ տարվա ամենամյա ծրագրում, իսկ փորձարկվող ծրագրերի դեպքում` այն ներառել որպես գործող ծրագիր.

2) ծրագիրը գնահատվում է դրական և առաջարկվում է այն ներառել հաջորդ տարվա ամենամյա ծրագրում` համապատասխան փոփոխություններ և լրամշակումներ կատարելուց հետո.

3) ծրագիրը գնահատվում է բացասական և առաջարկվում է այն հանել հաջորդ տարվա ամենամյա ծրագրից:

12. Ամենամյա ծրագրում ներառված նոր ծրագրերի գնահատման արդյունքում ծրագրերից յուրաքանչյուրի վերաբերյալ ներկայացվում է հետևյալ եզրակացություններից մեկը`

1) ծրագիրը գնահատվում է դրական և առաջարկվում է ներառել ամենամյա ծրագրում.

2) ծրագիրը գնահատվում է բացասական և առաջարկվում է չներառել հաջորդ տարվա ամենամյա ծրագրում:

 

V. ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

13. Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որպես ամենամյա ծրագրի առանձին հավելված, Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ամենամյա ծրագրի (նախորդ տարվա) ընդհանրական մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև ամենամյա ծրագրում ներառված զբաղվածության պետական ծրագրերի մոնիթորինգի և գնահատման արդյունքների մասին (նախորդ տարվա և ընթացիկ տարվա առաջին կիսամյակի) ամփոփ հաշվետվությունը:

14. Ամենամյա ծրագիրը հաստատելիս` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաշվի է առնում սույն կարգի 13-րդ կետով սահմանված ամփոփ հաշվետվությունում ներառված տեղեկատվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

 

(կազմվում է յուրաքանչյուր ծրագրի համար առանձին)

.................................................................................................... ծրագրի համար

(Ծրագրի անվանումը)

NN ը/կ

Գործողության անվանումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու ստորաբաժանումը

Աշխա-տանքի ար-դյունքը

Ում է ներկա-
յացվում

Այլ նշում-ներ

1.

Ծրագրի տեղեկանքի կազմում
(ըստ անհրաժեշտության)

         

2.

Ծրագրի մոնիթորինգի անձնագրի մշակում

         

3.

Ծրագրի մոնիթորինգային ցուցանիշների մշակում

         

4.

Մոնիթորինգային ցուցանիշներին համապատասխան տեղեկատվության հավաքագրում

         

5.

Մոնիթորինգի արդյունքների վերլուծությունը և միջանկյալ հաշվետվությունը ներկայացնելը

         

6.

Ուսումնասիրությունների իրականացում

         

7.

Ուսումնասիրությունների մասին հաշվետվությունները ներկայացնելը

         

8.

Ծրագրի գնահատման իրականացում

         

9.

Ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասին ամփոփ հաշվետվությունը ներկայացնելը

         

Ձև N 2

 

ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ

 

.................................................................................................... ծրագրի համար

(Ծրագրի անվանումը)

N N ը/կ

Անվանումը

Նկարագիրը

Նշումներ

1.

Ծրագրի նպատակները, այդ թվում`

   

1.1.

ընթացիկ նպատակներ

   

1.2.

հեռահար նպատակներ

   

2.

Խնդիրները, որոնց լուծմանը միտված է ծրագիրը

   

3.

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները, այդ թվում`

   

3.1.

որակական

   

3.2.

քանակական

   

4.

Ծրագրի գործողությունները

   

5.

Ոլորտում (ենթաոլորտում) վարվող քաղաքականության նպատակադրումները, այդ թվում`

   

5.1.

ըստ ռազմավարական փաստաթղթերի

   

5.2.

ըստ այլ իրավական ակտերի

   

6.

Ծրագրի շահառուների շրջանակը

   

7.

Ծրագրին հատկացված միջոցների չափը

   

8.

Մոնիթորինգային ցուցանիշները

   

9.

Մոնիթորինգի և գնահատման գործընթացն իրականացնողների ցանկը

   

10.

Այլ պահանջներ (ըստ անհրաժեշտության)

   

Ձև N 3

 

ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ

NN ը/կ

Մոնիթորինգային ցուցանիշի անվանումը ըստ գործողությունների

Մոնիթորինգային ցուցանիշի բնույթը

Մոնիթորինգային ցուցանիշի հավաքագրման եղանակը

Այլ նշումներ

1

2

3

4

5

         
         
         

1. 3-րդ սյունակում, որպես մոնիթորինգային ցուցանիշի բնույթ, կատարվում են հետևյալ նշումները`

1) քանակական.

2) որակական:

2. 4-րդ սյունակում, որպես մոնիթորինգային ցուցանիշի հավաքագրման եղանակ, կատարվում են հետևյալ նշումները`

1) ուսումնասիրություններ.

2) վերլուծություններ.

3) հաշվետվություններ: