Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1166
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.09.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.09.24/51(1064) Հոդ.845
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.09.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2014

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 սեպտեմբերի 2014 թ.

 

1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀՅՈՒՍԻՍԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՐԵՆՑ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԱԳԱ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2014թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով Արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

Արձանագրությունն ստորագրվել է 1997թ. դեկտեմբերի 19-ին` Բրյուսելում և հանդիսանում է ՀՀ կողմից 2004 թվականի մարտի 31-ին ԱԺ Ն-086-3 որոշմամբ վավերացված (ՍԴՈ-471) 1995 թվականի հունիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրություն:

Արձանագրության նպատակն է նպաստել «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի պետությունների զինված ուժերի անհատական գործընկերությանը` հաշվի առնելով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող պետությունների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական շտաբների և շտաբների անձնակազմի կարգավիճակը սահմանելու և կարգավորելու անհրաժեշտությունը:

Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները`

- առանց սահմանափակելու այն պետությունների իրավունքները, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են կամ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակից, սակայն Արձանագրության Կողմեր չեն, որպես Արձանագրության Կողմ կիրառել այն դրույթները, որոնք նույնատեսակ են Փարիզյան արձանագրությունում ամրագրված դրույթների հետ՝ բացառությամբ այն դրույթների, որոնք փոփոխված են Արձանագրությունում՝ փաստաթղթի Կողմի տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական շտաբների և նրանց ռազմական ու քաղաքացիական անձնակազմի կողմից իրականացվող գործունեության առնչությամբ (հոդված II),

- ի լրումն այն տարածքի, որի նկատմամբ կիրառվում է Փարիզյան արձանագրությունը, ընդունել Արձանագրության կիրառումը բոլոր Կողմ պետությունների տարածքի նկատմամբ, ինչպես նշված է ԳհԽ ԶՈՒԿՀ-ի II հոդվածի 1-ին պարբերությունում (հոդված III, կետ 1),

- Արձանագրության կիրարկման նպատակներով՝ գործընկեր պետություններին վերաբերող հարցերում, Փարիզյան արձանագրության դրույթները, որոնք միջոցներ են նախատեսում Հյուսիսատլանտյան խորհրդին հղվող տարաձայնությունների մասով, մեկնաբանել որպես պահանջ շահագրգիռ Կողմերին` բանակցելու միմյանց հետ առանց որևէ արտաքին իրավազորության օգնության դիմելու (հոդված IV):

Քննության առնված Արձանագրության I հոդվածի առաջին կետի «ա», «բ», «գ» ենթակետերի և 4-րդ կետի, ինչպես նաև II, III և IV հոդվածների համաձայն` Կողմերը պարտավոր են այդ փաստաթղթով նախատեսված որոշակի իրավահարաբերությունների կարգավորման համար որպես հիմք ընդունել նաև «Հյուսիսատլանտյան պայմանագրի համաձայն հիմնադրված Միջազգային ռազմական շտաբների կարգավիճակի վերաբերյալ արձանագրությունը»` կատարված Փարիզում 1952 թվականի օգոստոսի 28-ին:

Հայաստանի Հանրապետությունը նշված «Փարիզյան արձանագրությանը» չի միացել:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունը միանում է այնպիսի միջազգային պայմանագրի, որը պարունակում է պարտադիր կատարման ենթակա պարտավորություններ` նախատեսված այլ միջազգային պայմանագրերով, որոնց ՀՀ-ն չի միացել, ՀՀ ազգային իրավակիրառողները ղեկավարվում են «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջներով: Համաձայն այդ հոդվածի` եթե օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում հղումներ կան այդ պայմանագրի կատարման ընթացքում հաշվի առնելու կամ կիրառելու նաև այնպիսի միջազգային պայմանագիր, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ չէ, ապա Հայաստանի Հանրապետության կողմից այդ պայմանագիրը ենթակա է կատարման միայն այն ծավալով, որը համատեղվում է այն պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ, որում հղում է արվում այդ մյուս պայմանագրին և այդ ծավալի միայն այն մասով, որը Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող կամ նոր օրենք ընդունելու պահանջներ նախատեսող դրույթներ չի պարունակում։

Ըստ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ կետի`բոլոր դեպքերում հղումով նշված միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար անմիջական պարտավորություններ չի կարող առաջացնել, քանի դեռ այդ պայմանագրով և տվյալ օրենքով սահմանված կարգով այն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ չի մտել։

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների և «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջև իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


16 սեպտեմբերի 2014 թ.
 ՍԴՈ-1166

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան