Գլխավոր տեղեկություն
Համար
N 1874-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (06.12.2014-17.10.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.01.24/6(530) Հոդ.117
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.10.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1874-Ն

ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԾԵՐ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ  ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 30-րդ հոդվածի 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծերերի և հաշմանդամություն ունեցողների խնամքի և սոցիալական սպասարկման չափորոշիչները.

բ) հաստատել խնամք ստանալու համար դիմումի ձևը, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևը.

գ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ համատեղ հաստատել խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտի ձևը.

դ) հաստատել բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (տուն-ինտերնատ) քաղաքացիների ընդունելության, դուրսգրման (այդ թվում` ժամանակավոր դուրսգրման), աշխատանքային թերապիայի կազմակերպման, ինչպես նաև տնային պայմաններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում ծերերին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ու սոցիալական ծառայությունների տրամադրման ընթացակարգերը:

(2-րդ կետը փոփ., լրաց. 13.09.13 N 1035-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. դեկտեմբերի 30
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
 դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԾԵՐ ԵՎ հաշմանդամություն ունեցող ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

I . ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպության կողմից ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին պետական ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

2. Խնամքը տրամադրվում է տնային պայմաններում կամ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:

2.1. Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունները (այսուհետ` հաստատություն) երկու տիպի են`

ընդհանուր` ծերերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար.

հատուկ` քրոնիկ հոգեկան հիվանդություններ ունեցող կամ խորը մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով անձանց համար:

(2.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն, 13.11.14 N 1264-Ն)

3. Խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված` ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում) քաղաքացիներին և հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ` հաճախորդ), ընդ որում, տնային պայմաններում և սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնի հաճախորդը կարող է կատարել միայն գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանք, իրականացնել աշխատաժամանակի կարճ տևողությամբ կամ ժամանակավոր, ինչպես նաև տնայնագործական աշխատանք:

(3-րդ կետը խմբ. 03.09.10 N 1123-Ն, 13.09.13 N 1035-Ն)

4. Հաճախորդներին խնամքը տրամադրվում է իրենց բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների (այսուհետ` գործակալություն) ղեկավարի` սույն կարգի 7-րդ կետում սահմանված` սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կատարած տնային այցելության արդյունքներով կազմված արձանագրության, եզրակացության և առաջարկության հիման վրա կայացրած որոշմամբ:

(4-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 13.09.13 N 1035-Ն)

 

II. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Խնամք ստանալու համար դրա կարիքն ունեցող հաճախորդը կամ խնամակալը կամ պատրոնը դիմում է հաճախորդի փաստացի բնակության վայրի գործակալություն:

(6-րդ կետը լրաց. 03.09.10 N 1123-Ն, խմբ. 13.09.13 N 1035-Ն)

6.1. Ընդհանուր տիպի հաստատություն ընդունվելու և տնային պայմաններում խնամք ստանալու համար հաճախորդը գործակալություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում, որում նշվում է խնամքի տեսակը.

2) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ դրանցից հրաժարվելու մասին տեղեկանքը.

4) տեղեկանք հաշմանդամության վերաբերյալ` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից.

5) տեղեկանք կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնից կենսաթոշակի չափի և տեսակի վերաբերյալ.

6) խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդի բժշկական քարտ, իսկ տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու համար` քաղվածք մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից:

(6.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)

6.2. Հատուկ տիպի հաստատություն ընդունվելու համար հաճախորդի խնամակալը (պատրոնը), բացի սույն կարգի 6.1-ին կետում նշված փաստաթղթերից, ներկայացնում է նաև`

1) խնամակալի (պատրոնի) անձը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը.

2) խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը` տվյալ անձի նկատմամբ խնամակալություն (պատրոնաժ) սահմանելու մասին.

3) քաղաքացուն անգործունակ ճանաչելու դեպքում` դատարանի վճռի պատճենը քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին.

4) քաղվածք հիվանդության պատմությունից կամ հոգեբուժական դիսպանսերի բժշկական քարտից:

(6.2-րդ կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)

6.3. Սույն կարգի 6.1-ին և 6.2-րդ կետերում սահմանված փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանք ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում:

(6.3-րդ կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)

6.4. Սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոն ընդունվելու համար քաղաքացին ներկայացնում է`

1) դիմում.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ դրանցից հրաժարվելու մասին տեղեկանքը.

4) տեղեկանք հաշմանդամության վերաբերյալ` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

(6.4-րդ կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)

7. Գործակալության աշխատողը հաճախորդի դիմումն ստանալուց հետո, 15-օրյա ժամկետում, կատարում է տնային այցելություն, նրա ընտանիքի կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:

8. Հաճախորդին անհապաղ խնամք տրամադրելու մասին որոշում կարող է ընդունվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից կամ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անձի անօգնական վիճակի մասին տեղեկատվություն ստանալու դեպքում:

8.1. Անօգնական վիճակում հայտնված և ոչ աշխատանքային օրերին ու ժամերին ընդհանուր տիպի հաստատություն դիմած հաճախորդին հաստատության տնօրինության կողմից անհապաղ տրամադրվում է խնամքի անհրաժեշտ ծառայություններ: Դրա մասին առաջիկա աշխատանքային օրվա ընթացքում հաստատության տնօրինության կողմից տեղյակ է պահվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) և համապատասխան գործակալություն` սույն կարգի համաձայն հաճախորդի տեղավորումը հաստատություն կազմակերպելու համար:

(8.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)

9. Գործակալության աշխատողը տնային այցելության արձանագրությունը եզրակացության և խնամք տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ առաջարկության հետ միասին ներկայացնում է գործակալության պետին:

Գործակալության պետն առկա փաստաթղթերի և այդ առաջարկության հիման վրա ընդունում է որոշում խնամք տրամադրելու կամ մերժելու մասին:

10. Գործակալության պետի որոշման մեջ նշվում է տրամադրվող խնամքի տեսակը:

11. Գործակալությունը խնամք տրամադրելու մասին ընդունած որոշման պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն:

(11-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)

12. Նախարարությունը գործակալությունից ստացած որոշումների հիման վրա իրականացնում է խնամքի և սոցիալական ծառայություններ ստանալու համար դիմած քաղաքացիների հաշվառում, կազմում հերթացուցակ ըստ դիմում տալու օրվա, խնամքի տեսակի և համակարգում է նրանց խնամքի տրամադրման գործընթացը: Նախարարությունն ստեղծում և վարում է խնամք ստացողների անհատական տվյալների տեղեկատվական շտեմարան, որի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:

(12-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)

12.1. Նախարարությունը խնամք տրամադրող կազմակերպություններից ստանալով օպերատիվ տեղեկատվություն ազատ տեղերի վերաբերյալ դրա մասին անմիջապես տեղեկացնում է համապատասխան հերթացուցակի առաջին համարի հաճախորդի խնամքի տրամադրման վերաբերյալ որոշում կայացրած գործակալությանը:

(12.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)

12.2. Գործակալությունը նախարարությունից ստանալով սույն կարգի 12.1-ին կետով նախատեսված տեղեկատվությունը, հաճախորդին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղեգրում է խնամք տրամադրող համապատասխան կազմակերպություն, դրա մասին տեղեկացնելով նախարարությանը: Քաղաքացին կարող է տուն-ինտերնատ ներկայանալ ուղեգիրը տալու օրվանից 7-օրյա ժամկետում:

(12.2-րդ կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն, 13.11.14 N 1264-Ն)

12.3. Ուղեգիրն ստանալուց հետո սահմանված 7-օրյա ժամկետում տուն-ինտերնատ չներկայանալու դեպքում քաղաքացին ոչ ուշ, քան ուղեգրի ժամկետը լրանալու օրվանից 7 օրվա ընթացքում ուղեգիրը վերադարձնում է գործակալություն` գրավոր տեղեկացնելով տուն-ինտերնատ չգնալու պատճառների մասին.

1) հարգելի պատճառների դեպքում (հիվանդություն, հարազատի հիվանդություն կամ մահ և այլն) գործակալությունը տրամադրում է նոր ուղեգիր.

2) քաղաքացին տուն-ինտերնատ չներկայանալու համար գործակալություն հարգելի պատճառներ չներկայացնելու կամ սույն որոշման հավելվածի սույն կետով սահմանված ժամկետում գործակալություն չներկայանալու դեպքում գործակալությունը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է նախարարություն՝ քաղաքացուն հաշվառումից հանելու համար:

(12.3-րդ կետը լրաց. 13.11.14 N 1264-Ն)

12.4. Սահմանված ժամկետում տուն-ինտերնատ չներկայանալու կամ ուղեգիրը գործակալություն չվերադարձնելու մասին տեղեկանալու դեպքում նախարարությունը քաղաքացուն հանում է հաշվառումից՝ դրա մասին տեղեկացնելով համապատասխան գործակալությանը:

(12.4-րդ կետը լրաց. 13.11.14 N 1264-Ն)

12.5. Հաշվառված քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ կարող է հետաձգվել քաղաքացու կամ նրա խնամակալի կողմից գործակալություն ներկայացված դիմումի (հիմնավոր պատճառների՝ առողջական խնդիրներ, հարազատի մահ, եղանակային պայմաններ և այլն) հիման վրա` մինչև 6 ամիս ժամկետով: Գործակալությունը քաղաքացու դիմումի մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է նախարարությանը:

(12.5-րդ կետը լրաց. 13.11.14 N 1264-Ն)

13. Խնամքի տրամադրումն առանց հաճախորդի կամ նրա խնամակալի համաձայնության, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կարող է իրականացվել հետևյալ դեպքում, երբ նա իր խնամակալից չի ստանում անհրաժեշտ խնամք և ուշադրություն՝

ա) իր հիմնական պահանջմունքները (ինքնասպասարկման և (կամ) ակտիվ տեղաշարժվելու ունակության կորուստ) ինքնուրույն բավարարելու անկարողության դեպքում.

բ) օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչվելու դեպքում:

14. Հաճախորդին, առանց նրա կամ նրա խնամակալի համաձայնության, սույն կարգի 13-րդ կետում նշված հիմքերով հաստատությունում տեղավորելու որոշումը գործակալության առաջարկությամբ ընդունում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

(14-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

15. Հաճախորդին հաստատություն տեղավորելուց հետո մեկամսյա ժամկետում խնամակալության և հոգաբարձության մարմինը, հաստատություններից ստանալով տեղեկատվություն, ընդունում է որոշում դադարեցնել հաճախորդի նկատմամբ նախկինում սահմանված խնամակալությունը և քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով խնամակալ է ճանաչվում այն հաստատությունը, որտեղ տեղավորվել է հաճախորդը:

(15-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

16. Խնամքի տրամադրումը հաճախորդին տնային պայմաններում և հաստատություններում կարող է մերժվել, եթե նա տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով:

(16-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)

17. Սույն կարգի 16-րդ կետում նշված հիմքով խնամքի տրամադրումը կարող է մերժվել համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա:

Նշված հիմքով ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացուն խնամքի տրամադրումը մերժելու դեպքում գործակալությունը միջնորդում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` հիվանդի համաձայնությամբ նրա բուժման գործընթացը մասնագիտացված բուժհաստատությունում կազմակերպելու համար:

(17-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

 

III. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

18. Տնային պայմաններում խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած` միայնակ քաղաքացիներին, հաշմանդամություն ունեցող միայնակ անձանց և միայն նշված անձանցից կազմված ընտանիքներին, որոնց համար կազմվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատած սոցիալական դեպքի վարման հրահանգով սահմանված անհատական սոցիալական ծրագիր: Խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին` ժամը 1000-1800-ն ընկած ժամանակահատվածում, հաճախորդին նրա անհատական կարիքներին համարժեք` գործակալության սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կազմած անհատական սոցիալական ծրագրի հիման վրա: Տնային պայմաններում հաճախորդին տրամադրվում են հետևյալ ծառայությունները`

1) կենցաղային սպասարկում.

2) առաջնային բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ- հոգեբանական օգնություն.

4) իրավաբանական խորհրդատվություն:

(18-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)

19. Գործակալության ուղեգիրն ստանալուց հետո տնային պայմաններում խնամք տրամադրող կազմակերպության մասնագետների խումբը (սոցիալական աշխատողը, բժիշկը և հոգեբանը) 7-օրյա ժամկետում կատարում է հաճախորդի տնային այցելություն, որի արդյունքում հաճախորդի հետ կնքվում է պայմանագիր սույն կարգի 18-րդ կետում նշված անհատական սոցիալական ծրագրի իրականացման վերաբերյալ:

(19-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)

20. Տնային պայմաններում հաճախորդին խնամքի տրամադրումը դադարեցվում է`

ա) հաճախորդի գրավոր դիմումի հիման վրա.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության դեկտեմբերի 7-ի  N 1874-Ն որոշմամբ հաստատված ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում` մասնագիտացված բժշկական հաստատության եզրակացության հիման վրա.

գ) հաճախորդի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացվելու դեպքում.

դ) հաճախորդի մահվան դեպքում:

(20-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

 

IV. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

 

21. Սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը (այսուհետ` կենտրոն) նախատեսված է ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած, չաշխատող քաղաքացիների և հաշմանդամություն ունեցող անձանց համար` ցերեկային ժամերին` ժամը 0900-1800-ն, գործակալության սոցիալական աշխատողի (դեպք վարողի) կազմած անհատական սոցիալական ծրագրի հիման վրա` իրենց անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայություններ տրամադրելու նպատակով: Ըստ իրենց նպատակի, սպասարկվողների խմբի և տարիքային կազմի` կենտրոնները կարող են ունենալ տարբեր ուղղվածություն` նախատեսված ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար` ելնելով սպասարկվողների առանձնահատուկ կարիքներից և կենտրոնների կանոնադրական խնդիրներից:

(21-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)

22. Հաճախորդներին կենտրոնում խնամք տրամադրվում է գործակալության կողմից տրված ուղեգրի հիման վրա` կենտրոնի ղեկավարի հրամանով:

(22-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

23. Կենտրոնում հաճախորդներին տրամադրվում է`

ա) սնունդ՝ օրական մեկ անգամ.

բ) առաջնային բուժօգնություն.

գ) սոցիալ-հոգեբանական օգնություն.

դ) իրավաբանական խորհրդատվություն:

24. Կենտրոնը կազմակերպում է հաճախորդների ժամանցը, ինչպես նաև մշակութային միջոցառումներ:

24.1. Կենտրոնում հաճախորդին խնամքի տրամադրումը դադարեցվում է հաճախորդի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, խնամք տրամադրելու հիմքերի վերացման, հաճախորդի` մասնագիտացված բժշկական հաստատությունում բուժման կարիք ունենալու վերաբերյալ համապատասխան հաստատության եզրակացության հիման վրա, հաճախորդի կողմից կենտրոնի ներքին կանոնակարգի երեք և ավելի անգամ խախտման կամ հաճախորդի մահվան դեպքում:

(24.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)

 

V. ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

25. Հաստատությունում հաճախորդներին տրամադրվում է երկարաժամկետ կացարան և շուրջօրյա լրիվ խնամք: Խնամք տրամադրվում է ընդհանուր կամ հատուկ հաստատություններում:

(25-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

26. Ընդհանուր տիպի հաստատությունը նախատեսված է խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ներքոհիշյալ սոցիալական խմբերին դասված անձանց շուրջօրյա խնամքի, սոցիալական սպասարկման և բնակության համար` բացառությամբ սույն կարգի 27-րդ կետում նախատեսված անձանցից.

1) ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած (այսուհետ` ծեր), չաշխատող միայնակ կենսաթոշակառուների.

2) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց.

3) ընտանիքում աշխատունակ անդամ չունեցող ծեր քաղաքացիների.

4) ծեր կամ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների` ընտանիքում բռնության, սոցիալական մեկուսացվածության կամ բարոյահոգեբանական անհամատեղելի իրավիճակի առկայության դեպքում:

(26-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)

27. Հատուկ տիպի հաստատությունը նախատեսված է խնամքի կարիք ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 18 տարին լրացած քրոնիկ հոգեկան հիվանդությամբ կամ խորը մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող, ծերունական փսիխոզով, ծանր արտահայտված սկլերոզով անձանց շուրջօրյա խնամքի, սոցիալական սպասարկման և բնակության համար:

(27-րդ կետը փոփ. 03.09.10 N 1123-Ն, խմբ. 13.09.13 N 1035-Ն)

28. Հաճախորդի ընդունելությունը հաստատություն ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով:

(28-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

29. Հաճախորդը հաստատություն ընդունելության օրվա ընթացքում անցնում է բժշկական զննություն, սանիտարական մշակում և, անհրաժեշտության դեպքում, 3 օրով տեղավորվում հատուկ սենյակում` կարանտին անցնելու համար: Հաճախորդի համար լրացվում է բժշկական քարտ:

(29-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

30. Հաստատությունը հաճախորդին տրամադրում է`

ա) անհրաժեշտ կահույք.

բ) հագուստ, սպիտակեղեն, կոշկեղեն, անկողնային պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած չափորոշիչներին համապատասխան.

գ) անձնական հիգիենայի պարագաներ:

(30-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

31. Հաստատությունը կազմակերպում է հաճախորդների`

ա) սնունդը (օրական առնվազն երեք անգամ),

բ) առաջնային բուժօգնությունը,

գ) սոցիալ-հոգեբանական օգնությունը,

դ) իրավաբանական խորհրդատվությունը,

ե) պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովումը,

զ) բժշկասոցիալական փորձաքննությունը,

է) ստացիոնար բուժական հաստատություն ուղեգրումը,

ը) ազատ ժամանցը,

թ) աշխատանքային թերապիան:

(31-րդ կետը փոփ., լրաց. 13.09.13 N 1035-Ն)

32. Հատուկ սննդակարգի կարիք ունեցող հաճախորդների համար կազմակերպվում է դիետիկ սնունդ, որը նշանակվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության բժշկի կողմից:

33. Հաճախորդը, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի դեպքում, մինչև մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխվելը, տեղավորվում է հաստատության հատուկ առանձնացված սենյակում` բժշկի եզրակացության հիման վրա, որի մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն:

(33-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

34. Հաստատության բժիշկը յուրաքանչյուր օր կազմակերպում է բոլոր հաճախորդների համայց և նրանց ցույց տալիս անհրաժեշտ բուժօգնություն, իսկ ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնում է բոլոր հաճախորդների բուժզննում և կատարում գրառում հաճախորդի բժշկական քարտում:

(34-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

35. Հաճախորդին առկա (ստացիոնար) բժշկական հաստատություն տեղափոխելու դեպքում ընդհանուր տիպի հաստատությունը կազմակերպում է նրա սննդի ապահովումը, իսկ հատուկ տիպի հաստատությունը` նաև խնամքը:

(35-րդ կետը խմբ. 13.09.13 N 1035-Ն)

36. Հաճախորդներին կարող են այցելել իրենց հարազատներն ու ծանոթները:

37. Հաճախորդները հաստատության ղեկավարի հրամանով կարող են տարվա մեջ առավելագույնը 90 օր ժամկետով դուրս գրվել հաստատությունից՝ իրենց հարազատներին հյուրընկալվելու նպատակով՝ իրենց կամ իրենց հարազատի գրավոր դիմումի հիման վրա: Հետ վերադարձի ժամանակ հաճախորդը ներկայացնում է տեղեկանք բնակավայրում վարակիչ հիվանդությունների ներբերման կանխարգելման մասին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնից:

(37-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

38. Հաստատությունից հաճախորդի դուրսգրումը կատարվում է հաստատության ղեկավարի հրամանով:

(38-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

39. Ընդհանուր տիպի հաստատության հաճախորդը հոգեկան խանգարումներով և անձի արտահայտված աթերոսկլերոտիկ փոփոխություններով ընթացող հիվանդությունների դեպքում տեղափոխվում է հատուկ հաստատություն:

(39-րդ կետը խմբ. 03.09.10 N 1123-Ն, 13.09.13 N 1035-Ն)

39.1. Ընդհանուր տիպի հաստատության ղեկավարը հաճախորդի հոգեկան առողջության վերաբերյալ հոգեբույժի եզրակացությունն ստանալուց հետո տեղեկացնում է նրա հարազատին` հաճախորդին սույն կարգի համաձայն հատուկ տիպի հաստատություն տեղափոխելու համար:

(39.1-ին կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)

39.2. Հաճախորդի հարազատների բացակայության կամ հաճախորդին հատուկ տիպի հաստատություն տեղափոխելուց նրանց հրաժարվելու դեպքում` հաստատության ղեկավարը դիմում է հաստատության գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմին` հաճախորդին հատուկ տիպի հաստատություն տեղափոխելու գործընթացը համաձայն սույն կարգի կազմակերպելու համար:

(39.2-րդ կետը լրաց. 13.09.13 N 1035-Ն)

40. Հաճախորդի մահվան դեպքում` հաստատության ղեկավարն անհապաղ տեղյակ է պահում շտապ բժշկական օգնության ծառայություն` մահվան փաստն արձանագրելու, դիակը դիահերձարան տեղափոխելու և սահմանված կարգով ոստիկանություն տեղեկացնելու համար, այնուհետև հանգուցյալի հարազատներին (եթե այդպիսիք կան)` հուղարկավորությունը կազմակերպելու համար: Հարազատների բացակայության կամ հանգուցյալի հուղարկավորությունը կազմակերպելուց նրանց հրաժարվելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպում է հաստատությունը: Հաճախորդի մահն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնում:

(40-րդ կետը փոփ., լրաց. 13.09.13 N 1035-Ն)

 

VI. ՀՈՍՊԻՍԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

41. Հոսպիսային օգնությունը տրամադրվում է մահամերձ վիճակում գտնվող քաղաքացուն կյանքի վերջին ամիսների, օրերի ընթացքում՝ բժշկի եզրակացության և հոսպիսային օգնություն տրամադրող կազմակերպությանը հաճախորդի կամ նրա հարազատների գրավոր դիմումի հիման վրա:

42. Հոսպիսային օգնություն հաճախորդներին տրամադրվում է հոսպիսային օգնություն տրամադրող կազմակերպություններում (անկախ կազմակերպական-իրավական ձևից), հաստատություններում` առանձնացված բաժանմունքներում, ինչպես նաև` տնային պայմաններում:

(42-րդ կետը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

43. Հոսպիսային օգնության տրամադրումը ձևակերպվում է հոսպիսային օգնություն տրամադրող կազմակերպության ղեկավարի հրամանով:

44. Հոսպիսային օգնության շրջանակում հաճախորդին տրամադրվում է բժշկական և սոցիալ-հոգեբանական օգնություն:

45. Հաճախորդի ընտանիքի անդամներին հոսպիսային օգնության շրջանակում համապատասխան մասնագետները տրամադրում են սոցիալ-հոգեբանական օգնություն:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 03.09.10 N 1123-Ն, 13.09.13 N 1035-Ն, լրաց. 13.11.14 N 1264-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
 դեկտեմբերի 7-ի N 1874-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԾԵՐ ԵՎ հաշմանդամություն ունեցող ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 13.09.13 N 1035-Ն)

 

Հոգեկան խանգարումներ, բացառությամբ բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ հաստատություն ընդունվելու դեպքերի

Քրոնիկ ալկոհոլամոլություն կամ թմրամոլություն

Մաշկային վարակիչ հիվանդություն, սեռավարակներ` հիվանդության վարակի շրջանում

Օնկոլոգիական հիվանդություններով` դեկոմպենսացիայի շրջանում, բացառությամբ հոսպիսային օգնության տրամադրման դեպքի

Ինֆեկցիոն հիվանդություններ՝ հիվանդության սուր շրջանում

Տուբերկուլոզ` հիվանդության վարակի շրջանում

(հավելվածը փոփ. 03.09.10 N 1123-Ն, 13.09.13 N 1035-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.09.2015, N 1112-Ն 17.10.2015, N 1874-Ն
13.11.2014, N 1264-Ն 06.12.2014, N 1874-Ն
13.09.2013, N 1035-Ն 19.10.2013, N 1874-Ն
03.09.2010, N 1123-Ն 25.09.2010, N 1874-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան