Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.12/62(1075) Հոդ.978.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.07.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0055/02/13

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0055/02/13

2014 թ.

Նախագահող դատավոր՝  Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝   

Ա. Պետրոսյան

 

Ա. Խառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն) ընդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 21.655.001 ՀՀ դրամ, բռագանձումը տարածել Ընկերությանը պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, ինչպես նաև Ընկերության կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման հետևանքով առաջացած տոկոսները հաշվարկել և բռնագանձել մինչև պայմանագրով սահմանված վարձավճարները Նախարարությանը վճարելու օրը:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Մ. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 26.04.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.12.2013 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.04.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 467-րդ, 468-րդ, 624-րդ հոդվածները որոնք պետք է կիրառեր, սխալ է կիրառել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն ընդամենը մեկ դատական նիստով առանց Նախարարության ներկայության իրականացրել է և′ նախնական նիստ, և′ դատաքննություն, և անցել է վճռի հրապարկման, վկայակոչել և մնացած վարձավճարների գանձման մերժման հիմք համարել ոչ վերաբերելի օրենք` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, իր որոշման հիմքում դրել է այն, որ Դատարանը հայցը մերժել է հայցային վաղեմության հիմքով, իսկ բողոքաբերը չի անդրադարձել դրան, ուստի Վերաքննիչ դատարանը չէր կարող դուրս գալ բողոքի շրջանակներից այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում բարձրացված խախտումների շարքին է ըստ էության դասվում նաև հայցային վաղեմության մասով Դատարանի թույլ տված խախտումը:

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ «… հայցապահանջը մերժման ենթակա լինելու մասին հետևության Դատարանը հանգել է նաև հայցային վաղեմություն կիրառելու հիմքով, իսկ վերաքննիչ բողոքը հայցային վաղեմության կիրառման հետ կապված որևէ փաստարկ չի պարունակում», որից պարզ է դառնում, որ Վերաքննիչ դատարանն ընդունել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից հայցը մերժվել է ոչ միայն հայցային վաղեմություն կիրառելու, այլ նաև այլ հիմքերով, սակայն այդ հիմքերին Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նախարարությունը չի վիճարկել Դատարանի 01.01.2008 թվականից մինչև 31.12.2008 թվականն ընկած ժամանակահատվածի համար կիրառված հայցային վաղեմությունը, այլ Նախարարությունը վիճարկել է մնացած ժամանակահատվածի համար Դատարանի կողմից վարձավճարների գանձման վերաբերյալ դատական ակտում բացահայտված բոլոր, այդ թվում նաև օրենքով սահմանված ժամկետից ավելի կիրառված հայցային վաղեմության մասով առկա հիմքերը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը երկու տարբեր գործերով ցուցաբերել է իրար հակառակ մոտեցում այն դեպքում, երբ թիվ ՍԴ3/0086/02/12 քաղաքացիական գործով իր իսկ կողմից հրապարակված վճռով լուծել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագիրը` դրանով իսկ արձանագրելով, որ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Ընկերության միջև վարձակալ-վարձատու հարաբերություններն առկա են եղել մինչև վարձակալության պայմանագրի լուծումը, սակայն սույն վեճով արդեն հղում կատարելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին, հիմնավորել է, որ գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանն իր իսկ որոշմամբ արձանագրել է, որ սույն գործով բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հիմնադրի կողմից սահմանվել են բացառության դեպքեր, և վարձակալը շարունակել է օգտվել գույքից` հակասելով արդեն հենց բողոքարկվող դատական ակտի` «Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնում իր իսկ կողմից հաստատված այն հանգամանքին, որ խնդրո առարկա անշարժ գույքը միայն 19.10.2012 թվականին է հանձնվել Նախարարությանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Նախարարությունը հայցային վաղեմություն կիրառելու մասով վերաքննիչ բողոք չի ներկայացրել, հետևաբար Վերաքննիչ դատարանն այդ մասով վճիռը բեկանելու իրավասություն չուներ: Ուստի Վերաքննիչ դատարանը կայացրել է պատճառաբանված և իրավաչափ դատական ակտ, քանի որ քննության առարկա չի դարձրել և որոշում չի կայացրել Դատարանի վճռի այն մասի վերաբերյալ, որը չէր բողոքարկվել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ու Ընկերության միջև 08.10.2007 թվականին կնքվել է տարածքի վարձակալության պայմանագիր, որով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը պարտավորվել է վճարի դիմաց Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Գորիս քաղաքի Անտառամերձ հասցեում գտնվող ոչ բնակելի տարածք` շերտավոր ապակու արտադրություն կազմակերպելու նպատակով օգտագործելու համար (հատոր 1-ին, գ.թ. 6-10):

2) ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ու Ընկերության միջև 08.10.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրի 3.2 կետի համաձայն` վարձակալը վարձատուի հաշվին փոխանցում է վարձավճարը պայմանագրում նշված հաշվեհամարին` վարձակալության պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր ամսվա համար, նույն ամսվա 25-ից ոչ ուշ, որի վերաբերյալ եռօրյա ժամկետում ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն պետք է ներկայացնի վճարման անդորրագրերի պատճենները: Նշված պայմանագրի 1.2 կետով սահմանված է, որ պայմանագիրը գործում է մեկ տարի ժամկետով` 01.01.2008 թվականից մինչև 31.12.2008 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 6-10):

3) ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մտած 30.08.2012 թվականի թիվ ՍԴ3/0086/02/12 վճռով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության ու Ընկերության միջև 08.10.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը լուծվել է (հատոր 1-ին, գ.թ. 13-16):

4) Նախարարության ու Ընկերության միջև 19.10.2012 թվականին կատարվել է Գորիս քաղաքի Անտառամերձ հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի հանձման և ընդունման աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 17):

5) Գույքի վարաձակալության պայմանագրից առաջացած պարտավորությունների վերաբերյալ հաշվարկի համաձայն` 2008 թվականի փետրվար ամսից մինչև 2012 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Նախարարության կողմից կատարվել է ամսական վարձավճարի, բանկային տոկոսի և տույժերի հաշվարկ, որն ընդհանուր առմամբ կազմել է 21.655.001 ՀՀ դրամ, որից 16.519.355 ՀՀ դրամը` որպես պայմանագրով սահմանված վարձավճարի գումար, և 5.135.646 ՀՀ դրամը` որպես պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար 31.01.2013 թվականի դրությամբ հաշվարկված տոկոսներ (հատոր 1-ին, գ.թ. 11-12):

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցերին.

ա) արդյո՞ք կիրառման ոչ ենթակա օրենքի կիրառումը որպես հետևանք կարող է հանգեցնել հայցային վաղեմության սխալ կիրառման.

բ) արդյո՞ք Վերաքննիչ դատարանն իրավունք ունի հիմք ընդունել «ի լրումն վերաքննիչ բողոքի» վերտառությամբ փաստաթուղթն այն դեպքում, երբ այն ներկայացվել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո, և այդ փաստաթղթում նշված դատավարական և նյութական իրավունքի նորմերի խախտումների հիման վրա վերանայել դատական ակտը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Վկայակոչված իրավանորմերի կարգավորումից հետևում է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հայցի մերժման ինքնուրույն և բացառիկ հիմք է: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, սակայն, հայցը մերժելու նշված հիմքը չի կարող մեկուսացված լինել գործի փաստական հանգամանքներից և դրանց նկատմամբ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերից: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հայցային վաղեմության ինստիտուտի առանձնահատկությունները, գտնում է, որ հայցը մերժելու նշված հիմքի առկայությունը որոշակիորեն պայմանավորված է վիճելի իրավահարաբերության ճիշտ որակմամբ, դրա առանձին տարրերի` սուբյեկտի, օբյեկտի և բովանդակության բացահայտմամբ: Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է օրենսդրական կարգավորման տրամաբանությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հայցային վաղեմության ժամկետի լրանալը սահմանել է որպես հայցը մերժելու հիմք, ինչը նշանակում է, որ անգամ այն դեպքում, երբ պատասխանողը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ դիմում է ներկայացրել քաղաքացիական դատավարության սկզբնական փուլերում (գործը դատաքննության նախապատրաստելու), դատարանը, այնուամենայնիվ, պետք է գործը քննի ըստ էության և վերջնական դատական ակտում գնահատական տա հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությանը: Օրենսդրի այս մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների և պարտականությունների ծավալը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ նման անհրաժեշտությունը որոշ դեպքերում ուղղակի բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իրավակարգավորումից: Այսպես, օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքը սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխահարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ:

Վերը նշված դիրքորոշումը հիմնավորվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի իրավակարգավորման վերլուծության տեսանկյունից: Մասնավորապես` օրենսդիրը նշված հոդվածով ամրագրել է այն պահանջների շրջանակը, որոնց նկատմամբ հայցային վաղեմության ինստիտուտը կիրառելի չէ, հետևաբար քանի դեռ դատարանը չի պարզել հայցի փաստական և իրավական հիմքը, չի որակել վիճելի իրավահարաբերությունը, չի կարող դատողություններ անել հայցային վաղեմության կիրառելիության հարցի վերաբերյալ:

Այսպիսով, վերը նշված իրավական վերլուծությունների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճելի իրավահարաբերության սխալ որակումը, կիրառման ոչ ենթակա իրավանորմի կիրառումը որպես հետևանք կարող է հանգեցնել հայցային վաղեմության սխալ կիրառման:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում կողմերը 08.10.2007 թվականին կնքված վարձակալության պայմանագրով սահմանել են վարձավճարի չափը և դրա վճարման կարգը, որը, սակայն, պատասխանողի կողմից պատշաճ չի կատարվել, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հանդիսանում է պարտավորության խախտում: Հետևաբար, հայցվորը ձեռք է բերել պայմանագրով սահմանված 01.01.2008 թվականից մինչև 31.12.2008 թվականն ընկած ժամանակահատվածի վարձավճարների հանրագումարը պատասխանողից բռնագանձելու, ինչպես նաև դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարները պատասխանողից պահանջելու իրավունք, ինչը բխում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված իրավանորմից: Մինչդեռ հայցվորը դատարան է ներկայացրել 21.655.001 ՀՀ դրամի բռնագանձման պահանջը, որը ներառում է 2008 թվականի փետրվար ամսից մինչև 2012 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կատարված ամսական վարձավճարի, բանկային տոկոսի և տույժերի հաշվարկ այն դեպքում, երբ կողմերի միջև կնքված պայմանագրի 1.2 կետով ուղղակիորեն սահմանվել է նաև, որ պայմանագիրը գործում է մեկ տարի ժամկետով` 01.01.2008 թվականից մինչև 31.12.2008 թվականն ընկած ժամանակահատվածում: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612), ապա այն չի կարող պայմանագիրն անորոշ ժամկետով վերսկսված համարելու համար հիմք հանդիսանալ, քանի որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` ամրացված գույքի վարձակալության ժամկետը մեկ տարուց ավելի չի կարող սահմանվել, բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Մինչդեռ սույն քաղաքացիական գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հիմնադրի կողմից սահմանվել են բացառության դեպքեր և վարձակալը` պատասխանողը, շարունակել է օգտվել գույքից: Բացի այդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի համաձայն` լիազորված պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս նրա գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար, որը նույնպես բացակայում է սույն քաղաքացիական գործի նյութերում:

Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Ընկերության ներկայացուցչի հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի դրույթներից, որի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար: Այսինքն` Նախարարության կողմից ներկայացված վարձավճարների բռնագանձման մասին հայցապահանջը ենթակա է մերժման նաև պատասխանողի ներկայացուցչի կողմից հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության հիման վրա:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, պատճառաբանել է, որ «հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը միայն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայման ենթակա լինելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնը և այն փաստը, որ «հայցվորի կողմից ներկայացված 21.655.001 ՀՀ դրամի բռնագանձման մասին հայցապահանջը» մերժման ենթակա լինելու մասին հետևության Դատարանը հանգել է նաև «հայցային վաղեմություն կիրառելու հիմքով», իսկ վերաքննիչ բողոքը հայցային վաղեմության կիրառման հետ կապված որևէ փաստարկ չի պարունակում, Վերաքննիչ դատարանը հիմնավորված համարեց վերաքննիչ բողոքի պատասխանում բերված այն փաստարկը, որ բողոքարկված վճիռը հայցային վաղեմության կիրառմանը վերաբերող մասով վերանայման ենթակա չէ, ինչը նշանակում է, որ այդ վճիռը չի կարող բեկանվել` անկախ նրանից, թե վերաքննիչ բողոքում բերված փաստարկներն ինչ գնահատական կստանան Վերաքննիչ դատարանի կողմից։ Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնները վերաբերում են հայցի մերժման ինքնուրույն` հայցի հիմնավորվածության աստիճանի հետ չկապված հիմքի, և դատարանի կողմից այդ հիմքի կիրառման իրավաչափությունը վերաքննիչ բողոքում վիճարկված չլինելու պայմաններում այդ հիմքի կիրառմանը վերաբերող մասով վճիռը չի կարող բեկանվել անգամ այն դեպքում, եթե վճռի դեմ այլ հիմքերով բերված վերաքննիչ բողոքն ամբողջությամբ հիմնավորված համարվի, ուստի նշված պայմաններում վերաքննիչ բողոքի փաստարկների գնահատումը որևէ կերպ չի կարող ազդել բողոքարկված վճռի ճակատագրի վրա։ Հենց այս նկատառումներից ելնելով էլ Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ բողոքարկված վճիռը բեկանելու և փոփոխելու վերաբերյալ բողոք բերած անձի պահանջը բավարարվել չի կարող` անկախ այն հանգամանքից, թե որքանով են հիմնավորված բողոքում բերված փաստարկները, ուստի այդ փաստարկներից յուրաքանչյուրի գնահատմանն անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է»։

Վճռաբեկ դատարանը վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։

Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ:

Սույն գործով Նախարարությունը 23.05.2013 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքում որպես նյութական իրավունքի նորմի խախտման հիմք նշել է ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 624-րդ հոդվածի սխալ մեկնաբանումը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի ոչ ճիշտ կիրառումը: Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ հայցը մերժվել է նաև հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով, որևէ գնահատական չի տվել բողոքում ներկայացված հիմքերին և դրանց հիմնավորումներին: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անկախ այն հանգամանքից, թե բողոքարկման հիմքը նաև դատական ակտի բեկանման հիմք է, թե ոչ, վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել և իր կողմից կայացվող որոշման մեջ գնահատական տալ այդ հիմքերի հիմնավորվածությանը: Ավելին, Վճռաբեկ դատարանը հայցային վաղեմության ինստիտուտի վերաբերյալ վերը շարադրված դիրքորոշումների համատեքստում հերքում է նաև Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնները վերաբերում են հայցի մերժման ինքնուրույն` հայցի հիմնավորվածության աստիճանի հետ չկապված հիմքի, և դատարանի կողմից այդ հիմքի կիրառման իրավաչափությունը վերաքննիչ բողոքում վիճարկված չլինելու պայմաններում այդ հիմքի կիրառմանը վերաբերող մասով վճիռը չի կարող բեկանվել անգամ այն դեպքում, եթե վճռի դեմ այլ հիմքերով բերված վերաքննիչ բողոքն ամբողջությամբ հիմնավորված համարվի»: Մասնավորապես` սույն գործով վերաքննիչ բողոքը բերվել է վիճելի իրավահարաբերության նկատմամբ նյութական օրենսդրության նորմերի սխալ կիրառման հիմքով, հետևաբար անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում ուղղակիորեն նման հիմք նշված է, թե ոչ, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր պարզել, թե արդյոք նյութական օրենսդրության նորմի սխալ կիրառում առկա է, թե ոչ, և արդյոք կիրառման ոչ ենթակա նյութական նորմի կիրառումը որևէ ազդեցություն ունեցել է դատարանի եզրահանգումների վրա (օրինակ` նյութական նորմի սխալ կիրառումը կարող է հանգեցնել նաև հայցային վաղեմության ժամկետի սխալ հաշվարկման):

Մասնավորապես` սույն գործով Դատարանը վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որը ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին (այսուհետ` պետական մարմին) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով:

«ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ նախագահի 18.07.2007 թիվ ՆՀ-174-Ն հրամանագրի 7-րդ կետի համաձայն` կառավարության քաղաքականությունն առանձին բնագավառներում մշակում և իրականացնում են հանրապետական գործադիր մարմինները (այսուհետ` ՀԳՄ), որոնք ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են վարչապետի առաջարկությամբ` ՀՀ Նախագահի հրամանագրով, իսկ նույն հրամանագրի 8-րդ կետի համաձայն` ՀԳՄ-ներն են` ՀՀ նախարարությունները և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները:

Նույն հրամանագրի 15-րդ կետի համաձայն` ՀԳՄ-ի աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է հանրապետական գործադիր մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը: ՀԳՄ-ի աշխատակազմի կառուցվածքում ընդգրկվում են կառուցվածքային ստորաբաժանումներ (վարչություն, բաժին, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումներ (գործակալություն, տեսչություն), որոնց ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ պետական ոչ առևտրային կազմակերպություններն էականորեն տարբերվում են պետական կառավարչական հիմնարկներից ինչպես կազմակերպաիրավական ձևով, այնպես էլ իրենց գործառույթներով:

Մասնավորապես` պետական ոչ առևտրային կազմակերպություններն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ, մինչդեռ պետական կառավարչական հիմնարկներն այդ կարգավիճակը չունեն: Առաջինները ստեղծվում են միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով, իսկ երկրորդների ստեղծման նպատակն է օժանդակել Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին իրենց վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովմանը:

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 06-ի թիվ 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության 11.07.2002 թվականի թիվ 1229-Ն որոշման 1-ին կետի համաձայն` ՀՀ կառավարությունը «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 06-ի թիվ 197 որոշման` ստեղծել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը:

Վերը նշված որոշմամբ հաստատված ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 18-րդ կետի համաձայն` նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը, որպես պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

Վկայակոչված դրույթներից հետևում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետական կառավարչական հիմնարկ է, որի նկատմամբ կիրառելի է «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքը, այլ ոչ թե «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը, հետևաբար Դատարանը կիրառել է վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ոչ ենթակա օրենք, որպիսի նորմի կիրառման ուժով էլ որոշել է հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի սկզբնակետը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը վերոնշյալ հիմքով հիմնավոր է:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նաև վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանի կողմից որևէ գնահատման չի արժանացել վերաքննիչ բողոքի այն հիմնավորումը, որ Դատարանն անտեսել է 30.08.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ՍԴ3/0086/02/12 վճռով պայմանագրի լուծման փաստը: Մինչդեռ վերաքննիչ բողոքում նման փաստարկի առկայությունը ևս անուղղակիորեն վկայում է Դատարանի վճիռը հայցային վաղեմության կիրառման մասով բողոքարկված լինելու վերաբերյալ, քանի որ Դատարանը հայցային վաղեմության կիրառության հարցը լուծելիս պարտավոր էր գնահատել նաև կողմերի միջև պայմանագրային հարաբերությունների դադարման պահը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձի` դատավարական իրավունքի խախտումների վերաբերյալ փաստարկներին հնարավոր չէ անդրադառնալ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք։

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով։

Դատական ակտերի վերանայման վարույթներում, սակայն, պայմանավորված այդ վարույթների առանձնահատկություններով` քաղաքացիական դատավարության վերը նշված սկզբունքը ենթարկվում է որոշակի սահմանափակման:

Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոքի հիմքերը չեն կարող փոփոխվել, լրացվել բողոքի քննության ընթացքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Վերը նշված իրավակարգավորումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տնօրինչականության սկզբունքի դրսևորումներին մինչև վերաքննիչ վարույթի հարուցումը (վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը) և վերաքննիչ վարույթի հարուցումից հետո:

Վերաքննիչ վարույթի հարուցման փուլը ներառում է վերաքննիչ բողոքարկման և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու շրջանակներում իրականացվող դատավարական գործողությունները: Վերաքննիչ վարույթի հարուցումը պայմանավորված է օրենքով սահմանված կարգով վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրականացմամբ, որը ենթադրում է օրենսդրի կողմից ամրագրված ժամկետում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ վերաքննիչ բողոքի ներկայացում վերաքննիչ դատարան: Պայմանավորված բողոքարկման ենթակա դատական ակտի տեսակով` գործն ըստ էության լուծող, թե միջանկյալ, օրենսդիրը նախատեսել է բողոքարկման իրավունքի իրացման տարբեր ժամկետներ: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի և 140-րդ հոդվածի 1-ին կետի փոխկապակցված վերլուծությունից հետևում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման պարագայում այդ ժամկետը մեկ ամիս է: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված մեկամսյա ժամկետն օրենսդրի տեսանկյունից այն անհրաժեշտ ժամանակահատվածն է, որի շրջանակներում անձը կարող է իրապես իրացնել իր բողոքարկման իրավունքը: Հետևաբար այդ ժամանակահատվածում բողոքարկման իրավունքի սուբյեկտն օժտված է իրավունքների առավել լայն շրջանակով, քան վերաքննության մյուս փուլերում, և հակառակը, վերաքննիչ վարույթի հարուցման փուլում վերաքննիչ դատարանի մասնակցությունը դատավարական իրավահարաբերություններին կրում է պասիվ բնույթ` ի տարբերություն վերաքննության մյուս փուլերի: Վերոգրյալով պայմանավորված` վերաքննության հարուցման փուլում տնօրինչականության սկզբունքն առավել լայն դրսևորում ունի, քան վերաքննության մյուս փուլերում: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննության հարուցման փուլում տնօրինչականության սկզբունքը կարող է դրսևորվել նաև վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները փոփոխելով կամ լրացնելով, ինչը, սակայն, կարող է կատարվել մինչև բողոքարկման իրավունքի իրականացման համար սահմանված մեկամսյա ժամկետի ավարտը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի իրավակարգավորումից, համաձայն որի` վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Այդ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան վերջնաժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Նշված մեկամսյա ժամկետի ավարտից հետո կայացնելով վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում` վերաքննիչ դատարանը հարուցում է վերաքննիչ վարույթ, իսկ վերաքննիչ վարույթի հարուցմամբ սկսվում է բողոքի քննությունը վերաքննիչ դատարանում, որի ընթացքում գործում է վերաքննիչ բողոքի հիմքերը փոփոխելու, լրացնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 5-րդ կետով ամրագրված արգելքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերը կարող են փոփոխվել և/կամ լրացվել բացառապես վերաքննության հարուցման փուլում` մինչև բողոքարկման իրավունքի իրացման ժամկետը լրանալը:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 26.04.2013 թվականի վճռի դեմ Նախարարությունը 23.05.2013 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում որպես նյութական իրավունքի նորմի խախտման հիմք` նշել է ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 624-րդ հոդվածի սխալ մեկնաբանումը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի ոչ ճիշտ կիրառումը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.06.2013 թվականի որոշմամբ 23.05.2013 թվականի վերաքննիչ բողոքը վերադարձվել է` պետական տուրքը վճարված չլինելու պատճառաբանությամբ: Նախարարությունը 21.06.2013 թվականին կրկին ներկայացրել է նույն վերաքննիչ բողոքը` կցելով վճարված պետական տուրքի անդորրագիրը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2013 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ: Հետագայում` 02.07.2013 թվականին, Նախարարության կողմից փոստային առաքման եղանակով ներկայացվել է «ի լրումն վերաքննիչ բողոքի» վերտառությամբ փաստաթուղթ (որը Վերաքննիչ դատարանում մուտքագրվել է 04.07.2013 թվականին), որում որպես նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ նշվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և 20-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 28-րդ հոդվածը: Մասնավորապես` տվյալ փաստաթղթում վկայակոչվել է, որ Դատարանը, հայցվորի բացակայությամբ 2013 թվականի ապրիլի 16-ին սույն գործի շրջանակներում իրականացրել է ընդամենը մեկ դատական նիստ` դատաքննություն, և նույն թվականի ապրիլի 26-ին հրապարակել վճիռը:

Վերը նշվածը հիմք ընդունելով և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո վերաքննիչ բողոք բերած անձի տնօրինչական գործողությունների օրենսդրորեն սահմանափակման պայմաններում 02.07.2013 թվականին ներկայացված «ի լրումն վերաքննիչ բողոքի» վերտառությամբ փաստաթուղթը և դրանում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ հիմքերն ու հիմնավորումները չէին կարող դիտվել որպես վերաքննիչ բողոքի հիմքեր և հիմնավորումներ, ուստի և ենթակա չէին քննության Վերաքննիչ դատարանում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

Վերը նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտը դատավարական նորմերի խախտման հիմքով չի բողոքարկվել վերաքննիչ դատարան, հետևաբար այդ հիմքով վճռաբեկ բողոք բերվել չէր կարող, որպիսի պայմաններում բողոքի նշված փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկը, որ «ի լրումն ներկայացրած վերաքննիչ բողոքի» վերարտադրությամբ փաստաթղթի մեջ առկա հիմքերն ու հիմնավորումները վերաքննիչ բողոքի հիմքեր չեն, քանի որ «ի լրումն ներկայացրած վերաքննիչ բողոքի» փաստաթուղթը ներկայացվել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված մյուս փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու համար` նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն գործով արձանագրված նյութական և դատավարական նորմերի խախտումները կարող են վերացվել միայն առաջին ատյանի դատարանում քննության ընթացքում: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է նաև արդարադատության արդյունավետության շահերից և ուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովմանը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. Անտոնյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
 

Է. Հայրիյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան