Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 470-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2014-01.04.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.05/28(507)
Ընդունող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.10.2014
Ստորագրող մարմին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 29 հոկտեմբերի 2014 թ.
ք. Երևան

 թիվ 470-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2014 թվականի հոկտեմբերի 29-ի դռնբաց նիստում քաղաքացի Գևորգ Մաթևոսյանի կողմից Հանձնաժողով ներկայացված դիմումների հիման վրա քննարկեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի և Հանձնաժողովի 2009 թվականի մարտի 6-ի «Ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու մասին» թիվ 25-Ն որոշման պաշտոնական պարզաբանման մասին հարցերը:

Քաղաքացի Գևորգ Մաթևոսյանը, ելնելով առևտրային հարաբերություններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքների գների նվազագույն և առավելագույն սահմանաչափերի սահմանման հարցի հստակեցման և իրավական նորմի առավել հստակ ընկալման անհրաժեշտությունից, 2014 թվականի հոկտեմբերի 15-ին Հանձնաժողով ներկայացված դիմումներով (այսուհետ` Դիմումներ) խնդրել է պաշտոնապես պարզաբանել հետևյալ հարցերը.

1. արդյոք առկա է տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացվող կամ ձեռք բերվող ապրանքների գների սահմանման առավելագույն կամ նվազագույն թույլատրելիության սահմանափակումներ. մասնավորապես, կարող է արդյոք տնտեսվարող սուբյեկտը, այդ թվում՝ գերիշխող դիրք ունեցող, իր հայեցողությամբ իրացնել իր կողմից ներմուծվող ապրանքն իր որոշած ցանկացած գնով, թե ոչ, իսկ եթե ոչ, ապա որոնք են այն հստակ սահմանաչափերը, որոնց չպահպանելը կհանգեցնի կամ կարող է հանգեցնել գնի չհիմնավորված սահմանման միջոցով դրսևորված գերիշխող դիրքի չարաշահման,

2. Հանձնաժողովի թիվ 25-Ն որոշման իմաստով «սպառող» հասկացությունը արդյոք ներառում է բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացի, թե ոչ, իսկ եթե ոչ, ապա ովքեր են բացի նշված սուբյեկտներից ներառվում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով «սպառող» հասկացության մեջ:

Վերը նշված հարցերի քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:

1. Տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը երաշխավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք ազատ է իրականացնելու ցանկացած տնտեսական գործունեություն, որը չի խաթարում տնտեսական մրցակցությունը: Միաժամանակ մրցակցության ապահովումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանը: Մրցակցային քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է ապահովել այնպիսի իրավական համակարգ, որը տնտեսական գործունեության սահմանափակման արդյունքում կնպաստի տնտեսվարող սուբյեկտների և սպառողների շահերի միջև հավասարակշռվածության ստեղծմանը: Տնտեսվարող սուբյեկտների և սպառողների շահերի միջև հավասարակշռվածության ապահովմանն է ուղղված գերիշխող դիրքի չարաշահման արգելքը, որն ամրագրված է մի շարք իրավական ակտերով:

Այսպես, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 33.1-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:

Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:

Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` մրցակցության սահմանափակման նպատակներով քաղաքացիական իրավունքներն օգտագործել, ինչպես նաև շուկայում գերիշխող դրությունը չարաշահել չի թույլատրվում:

Գերիշխող դիրքի առկայության չափանիշները և հնարավոր դրսևորումները սահմանված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք): Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` գերիշխող դիրքի չարաշահում է համարվում իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սպառողների և տնտեսվարող սուբյեկտների շահերի հավասարակշռվածության ապահովման նպատակով սահմանափակել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների ձեռնարկատիրական գործունեության ազատությունը` ներառյալ շուկայում ապրանքի գինը ազատորեն սահմանելու, բարձրացնելու, իջեցնելու, պահպանելու իրավունքը: Նման սահմանափակումը վերաբերում է միայն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտի գործունեությանը, քանի որ գերիշխող դիրքի առկայության պայմաններում տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն է ստանում որոշիչ ազդեցություն ունենալու ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի և որոշակի ապրանքի շրջանառության ընդհանուր պայմանների վրա:

Միաժամանակ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չեն ապրանքների իրացման կամ ձեռքբերման գների առավելագույն և նվազագույն սահմանաչափեր: Այնուամենայնիվ, ելնելով որոշ շուկաների առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետությունում մի շարք իրավական ակտերով կարող են սահմանվել ապրանքների իրացման սակագներ, գների առավելագույն կամ նվազագույն չափեր, որոնց կիրառման պայմանները սահմանվում են այդ իրավական ակտերով:

Հանձնաժողովը Օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի խախտմամբ դրսևորված գերիշխող դիրքի չարաշահման յուրաքանչյուր դեպքի քննության շրջանակներում գնահատում է կոնկրետ գործի փաստական հանգամանքները, մասնավորապես տնտեսվարող սուբյեկտի դրսևորած վարքագիծը, ապրանքային շուկայի առանձնահատկությունները, ապրանքի արտադրության, ձեռքբերման կամ իրացման տնտեսական պայմանները և տնտեսվարող սուբյեկտի գնային քաղաքականության վրա ազդող մի շարք այլ գործոններ, ինչի արդյունքում գալիս է եզրահանգման գերիշխող դիրքի չարաշահման առկայության կամ բացակայության մասին: Ուստի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներն իրենց գնային քաղաքականության իրականացման ընթացքում պարտավոր են հաշվի առնել Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

2. Հանձնաժողովի թիվ 25-Ն որոշման 1-ին կետով Հանձնաժողովը պաշտոնապես պարզաբանել է, որ միևնույն գնով ձեռք բերված ապրանքը սպառողների տարբեր խմբերի միևնույն ժամանակահատվածում տարբեր գնով իրացնելը դիտվում է որպես իրացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից խտրական և (կամ) տարբերակված գների սահմանման կամ կիրառման միջոցով գերիշխող դիրքի չարաշահում, եթե վերջինս համապատասխան ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք, ինչպես նաև միևնույն գնով ձեռքբերված ապրանքը միևնույն ժամանակահատվածում սպառողների որոշակի խմբի առավել բարձր կամ առավել ցածր գնով իրացնելը դիտվում է որպես իրացնող տնտեսվարող սուբյեկտի կողմից իրացման չհիմնավորված գների սահմանման կամ կիրառման միջոցով գերիշխող դիրքի չարաշահում, եթե վերջինս համապատասխան ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

Հանձնաժողովի թիվ 25-Ն որոշման ընունման պահին գործող (2008 թվականի դեկտեմբերի 26-ի խմբագրությամբ) Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` գերիշխող դիրքի չարաշահում է համարվում իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական և (կամ) տարբերակված գների սահմանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը:

Պարզաբանման ենթակա հարցի քննարկման տեսանկյունից ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ վերը նշված դրույթում խոսքը վերաբերում է ապրանքի իրացման կամ ձեռքբերման գներին, իսկ Օրենքի (2008 թվականի դեկտեմբերի 26-ի խմբագրությամբ) 4-րդ հոդվածի 1-ին մասը, սահմանելով ապրանքային շուկայի սուբյեկտներ հասկացությունը, որպես ապրանքի ձեռքբերող նշում է ապրանքի գնորդին, ստացողին, ընդունողին, սպառողին:

Վերոգրյալի հաշվառմամբ Հանձնաժողովն ամրագրում է, որ թիվ 25-Ն որոշման մեջ «սպառող» հասկացությունը մեկնաբանվում է որպես ապրանքի ձեռքբերող (գնորդ, ստացող, ընդունող, սպառող) և չի կարող նույնացվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված «սպառող» հասկացության հետ:

Գործող խմբագրությամբ Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված «ապրանքային շուկայի սուբյեկտներ» հասկացությունը չի փոփոխվել, և «սպառող» հասկացությունն Օրենքի իմաստով մեկնաբանվում է որպես որոշակի ապրանքի ձեռքբերող (գնորդ, ստացող, ընդունող, սպառող): Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը որոշում է.

 

1. Պաշտոնապես պարզաբանել, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտն ապրանքների իրացման գները սահմանելիս, բարձրացնելիս, իջեցնելիս կամ պահպանելիս պարտավոր է հաշվի առնել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 7-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով չեն սահմանվում ապրանքների իրացման կամ ձեռքբերման գների առավելագույն և նվազագույն սահմանաչափեր:

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հանձնաժողովի 2009 թվականի մարտի 6-ի «Ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման հարցի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու մասին» թիվ 25-Ն որոշման իմաստով «սպառող» հասկացությունը մեկնաբանվում է որպես ապրանքի ձեռքբերող (գնորդ, ստացող, ընդունող, սպառող):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Նախագահ

Ա. Շաբոյան