Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.05/59(1072).1 Հոդ.978.33
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.08.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0002/01/13

ԵԿԴ/0002/01/13

Նախագահող դատավոր` Լ. Թադևոսյան

Դատավորներ՝

 Ա. Խաչատրյան

 Ա. Դանիելյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Ավետիսյանի

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 

քարտուղարությամբ

Հ. Պետրոսյանի

մասնակցությամբ պաշտպան

Կ. Հակոբյանի

 

 

 

2014 թվականի օգոստոսի 15-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Էդուարդ Աշոտի Զաքարյանի, Գևորգ Ավետիքի Գևորգյանի և Վաղինակ Վահագնի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2014 թվականի մարտի 25-ի որոշման դեմ մեղադրող Ա.Երիցյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2012 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 62210612 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2012 թվականի դեկտեմբերի 15-ի որոշումներով Էդուարդ Զաքարյանը, Գևորգ Գևորգյանը, Վաղինակ Վարդանյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

2012 թվականի դեկտեմբերի 18-ին Գևորգ Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Գ.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2012 թվականի դեկտեմբերի 17-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնել Դ.Եդիգարյանի նկատմամբ ապօրինաբար թմրամիջոց ձեռք բերելու և գործածելու դրվագով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ Խ.Մանուկյանի և Դ.Եդիգարյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կաշառք տալու մասին իրավապահներին կամավոր հայտնելու, ինչպես նաև նրանց նկատմամբ կաշառքի շորթում տեղի ունենալու պատճառաբանությամբ:

2012 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է` մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-18-Ն օրենքով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում կատարված լրացման ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշումը:

2013 թվականի նոյեմբերի 22-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է` ՀՀ սահմանադրական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 19-ի թիվ ՍԴՈ-1124 որոշումը ստանալու և կասեցման հիմք ծառայած հանգամանքը վերանալու պատճառաբանությամբ:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ամբաստանյալ Գ.Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ:

Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 29-ի դատավճռով Վ.Վարդանյանը, Գ.Գևորգյանը, Էդ.Զաքարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել մեղադրող Վ.Մուրադյանը, ամբաստանյալ Վ.Վարդանյանի պաշտպան Կ.Հակոբյանը, ամբաստանյալ Գ.Գևորգյանի պաշտպան Վ.Էլբակյանը և ամբաստանյալ Էդ.Զաքարյանի պաշտպան Ա.Կարապետյանը:

Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 25-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժվել են, Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը` թողնվել օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել մեղադրող Ա.Երիցյանը, ամբաստանյալ Վ.Վարդանյանի պաշտպան Կ.Հակոբյանը և ամբաստանյալ Գ.Գևորգյանի պաշտպան Վ.Էլբակյանը: Մեղադրողի բողոքը Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ պաշտպանների բողոքները նույն օրվա մեկ այլ որոշմամբ վերադարձվել են:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Վ.Վարդանյանի պաշտպան Կ.Հակոբյանը` խնդրելով մեղադրողի վճռաբեկ բողոքը մերժել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալներ Էդ.Զաքարյանին, Գ.Գևորգյանին և Վ.Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ, շորթմամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերի կաշառք: Այսպես` Էդ.Զաքարյանը, աշխատելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնում, իսկ Գ.Գևորգյանը` նույն բաժանմունքում օպերլիազորի պաշտոնում և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2012 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 11-ի սահմաններում, թմրանյութ օգտագործելու կասկածանքով Երևան քաղաքի Ֆուչիկի 19 հասցեից բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ Դ.Եդիգարյանին:

Էդ.Զաքարյանը և Գ.Գևորգյանը, շորթմամբ, առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վ.Վարդանյանի հետ, իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դ.Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկոքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով 2012 թվականի դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գ.Մարտիրոսյանի միջոցով Դ.Եդիգարյանից ու վերջինիս բարեկամ Խ.Մանուկյանից պահանջել են 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 221-223):

6. Գ.Մարտիրոսյանի նախաքննական, այդ թվում` Էդ.Զաքարյանի հետ առերես ցուցմունքների համաձայն` 2012 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Էդ.Զաքարյանն իրեն հայտնել է, որ Դ.Եդիգարյանը կասկածվում է թմրանյութ օգտագործելու մեջ, նրան պետք է տանեն նարկոլոգիական հետազոտության, և եթե հաստատվի այդ հանգամանքը, ապա նա կզրկվի բժշկական գործունեություն ծավալելու իրավունքից, իսկ խնդիրներ չունենալու համար պետք է վճարեն 3.000 ԱՄՆ դոլար կաշառք: Էդ.Զաքարյանն առաջարկել է պահանջվող գումարը հայթայթելու նպատակով հանդիպել Դ.Եդիգարյանի ընկերներին ու ծանոթներին, իսկ ժամը 23:00-ի սահմաններում զանգահարել և հետաքրքրվել է` արդյո՞ք կարողացել են ձեռք բերել անհրաժեշտ գումարը: Ինքը պատասխանել է, որ մի մասը ձեռք են բերել: Որոշ ժամանակ անց Խ.Մանուկյանն ու Դ.Եդիգարյանը վերադարձել են և հայտնել, որ ընդամենը 300.000 ՀՀ դրամ ունեն: Ինքն այդ մասին տեղեկացրել է Էդ.Զաքարյանին, ով ասել է, թե գումարը քիչ է, և առաջարկել է ավելացնել: 2012 թվականի դեկտեմբերի 13-ին` ժամը 16-ի սահմաններում, Գ.Մարտիրոսյանը զանգահարել է Էդ.Զաքարյանին և հայտնել, որ իրենց մոտ 400.000 ՀՀ դրամ է, վերջինս էլ ասել է` երեկոյան կասի, թե ինչ անել այն (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 44-45):

Դատարանում հարցաքննվելիս Գ.Մարտիրոսյանը նշել է, որ օպերլիազոր Էդ.Զաքարյանը Դ.Եդիգարյանի փորձաքննության պատասխանները «մաքուր» տալու համար 2.000-3.000 ԱՄՆ դոլար է պահանջել: Գ.Մարտիրոսյանի ցուցմունքների վերոնշյալ հակասությունների կապակցությամբ նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո վերջինս պնդել է իր նախաքննական ցուցմունքները, այդ թվում` 3.000 ԱՄՆ դոլար պահանջելու վերաբերյալ (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 66):

7. Նախաքննության ընթացքում վկա Խ.Մանուկյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Գ.Մարտիրոսյանը հայտնել է, որ իր ծանոթ ոստիկաններից մեկը Դ.Եդիգարյանի «գործը փակելու» համար պահանջել է 3.000 ԱՄՆ դոլար: Իր խնդրանքով Գ.Մարտիրոսյանը զանգահարել ու հանդիպման է հրավիրել Էդ.Զաքարյանին: Վերջինս հայտնել է, որ Դ.Եդիգարյանի «գործը փակելու» համար անհրաժեշտ է մեկ ժամվա ընթացքում նրան տալ 3.000 ԱՄՆ դոլար: Խ.Մանուկյանն ասել է, որ պահանջվող գումարը շատ է, նման գումար չեն կարող ձեռք բերել, Դ.Եդիգարյանին օգնելու նպատակով առաջարկել է դիմել իր ծանոթ ոստիկանին, սակայն Էդ.Զաքարյանը խորհուրդ է տվել նման քայլի չդիմել, քանի որ գործն ավելի կբարդանա, դրան կտրվի օրինական ընթացք, և Դ.Եդիգարյանը լուրջ խնդիրներ կունենա: Այնուհետև, «Հինգ Աստղ» սրճարանում հանդիպել է Գ.Մարտիրոսյանին և Դ.Եդիգարյանին: Վերջինս ասել է, որ օպերլիազորներ Էդ.Զաքարյանը և Գ.Գևորգյանը նրան ազատ են արձակել պայմանով, որ հաջորդ օրը նրանց տա 2.000 ԱՄՆ դոլար: Դատարանում հրապարակվել է Խ.Մանուկյանի նախաքննական ցուցմունքները (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 46-47, 67):

8. Տուժող Դ.Եդիգարյանի հանցագործության մասին 2012 թվականի դեկտեմբերի 12-ին տրված հաղորդման համաձայն` թմրամիջոցի օգտագործման կասկածանքով բերման է ենթարկվել վարչություն: Թմրամիջոց օգտագործելու հանգամանքը փորձաքննությամբ ի հայտ չբերելու և դրա համար իրեն պատասխանատվության չենթարկելու համար օպերլիազոր Էդ.Զաքարյանն իրենից պահանջել է 3.000 ԱՄՆ դոլար, ինչին չի համաձայնել: Քիչ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է եկել ատամնաբուժարանի աշխատակից Գ.Մարտիրոսյանը, ով առանձին զրուցել է Էդ.Զաքարյանի հետ, որից հետո իրեն հայտնել, որ 2.000 ԱՄՆ դոլար ոստիկաններին վճարելու դեպքում իր հարցերը կկարգավորվեն: Ըստ պայմանավորվածության` 2012 թվականի դեկտեմբերի 12-ին պետք է վճարեր 300.000 ՀՀ դրամ` մնացած գումարը 2012 թվականի դեկտեմբերի 13-ին վճարելու պայմանով (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 61):

Տուժող Դ.Եդիգարյանի նախաքննական, այդ թվում` Էդ.Զաքարյանի հետ առերես ցուցմունքների համաձայն` Էդ.Զաքարյանն իրեն հայտնել է, որ նմանատիպ գործերը, որպես կանոն, «փակվում» են 5.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց, սակայն հաշվի առնելով Գ.Մարտիրոսյանի ծանոթության հանգամանքը` իր հարցը «կլուծեն» 3.000 ԱՄՆ դոլարով: Այն բանից հետո, երբ Խ.Մանուկյանն իրեն հայտնել է, որ նման գումար անհնար է հայթայթել, ինքը դիմել է Էդ.Զաքարյանին և խնդրել կաշառքի գումարի չափն իջեցնել, սակայն վերջինս չի համաձայնվել` նշելով, որ դա իրենից կախված չէ: Զրույցներից մեկի ժամանակ Էդ.Զաքարյանին ասել է, որ ընկերներն ընդամենը 300.000 դրամ են հայթայթել, խնդրել է բավարարվել դրանով, սակայն նա կրկին չի համաձայնվել: Ժամը 18:00-ի սահմաններում Էդ.Զաքարյանն ու Գ.Գևորգյանն իրեն տարել են ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրո, այնուհետև նույն ավտոմեքենայով տեղափոխել մինչև «Արարատյան զանգված» կոչվող թաղամաս, որտեղ էլ բաց են թողել: Ճանապարհին Էդ.Զաքարյանը հայտնել է, որ ազատ արձակելու դիմաց ինքը պարտավոր է հաջորդ օրը նրանց տալ 2.000 ԱՄՆ դոլար: Հասկացել է, որ պահանջված գումարի չափը նվազեցվել է Գ.Մարտիրոսյանի օգնությամբ: Այդ պահին օպերլիազոր Գ.Գևորգյանն Էդ.Զաքարյանին հարցրել է, թե մնացած 1.000 ԱՄՆ դոլարը երբ է տալու, սակայն Էդ.Զաքարյանը պատասխանել է, որ այդ 1.000 ԱՄՆ դոլարը զիջել են` չմանրամասնելով, թե ով է զիջել: Խոսակցությունից հասկացել է նաև, որ օպերլիազոր Գ.Գևորգյանն ի սկզբանե տեղյակ է եղել իրենից կաշառք պահանջելու, ինչպես նաև դրա չափի մասին (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 45-46):

Դ.Եդիգարյանի դատաքննական ցուցմունքների համաձայն` Էդ.Զաքարյանը մոտ 2.000-3.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք է պահանջել հարցը լուծելու համար: Ժամը 18:00-ի սահմաններում իրեն ուղեկցել են փորձաքննության, որտեղից ազատ են արձակել, սակայն նախքան այդ` մեքենայից իրեն իջեցնելու պահին, Էդ.Զաքարյանն ասել է` «դուխդ չգցես, 2.000-ով կլուծեմ այդ հարցը», որի ժամանակ մեքենայի մեջ գտնվող Գ.Գևորգյանը հետաքրքրվել է 1.000 ԱՄՆ դոլարի ճակատագրով: Էդ.Զաքարյանը նրան պատասխանել է, որ սակարկությունների արդյունքում այդ չափով գումարը նվազեցրել է:

 2013 թվականի հունիսի 27-ին դատարանում լրացուցիչ հարցաքննվելիս Դ.Եդիգարյանը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, նախաքննական ցուցմունքները ճիշտ են, սակայն պնդել է, որ գումարային նախնական խոսակցությունը սկսվել է ոչ թե 3.000 ԱՄՆ դոլարից, այլ 2.000-3.000 ԱՄՆ դոլարից (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 60-61):

9. Ամբաստանյալ Էդ.Զաքարյանի դատաքննական ցուցմունքների համաձայն` Երևան քաղաքի վարչությունում Դ.Եդիգարյանի հետ մոտ մեկ ժամ խոսելուց հետո ինքը զանգել է Գ.Մարտիրոսյանին և կանչել վարչության վարչական շենքի մոտ` խոսելու: Նրան տեղեկացրել է, որ Դ.Եդիգարյանին տանելու են դատաքիմիական փորձաքննության, և եթե թմրամիջոցի գործածման փաստը հաստատվի, բացասաբար կանդրադառնա Դ.Եդիգարյանի վրա: Նրան հայտնել է նաև, որ 5.000 ԱՄՆ դոլարով կարող է այնպես անել, որ փորձաքննության պատասխանը «մաքուր գա», այսինքն` թմրամիջոցի գործածման փաստը չհաստատվի: Նշել է նաև, որ այդ հարցը թեև լուծվում է նաև 4.000-3.000-ով, բայց տվյալ դեպքում, նրա գործոնը հաշվի առնելով` կլուծվի 2.000 ԱՄՆ դոլարով (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 58):

10. Վկա Ա.Հարությունյանի նախաքննական ցուցմունքների համաձայն` 2012 թվականի դեկտեմբերի 13-ին Գ.Մարտիրոսյանն իրեն հայտնել է, որ Էդ.Զաքարյանը խոստացել է «փակել» Դ.Եդիգարյանի գործը 3.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց, սակայն հետագայում նրանք սակարկել ու պայմանավորվել են Էդ.Զաքարյանին տալ 400.000 ՀՀ դրամ (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 47-48):

Ա.Հարությունյանը դատարանում հայտնել է, որ Գ.Մարտիրոսյանից տեղեկացել է, որ Էդ.Զաքարյանը խոստացել է մոտ 2.000-3.000 ԱՄՆ դոլարով «փակել» Դ.Եդիգարյանի գործը, սակայն սակարկությունների արդյունքում նա համաձայնել էր ստանալ 400.000 ՀՀ դրամ գումար (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 64):

11. Վկա Կ.Ղազանչյանի նախաքննական ցուցմունքների համաձայն` Գ.Մարտիրոսյանը պատմել է, որ Դ.Եդիգարյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար Էդ.Զաքարյանը պահանջել է 3.000 ԱՄՆ դոլար, սակայն սակարկել և պայմանավորվել են նրան տալ 600.000 ՀՀ դրամ: Հաջորդ օրը` դեկտեմբերի 13-ին, Ա.Հարությունյանին հարցրել է, թե ինչ ավարտ է ունեցել Դ.Եդիգարյանի հետ կատարված պատմությունը և տեղեկացել, որ Գ.Մարտիրոսյանի միջնորդությամբ պայմանավորվել են վճարել 400.000 ՀՀ դրամ կաշառք` Դ.Եդիգարյանին քրեական պատասխանատվության չենթարկելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 48):

Կ.Ղազանչյանը դատարանում հայտնել է, որ 2012 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, «Հինգ աստղ» կոչվող սրճարանում Գ.Մարտիրոսյանը պատմել է, որ թմրանյութ օգտագործելու կասկածանքով ոստիկանության վարչություն բերման ենթարկված ատամնաբույժ Դ.Եդիգարյանին ազատ արձակելու համար Էդ.Զաքարյանը գումար է պահանջել (չափը դժվարացել է վերհիշել): Նշել է նաև, որ պահանջած սկզբնական գումարը սակարկվել էր, և կանգ էին առել 600.000 ՀՀ դրամի վրա:

Կ.Ղազանչյանի ցուցմունքների վերոնշյալ հակասությունների կապակցությամբ նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո վերջինս պնդել է իր նախաքննական ցուցմունքները (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 64):

12. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Դատաքննությամբ հետազոտված ապացույցներով պարզվել է, որ գործով տուժող Դավիթ Եդիգարյանի նախաձեռնած խոսակցության ընթացքում ամբաստանյալ Էդուարդ Զաքարյանը նրա հետ սակարկել է հնարավոր պատասխանատվությունից նրան զերծ պահելու համար անհրաժեշտ կաշառքի գումարի չափը` նշելով, որ, որպես կանոն, նման հարցը կարգավորվում է 5.000 ԱՄՆ դոլար կաշառքով, սակայն տվյալ դեպքում, հաշվի առնելով ընդհանուր ծանոթի` Գևորգ Մարտիրոսյանի առկայությունը, կարող է լուծվել 2-3.000 ԱՄՆ դոլարով: Նույն զրույցի ընթացքում տուժող Դ.Եդիգարյանը գումարի առավելագույն չափի հետ չի համաձայնել, առաջարկել է ոչ ավել, քան 2.000 ԱՄՆ դոլար` պատճառաբանելով նման գումարի բացակայությունը: Դրանից հետո գործով տուժող Դ.Եդիգարյանին ազատ արձակելու, պատասխանատվությունից զերծ պահելու նույն նպատակով ամբաստանյալ Էդ.Զաքարյանը 3.000 ԱՄՆ դոլար գումարի պահանջ է ներկայացրել նրա խնդրով հետաքրքրվող անձի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դ.Եդիգարյանին, ինչպես նաև վերջինիս քրոջ նշանած, գործով վկա Խաչատուր Մանուկյանին: Վերջինս պարտավորվել է 1-2 ժամվա ընթացքում հայթայթել այդ գումարը, սակայն մինչ հաջորդ օրն ընկած ժամանակահատվածում նրան և Դ.Եդիգարյանին հաջողվել է հավաքել միայն 400.000 ՀՀ դրամ գումար, ինչի մասին տեղեկացած ամբաստանյալ Էդ.Զաքարյանը, նախապես իրազեկելով օպերլիազոր Գ.Գևորգյանին և բաժանմունքի պետ Վ.Վարդանյանին, համաձայնել է որպես կաշառք ընդունել նաև այդ գումարը: Տվյալ իրավիճակում ամբաստանյալ Էդ.Զաքարյանի և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ գործած մյուսների մեղադրանքի հիմքում դրվել է 2012թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս բարեկամ Խաչատուր Մանուկյանից շորթմամբ 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար պահանջելը (ինչն առանձնապես խոշոր չափի կաշառք է), այն դեպքում, երբ տուժող Դ.Եդիգարյանին պատասխանատվությունից ազատելու նպատակով սկզբնական սակարկությունը վերջինիս հետ սկսվել է 5.000 ԱՄՆ դոլարից, ապա` նրա և Խ.Մանուկյանի հետ ամբաստանյալ Էդ.Զաքարյանի սակարկությունների հետևանքով հասել է 3.000-ի, հետո` 2.000-ի, այնուհետև` 600.000 ՀՀ դրամի, իսկ ամենավերջում` կանգ առել 400.000 ՀՀ դրամ գումարի վրա: Նշված սակարկությունները տևել են մոտ 1 օր, սակայն այդպես էլ 400.000 ՀՀ դրամ գումարն ամբաստանյալ Էդ.Զաքարյանին, նրա հանցակիցներին չի փոխանցվել` վերջիններիս կամքից անկախ պատճառներով:

Ամբաստանյալներ Էդ.Զաքարյանին, Գ.Գևորգյանին և Վ.Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներից և մեղադրական եզրակացության վերլուծությունից ակնհայտ է, որ նախաքննական մարմինն ու մեղադրող կողմը կաշառքի չափի վերաբերյալ հիմնավորված են համարել, Էդ.Զաքարյանի և նրա հետ խմբի կազմում գործած անձանց մեղադրանքներում որպես հիմք ընդունել 3.000 ԱՄՆ դոլար գումարը, այսինքն` Էդ.Զաքարյանի պահանջած առավել խոշոր գումարը, իսկ մեղադրանքի որոշումներից և մեղադրական եզրակացության եզրափակիչ մասից դուրս են մնացել գումարային սակարկությունների վերաբերյալ նշումները, կողմերի միջև կաշառքի առարկայի չափի վերաբերյալ ձեռք բերված ընթացիկ, առավել ևս` վերջնական համաձայնությունը: Մինչդեռ, դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով պարզվեց, որ`

ա. սակարկությունները նախաձեռնել է կաշառքի պահանջ ներկայացրած Էդ.Զաքարյանը` նշելով, որ նման հարցերը, որպես կանոն, լուծվում են 5.000 ԱՄՆ դոլարով, սակայն տվյալ դեպքում կարող է լուծվել 2-3.000 ԱՄՆ դոլարով (ըստ Խ.Մանուկյանի և Գ.Մարտիրոսյանի ցուցմունքների` 3.000 ԱՄՆ դոլարով),

բ. գումարային վերոնշյալ սակարկություններն ընթացել են կաշառք տվողի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակներում միևնույն գործողությունները չկատարելու, այն է` Դ.Եդիգարյանին վարչությունից ազատ արձակելու, հնարավոր պատասխանատվության հարցը չբարձրացնելու և այդ կերպ պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով,

գ. սակարկություններն ընթացել են միևնույն անձանց` կաշառք տվողներ Դ.Եդիգարյանի և Խ.Մանուկյանի - միջնորդ Գ.Մարտիրոսյանի - կաշառքը պահանջողներից Էդ.Զաքարյանի միջև,

դ. սակարկությունները սկսել են Դ.Եդիգարյանի հետ Էդ.Զաքարյանի զրույցից, ապա սկզբնական գումարային պահանջը Գ.Մարտիրոսյանին և Խ.Մանուկյանին անմիջապես ներկայացնելու պահից և շարունակվել են հարաբերականորեն կարճատև ժամանակահատվածում (1 օր), որոնց արդյունքում կողմերը միջնորդ Գ.Մարտիրոսյանի աջակցությամբ կաշառքի չափի` 400.000 ՀՀ դրամի վերաբերյալ ձեռք են բերել վերջնական համաձայնություն(…):

 (…) Դատարանը փաստում է, որ Էդ.Զաքարյանի կողմից ներկայացված 3.000 ԱՄՆ դոլար կաշառքի պահանջը պետք է լիներ իրական, մինչդեռ իրավիճակի վերլուծությունից ակնհայտ է, որ այն ներկայացվել է տուժողների վճարունակությունը (անվճարունակության վերաբերյալ Դ.Եդիգարյանի խոսքերը ստուգելու) պարզելու և հնարավորինս մեծ գումար ստանալու դիտավորությամբ: 3.000 ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացվելու առաջին իսկ պահից այդ գումարը մյուս կողմը սակարկել է, այդ սակարկությունները շարունակվել են մինչև կաշառքի չափի վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք բերելը, այսինքն` սկզբնական պահանջն ի սկզբանե չի եղել ընդունելի և վերջնական, ներկայացվելու եղանակով հիմքեր է տվել սակարկությունների համար:

Դատարանի համոզմամբ ամբաստանյալներին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումներում և մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատված` սակարկությունների վերաբերյալ փաստական տվյալները չարտացոլելու հետևանքով, կաշառք ստանալու ձևական հանցակազմի պայմաններում, կաշառքի առարկայի չափի վերաբերյալ ընտրովիության սկզբունքով մեղադրող կողմի ձևակերպումը (ամբաստանյալներին առավելագույն խոշոր գումարի` 3.000 ԱՄՆ դոլարի մեղսագրումը) ըստ էության «կանխորոշում» է ոչ միայն դատական քննության սահմանները, այլև որոշակիորեն նաև արդյունքը: Մեղադրանքների նման ձևակերպումը թեև առերևույթ չի խախտել գործով ամբաստանյալների իրավունքները, սակայն իրականում Դատարանի համոզմամբ հանգեցրել է նախաքննության փուլում դատավարության մրցակցային բնույթի և մրցակցության սկզբունքի, արդար դատաքննության (հատկապես` արդարության և կողմերի հավասարության) սահմանադրական սկզբունքի խախտմանը և իրական հնարավորություն չի տվել պաշտպանական կողմին տվյալ դեպքում ամբաստանյալ Էդ.Զաքարյանին և մյուսներին դեռևս մինչդատական վարույթից ընկալելու կաշառքի առանձնապես խոշոր չափի վերաբերյալ նրանց ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը, օբյեկտիվությունը և իրավաչափությունը: Մինչդեռ մեղադրանքների որոշման մեջ և մեղադրական եզրակացության եզրափակիչ մասում նույն խնդրով սակարկությունների վերաբերյալ փաստական տվյալների հիշատակումը կնպաստեր ամբաստանյալներին մեղսագրված արարքի ճիշտ որակմանը, կապահովեր ՀՀ Սահմանադրության 19-րդ, 14.1-րդ, ինչպես նաև 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, մասնավորապես` նրանց ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, … իրենց գործի հրապարակային քննության իրավունքը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 71-73):

13. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) Առաջին ատյանի դատարանը, ex officio կատարելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի կարգով, գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մասով ամբաստանյալներ Էդուարդ Զաքարյանին, Գևորգ Գևորգյանին և Վաղինակ Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, վերջիններս քրեական պատասխանատվության ենթակա են նախնական համաձայնության գալով, շորթմամբ խոշոր չափերի կաշառք պահանջելու համար, և արդյունքում պահպանելով նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածով ամրագրված պահանջներն ու դատավարական ընթացակարգը` ամբաստանյալների արարքներին տվել է քրեաիրավական ճիշտ գնահատական և այդպիսիք ճիշտ է որակել` արդյունքում ճիշտ կիրառելով քրեական օրենքը (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթ 103):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

14. Բողոքի հեղինակի պնդմամբ դատարանների կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները:

Ըստ բողոքաբերի` նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ Էդ.Զաքարյանն ի սկզբանե ներկայացրել է 3.000 ԱՄՆ դոլարի պահանջ: Վերոնշյալ հանգամանքն ապացուցվել է ինչպես Դ.Եդիգարյանի, Խ.Մանուկյանի և Գ.Մարտիրոսյանի ցուցմունքներով և գործով ձեռք բերված այլ ապացույցներով, այնպես էլ դատարանի կողմից հաստատված այն հանգամանքով, որ Էդ.Զաքարյանը բազմիցս մերժել է 3.000 ԱՄՆ դոլարից քիչ գումար տալու վերաբերյալ խնդրանքները, գումարային խնդրի լուծմանը ներգրավվել են Դ.Եդիգարյանի ծանոթներն ու ընկերները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը ձևական է` բողոք բերած անձը եզրահանգել է, որ Էդ.Զաքարյանի կողմից 3.000 ԱՄՆ դոլար պահանջելու գործողությամբ արդեն իսկ հանցագործությունն ավարտվել է, հետևաբար վերջինս, ինչպես նաև Վ.Վարդանյանն ու Գ.Գևորգյանը ենթակա են քրեական պատասխանատվության վերոնշյալ նորմով: Մինչդեռ, Էդ.Զաքարյանին, Վ.Վարդանյանին և Գ.Գևորգյանին պատասխանատվության ենթարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով` ստորադաս դատարանները խախտել են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, համաձայն որի` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները, իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոխվի դրա իմաստը:

Բողոք բերած անձը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի տրամաբանությամբ շարժվելու պարագայում ստացվում է, որ եթե կաշառքի պահանջ ներկայացրած անձը սակարկության արդյունքում հայտնի, որ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կկատարի առանց գումարի` այսպես ասած «լավության կարգով», ապա նրա գործողություններում կբացակայի կաշառք պահանջելու հանցակազմը, ինչն անթույլատրելի է և հակաօրինական:

Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանն իր հերթին որևէ հիմնավոր պատճառաբանություն չի բերել վերաքննիչ բողոքում նշված փաստարկները հերքելու ուղղությամբ, ավելին, անտեսվել են Էդ.Զաքարյանին, Վ.Վարդանյանին և Գ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքը հիմնավորող, գործում առկա և վերաքննիչ բողոքում նշված բազմաթիվ ապացույցները, ինչը հիմք է տալիս պնդելու, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է անօրինական որոշում:

15. Անդրադառնալով Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, ըստ որի` կաշառքի գումարի չափի վերաբերյալ նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները բավարար չեն հանգելու հետևության, որ ամբաստանյալներ Վ.Վարդանյանը և Գ.Գևորգյանը նախապես իրազեկված և համաձայն են եղել Էդ.Զաքարյանի կողմից առանձնապես խոշոր չափի` 3.000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու մասին` բողոքաբերն այն անհիմն է համարել հետևյալ պատճառաբանությամբ.

ա) 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, փորձագիտական կենտրոնից Գ.Գևորգյանի հետ Դ.Եդիգարյանին Արարատյան զանգված տեղափոխելիս Էդ.Զաքարյանը հայտնել է կաշառքի գումարը մինչև 2.000 ԱՄՆ դոլար նվազեցնելու մասին: Զրույցին միջամտել է Գ.Գևորգյանը և հետաքրքրվել մնացած 1.000 ԱՄՆ դոլարի մասին, ինչը վկայում է, որ նա ի սկզբանե տեղյակ է եղել Դ.Եդիգարյանից 3.000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու վերաբերյալ:

բ) Էդ.Զաքարյանի և Գ.Գևորգյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արձանագրության համաձայն` Գ.Գևորգյանը, տեղեկանալով Գ.Մարտիրոսյանի մոտ 400.000 ՀՀ դրամ կաշառքը գտնվելու մասին, ակնարկել է, որ տեղյակ է կաշառքի գումարի նախորդ չափի վերաբերյալ:

գ) Վ.Վարդանյանի և Էդ.Զաքարյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արձանագրության համաձայն` Վ.Վարդանյանը, տեղեկանալով Գ.Մարտիրոսյանի մոտ 400.000 ՀՀ դրամ կաշառքը գտնվելու մասին, ակնարկել է կաշառքի գումարի նախորդ չափի վերաբերյալ, ինչը վկայում է, որ նա ի սկզբանե տեղեկացված է եղել Դ.Եդիգարյանին 3.000 ԱՄՆ դոլարի պահանջ ներկայացված լինելու մասին:

16. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2014 թվականի մարտի 25-ի որոշումը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան` Էդ.Զաքարյանին, Վ.Վարդանյանին և Գ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով դատապարտելու համար:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման, ինչպես նաև իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` կաշառք պահանջելու հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով կաշառքի վերաբերյալ ամբաստանյալների ներկայացրած պահանջն իրական չի եղել:

19. «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ պետական պաշտոնյայի պասիվ կաշառակերությունը ներառում է`

«(...) դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն` նրա կամ ուրիշ որևէ մեկի համար անհիմն որևէ օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը, որպեսզի այդ պաշտոնյան իր իրավասության շրջանակներում որևէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա»:

«Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել քրեական իրավախախտում սահմանելու համար, երբ դրանք կատարվում են միտումնավոր.

(...) շորթումը կամ պաշտոնատար անձի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն` անձամբ պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն ընդունելը նրա համար, որ այդ պաշտոնատար անձը կատարի որևէ գործողություն կամ չկատարի որևէ գործողություն իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս»:

Մինչև 2012 թվականի փետրվարի 9-ի` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-18-Ն օրենքի ընդունումը, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն էր նախատեսում պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:

2012 թվականի փետրվարի 9-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-18-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, այսինքն` պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու կամ պահանջելու կամ ստանալու խոստման կամ առաջարկն ընդունելու` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:

Մեջբերված դրույթներին ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է 2013 թվականի նոյեմբերի 19-ի ՍԴՈ-1124 որոշմամբ` արձանագրելով. «Հայաստանի Հանրապետությունը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, միջազգային պարտավորություններ է ստանձնել ընդունել համարժեք օրենսդրական ակտեր թե՛ ակտիվ և թե՛ պասիվ կաշառակերության դեմ անհրաժեշտ պայքար ծավալելու ուղղությամբ` դրանց համար սահմանելով համապատասխան քրեական պատիժ (...):

Ելնելով հարցի կարևորությունից, իրավական պետության կայացման հրամայականներից` ՀՀ Սահմանադրական դատարանը ոչ միայն առաջարկվող իրավակարգավորումը համարել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, այլև 2004 թ. մարտի 30-ի ՍԴՈ-483 որոշման մեջ շեշտել է, որ «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան կնպաստի ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածում հռչակված ժողովրդավարական և իրավական պետության ամրապնդմանը, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:

(...)

Նույնպիսի իրավակարգավորման անհրաժեշտությամբ է առաջնորդվել նաև Հայաստանի Հանրապետությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասում որպես կաշառքը բնորոշող հատկանիշ նախատեսելով ոչ միայն «ստանալը», այլև «պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը»: Նման փոփոխությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման անմիջական իրացման արդյունք է (...)»:

20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2012 թվականի փետրվարի 9-ին ընդունված օրենքով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները պայմանավորված էին Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով և կաշառակերության դեմ արդյունավետ միջոցներով պայքարելու անհրաժեշտությամբ: Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածը համապատասխանեցվել է կոռուպցիայի վերաբերյալ միջազգային կոնվենցիաների պահանջներին:

Կաշառք ստանալու բարձր հանրային վտանգավորությամբ պայմանավորված` հանցագործության ավարտման պահը տեղափոխվել է ավելի վաղ փուլ` քրեական պատասխանատվություն նախատեսելով ոչ միայն կաշառքի առարկան փաստացի ստանալու համար: Այսպես` ներկայումս օբյեկտիվ կողմից քննարկվող հանցագործությունը դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկի կատարմամբ` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն

ա) ստանալով կամ,

բ) պահանջելով կամ,

գ) ստանալու խոստմամբ կամ,

դ) առաջարկն ընդունելով:

21. Անդրադառնալով կաշառք պահանջելու հանցակազմին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է պաշտոնատար անձի կողմից պահանջ ներկայացնելով, որը հանդիսանում է կաշառք տվողի օգտին որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու անվերապահ պայման: Պահանջը կարող է արտահայտվել հրամանի, կարգադրության, համոզելու, շահագրգռելու, անձի գիտակցության և կամքի վրա ներազդելու այլ եղանակներով, որը, սակայն, կապված չէ անձի նկատմամբ սպառնալիք գործադրելու հետ:

Քննարկվող հանցագործությունը ձևական է և ավարտված է համարվում պահանջ ներկայացնելու պահից` անկախ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության ձեռքբերման, կաշառքի առարկան հետագայում ստանալու կամ չստանալու, պաշտոնատար անձի կողմից կաշառք տվողի օգտին պայմանավորված գործողությունները կատարելու կամ չկատարելու հանգամանքից: Պաշտոնատար անձը կաշառք կարող է պահանջել անձամբ կամ միջնորդի միջոցով, գրավոր կամ բանավոր, հեռախոսով, էլեկտրոնային փոստով, այլ հաղորդումներով կամ այլ եղանակով, որոնք, սակայն, արարքի որակման համար որևէ նշանակություն չունեն:

22. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ պաշտոնատար անձի կողմից ներկայացված ցանկացած պահանջ չէ, որը կարող է վկայել կաշառք ստանալու հանցակազմի հատկանիշների առկայության մասին: Մասնավորապես, հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առկայությունը հավաստելու համար անհրաժեշտ է, որպեսզի ներկայացվող պահանջը լինի կոնկրետ, առկա և իրական, իսկ այս չափանիշներին չհամապատասխանող, զուտ անձի դիտավորությունը բացահայտող պահանջ ներկայացնելը չի կարող հանցագործություն համարվել: Կաշառք տալու միայն կոնկրետ և իրական պահանջի դեպքում է խոսք գնում հանրորեն վտանգավոր, հակաիրավական, գիտակցված և կամային այնպիսի արարքի (գործողության) կատարման մասին, որն ուղղված է կոնկրետ օբյեկտի` պետական ապարատի բնականոն գործունեության դեմ, այդ հարաբերություններում առաջացնում է բացասական փոփոխություններ, հեղինակազրկում է պետական իշխանությունը, վտանգում դրա նորմալ գործունեությունը:

Այսպիսով, պահանջն առկա է, եթե այն ներկայացված, ձևակերպված է եղել: Ընդ որում, կարևոր է պարզել` ում կողմից, երբ, որտեղ, ում մասնակցությամբ և ինչ հանգամանքներում է այն ներկայացվել:

Պահանջի կոնկրետությունը ենթադրում է հստակություն պաշտոնատար անձի կողմից պահանջվող կաշառքի առարկայի և դրա չափերի հարցում: Մասնավորապես, հանցավորի ներկայացրած պահանջը դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի և կաշառքի այլ առարկաների ու դրանց չափերի վերաբերյալ պետք է լինի կոնկրետ և հստակ, կաշառք տվողի համար ակնհայտ, մասնավորապես, վկայի, թե հանցավորը որպես կաշառք ինչ է պահանջում և ինչ չափով է պահանջում: Վերոնշյալ հանգամանքը հատկապես կարևոր է այն առումով, որ կաշառքի առարկան հանդիսանում է հանցակազմի պարտադիր հատկանիշ և կախված դրա չափերից` ազդում արարքի որակման վրա:

Պահանջի իրական լինելը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել գործի բոլոր փաստական հանգամանքները` պահանջի ներկայացման եղանակը, ինտենսիվությունը (օրինակ` ներկայացված պահանջը կրկին վերահաստատելը), իրադրությունը, տեղը, ժամանակը և այլն: Մասնավորապես, պահանջի արտահայտման եղանակից, ինտենսիվությունից և այլ օբյեկտիվ հանգամանքներից կախված` կաշառք տվողը պետք է բավարար հիմքեր ունենա կարծելու, որ պաշտոնատար անձն իր կամ այլ անձի օգտին համապատասխան արարքը կատարելու է միայն ներկայացված պահանջն ի կատար ածելու դեպքում: Ինչ վերաբերվում է կաշառք պահանջող պաշտնատար անձին, ապա վերջինս ներկայացված պահանջը կատարելու դեպքում պետք է իրական մտադրություն ունենա իր լիազորությունները կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով` որոշակի գործողություն կատարել կամ չկատարել կաշառք տվողի օգտին և գիտակցի, որ կաշառքն իրեն տրվում է հենց դրա համար: Ամեն դեպքում պահանջի իրական լինելու հարցը պետք է լուծվի` գործի բոլոր հանգամանքները, այդ թվում` կաշառք տվողի և ստացողի սուբյեկտիվ ընկալումը հաշվի առնելով:

23. Սույն որոշման նախորդ կետում շարադրված դատողությունների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 20-րդ կետում վերլուծված կաշառք ստանալու հանցակազմի ավարտման պահը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կաշառք տալու վերաբերյալ ներկայացված պահանջն իրական չի եղել, կաշառք տվողի օգտին որոշակի գործողություն կատարելու կամ չկատարելու համար պարտադիր պայման չի հանդիսացել, այլ կրել է ձևական բնույթ, այն կաշառք ստանալու հանցակազմի իմաստով չի կարող պահանջ համարվել և վկայել քննարկվող հանցագործության առկայության մասին:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշման 21-րդ կետում շարադրված չափանիշներին համապատասխանող պահանջի առկայությունն արդեն իսկ իրենից ներկայացնում է ավարտված հանցագործություն: Ընդ որում, քննարկվող հանցագործության համար որևէ նշանակություն չունի, որ ի սկզբանե ներկայացված կոնկրետ և իրական պահանջը հանցավորի կամքից անկախ հանգամանքներում կամ սակարկությունների արդյունքում հետագայում կարող է փոփոխվել:

Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կաշառք պահանջելու հանցակազմն ավարտված է համարվում ոչ թե կաշառքի չափերի վերաբերյալ վերջնական համաձայնության ձեռքբերման պահից, այլ այն պահից, երբ հանցավորը ներկայացնում է կոնկրետ և իրական պահանջ:

Վերոնշյալ դիրքորոշումը բխում է նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներից, որոնց համաձայն`

«1. Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

2. Եթե իրավական ակտն ընդունվել է ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ապա այդ ակտը մեկնաբանվում է` առաջին հերթին հիմք ընդունելով ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտի դրույթներն ու սկզբունքները»:

Մասնավորապես, 2012 թվականի փետրվարի 9-ի` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-18-Ն օրենքն ընդունվել է ի կատարումն ՀՀ կողմից վավերացրած միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի («GRECՕ»-ի) առջև ստանձնած պարտավորությունների, որոնց բովանդակությունից բխում է, որ զուտ կաշառք պահանջելը` անկախ այն կատարելու կամ չկատարելու հանգամանքից, վկայում է անձի արարքում հանցակազմի առկայության մասին:

24. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կաշառք պահանջելու և նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված շորթմամբ կաշառք ստանալու հանցակազմերի տարբերակման անհրաժեշտությանը:

Սույն որոշման 20-րդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ պահանջը զուգորդվում է սպառնալիքով, մասնավորապես` կաշառք չտալու դեպքում անձի իրավունքներն ու օրինական շահերը ոտնահարելու վերաբերյալ կամ անձին այնպիսի պայմանների մեջ դնելով, որ վերջինս հարկադրված լինի կաշառք տալ` իր իրավունքներին և օրենքով պաշտպանվող շահերին սպառնացող հնարավոր վտանգը կանխելու համար, արարքը պետք է որակել որպես շորթմամբ կաշառք պահանջել: Այլ խոսքով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «պահանջի» և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված «շորթման» սահմանազատման հիմքում պետք է դրվի սպառնալիքի առկայության հանգամանքը:

Կաշառք տալու պահանջը և շորթման սահմանազատումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն հանցավորի արարքը ճիշտ որակելու, այլև կաշառք տվողին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցի լուծման համար, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող ծանրացնող հանգամանքն առկա է, եթե կաշառք տվողը օրինական շահեր է ունեցել, հակառակ դեպքում սպառնալիքով զուգորդված պահանջը պետք է որակվի 311-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով:

25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալներ Էդ.Զաքարյանին, Գ.Գևորգյանին և Վ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` նախնական համաձայնությամբ, շորթմամբ, առանձնապես խոշոր չափերով` 3.000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը դատավճռում արձանագրել է, որ 3.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ ներկայացված պահանջն իրական չի եղել, հետևաբար, առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, և ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` գտնելով, որ ամբաստանյալների արարքներին տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):

26. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կաշառքի չափի վերաբերյալ ստորադաս դատարանները հանգել են սխալ հետևության հետևյալ պատճառաբանությամբ.

ա) սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Էդ.Զաքարյանը, նախնական համաձայնության գալով Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի հետ, Դ.Եդիգարյանին քրեական պատասխանատվության չենթարկելու նպատակով կաշառք տալու պահանջ է ներկայացրել սկզբում Գ.Մարտիրոսյանին, այնուհետև` Խ.Մանուկյանին: Պահանջը ներկայացվել է 2012 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 12:00-ի սահմաններում: Էդ.Զաքարյանը նրանց առաջարկել է համապատասխան գումարը ձեռք բերելու համար հանդիպել Դ.Եդիգարյանի ընկերներին ու ծանոթներին, խորհուրդ է տվել չդիմել ուրիշ ոստիկանի, քանի որ գործին կտրվի օրինական ընթացք, և Դ.Եդիգարյանը լուրջ խնդիրներ կունենա: Այնուհետև, կրկին զանգահարել և հետաքրքրվել է գումարի վերաբերյալ: Տեղեկանալով, որ ընդամենը 300.000 ՀՀ դրամ է հավաքվել` պնդել է, որ գումարը քիչ է, և առաջարկել է ավելացնել (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):

բ) Դ.Եդիգարյանը թեև նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Էդ.Զաքարյանը հայտնել է, որ նմանատիպ գործերը որպես կանոն «փակվում» են 5.000 ԱՄՆ դոլարով, սակայն իր հարցը կլուծի 3.000 ԱՄՆ դոլարով, դատաքննության ընթացքում պնդել է, որ գումարային խոսակցությունները սկսվել են ոչ թե 3.000, այլ 2.000-3.000 ԱՄՆ դոլարից: Սակայն թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում Դ.Եդիգարյանը պնդել է, որ նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Էդ.Զաքարյանն իրեն հայտնել է, որ գումարի չափը նվազեցվել է մինչև 2.000 ԱՄՆ դոլար, իսկ Գ.Գևորգյանը հետաքրքրվել է մնացած 1.000 ԱՄՆ դոլարով (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

27. Սույն որոշման 25-26-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 19-24-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 3.000 ԱՄՆ դոլար կաշառք վճարելու վերաբերյալ ներկայացված պահանջը եղել է կոնկրետ և առկա:

Այսպես` այն ներկայացվել է ինչպես Գ.Մարտիրոսյանին, այնպես էլ Խ.Մանուկյանին և Դ.Եդիգարյանին, կաշառքի առարկայի և չափի վերաբերյալ ներկայացված պահանջը եղել է հստակ և կոնկրետ` 3.000 ԱՄՆ դոլար, հետապնդել է կոնկրետ նպատակներ, որոնք ակնհայտ են եղել ինչպես հանցավորների, այնպես էլ տուժողի համար, այն է` պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դ.Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկոքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով: Վերոնշյալի հետ կապված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սկզբում արված 5.000 ԱՄՆ դոլարի պահանջը իրավացիորեն ամբաստանյալներին չի մեղսագրվել, քանի որ այն կաշառք ստանալու հանցակազմի առումով պահանջ չի հանդիսացել, կրել է ձևական բնույթ և հետագայում իրենց համար ցանկալի գումարը ստանալու նախապայման է եղել:

Վերը նշված հանգամանքները հաստատվել են Գ.Մարտիրոսյանի, Խ.Մանուկյանի Դ.Եդիգարյանի, Ա.Հարությունյանի, Կ.Ղազանչյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով (տե՛ս սույն որոշման 6-8-րդ, 10-11-րդ կետերը):

Կաշառքի պահանջը եղել է նաև իրական, մասնավորապես, արտահայտվել է այնպիսի եղանակով, որ տուժողի մոտ կասկած չի առաջացել, որ պաշտոնատար անձն իր կամ այլ անձի օգտին կարող է համապատասխան գործողությունը (անգործությունը) կատարել միայն ներկայացված պահանջն ի կատար ածելու դեպքում, ներկայացված պահանջը մի քանի անգամ վերահաստատվել է, ինչը վկայում է դրա նպատակաուղղվածության և ինտենսիվության մասին: Այսպես` տեղեկանալով Դ.Եդիգարյանի անվճարունակության մասին` Էդ.Զաքարյանն առաջարկել է գումարը հայթայթելու նպատակով դիմել վերջինիս ընկերներին և ծանոթներին, այնուհետև նույնը պահանջել է նաև Խ.Մանուկյանից, սպառնացել, որ պահանջված գումարը չվճարելու դեպքում գործին կտրվի օրինական ընթացք, և Դ.Եդիգարյանը լուրջ խնդիրներ կունենա, անընդմեջ զանգահարել և հետաքրքրվել է ընթացքի վերաբերյալ, չի համաձայնվել 300.000 ՀՀ դրամ վճարելու առաջարկությանը և կրկին վերահաստատել է իր պահանջը:

28. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ 3.000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու հանգամանքը հաստատվել է նաև տուժող Դ.Եդիգարյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներով առ այն, որ Էդ.Զաքարյանը մոտավորապես ժամը 18:00-ի սահմաններում է սկզբնական ներկայացված պահանջը նվազեցրել մինչև 2.000 ԱՄՆ դոլար, իսկ Գ.Գևորգյանն ակնարկել է մնացած 1.000 ԱՄՆ դոլարի մասին: Վերոնշվածը ևս մեկ անգամ վկայում է, որ կաշառքի սկզբնական չափը եղել է 3.000 ԱՄՆ դոլար և միայն ժամը 18:00-ի սահմաններում է այն նվազեցվել` Գ.Մարտիրոսյանի միջամտությամբ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

29. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, ստորադաս դատարանների հետևություններն այն մասին, որ առանձնապես խոշոր չափերով կաշառքի վերաբերյալ ամբաստանյալների ներկայացրած պահանջն իրական չի եղել, հիմնավորված չեն: Դատարանները, իրավացիորեն հիմնավորված համարելով կաշառքի շորթման փաստը, սխալ հետևության են հանգել պահանջվող գումարի չափի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը սույն որոշման նախորդ կետում նշված փաստական տվյալները պատշաճ գնահատականի չեն արժանացրել, այլ ապացույցների բավարար համակցությամբ չեն հերքել դրանք և այդ պայմաններում հաստատված են համարել Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի կողմից խոշոր չափերով` 2.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ ներկայացրած պահանջը:

30. Հետևաբար, ամբաստանյալներ Էդ.Զաքարյանի, Գ.Գևորգյանի և Վ.Վարդանյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետից 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով վերաորակելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում կայացնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները: Արդյունքում՝ չի կիրառվել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման, և կիրառվել է այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, այսինքն` տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

31. Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-48-Ն օրենքի 12-րդ հոդվածը և հաշվի առնելով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բերվել է մինչև 2014 թվականի հուլիսի 3-ը` Վճռաբեկ դատարանը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` մինչև վկայակոչված օրենքի ուժի մեջ մտնելը (2014 թվականի հուլիսի 3-ը) գործող խմբագրությամբ:

Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալներ Էդուարդ Աշոտի Զաքարյանի, Գևորգ Ավետիքի Գևորգյանի և Վաղինակ Վահագնի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի նոյեմբերի 29-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2014 թվականի մարտի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան