Գլխավոր տեղեկություն
Համար
N 1861-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.10.2014-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.134
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.01.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 հունվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1861-Ն

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 89-րդ հոդվածի և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 28-րդ կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների հետևանքների վերացման միջոցառումների իրականացման և վնասների հատուցման կարգը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


 

 

2005 թ. հունվարի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 16-ի N 1861-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

I. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են ջրամատակարարման և ջրահեռացման, ոռոգման, կոլեկտորադրենաժային, ափապաշտպան ու էլեկտրաէներգիայի արտադրման համակարգերում հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների և դրանց հետևանքների վերացման միջոցառումների իրականացման գործընթացները:

2. Վթարներ են համարվում հիդրոտեխնիկական կառուցվածքներում առաջացած չնախատեսված երևույթները, որոնց պատճառով մասնակիորեն կամ ամբողջությամբ խախտվում է համակարգի բնականոն աշխատանքը:

3. Հիդրոտեխնիկական կառուցվածքներում տեղի ունեցած վթարների հետևանքները վերացվում են օպերատիվ կարգով` անկախ օրվա ժամից և բնակլիմայական պայմաններից:


ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 

4. Հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը վթարի մասին բոլոր ահազանգերը գրանցում է հատուկ մատյանում` նշելով վթարի տեղը, բնույթը, օրը, ժամը, և անհապաղ տեղյակ պահում հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության ղեկավարին:

5. Հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների վերացման միջոցառումների իրականացման համար հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով և նշանակվում հանձնաժողովի ղեկավար:

6. Ելնելով վթարի բնույթից` հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային ու Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության գործակալության պետական տեսչության տարածքային մարմիններին և բոլոր, առաջին հերթին` խոշոր սպառողներին անհապաղ հայտնում է վթարի և ջրամատակարարման դադարեցման մասին` նշելով վթարի ու դրա հետևանքների վերացման կանխատեսվող ժամկետը:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

7. Հանձնաժողովը տեղում պարզում է վթարի բնույթը և հետևանքները, դրանց առաջացման պատճառները և գրանցում կատարում համապատասխան մատյանում:

8. Հանձնաժողովը որոշում է վթարի վերացման համար անհետաձգելի աշխատանքների ծավալները:

9. Հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպությունը վթարի վերացման աշխատանքների կատարումը համաձայնեցնում է բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ:

10. Վթարի վերացման աշխատանքներն իրականացնելու համար հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից գրավոր հանձնարարական է տրվում վթարը վերացնող մասնագիտացված խմբի ղեկավարին` նշելով վթարի վերացման ժամկետները և վայրը:

11. Վթարը վերացնող մասնագիտացված խմբի անդամները, անվտանգության տեխնիկայի կանոնների համաձայն, հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության պատասխանատու անձի կողմից պարբերաբար հրահանգավորվում են աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի կանոնների ապահովման պահանջների մասին:

12. Վթարը վերացնող մասնագիտացված խմբի ղեկավարը վթարի վերացման աշխատանքների ավարտի մասին գրավոր զեկուցում է հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպության ղեկավարին և տեղյակ պահում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնին:


ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

13. Վթարի վերացման աշխատանքները կազմակերպվում են վթարը վերացնող մասնագիտացված խմբի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

14. Վթարների վերացման աշխատանքների ավարտից հետո վթարային հանգույցը փորձարկվում է, անհրաժեշտության դեպքում ախտահանվում, և հետազոտվում է ջրի որակը: Խմելու ջրի համակարգում տեղի ունեցած վթարի վերացումից հետո շահագործումը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության համաձայնությամբ:

15. Ջրամատակարարման համակարգերում հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարների վերացման աշխատանքների ավարտից հետո շահագործումը թույլատրվում է միայն վթարային հանգույցի փորձարկումից, ախտահանումից և ջրի որակի հետազոտումից հետո:

16. Վթարված ջրային համակարգի վերականգնումից և վերագործարկումից հետո կազմվում է վթարի վերացման մասին ակտ` նշելով օրը, ժամը, կատարված ծախսերը, և համապատասխան մատյանում կատարվում է գրանցում:

17. Հիդրոտեխնիկական կառուցվածքներում տեղի ունեցած վթարների և դրանց վերացման միջոցառումների մասին հաշվետվություն է ներկայացվում ջրային համակարգերի կառավարման մարմին:

18. Ելնելով վթարի բարդությունից` հիդրոտեխնիկական կառուցվածքները շահագործող կազմակերպությունը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 686 որոշման պահանջների համաձայն ձևավորված ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական միջգերատեսչական հանձնաժողովին` տեխնիկական առաջադրանքի կազմման, աշխատանքների իրականացման և վթարի վերացումից հետո հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման գործընթացների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով:


II. ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
 

19. Հիդրոտեխնիկական կառուցվածքների վթարի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքին, ֆիզիկական անձանց կյանքին և առողջությանը հասցված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով:

20. Վթարի պատճառով առաջացած վնասի չափը որոշվում է շահագրգիռ անձանց փոխադարձ համաձայնությամբ, իսկ տարաձայնությունների դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(հավելվածը փոփ. 25.09.14 N 1039-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 1861-Ն
25.09.2014, N 1039-Ն 09.10.2014, N 1861-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան