Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.25/32(1045).1 Հոդ.511.41
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.03.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՍԴ3/0045/01/13

Քրեական գործ թիվ ՍԴ3/0045/01/13

Նախագահող դատավոր՝  Մ. Արղամանյան

     Դատավորներ` Ե. Դարբինյան

                   Կ. Ղազարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

Հ. Ասատրյանի

 

Ս. Ավետիսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ

Մ. Ավագյանի

մասնակցությամբ տուժող

Գ. Բարսեղյանի

 

2014 թվականի մարտի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Էրիկ Վալերիկի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ տուժող Գայանե Բարսեղյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի սեպտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91006811 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2013 թվականի մարտի 18-ի որոշմամբ Էրիկ Վալերիկի Մարգարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2013 թվականի ապրիլի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 13-ի դատավճռով Է.Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով: Տուժող Գ.Բարսեղյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն, ամբաստանյալ Է.Մարգարյանից հօգուտ տուժող Գ.Բարսեղյանի բռնագանձվել է 130.000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, իսկ մնացած մասով քաղաքացիական հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. Ամբաստանյալ Է.Մարգարյանի և նրա պաշտպան Ա.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 13-ի դատավճիռը թողել է անփոփոխ: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման (այսուհետ նաև՝ Համաներման ակտ) 1-ին կետի 3-րդ ենթակետի հիման վրա` Է.Մարգարյանն ազատվել է նշանակված պատժի կրումից:

4. Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել տուժող Գ.Բարսեղյանը:

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի որոշմամբ տուժող Գ.Բարսեղյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակից` ամբաստանյալ Է.Մարգարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով մերժել տուժող Գ.Բարսեղյանի վճռաբեկ բողոքը:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Է.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(…) նա հանդիսանալով ՊԲ 59703 զորամասի նյութական ապահովման վաշտի վարորդ, կոչումով շարքային, 2011 թվականի հուլիս-օգոստոսին գնացել է ԼՂՀ Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի բնակչուհի Գայանե Շուրայի Բարսեղյանի տուն, որտեղ կենցաղային հարցերով առաջացած վիճաբանության ընթացքում, հանկարծակի ծագած չկոնկրետացված դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Գայանե Բարսեղյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Գայանե Բարսեղյանին պատճառվել է փայծաղի սուբկապսուլյար վնասվածք, իսկ հետագայում Գայանե Բարսեղյանի փայծաղը հեռացվել է, այսինքն Էրիկ Մարգարյանի գործողությունների հետևանքով Գայանե Բարսեղյանի առողջությանը` փայծաղի սուբկապսուլյար վնասվածքի և օրգանի կորստի ձևով, պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս» (տե´ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 168):

6. Տուժող Գ.Բարսեղյանը ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան՝ խնդրելով ամբաստանյալ Է.Մարգարյանի նկատմամբ չկիրառել Համաներման ակտի դրույթները և նրան չազատել պատժի կրումից, քանի որ չի հարթվել հանցագործությամբ իրեն պատճառած վնասը և առկա է վեճ հատուցման ենթակա վնասի շուրջ, որի կապակցությամբ քաղաքացիական դատավարության կարգով ներկայացվել է քաղաքացիական հայց (տե´ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 251-252)

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը, քննության առնելով պաշտպանության կողմի միջնորդությունն ամբաստանյալ Էրիկ Մարգարյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը կիրառելու մասին, հանգում է այն հետևության, որ այն պետք է բավարարել (…):

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի կայացումից հետո Էրիկ Մարգարյանը հատուցել է դատավճռով բավարարված քաղաքացիական հայցը` 130.000 ՀՀ դրամը, ինչի վերաբերյալ համապատասխան բանկային փաստաթղթերը ներկայացվեցին վերաքննիչ դատարան, և ամբաստանյալի նկատմամբ համաներման վերոհիշյալ որոշման չկիրառման հիմքեր առկա չեն» (տե´ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 267-268):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի խախտում: Մասնավորապես, որպես ապացույց գնահատելով պաշտպանության կողմի ներկայացրած համապատասխան բանկային փաստաթուղթը՝ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Է.Մարգարյանը հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը: Արդյունքում դատարանը գտել է, որ Է.Մարգարյանի նկատմամբ կիրառելի են Համաներման ակտի համապատասխան դրույթները, մինչդեռ հանցագործությամբ պատճառված վնասը ոչ միայն հատուցված չէ, այլև առկա է քաղաքացիական վեճ, որի վերաբերյալ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանում հարուցված է համապատասխան քաղաքացիական գործ՝ դատավճռով չբռնագանձված՝ 700.000 ՀՀ դրամի մասով:

9. Ուստի, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի օգոստոսի 13-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները քննարկելու անհրաժեշտության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նշված հարցով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. պատճառաբանվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի դատական ակտն այն պայմաններում, երբ վերջինս պատշաճ գնահատման չի ենթարկել Համաներման ակտի կիրառելիության վերաբերյալ տուժող Գ.Բարսեղյանի` վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Դատական ակտի պատճառաբանվածության հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

(…) Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման:

(…) Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում՝ ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտել [է] «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` անձի արդար դատական քննության իրավունքի խախտում (տե´ս Սալովն ընդդեմ Ուկրաինայի (Salov v. Ukraine) 06.09.2005 թվականի որոշումը, գանգատ թիվ 65518/01, Բոլդեան ընդդեմ Ռումինիայի (Boldea v. Romania) 15.02.2007 թվականի որոշումը, գանգատ թիվ 19997/02, Գրադինարն ընդդեմ Մոլդովայի (Gradinar v. Moldova) 08.04.2008 թվականի որոշումը, գանգատ թիվ 7170/02)» (տե´ս Ֆրունզիկ Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը):

Վերահաստատելով Ֆ.Գալստյանի գործով որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Գ.Խնուսյանի գործով որոշման մեջ արձանագրել է, որ «(…) հաշվի առնելով արդարադատության իրականացման ընթացքում կայացված դատական ակտերի իրավական նշանակությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: (…)» (տե´ս Գևորգ Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը):

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով՝ հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի և համապատասխանաբար նաև Ֆ.Գալստյանի և Գ.Խնուսյանի գործերով կայացված որոշումների համատեքստում մեկնաբանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշը վերաբերելի է նաև վերաքննիչ դատարանի կողմից կայացվող դատական ակտերին: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե ինչու է եկել այս կամ այն հետևության, և որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերոնշյալ պահանջների պահպանման պարագայում միայն վճռաբեկ դատարանը հնարավորություն կունենա ստուգել կայացված դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով Է.Մարգարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով այն բանի համար, որ տուժող Գ.Բարսեղյանի տանը, կենցաղային հարցերով առաջացած վիճաբանության ընթացքում, հանկարծակի ծագած չկոնկրետացված դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել տուժողի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է փայծաղի սուբկապսուլյար վնասվածք, իսկ հետագայում տուժողի փայծաղը հեռացվել է: Արդյունքում Գ.Բարսեղյանի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավոր, ծանր վնաս: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանը տուժող Գ.Բարսեղյանի քաղաքացիական հայցը բավարարել է մասնակիորեն, ամբաստանյալ Է.Մարգարյանից հօգուտ տուժող Գ.Բարսեղյանի բռնագանձվել է 130.000 (հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում, իսկ մնացած մասով քաղաքացիական հայցը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ (տե´ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել ամբաստանյալ Է.Մարգարյանը և նրա պաշտպան Ա.Գրիգորյանը: Տուժող Գ.Բարսեղյանը ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան` խնդրելով ամբաստանյալ Է.Մարգարյանի նկատմամբ Համաներման ակտը չկիրառել և նրան չազատել պատժի կրումից, քանի որ նա չի հարթել հանցագործությամբ իրեն պատճառած վնասը և առկա է վեճ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի շուրջ (տե´ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը բավարարել է ամբաստանյալ Է.Մարգարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռի կայացումից հետո Էրիկ Մարգարյանը հատուցել է դատավճռով բավարարված քաղաքացիական հայցը` 130.000 ՀՀ դրամը, ինչի վերաբերյալ համապատասխան բանկային փաստաթղթերը ներկայացվել են Վերաքննիչ դատարան (տե´ս սույն որոշման 3-րդ և 7-րդ կետերը): Վերաքննիչ դատարանի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է նաև, որ Է.Մարգարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու թույլատրելիության վերաբերյալ իր եզրահանգումը պատճառաբանելիս Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել և որևէ գնահատական չի տվել տուժողի կողմից վերաքննիչ բողոքի պատասխանում շարադրված այն փաստարկին, որ հանցագործությամբ պատճառված վնասը ոչ միայն հատուցված չէ, այլև առկա է քաղաքացիական վեճ, որի վերաբերյալ ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանում հարուցված է համապատասխան քաղաքացիական գործ՝ դատավճռով չբռնագանձված՝ 700.000 ՀՀ դրամի մասով:

15. Սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 14-րդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով Վերաքննիչ դատարանն Է.Մարգարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու վերաբերյալ իր հետևությունը շարադրելիս պարտավոր էր պատճառաբանել, թե

ա) որ իրավանորմերով է ղեկավարվել Է.Մարգարյանի նկատմամբ Համաներման ակտը կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելիս: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի իմաստով Համաներման ակտի կիրառման նախապայմաններից մեկը ենթադրյալ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի չափի կապակցությամբ տուժողի և ենթադրյալ հանցանք կատարած անձի միջև վեճի բացակայությունն է:

բ) ինչ փաստական տվյալների գնահատման արդյունքում է եզրահանգել, որ Է.Մարգարյանի նկատմամբ կիրառելի է Համաներման ակտը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում որևէ գնահատական չի տվել տուժողի և հանցանք կատարած անձի միջև քաղաքացիաիրավական վեճի առկայության հարցին, մինչդեռ տուժող Գ.Բարսեղյանի վերաքննիչ բողոքի պատասխանում փաստարկվել է, որ առկա է վեճ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի չափի կապակցությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ և այս առումով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտում:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման նախորդ կետում արձանագրված խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով հիմք է Վերաքննիչ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության պահանջների խախտման պարագայում Վճռաբեկ դատարանը զրկված է Վերաքննիչ դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգելու հնարավորությունից, ուստի Համաներման ակտի 9-րդ կետի 6-րդ ենթակետի խախտման վերաբերյալ բողոքաբերի փաստարկին (տե´ս սույն որոշման 8-րդ կետը) հնարավոր է անդրադառնալ դատական ակտի պատճառաբանվածության մասով սույն որոշման 15-րդ կետում արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Էրիկ Վալերիկի Մարգարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի նոյեմբերի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան