ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2014 թվականի N 522-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Սևքարի համայնքում գտնվող` 9239000 դրամ շուկայական արժեքով, 512,7 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ մասնաշենքը (այսուհետ՝ անշարժ գույք), հետ վերցնել «Սևքարի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Դարպաս գյուղատնտեսական ասոցիացիա» սպառողական կոոպերատիվին (այսուհետ՝ կոոպերատիվ) (գտնվելու վայրը՝ 00/00 Սևքար. 4013 Տավուշ, Հայաստան)` «ՀՀ Տավուշի մարզում փոքր ֆերմերների բարելավումը գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կոոպերատիվի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ`
1) կոոպերատիվը պարտավոր է յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել «ՀՀ Տավուշի մարզում փոքր ֆերմերների բարելավումը գյուղատնտեսական կոոպերատիվների և արժեշղթայի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները հավաստող փաստաթղթեր.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.
3) պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կոոպերատիվի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 19 Երևան |