Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1146
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.04.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.23/21(1034) Հոդ.315
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.04.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2014

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

15 ապրիլի 2014 թ.

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված` 05.03.2014թ.:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրն /«Համաձայնագիր»/ ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին` Երևանում:

Համաձայնագիրն ստորագրելիս Կողմերը ղեկավարվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին 1997 թվականի օգոստոսի 29-ի պայմանագրի դրույթներով:

 

2. Համաձայնագրի նպատակն է երկու Կողմերի միջև փոխադարձության հիման վրա իրականացնել համագործակցություն զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում:

 

3. Համաձայնագիրը բաղկացած է ներածությունից, 10 հոդվածներից և հավելվածից` Հրահանգ, որով սահմանվում է զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգը:

Համաձայնագրով կարգավորվում են մի Կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս Կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը:

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

Համաձայնագրի իրականացման նպատակով` վերջինիս ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում նշանակել լիազոր մարմին` դրա մասին Ռուսաստանի Դաշնությանը ծանուցելով դիվանագիտական ուղիներով,

 երաշխավորել, որպեսզի Ռուսաստանի Դաշնության զինվորական նամակագրության առաքումը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված իր զինվորական կազմավորումների համար իրականացվի Ռուսաստանի Դաշնության զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով,

 ապահովել, որպեսզի զինվորական նամակագրությունն առաքելիս կիրառվեն Զինվորական սուրհանդակափոստային կապի ցանցով զինվորական նամակագրության առաքման կարգի մասին հրահանգով սահմանված կանոնները, որոնք հանդիսանում են Համաձայնագրի անբաժանելի մասը,

 ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության սահմանային և մաքսային մարմինները` Հայաստանի Հանրապետության տարածք զինվորական նամակագրություն առաքվելիս, Համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, ապահովեն սուրհանդակների (ցրիչների և թղթատարների)` պետական և մաքսային սահմանի անարգել հատումը և աջակցեն զինվորական նամակագրության օպերատիվ առաքման կազմակերպմանը և իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն նրանց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ,

 ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածք զինվորական նամակագրություն առաքվելիս, Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և կազմակերպություններն իրականացնեն Համաձայնագրի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործողությունները,

 ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինները ոչ պակաս, քան տարին մեկ անգամ տեղեկատվություն փոխանցեն Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմիններին` զինվորական նամակագրություն առաքող իրենց սուրհանդակների (ցրիչների և թղթատարների), այդ թվում` նրանց հաշվեցուցակային զենքի մասին,

 Համաձայնագրի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության տիրապետման տակ առաքվող զինվորական նամակագրությունում պարունակվող Ռուսաստանի Դաշնության գաղտնի տեղեկատվության կրիչներ հայտնվելու կամ գաղտնի տեղեկատվություն հասանելի դառնալու դեպքում, այդպիսի տեղեկատվության հետ վարվել ու դրա պաշտպանությունն իրականացնել 2002 թվականի նոյեմբերի 5-ի` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրին համապատասխան,

 ապահովել, որպեսզի Համաձայնագրի իրականացման ընթացքում ստացած տեղեկատվությունը չօգտագործվի ի վնաս Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության, անվտանգության, հասարակական կարգի կամ այլ էական շահերի,

 ապահովել, որպեսզի Համաձայնագրի իրականացման ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից ստացված տեղեկատվությունը չտրամադրվի որևէ երրորդ կողմի, ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց:

 

5. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 9-րդ հոդվածին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

15 ապրիլի 2014 թ.

ՍԴՈ-1146