Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-267
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.1993-15.01.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/23
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.12.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով վերջին օրերին հանրապետության սպառողական շուկայում ստեղծված լարվածությունը, հաշվի առնելով հանրապետություն սննդամթերքի և վառելանյութի ներմուծման ու վաճառքի գործում բյուրոկրատական քաշքշուկի հաղթահարման ու բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, կարևորելով Հայաստանի Հանրապետության կառավարության և դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի կողմից վերջին շրջանում հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորմանը և արտաքին առևտրի կանոնակարգմանն ուղղված մի շարք որոշումների առավել արդյունավետ գործադրման խնդիրները, որոշում եմ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` մեկ-շաբաթյա ժամկետում քննության առնել և անհրաժեշտ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 26-ի թ. 383, հուլիսի 30-ի թ. 402, հոկտեմբերի 13-ի թ. 519 և Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 13-ի թ. 520 որոշումներում` նպատակ հետապնդելով առավելագույն չափով դյուրացնել հանրապետություն սննդամթերքի և վառելանյութի ներմուծումն ու վաճառքը, այս գործում ներգրավված անհատ ձեռներեցների և տնտեսավարող մյուս սուբյեկտների համար նախատեսելով արտաքին տնտեսական կապերի հաստատման առավել բարենպաստ պայմաններ: Տարբերակված մոտեցում ցուցաբերել ստացված տարադրամային միջոցների Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտադիր վաճառքի գործում` ապահովելու համար ձեռնարկությունների, կազմակերպությունների շրջանառու միջոցների անխափան համալրումը և նորմալ տնտեսական գործունեության իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ 5-օրյա ժամկետում քննության առնել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 26-ի թ. 383 որոշման 6-րդ կետով սահմանված` կանխիկ դրամով առուծախի գործարքների իրականացման ժամանակավոր արգելքի վերանայման անհրաժեշտության հարցը:

3. Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչությանն իրացվող կամ վաճառվող սննդամթերքի առանձին տեսակներ և մանկական տեսականու որոշ ապրանքներ ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» որոշման կիրարկման հարցում առաջ են եկել տարակարծիք մեկնաբանություններ, հանձնարարել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության հիշյալ որոշումը տարածել ինչպես Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կարագի, բուսական յուղի, շաքարի, շաքարավազի, մարգարինի, ձավարեղենի, պանրի և կաթի փոշու թե մեծածախ և թե մանրածախ առևտրի վրա` ամբողջությամբ ազատելով այդ ապրանքների ներմուծումն ու իրացումը (վաճառքը) ավելացված արժեքի հարկից:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության «Զվարթնոց» և «Էրեբունի» օդանավակայաններում հաստատել պատշաճ կարգուկանոն այն հաշվով, որպեսզի բացառվի արհեստական որևէ խոչընդոտի հարուցում հանրապետություն բեռնատար ինքնաթիռների վայրէջքի, դրանց հետադարձ թռիչքի կազմակերպման և սննդամթերքների ու այլ բեռների ներմուծման գործում:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, մաքսային վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարության ուշադրությունը հրավիրել այս հարցի պետական մեծ կարևորության և հակաօրինական ամեն մի արարքի նկատմամբ խստագույն անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտության վրա:

5. Սահմանել, որ սկսած 1993 թվականի դեկտեմբերի 20-ից, արգելվում է գործադիր իշխանության որևէ մարմնի, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության հատուկ թույլտվության, ստուգումներ իրականացնել հանրապետություն սննդամթերք ներմուծող և իրացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից): Հիշյալ կազմակերպությունները պարտավոր են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անվերապահորեն Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան մարմիններին օրենքով սահմանված կարգով հաշվետվություն ներկայացնել իրենց կողմից իրականացրած տնտեսական գործունեության ընդհանուր արդյունքների և դրան համապատասխան` պետական հարկերի մուծման վիճակի մասին:

Ներմուծվող սննդամթերքի որակի և սանիտարական պիտանելիության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում հատուկ քննության առնել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ստեղծված ընդհանուր իրավիճակը` պայմանավորված չվերթների անվտանգ կազմակերպման, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների գործը արմատապես բարելավելու, ֆինանսատնտեսական գործունեության բնագավառում պատշաճ կարգուկանոն հաստատելու անհրաժեշտությամբ:

7. Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր վերահսկողական ծառայությանը` յուրաքանչյուր 15 օրը մեկ զեկուցել սույն հրամանագրի կատարման ընթացքի մասին:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
15 դեկտեմբերի 1993 թ.
ՆՀ-267

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2001, ՆՀ-1005 15.01.2002, ՆՀ-267
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան