Գլխավոր տեղեկություն
Համար
N 564-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.06.11/30(1043) Հոդ.464
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2014 թվականի N 564-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 597-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե տվյալ մասնագիտության քննական առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած բուհերի ընդունելության քննությունների ցանկում նշված է երկու աստղանիշով (**), ապա սույն կարգով նախատեսված դեպքերում բուհեր ընդունվելու համար դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել նաև միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով:».

2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Բուհերի ընդունելության մրցույթում ընդունելության քննությունների գնահատականներն առավելություն ունեն միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականների կամ տարեկան գնահատականների նկատմամբ».

3) 24-րդ կետը «նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված» բառերից հետո լրացնել «կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող» բառերով.

4) 31-րդ կետը և 32-րդ կետի 2-րդ ենթակետը «դիմորդը» բառից հետո լրացնել «կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդի կողմից տրված լիազորագրում նշված անձը» բառերով.

5) 36-րդ կետի 4-րդ ենթակետը «(անձնագիր,» բառից հետո լրացնել «նույնականացման քարտ,» բառերով.

6) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«40. Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները կարող են դիմել տվյալ տարվա ընդունելության մրցույթին` մինչև զորակոչվելն ստացած միասնական քննությունների վկայագրով մասնակցելու համար: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ նրանց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Սույն տեղեկանքը մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված անձը ներկայացնում է բուհի ընդունող հանձնաժողովին: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողը լիազորագրում նշում է բուհերի ընդունելության մրցույթին մասնակցության մասնագիտությունները, որոնք լիազորագրում նշված անձը ընդունելության դիմում-հայտում հայտագրում է լիազորագրում նշված հերթականությամբ: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են սույն կարգի 107-րդ կետով սահմանված արտոնությունից:».

7) 93-րդ կետը «առաջին» բառից հետո լրացնել «տողով» բառով.

8) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 95.1-ին կետով.

«95.1. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աստղանիշով (*) նշված մասնագիտությունների անվճար ուսուցման համակարգի մրցույթին կարող են մասնակցել նաև այն դիմորդները, ովքեր մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել են միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականները, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը: Անվճար համակարգում առաջնահերթ ընդունվելու արտոնությունից օգտվում են այն դիմորդները, ովքեր մրցութային երկու առարկաներից հանձնում են միասնական քննություն:».

9) 96-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«96. Դիմորդներն անվճար տեղերի մրցույթին կարող են մասնակցել միայն ընդունելության քննությունների արդյունքներով` բացառությամբ սույն կարգի 95.1-ին կետով սահմանված դեպքերի: Դիմորդները վճարովի տեղերի մրցույթին կարող են մասնակցել և՛ միասնական քննությունների արդյունքներով, և՛ բուհերի ընդունելության քննությունների ցանկում 2 աստղանիշով և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աստղանիշով (*) նշված մասնագիտությունների առարկաների համար որպես մրցութային գնահատական ընդունելության դիմում-հայտում հայտագրած միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականով: Վճարովի տեղերի մրցույթում առաջնահերթությունը տրվում է առավել թվով միասնական քննություններ հանձնած դիմորդներին».

10) 99-րդ կետը «մինչև 50 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «առաջին հայտով» բառերով.

11) 106-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հունիսի 2

Երևան