ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2011 թվականի N 1360-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1073-Ն ԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1795-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկվելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության համար լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրից համապատասխան տվյալների տրամադրումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը:
4. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «2008 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի շրջանակներում շվեդական կողմից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկվելու կարգը հաստատելու մասին» N 1073-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Առանց թույլտվության գտնվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի իրականացման գործում իրավասու մարմնի մասին» N 1795-Ն որոշումը։
5. Սույն որոշման դրույթները չեն տարածվում ուժի մեջ մտած այն միջազգային պայմանագրերի վրա, որոնցով նախատեսված են պայմանագրի իրականացման համար պատասխանատու այլ իրավասու մարմիններ:
5.1. Սույն որոշման դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրառման հետ կապված հարաբերությունների վրա:
(5.1-ին կետը լրաց. 19.03.14 N 289-Ն)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. սեպտեմբերի 28
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի N 1360-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ
1. Օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա քաղաքացիների հետընդունման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ պետությունների քաղաքացիների տարանցման մասին դիմումները (այսուհետ` դիմումներ) ստացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունում (այսուհետ` միգրացիոն պետական ծառայություն):
2. Միգրացիոն պետական ծառայությունն ստացված դիմումները հաշվառում է հատուկ գրանցամատյանում` համաձայն ձևի:
3. Միգրացիոն պետական ծառայությունը դիմումներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն (այսուհետ` ոստիկանություն):
4. Ոստիկանությունը`
1) օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունման դիմումների վերաբերյալ կարծիք է հայտնում 15 աշխատանքային օրվա ընթացքում` հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու փաստը.
2) օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող օտարերկրյա քաղաքացիների հետընդունման դիմումների վերաբերյալ կարծիք է հայտնում 15 աշխատանքային օրվա ընթացքում` հաստատելով կամ ժխտելով դիմումում նշված անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք տվող կացության կարգավիճակ ունենալու կամ Հայաստանի Հանրապետության կողմից տրված մուտքի թույլտվության փաստը:
5. Միգրացիոն պետական ծառայությունը սույն կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց հետընդունման մասին դիմումներն անհրաժեշտության դեպքում միաժամանակ ուղարկում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (այսուհետ` արտաքին գործերի նախարարություն), որոնք 15 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են դիմումների վերաբերյալ իրենց կարծիքները:
6. Միգրացիոն պետական ծառայությունն օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող երրորդ պետությունների քաղաքացիների Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման վերաբերյալ դիմումներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն: Վերջիններս դիմումների վերաբերյալ իրենց կարծիքն ուղարկում են 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ անհամաձայնության դեպքում ներկայացնելով հիմնավորում մերժման հիմքերի վերաբերյալ:
7. Միգրացիոն պետական ծառայությունը, հիմք ընդունելով ստացված պատասխանները, սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում` 5 աշխատանքային օրվա, իսկ 6-րդ կետում նշված դեպքում` մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում և օտարերկրյա պետության իրավասու մարմին է ուղարկում դիմումների պատասխանները:
8. Հայաստանի Հանրապետության կողմից հետընդունման ենթակա անձանց տեղափոխման երթուղու և օրվա մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնից տեղեկություններն ստանալուն պես միգրացիոն պետական ծառայությունը դրանք տրամադրում է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին:
9. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը Հայաստանի Հանրապետության կողմից հետընդունման ենթակա այն անձանց, ովքեր չունեն ճամփորդական փաստաթղթեր, օտարերկրյա պետության իրավասու մարմնի դիմումի հիման վրա, դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը և տալու կարգը հաստատելու մասին» N 297-Ն որոշմամբ հաստատված ձևի վերադարձի վկայական՝ առնվազն 60 օր վավերականության ժամկետով: Եթե այդ ընթացքում հնարավոր չի լինում անձին փոխադրել, ապա առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում անձին տրամադրվում է նոր վերադարձի վկայական` նույն վավերականության ժամկետով:
10. Անձի քաղաքացիությունը և ինքնությունը հաստատելու դժվարության և օտարերկրյա պետության կողմից խնդրանքի առկայության դեպքում միգրացիոն պետական ծառայությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և արտաքին գործերի նախարարությունը համապատասխան օտարերկրյա պետություն կարող են գործուղել իրենց աշխատողներին անձի հետ հարցազրույց անցկացնելու նպատակով: Նման դեպքերում հարցազրույցներ կարող են անցկացվել նաև օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ, ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ
NN |
Անձի անունը, հայրանունը, ազգանունը |
Դիմումի ստացման օրը, ամիսը, տարեթիվը |
Անձի քաղաքա-ցիությունը |
Դիմումի բովան-դակու-թյունը |
Դիմումը |
Պատաս-խանն ստանալու օրը, ամիսը, տարեթիվը |
Պատաս-խանի բովանդա-կությունը |
Օտարերկրյա պետության իրավասու մարմնին պատասխանե-լու օրը, ամիսը, տարեթիվը |
Ծանոթա-գրու-թյուններ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |