Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-187
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (13.01.1993-18.04.1993)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/1-2(1029-1030)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.01.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ՈՒ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.

1. 1993 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի և կենսաթոշակների նվազագույն չափը սահմանել 2000 ռուբլի:

Բնակչության ինդեքսավորման ենթակա մնացած եկամուտների նկատմամբ կիրառել հետևյալ գործակիցները`

բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքների համար` 1,65 (նշված գործակցով բարձրացումը տարածել նաև լուսավորության, գիտության և մշակույթի հիմնարկների աշխատողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա).

ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի համար` 1,666, դրանք սահմանելով`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 11 ռուբ. 77 կոպ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 13 ռուբ. 07 կոպ.

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 15 ռուբ. 77 կոպ.:

2. Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակների (բացի կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին տրվող կենսաթոշակների), ինչպես նաև խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերը բարձրացնել 800 ռուբլով:

Երկու ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ է, կերակրողին կորցնելու կապակցությամբ նշանակված կենսաթոշակները վճարել այն հաշվով, որ յուրաքանչյուր երեխայի ամսական կենսաթոշակի չափը կազմի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն կենսաթոշակի 110 %-ը:

Մեկ ծնողին կորցրած երեխաներին կերակրողին կորցնելու կապակցությամբ նշանակված կենսաթոշակները վճարել այն հաշվով, որ յուրաքանչյուր երեխայի ամսական կենսաթոշակի չափը կազմի Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն կենսաթոշակի 100 %-ը:

3. Բուհերի ուսանողների կրթաթոշակը սահմանել ամսական 1650 ռուբլու չափով, գերազանց առաջադիմություն ունեցողներինը` 2000 ռուբլու, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներինը` 1200 ռուբլու, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆտեխնիկական ուսումնարանների սովորողներինը` 1000 ռուբլու չափով: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 2500 ռուբլու, իսկ դոկտորանտներինը` 3200 ռուբլու չափով:

4. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) երեխաների համար ամենամսյա նպաստը բարձրացնել յուրաքանչյուր երեխայի համար 240-ական ռուբլով, սահմանելով այն 650 ռուբլի:

5. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) ունեցող ընտանիքների համար մեկ երեխայի ամսական նպաստի չափը սահմանել սույն հրամանագրի 4-րդ կետով որոշված նպաստի 25 %-ի չափով ավելի:

6. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում, ամսական նպաստի չափը բարձրացնել 240 ռուբլով, սահմանելով այն 650 ռուբլի:

7. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխային խնամելու համար վճարել նպաստ ամսական 650 ռուբլու չափով:

8. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը սահմանել 500 ռուբլի:

9. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 2000 ռուբլի:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սպայական և ենթասպայական կազմի համար պարենամթերքի փոխհատուցման չափն ավելացնել ամսական 300 ռուբլու չափով:

11. Տնտհաշվարկային ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին: Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել ֆինանսական միջոցներով չապահովված պետական ձեռնարկությունների աշխատողների հարկադիր պարապուրդի վճարումների համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներով ապահովելու հարցը:

13. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին` վերանայել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հոկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վաստակից գանձվող եկամտահարկի դրույքաչափերի փոփոխությունների մասին» որոշումը:

14. 1993 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին կետը, 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունները, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 13 հունվարի 1993 թվականի
ՆՀ-187