Գլխավոր տեղեկություն
Համար
N 400-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (05.04.2014-14.07.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.27/24(396) Հոդ.484
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 13 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2005 թվականի N 400-Ն

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ բաժնի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 17.11.11 N 1611-Ն)

1. Հաստատել`

ա) միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 7
Երևան

 


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 400-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:

2. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:

3. Միջուկային տեղակայանքների շահագործման իրավունք ունեցող սուբյեկտ են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործող կազմակերպություններ ճանաչված իրավաբանական անձինք:

4. Շահագործման մեջ գտնվող միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով: Կառուցման փուլն ավարտված միջուկային տեղակայանքի շահագործման լիցենզիան տրվում է տվյալ միջուկային տեղակայանքի նախագծով նախատեսված շահագործման ժամկետով:

(4-րդ կետը լրաց. 17.11.11 N 1611-Ն)

5. Յուրաքանչյուր միջուկային տեղակայանքի համար տրվում է շահագործման առանձին լիցենզիա:

(5-րդ կետը փոփ. 17.11.11 N 1611-Ն)


II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

6. Հայտատուն միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը։

(6-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, 27.12.12 N 1677-Ն)

6.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

(6.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

7. Հայտին կից` կարգավորող մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

գ) տեղեկատվություն միջուկային տեղակայանքների շահագործման ընթացքում օգտագործվող և պահպանվող միջուկային նյութերի քանակի և ֆիզիկական, քիմիական ու նեյտրոնաֆիզիկական բնութագրերի մասին, ինչպես նաև միջուկային նյութերի հաշվառման և հսկման ծրագիրը.

դ) շահագործող կազմակերպության կազմակերպական կառուցվածքի նկարագրությունը, որը ներառում է`

շահագործող կազմակերպության կառավարման ծրագիրը և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխումը,

ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական գիտելիքների ստուգման համակարգը.

անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնական հրահանգները.

ե) շահագործող կազմակերպության կողմից նորմատիվ ֆինանսական հատկացումները` նպատակաուղղված միջուկային տեղակայանքի շահագործման ընթացքում միջուկային, ճառագայթային, ռադիոակտիվ թափոնների, տեխնիկական, հակահրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման և հսկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների, գիտատեխնիկական աջակցության, միջուկային վնասի փոխհատուցման, օգտագործված միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախսերի և շահագործումից հանելու ապահովմանը.

զ) շահագործվող միջուկային տեղակայանքների անվտանգության վերլուծության հաշվետվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 2013-Ն որոշման, իսկ կառուցման փուլն ավարտված միջուկային տեղակայանքի համար` անվտանգության վերլուծության մասին վերջնական հաշվետվությունը.

է) անվտանգության հավանականային վերլուծության մասին հաշվետվությունը.

ը) անվտանգության տեսակետից կարևոր կոնստրուկցիաների, համակարգերի և տարրերի դասակարգիչը.

թ) միջուկային տեղակայանքների շահագործման որակի ապահովման ծրագիրը.

ժ) միջուկային տեղակայանքի շահագործման տեխնոլոգիական ռեգլամենտը.

ժա) վթարային հակազդման ներքին պլանը.

ժբ) հակահրդեհային անվտանգության միջոցառումների պլանը.

ժգ) տեխնիկական հրահանգները, մշակված նախագծողների և մատակարար կազմակերպությունների հետ համատեղ, որոնք սահմանում են անվտանգության տեսակետից կարևոր տեխնոլոգիական գործընթացների սահմաններն ու պայմանները միջուկային տեղակայանքի շահագործման տարբեր ռեժիմներում.

ժդ) անվտանգության համար կարևոր համակարգերի պարբերական ստուգումների ծրագիրը.

ժե) (ենթակետն ուժը կորցրել է 17.11.11 N 1611-Ն)

ժզ) միջուկային տեղակայանքների անվտանգության տեսակետից կարևոր կոնստրուկցիաների, համակարգերի և հանգույցների տեխնիկական սպասարկման, փորձարկումների,  պարբերական ստուգումների ծրագիրը` հաշվի առնելով շահագործման սահմանները և պայմանները.

ժէ) (ենթակետն ուժը կորցրել է 17.11.11 N 1611-Ն)

ժը) ռեակտորը միջուկային վառելիքով լիցքավորելու ծրագիրը: Միջուկային վառելիքի բեռնավորման, օգտագործման, բեռնաթափման և ակտիվ գոտում փորձարկման մասին հրահանգները.

ժթ) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին եզրակացությունը և միջուկային տեղակայանքների հարակից տարածքի շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մոնիթորինգի ծրագիրը.

ի) հետևյալ լիցենզիաների պատճենները`

միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` օգտագործման, պահեստավորման,

ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման` օգտագործման, պահեստավորման.

իա) սույն կարգի 7-րդ կետի «զ», «է», «ը», «ժ», «ժա», և «ժը» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները.

իբ) միջուկային տեղակայանքի նախագծային և արտանախագծային վթարների կառավարման մասին հրահանգները:

(7-րդ կետը փոփ., խմբ. 29.05.09 N 602-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց., փոփ. 17.11.11 N 1611-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

8. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է դրանք ստանալուց հետո 30 օրվա ընթացքում, իսկ լիցենզիան տալիս կամ մերժում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:

9. Կարգավորող մարմինը ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ, նախագծային փաստաթղթեր, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություններ և անվտանգության գնահատման համար այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

9.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(9.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

10. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:

11. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների կատարման համար կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն: Թույլտվության ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանում է կարգավորող մարմինը:

IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

12. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`

ա) միջուկային տեղակայանքների անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:

13. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում 3 օրվա ընթացքում:

14. Լիցենզավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

15. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունների կարգավորմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(15-րդ կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

16. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

17. Միջուկային տեղակայանքների շահագործման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե


Հ Ա Յ Տ _ _ _ _

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայտատու _____________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրը)

______________________________________________________________


______________________________________________________________

2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).
բ)
գ)
դ)
ե)

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

Կազմակերպության տնօրեն _____________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ _________ 200  թ.

(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, 06.03.14 N 242-Ն)

(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ., խմբ. 29.05.09 N 602-Ն, փոփ.17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, 06.03.14 N 242-Ն)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 24-ի N 400-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_951

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը __________________________________________
Գտնվելու վայրը _____________________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
________________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200  թ.

Կոմիտեի նախագահ

____________
(ստորագրությունը)

_______________________
(անունը, ազգանունը)

Կ.Տ.

(ձևը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան