ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 214-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. մարտի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 214-Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՏՎՅԱԼՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից (այսուհետ` ռեգիստր) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող տվյալները, դրանց տրամադրման կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները տվյալներն ստանում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարաններից (այսուհետ՝ մարզպետարան): Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները տվյալներն ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից (այսուհետ՝ վարչություն):
3. Ռեգիստրը յուրաքանչյուր կիսամյակից հետո 5-րդ աշխատանքային օրը մարզպետարանին (Երևանի քաղաքապետարանին) է տրամադրում յուրաքանչյուր համայնքի ռեգիստրում հաշվետու ժամանակաշրջանում հաշվառված անձանց (այդ թվում` անչափահաս) մասին հետևյալ տվյալները՝
1) համայնքում հաշվառված անձանց անունը, հայրանունը, ազգանունը, հաշվառման հասցեն.
2) սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
3) քաղաքացիությունը (երկքաղաքացիության դեպքում` նաև այլ պետության քաղաքացիությունը).
4) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).
5) հաշվառման ամսաթիվը.
6) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ քրեակատարողական հիմնարկում գտնվելու դեպքում` նշում դրա մասին:
4. Ռեգիստրը յուրաքանչյուր կիսամյակից հետո 5-րդ աշխատանքային օրը մարզպետարանին (Երևանի քաղաքապետարանին) է տրամադրում յուրաքանչյուր համայնքի ռեգիստրի հաշվառումից հանված անձանց (այդ թվում` անչափահաս) մասին հետևյալ տվյալները՝
1) համայնքում բնակության վայրի հասցեով հաշվառումից հանված անձանց (այդ թվում՝ անչափահաս) անունը, հայրանունը, ազգանունը.
2) սեռը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.
3) հաշվառումից դուրս գալու ամսաթիվը:
5. Սույն կարգով սահմանված տվյալները, ըստ համայնքների, համապատասխան մարզպետարաններին (Երևանի քաղաքապետարանին) տրամադրում է վարչությունը՝ էլեկտրոնային կրիչներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |