Գլխավոր տեղեկություն
Համար
N 191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.03.12/11(1024) Հոդ.157
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.02.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 փետրվարի 2014 թվականի N 191-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 1504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի «Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման, հարկային հաշիվների ձևերի տպագրության, հարկային մարմնից հարկային հաշիվների ձեռքբերման, հարկային հաշիվների սերիայի և համարի գեներացման կարգերը և հարկային հաշիվների ձևերի գինը սահմանելու մասին» N 1504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով.

«3) հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով:»,

 բ. որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

 

«IV. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

65. Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու իրավունք ունեն էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող և սույն կարգի 6-րդ և 10-րդ կետերով սահմանված պայմանները բավարարող անձինք:

66. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս են գրվում իրական ժամանակում՝ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում:

67. Էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն ունեցող հսկիչ-դրամարկղային մեքենաները գործում են միաժամանակ որպես հսկիչ-դրամարկղային մեքենա և որպես էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրող սարք՝ այն օբյեկտներում, որոնցում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր է:

68. Հարկային մարմնում որպես հարկային հաշիվներ դուրս գրելու իրավասություն ունեցող գրանցված անձը հարկային հաշիվներ դուրս գրելու համար ՀԴՄ-ն գործարկելուց հետո մուտքագրում է հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անունը (login) ու գաղտնաբառը: Սույն կարգի 67-րդ կետում նշած օբյեկտներում կիրառվող ՀԴՄ-ների միջոցով հարկային հաշիվներ դուրս գրելու համար հարկ վճարողի հաշվառման համարը, օգտվողի մուտքի անվան (login) ու գաղտնաբառի մուտքագրումն իրականացվում է ՀԴՄ-ն գործարկելուց (վերագործարկումից) հետո «ՀԴՄ» և «Հարկային հաշիվներ» համակարգերից «Հարկային հաշիվներ» համակարգն ընտրելուց հետո:

69. ՀԴՄ-ի հարկային հաշիվների դուրսգրման ծրագիրը հնարավորություն է տալիս՝

1) դուրս գրելու հարկային հաշիվներ.

2) դիտելու իր կողմից դուրս գրված (այդ թվում՝ էլեկտրոնային այլ եղանակներով դուրս գրված) և ստացված հարկային հաշիվները.

3) սույն կարգով սահմանված ժամկետում չեղյալ համարելու դուրս գրված հարկային հաշիվները.

4) ՀԴՄ-ի թղթային ժապավենի օգնությամբ սույն կարգով սահմանված տվյալներով դուրս գրելու հարկային հաշիվներ.

5) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու ստացված հարկային հաշիվները.

6) ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա ստեղծելու նմուշներ (օրինակներ).

7) ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվների դուրսգրումը հեշտացնելու նպատակով ՀԴՄ-ի ստեղնաշարի կամ նախկինում դուրս գրված հարկային հաշիվների հիման վրա ստեղծելու հարկային հաշիվներում լրացվող տվյալների բառարաններ: Սույն կետի 1-5-րդ ենթակետերում նշված գործողությունները հնարավոր է իրականացնել միայն ինտերնետային ցանցին միացած լինելու և կապի առկայության պայմաններում (ինտերնետային ցանցի ռեժիմում), իսկ 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված գործողությունները՝ ինչպես ինտերնետային կապի առկայության, այնպես էլ դրա բացակայության պայմաններում: ՀԴՄ-ի միջոցով հարկային հաշիվները դուրս են գրվում դրանք էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում:

70. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներն անվավեր են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1504-Ն որոշմամբ սահմանված՝ հարկային հաշիվների անվավեր ճանաչման կարգով: ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվներ անվավեր ճանաչելու դեպքում դուրս գրված հարկային հաշիվների անվավեր ճանաչման մասին տեղեկություններ ներկայացվում են սույն կարգի 2-րդ բաժնում նշված ծրագրի միջոցով:

71. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրվող հարկային հաշիվներում պարտադիր լրացման ենթակա՝ մատակարարի (ծառայություն մատուցողի) անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու կամ բնակության վայրը, ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը նշելու դեպքում՝ գնորդի անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), գտնվելու վայրը, լրացվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգի միջոցով:

72. Հարկ վճարողը հարկային հաշիվ դուրս գրելու համար ծրագրում ընտրում է ծրագրով նախատեսված հարկային հաշիվների տեսակը և լրացնում այն: Հարկային հաշիվը կարող է լրացվել հարկային հաշիվների նմուշի հիման վրա կամ բառարաններից անհրաժեշտ տվյալներ ներմուծելու միջոցով:

73. Լրացված հարկային հաշիվը չի կարող վավերացվել էլեկտրոնային ստորագրությամբ, եթե դրանում լրացված չէ հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա որևէ տվյալ (վավերապայման):

74. ՀԴՄ-ի միջոցով լրացված հարկային հաշիվը ենթակա չէ վավերացման, եթե դրանում բացակայում են դրանում լրացման ենթակա նվազագույն տվյալները: Հարկային հաշվի նվազագույն տվյալներ են համարվում դրանում ավելացված արժեքի հարկով հարկված (ավելացված արժեքի հարկի գումարի և դրույքաչափի նշումով) որևէ գործարքի մասին հարկային հաշվի հաշվարկային մասում լրացվող տվյալները:

75. ՀԴՄ-ի միջոցով լրացված հարկային հաշիվը վավերացվում է ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում է սերիա-համար: Հարկային հաշիվը դուրս է գրվում հարկային հաշիվն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու դեպքում: Հարկային հաշիվը կարող է վավերացվել «CoSign» համակարգի կամ նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրության միջոցով: Նույնականացման քարտի միջոցով հարկային հաշիվն էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրվելու դեպքում կիրառվում է ՀԴՄ-ի քարտ ընթերցող հանգույցը:

76. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ հարկային մարմին «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները չեն ներկայացվում:

77. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվները գրանցվում են հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում և տեղադրվում հարկ վճարողի համար վարվող` դուրս գրված հարկային հաշիվների մասին օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված տեղեկանքում:

78. ՀԴՄ-ի թղթային ժապավենի միջոցով տպագրվող հարկային հաշվում տպագրվում է հարկային հաշվի սերիա-համարը, հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը և ժամը, մատակարարի ԱԱՀ-ն վճարողի հաշվառման համարը, գնորդի հարկ վճարողի հաշվառման համարը մատակարարված ապրանքի (մատուցված ծառայության) ընդհանուր արժեքը, ավելացված արժեքի հարկի գումարը, հարկային հաշիվը դուրս գրողի անունը և ազգանունը:

 79. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվը դուրս գրողի կողմից կարող է հայտարարվել չեղյալ` դուրսգրման պահին հաջորդող 1 ժամվա ընթացքում, եթե հարկային հաշիվը չեղյալ համարելու պահին տվյալ հարկային հաշիվը վավերացված չէ տվյալ հարկային հաշվով ապրանք ձեռք բերողի կամ ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ:

80. ՀԴՄ-ի միջոցով դուրս գրված հարկային հաշիվների մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվների դուրսգրում է համարվում ՀԴՄ-ի հարկային հաշիվների դուրսգրման ծրագրում կամ հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում կիրառվող ծրագրերում այնպիսի ծրագրային փոփոխությունների կամ լրացումների կատարումը, որոնց արդյունքում հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի հարկային հաշիվների համակարգում չգրանցվող հարկային հաշիվ կամ հարկային հաշիվների համակարգում գրանցվում է դուրսգրված հարկային հաշվում լրացված տվյալներից տարբերվող տվյալ, կամ հարկ վճարողի կողմից դուրս է գրվում հարկային մարմնի կողմից տվյալ հարկ վճարողին չտրամադրված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչված սերիա-համարով հարկային հաշիվ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 4

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան