Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-149
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (01.09.1992-02.02.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/17-18
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.09.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.09.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.01.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՄՅՈՒՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՏԱՐՎՈՂ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում ստեղծված անցումային բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը, գործող օրենսդրության անկատարությունը, բանկային, ֆինանսական և իրավապահ մարմինների առանձին ստորաբաժանումների անբավարար աշխատանքը նպաստավոր պայմաններ են ստեղծել մի շարք հանցավոր խմբերի և անձանց համար զբաղվելու պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությամբ: Նման ոտնձգություններն ուղղված են նոր կազմավորվող ազգային պետականության հիմքերի խարխլմանը, ոտնահարում են քաղաքացիների և կազմակերպությունների սահմանադրական իրավունքները` ծնելով իշխանությունների հանդեպ անվստահության դրսևորումներ:

Պետական, հասարակական և քաղաքացիներին պատկանող գույքի հափշտակությունների, տնտեսական բնույթի մյուս հանցագործությունների դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով, որոշում եմ.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, պետական տեսչության, գերատեսչությունների, միավորումների միջոցով, դրանց ղեկավարների անձնական պատասխանատվությամբ, երկամսյա ժամկետում նախապատրաստել և ս/թ նոյեմբերի 1-ից 30-ը անցկացնել պետական ունեցվածքի գույքագրում պետական բոլոր ձեռնարկություններում, կազմակերպություններում: Պակասորդների և այլ չարաշահումների վերաբերյալ նյութերը, սահմանված կարգով, հանձնել իրավապահ մարմինների քննությանը:

Այդ աշխատանքներն անհրաժեշտ ձևով վերահսկելու և դրանց իրականացման արդյունավետությունն ապահովելու համար մշակել համապատասխան մեխանիզմ` ներգրավելով նախարարությունների, պետական վարչությունների, պետական տեսչության, գերատեսչությունների պատասխանատու աշխատողներին, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

2. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործկոմներին` քննության առնել և հատուկ միջոցներ նախատեսել բնակելի շենքերի մուտքերի, առանձնատների և ամառանոցների, ավտոկանգառների պահպանության նախազգուշական-պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացման ուղղությամբ:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ելնելով Երևան քաղաքում տիրող հանցածին կացությունից, կազմակերպել պետական, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների գույքի պահպանության ապահովմանը, հափշտակությունների կանխարգելմանն ուղղված շուրջօրյա նպատակային պարեկություն` հատուկ պարեկային խմբերով:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության բանկին` մշակել և երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել առաջարկություններ` ուղղված բանկային համակարգում հափշտակությունների կանխարգելմանը, պետական գույքի պահպանության ուժեղացմանը:

5. Հայաստանի Հանրապետության բանկին` բանկային համակարգում կատարած ստուգումների, պետական գույքի պահպանության, ֆինանսական, դրամական ռեսուրսների նպատակային օգտագործման վիճակի մասին յուրաքանչյուր եռամսյակի վերջում ամփոփ հաղորդումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:

6. Հայաստանի Հանրապետության պետական մասնագիտացված, առևտրային (այդ թվում կոոպերատիվ) խնայողական բանկերին արգելել առանց համապատասխան ռեսուրսների առկայության վարկեր տրամադրել, տրված վարկերը տվյալ կազմակերպության մեկ այլ հաշվին փոխանցելը:

Սահմանել, որ հինգ հարյուր հազար ռուբլուց ավելի վարկեր տրամադրելու համար բանկերի կողմից տրվող երաշխավորական նամակները պարտադիր կարգով պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության բանկի կողմից:

 7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության բանկին` երկամսյա ժամկետում ուսումնասիրել բանկերի տված ժամկետանց վարկերի առաջացման պատճառները:

Կատարված ստուգումների արդյունքներից ելնելով ձեռնարկել համապատասխան միջոցներ, անհրաժեշտության դեպքում, նյութերը հանձնել դատախազության մարմիններին:

8. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ուժեղացնել հսկողությունը հանրապետությունից թանկարժեք և գունավոր մետաղների, քարերի, այլ նյութերի, արվեստի արժեքավոր ստեղծագործությունների ապօրինի դուրսբերումը կանխելու ուղղությամբ, ակտիվացնելով համագործակցությունը իրավապահ մարմինների հետ:

9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`

հափշտակությունների դեմ տարվող պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, յուրաքանչյուր կիսամյակի վերջում ամփոփել օրենսդրության պահանջների կատարման վիճակը, կոորդինացնել իրավապահ և շահագրգիռ մյուս մարմինների աշխատանքը` այն նպատակամղելով այդ հանցագործությունների կանխմանը: Առանձնակի հսկողություն սահմանել հափշտակությունների վերաբերյալ քրեական գործերի քննության նկատմամբ.

յուրաքանչյուր կիսամյակը մեկ տարվող աշխատանքների և սույն հրամանագրի կատարումն ապահովելու մասին ինֆորմացիա տալ Հայաստանի Հանրապետության նախագահին` նշելով պետական կառավարման այն համակարգերը, որտեղ հափշտակությունները տարածված բնույթ են կրում և գործնական միջոցներ չեն ձեռնարկվում դրանք կանխելու համար:

10. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` վերահսկողություն իրականացնել հավաստի վիճակագրական տեղեկատվություն ապահովելու նկատմամբ, կատարել պարբերական ուսումնասիրություններ և յուրաքանչյուր և եռամսյակի արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության նախագահին:

11. Առաջարկել Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժին` տնտեսական գործունեության մեջ հայտնաբերված օրինականության ու պետական կարգապահության առավել լուրջ խախտումների, թերությունների և բացթողումների մասին պարբերաբար հաղորդումներ ուղարկել Հայաստանի Հանրապետության դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը, մյուս իրավապահ մարմիններին` մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը քննության առնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

1 սեպտեմբերի 1992 թ.

ՆՀ-149