Գլխավոր տեղեկություն
Համար
N 656-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (06.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.03/35(975) Հոդ.648
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2013 թվականի N 656-Ն

 

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ «ՆՈՐ ՀԱԼԵՊ» ԹԱՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող պատերազմական իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակվող Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների (այսուհետ` սիրիահայեր) բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» բնակելի թաղամաս` համաձայն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության առաջարկի, և այդ նպատակով՝

1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա. հստակեցնել բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու ցանկություն հայտնած սիրիահայերի ընտանիքների, հայկական սփյուռքի կառույցների ու բարերարների միջոցների հաշվին համապատասխան պայմաններով «Նոր Հալեպ» թաղամասում բնակելի տուն (բնակարան) ստանալու ցանկություն հայտնած սիրիահայերի ընտանիքների բնակարանային պահանջարկը,

բ. հայկական սփյուռքի կառույցների և բարերարների հետ քննարկել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքներին հնարավոր ֆինանսական աջակցության խնդիրները.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետի հետ քննարկել Աշտարակի քաղաքային համայնքի հաստատված գլխավոր հատակագծի համաձայն անհատական բնակելի թաղամասի կառուցապատման համար նախատեսված հողամասերից «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման համար 4.8 հեկտար մակերեսով հողամասի հատկացման հարցը՝ հողահատկացման սուբյեկտ ճանաչելով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը.

3) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ աջակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը սիրիահայերին բնակելի տների (բնակարանների) հատկացման կարգի մշակման հարցում.

4) առաջարկել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանն Աշտարակ քաղաքում հիմնվող «Նոր Հալեպ» թաղամասում կառուցվող բնակելի տները (բնակարանները) հատկացնել կամավորության սկզբունքով` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի և բնակելի տուն (բնակարան) ստանալու ցանկություն հայտնած սիրիահայերի ընտանիքների միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի տուն (բնակարան) հատկացնելու մասին կնքված պայմանագրի հիման վրա` դրանում ամրագրելով, որ բնակարան ստանալու ցանկություն հայտնած սիրիահայերի ընտանիքներին` անհատույց օգտագործման իրավունքով` որպես սոցիալական բնակարան, կամ որոշակի ժամկետով վարձակալության իրավունքով` վարձակալության ժամկետի երկարաձգման հնարավորությամբ, կամ ընտանիքի անդամների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ընդ որում, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակելի տուն (բնակարան) ստանալու ցանկություն հայտնած սիրիահայ ընտանիքներին բնակելի տունը (բնակարանը) հատկացնելու դեպքում` բնակելի տուն (բնակարան) հատկացնելու մասին պայմանագրում սահմանելով դրանց շինարարական աշխատանքներին ֆինանսական մասնակցության և բնակելի տան (բնակարանի) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված՝ որոշակի ժամկետով բնակելի տան (բնակարանի) օտարման սահմանափակումը:

(1-ին կետը փոփ., խմբ., լրաց. 26.12.13 N 1520-Ն)

2. Առաջարկել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորին սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն հողամասի հատկացումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից հստակեցված բնակարանային պահանջարկի հիման վրա «Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասի կառուցապատման նախագծային աշխատանքները` կիրառելով Հայաստանի Հանրապետության համայնքներում (բնակավայրերում) բնակելի կառուցապատման օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 26

Երևան