Գլխավոր տեղեկություն
Համար
N 398-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.04.23/21(1034) Հոդ.329
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2014 թվականի N 398-Ն

 

ՍԵՐՄԱՑՈՒՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԼՈՌՈՒ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ` ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

1) 2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզերում ցրտահարության պատճառած վնասների մեղմման նպատակով «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով, ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների վաճառքով զբաղվող տնտեսավարողներից ձեռք բերել բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուներ.

2) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված սերմացուների (այսուհետ` սերմացուներ) ձեռքբերման համար օգտագործել 85000000,0 դրամ՝ «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության նպատակային հաշվեհամարից.

3) սերմացուները «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով` սեղմ ժամկետում անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին` 2014 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության նշված մարզերում ցրտահարությունից առավել տուժած հողօգտագործողներին տրամադրելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց ձորի և Տավուշի մարզպետներին`

1) սերմացուները մինչև 10 օրվա ընթացքում համայնքների ղեկավարների միջոցով հատկացնել ցրտահարությունից առավել տուժած համայնքների հողօգտագործողներին` համաձայն համապատասխան համայնքների ավագանիների կողմից հաստատված բաշխացուցակների.

2) սերմացուների հատկացումն ավարտելուց հետո 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սերմացուների` ըստ համայնքների բաշխման, իսկ ցանքերի ավարտից հետո` ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի կատարված ցանքերի մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Գևորգյան

 

2014 թ. ապրիլի 15
Երևան