ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 2014 թվականի N 85-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1693-Ն որոշման N 2 հավելվածի 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման, երիտասարդական մասնակցության խթանման նպատակով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի օրինակելի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդ, հաստատել խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. փետրվարի 10-ի N 85-Ա որոշման |
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈԻ Թ Յ ՈԻ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության մարզպետին առընթեր երիտասարդական խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) խորհրդակցական մարմին է։
2. Խորհրդի գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խորհրդի կանոնադրությանը համապատասխան։
3. Խորհրդի ձևավորման ու գործունեության սկզբունքներն են՝
1) ժողովրդավարությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը.
2) երիտասարդների շրջանում բազմակարծության և հավասար հնարավորությունների ապահովումը՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային կամ կրոնական պատկանելությունից, սեռից, տարիքից կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից.
3) երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտի փորձագետների և հետազոտողների մասնակցությունը տեղերում որոշումների ընդունման գործընթացներին.
4) տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և ոչ պետական կազմակերպությունների համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության բնագավառում համակառավարման ապահովումը.
5) խորհրդի կազմի ձևավորման գործընթացում ներկայացուցչականության, արհեստավարժության և մասնագիտական գիտելիքների առաջնայնության ապահովումը։
II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցելը և խթանելը, երիտասարդական քաղաքականության համակարգված, հասցեավորված ու նպատակային իրականացմանն աջակցելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցությունը խթանելն ու երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը նպաստելն է։
5. Խորհրդի խնդիրներն ու գործառույթներն են՝
1) մարզերում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացումը, երիտասարդության հարցերին առնչվող պետական, մարզային և համայնքային մարմինների համագործակցության ապահովումը.
2) մարզերում երիտասարդական քաղաքականության գնահատումն ու Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի մարզպետին (այսուհետ` մարզպետ) համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
3) երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում մարզային և համայնքային ծրագրերի քննարկումը, դրանց ֆինանսավորման անհրաժեշտության, ծավալների ու ձևերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը և դրանք ներկայացնելը, հանրային կյանքի տարբեր բնագավառներում երիտասարդների մասնակցության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորումը, երիտասարդական կազմակերպությունների գործունեության ընդլայնման և խրախուսման նպատակով տարբեր կազմակերպական, ծրագրային, ենթակառուցվածքային և այլ խնդիրների հայտնաբերումը և մարզպետին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
4) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, առողջապահական, բնապահպանական, իրավական և այլ խնդիրների քննարկումը և մարզպետին առաջարկություններ ներկայացնելը.
5) երիտասարդության (այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների) հոգևոր և ֆիզիկական զարգացմանը, քաղաքացիական և ազգային գիտակցության բարձրացմանը, հայրենասիրական դաստիարակությանը, ազգային հոգևոր-մշակութային ժառանգությանն ու համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնելուն, ավանդական բարոյական արժեքների քարոզչությանն ուղղված հասարակական նախաձեռնություններին և ծրագրերին, շնորհալի անհատ ստեղծագործողներին և արվեստագետներին աջակցելու մեխանիզմների ապահովմանը նպաստելը.
6) մարզում կատարվող երիտասարդական աշխատանքները գնահատելու և խթանելու նպատակով մրցանակաբաշխություն կազմակերպելն ու անցկացնելը, տարվա ընթացքում երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի ոլորտում լուրջ ներդրում ունեցած երիտասարդներին կամ երիտասարդական կազմակերպություններին տարբեր կարգի պարգևների, մրցանակների և պատվոգրերի շնորհման ներկայացնելը մարզպետին:
III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Խորհրդի կազմում ընդգրկվում են տվյալ մարզի բոլոր քաղաքային, ինչպես նաև 3500 և ավելի բնակիչ ունեցող համայնքների երկուական ներկայացուցիչ, որոնցից մեկը ներկայացնում է պետական, իսկ մյուսը՝ ոչ պետական հատվածը:
7. Խորհրդի պետական հատվածը ներկայացնող անդամը համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ այդ հաստիքի բացակայության դեպքում՝ համապատասխան համայնքի աշխատակազմի ղեկավարը:
8. Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը 16‑30 տարեկան երիտասարդ է, որը համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝
1) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը.
2) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ.
3) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն։
9. Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:
10. Խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամն առաջադրվում է համայնքի ավագանու կողմից՝ մրցութային կարգով, սույն կանոնադրության 8-րդ կետին համապատասխան չափանիշներով: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն ապահովում է մրցույթի վերաբերյալ հայտարարության զետեղումը մարզպետարանի պաշտոնական կայքէջում, իսկ համայնքի ավագանին համապատասխան հայտարարություն է տեղադրում համայնքի տպագիր և էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես նաև իր վարչական շենքում հայտարարությունների համար նախատեսված տեղում:
11. Նշված չափանիշները բավարարող թեկնածու չլինելու դեպքում խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամը կարող է առաջադրվել համայնքի ավագանու կազմից՝ ինքնաառաջադրման սկզբունքով, սույն կանոնադրության 8-րդ կետին համապատասխան չափանիշներով: Համապատասխան թեկնածու չլինելու դեպքում տվյալ համայնքից խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ է ընտրվում ավագանու՝ տարիքով ամենաերիտասարդ անդամը:
12. Խորհրդի անհատական կազմը հաստատում է մարզպետը՝ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
13. Խորհրդի նախագահը մարզպետն է։ Խորհուրդն ունի քարտուղար, որն ընտրվում է խորհրդի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամներից:
14. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի կողմից` ոչ ուշ, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ։ Խորհրդի նիստ կարող է գումարվել նաև ըստ անհրաժեշտության՝ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ։
15. Խորհրդի նիստերը նախագահում է խորհրդի նախագահը։ Խորհրդի նիստերի արձանագրությունները և որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և խորհրդի քարտուղարը։ Խորհրդի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու որոշումները հրապարակվում են մարզպետարանի կայքէջում: Խորհրդի գործունեությունը լուսաբանվում է զանգվածային լրատվության միջոցներով և համացանցով։
16. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը։ Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Նիստին ներկա անդամների առնվազն 2/3-ի պահանջով կարող է անցկացվել փակ քվեարկություն:
17. Խորհրդի որոշումների հիման վրա, ըստ անհրաժեշտության, մարզպետի կողմից սահմանված կարգով կարող են ընդունվել համապատասխան որոշումներ կամ տրվել համապատասխան հանձնարարականներ։
18. Խորհրդի նիստերին ի պաշտոնե մասնակցում է մարզպետարանի աշխատակազմի երիտասարդության հարցերը համակարգող համապատասխան աշխատողը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով։ Խորհրդի նիստերին հասարակական հիմունքներով կարող են հրավիրվել ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ, մարզային և համայնքային մարմինների, գիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական և ոչ պետական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ անձինք։
19. Խորհուրդն իր աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով կարող է ընդունել աշխատակարգ, հասարակական հիմունքներով ձևավորել աշխատանքային խմբեր և այդ խմբերում ընդգրկել խորհրդի անդամ չհանդիսացող անձանց։
20. Խորհրդի նախագահը՝
1) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.
2) ապահովում է խորհրդի որոշումների կատարումը:
21. Խորհրդի քարտուղարը՝
1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգը, կազմում արձանագրությունը.
2) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում օգնում է խորհրդի անդամներին ընթացիկ գործերում, ապահովում է գործավարությունը։
22. Խորհրդի անդամն իրավունք ունի՝
1) խորհրդի նիստում հանդես գալու խորհրդի խնդիրներին ու գործառույթներին վերաբերող առաջարկություններով.
2) քննարկվող հարցի վերաբերյալ հանդես գալու հատուկ կարծիքով, որը կցվում է նիստի արձանագրությանը.
3) դիմելու մարզպետին` խորհրդի կազմից դուրս գալու խնդրանքով։
23. Խորհրդի անդամը կարող է քննարկվող հարցերի վերաբերյալ տալ բանավոր կամ գրավոր եզրակացություններ, մշակել հաշվետվություններ, զեկույցներ, առաջարկներ և այլ փաստաթղթեր։
24. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են՝
1) իր դիմումի համաձայն.
2) խորհրդի նիստերից երեք անգամ անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում՝ խորհրդի որոշմամբ.
3) իր պարտականությունները կատարելու առումով անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում:
IV. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ
25. Խորհուրդը ձևավորվում է 2 տարի ժամկետով:
26. Խորհրդի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո նոր խորհուրդը կազմավորվում է համաձայն սույն կանոնադրության դրույթների:
27. Խորհրդի անհատական կազմը համալրվում է մարզպետի կողմից՝ սույն կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|