Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.08/1(1014) Հոդ.12
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ  ԵՇԴ/1050/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/1050/02/12

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Տ. Նազարյան

Դատավորներ՝   

Կ. Հակոբյան
 

Ի. Վարդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Վարտանովի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արթուր Վարտանովի ընդդեմ Մարինա Եգիևայի, երրորդ անձ ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արթուր Վարտանովը պահանջել է 1/2-րդ մասով անվավեր ճանաչել ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 26.08.2011 թվականին Մարինա Եգիևայի անվամբ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, իրեն ճանաչել Բենիամին Շահինյանին պատկանող ժառանգական գույքը ներկայացման իրավունքով ընդունած ժառանգ և ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Արարատյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող 61,65քմ մակերեսով օրինական շինությունների 1/2-րդ մասի և 200քմ մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի 1/6-րդ մասի նկատմամբ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Կուբանյան) (այսուհետ՝ Դատարան) 29.03.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.06.2013 թվականի որոշմամբ Արթուր Վարտանովի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.03.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Վարտանովը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարինա Եգիևան։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ և 1221-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է, որ իր մորեղբորը պատկանող ժառանգությունն ընդունելու մասին ինքն օրենքով սահմանված ժամկետում և կարգով դիմում է ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հայցապահանջը վերաբերել է ոչ թե ներկայացման իրավունքով ժառանգմանը, այլ ժառանգման իրավունքին ընդհանրապես:

Վերաքննիչ դատարանը հստակ չի մեկնաբանել, թե միաժամանակ մահացած անձանց ժառանգներն իրավունք ունեն ստանալու միայն իրենց ուղղակի իրավանախորդին պատկանող ժառանգական զանգվածը, թե նաև այն ժառանգական զանգվածը, որն իրավանախորդն իրավունք ուներ ստանալու իր հետ միաժամանակ մահացած անձից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ եթե օրենքը և օրենսդիրը ժառանգական զանգվածից հասանելիք բաժնեմաս են նախատեսում ժառանգատուից ավելի վաղ մահացած ժառանգի իրավահաջորդների և ժառանգության բացումից հետո մահացած ու ժառանգությունն ընդունել չհասցրած ժառանգի իրավահաջորդների համար, ապա ինչ պատճառաբանությամբ ժառանգությունից պետք է զրկվեն այն անձանց իրավահաջորդները, ովքեր մահացել են ժառանգատուի հետ միաժամանակ և նրանից ժառանգելու իրավունք են ունեցել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2013 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման, քանի որ բացակայում է Արթուր Վարտանովի` իր մորեղբոր ժառանգությունն ընդունելու իրավական հիմքը` օրենսդիրը հստակ սահմանել է, որ այն անձինք, ովքեր մահացել են ժառանգատուի հետ միաժամանակ և նրանից ժառանգելու իրավունք են ունեցել, ապա նրանց իրավահաջորդները ժառանգությունը կարող են ընդունել, եթե նրանց իրավանախորդը ժառանգատուի մահվանից առաջ է մահացել (ժառանգում ներկայացման իրավունքով) կամ ժառանգատուի մահվանից հետո է մահացել (ժառանգության տրանսմիսիա): Մինչդեռ սույն գործով նման փաստերը բացակայում են, հետևաբար հայցվորը զրկվում է ժառանգությունից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի Արարատյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող ընդհանուր սեփականության իրավունքով գույքագրված 200քմ մակերեսով հողամասի վրա առկա շինություններից 61,65քմ մակերեսով օրինական շինությունը սեփականության իրավունքով որպես առանձին միավոր գույքագրված է Բենիամին Շահինյանի անվամբ (1-ին հատոր, գ.թ. 5).

2) Բենիամին Շահինյանը 23.01.2011 թվականին մահացել է: Նույն օրը մահացել է նաև նրա հարազատ քույրը` Լարիսա Վարտանովան: Բենիամին Շահինյանը երեխաներ և կին չունի, իսկ ծնողները մահացել են (1-ին հատոր, գ.թ. 9-10).

3) ՀՀ Արարատի մարզի Ձորակ համայնքի Րաֆֆու փողոցի թիվ 15 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է Լարիսա Վարտանովայի անվամբ (1-ին հատոր, գ.թ. 47).

4) 02.02.2011 թվականին Արթուր Վարտանովը հայտարարություն է ներկայացրել ՀՀ «Մասիս» նոտարական տարածքի նոտարին իր մոր` Լարիսա Վարտանովայի «մահից հետո մնացած ժառանգական գույքն ըստ օրենքի ընդունելու մասին» (1-ին հատոր, գ.թ. 12).

5) 05.02.2011 թվականին Արթուր Վարտանովը հայտարարություն է ներկայացրել ՀՀ «Շենգավիթ» նոտարական տարածքի նոտարին իր մոր` Լարիսա Վարտանովայի «մահից հետո մնացած և ըստ օրենքի ներկայացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունը, ժառանգական գույքն ամբողջությամբ» ընդունելու մասին (1-ին հատոր, գ.թ. 11).

6) ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանը Բենիամին Շահինյանի քրոջը` Մարինա Եգիևային 26.08.2011 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տվել Երևանի Արարատյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող 61,65քմ մակերեսով շինության և 200քմ մակերեսով ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի նկատմամբ (1-ին հատոր, գ.թ. 13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված է հետևյալ իրավական հարցը.

ովքեր են հրավիրվում ժառանգման մեկը մյուսից հետո ժառանգելու իրավունք ունեցող անձանց նույն օրը մահանալու դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում` այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ մեկը մյուսից հետո ժառանգելու իրավունք ունեցող անձանց նույն օրը մահանալու դեպքում նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները` ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:

Սույն գործի փաստերի համաձայն` Բենիամին Շահինյանը և նրա հարազատ քույրը` Լարիսա Վարտանովան, մահացել են միաժամանակ` նույն օրը: Այսինքն` Բենիամին Շահինյանի ժառանգության բացման ժամանակ Լարիսա Վարտանովան կենդանի չի եղել: Նման պայմաններում վերջինս չէր կարող հանդիսանալ Բենիամին Շահինյանի ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգը:

Հետևաբար սույն իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի չէ որպես հայցապահանջի իրավական հիմք վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ նշված հոդվածը կարգավորում է մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինը նրա երեխաներին անցնելու (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխելու հարցը, որը մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի երեխաներին իրավունք է վերապահում ժառանգելու իրենց իրավանախորդին հասանելիք այն բաժինը, որը նրան կհասներ կենդանության օրոք:

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերը նշված վերլուծությունը` Բենիամին Շահինյանի մահվանից հետո ժառանգման ենթակա էին հրավիրման միայն նրա ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգները:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, մերժելով Արթուր Վարտանովի հայցը` ներկայացման իրավունքով իր մորեղբոր ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և սեփականության իրավունքը ժառանգական գույքի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով այդ վճռի դեմ Արթուր Վարտանովի բերած վերաքննիչ բողոքը, թույլ չեն տվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի վկայակոչված վերը նշված խախտումները, քանի որ ճիշտ մեկնաբանելով ՀՀ քաղացիական օրենսգրքի 1187-րդ, 1188-րդ, 1217-րդ, 1221-րդ հոդվածները` հանգել են հիմնավոր եզրակացության առ այն, որ որպեսզի Արթուր Վարտանովը ներկայացման իրավունքով ժառանգեր մորեղբոր ժառանգությունը, նրա մայրը պետք է մահացած լիներ մինչև եղբոր մահանալը:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2013 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Արթուր Վարտանովից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 31.07.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան