Գլխավոր տեղեկություն
Համար
N 1347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.13/66(1006).1 Հոդ.1151.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2013 թվականի N 1347-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1045-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`

1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին և 8.2-րդ կետերով`

«8.1. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված պայմանագիրը կնքելուց հետո դիմումատուն երեք ամսվա ընթացքում լիազորված պետական մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման վերաբերյալ ծրագիր (այսուհետ` ծրագիր), որը ներառում է օգտագործման տրամադրվող անտառային տարածքի առնվազն կրկնապատիկի չափով անտառապատման աշխատանքների իրականացման նախագիծը և անտառապատման ժամանակացույցը:

8.2. Ծրագիրն իրականացվում է դիմումատուի ֆինանսական միջոցների հաշվին: Ծրագրի իրականացման ավարտ է համարվում անտառապատման ընթացքում հիմնադրված անտառտնկարկները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անտառի շարք փոխադրելու օրը: Ծրագրով նախատեսված աշխատանքները պատշաճ չիրականացնելը, ինչպես նաև պայմանագրի պահանջներն ու պայմանները չպահպանելը հիմք են հանդիսանում անտառօգտագործողից պահանջելու դադարեցնել աշխատանքները, հատուցել և վերականգնել անտառօգտագործման հետևանքով անտառներին և անտառային հողերին պատճառված վնասը: Սույն կետի դրույթները պարտադիր ներառվում են պայմանագրում:».

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով`

«10. Սույն կարգի 8-րդ կետի համաձայն անտառային հողերի օգտագործման մասին կնքվող պայմանագրի ժամկետը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 10
Երևան