Գլխավոր տեղեկություն
Համար
N 1340-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.13/66(1006).1 Հոդ.1151.10
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1340-Ն

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 11-րդ հոդվածների և «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

նոյեմբերի 21-ի N 1340-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ակադեմիա) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Ակադեմիան ստեղծվել և գործում է առանց ժամկետային սահմանափակման:

3. Ակադեմիան իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ակադեմիայի կառավարման խորհրդի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

5. Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:

6. Ակադեմիայի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ՝ «ԱԱ» ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ` Государственная некоммерческая организация «Академия юстиции».

4) ռուսերեն կրճատ՝ «АЮ» ГНО.

5) անգլերեն լրիվ` «Academy of Justice» State Non Commercial Organization.

6) անգլերեն կրճատ՝ «AJ» SNCO:

7. Ակադեմիան կարող է այլ կազմակերպությունների հիմնադիր կամ մասնակից հանդիսանալ` միայն հիմնադրի որոշմամբ:

8. Ակադեմիան ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, դրոշ, դրոշմակնիք, ձևաթուղթ, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

9. Ակադեմիան կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

10. Ակադեմիայի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, 0054, քաղ. Երևան, Փիրումյանների 9:

 

II. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

11. Ակադեմիայի գործունեության նպատակներն են`

1) դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.

2) դատավորների, դատախազների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված` ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը.

3) դատավորների, դատախազների, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

12. Ակադեմիան իր առջև դրված նպատակներին համապատասխան`

1) կազմակերպում և անցկացնում է որակավորման ստուգման արդյունքների հիման վրա դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.

2) կազմակերպում և անցկացնում է դատավորների, դատախազների, ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստումը.

3) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը.

4) կազմակերպում է դատավորների, դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով.

5) իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, համագործակցում օտարերկրյա կազմակերպությունների հետ, անդամակցում միջազգային կառույցներին.

6) կրթական ծրագրերի իրականացման համար մշակում է ուսումնամեթոդական նյութեր և կատարում է դրանց մշակման համար անհրաժեշտ հետազոտություններ:

13. Ակադեմիան, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, կարող է իրականացնել՝

1) իր գործունեության նպատակների իրականացման համար անհրաժեշտ հետազոտություններ.

2) իր գործունեության առարկայի և նպատակների շրջանակում` հրատարակչական, տպագրական գործունեություն և դրա արդյունքների իրացում.

3) արդարադատության իրականացմանը նպաստող մասնագիտությունների համար վերապատրաստման ծրագրեր.

4) ակադեմիայի անձնակազմի և ունկնդիրների համար հանրային սննդի կազմակերպում:

14. Ակադեմիան կարող է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

15. Ակադեմիան կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել անձամբ կամ այդ նպատակով, հիմնադրի որոշման հիման վրա, ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից:

 

 III. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

16. Ակադեմիան կառավարվում ու ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, հիմնադրի, ակադեմիայի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) և ակադեմիայի ռեկտորի (այսուհետ՝ ռեկտոր) գործառույթների իրականացմամբ:

17. Հիմնադրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ լիազորություններն են`

1) ակադեմիայի հիմնադրումը.

2) ակադեմիայի կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների ու լրացումների կատարումը.

3) ակադեմիային սեփականության իրավունքով հանձնվող կամ ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

4) ակադեմիայի վերակազմակերպումը և լուծարումը.

5) ակադեմիայի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

6) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:

18. Ակադեմիան կառավարում է խորհուրդը:

19. Խորհուրդը՝

1) մշակում և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում սույն կանոնադրությունը կամ դրանում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները.

2) հաստատում է իր աշխատակարգը և նիստերի ժամանակացույցը, ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը.

3) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ռեկտորի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները և ցուցումները.

4) լսում է ակադեմիայի գործունեության մասին հաշվետվությունները, քննում ակադեմիայի գործունեության վերստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում ակադեմիային ամրացված պետական սեփականության, ինչպես նաև ակադեմիայի սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, սույն կանոնադրությանը համապատասխան` համաձայնություն է տալիս ռեկտորի կողմից ակադեմիայի գույքի օտարման, ձեռքբերման կամ օգտագործման հանձնելու հետ կապված խոշոր գործարքների կատարման համար.

6) ռեկտորի նկատմամբ կիրառում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր, ինչպես նաև սահմանում է ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը, ծառայողական քննություն անցկացնելու համար ձևավորում համապատասխան հանձնաժողով.

7) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է ակադեմիայի հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

8) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշվի (բյուջետային հայտի) վերաբերյալ.

9) հաստատում է ակադեմիայի անկախ աուդիտ իրականացնող անձին.

10) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է ակադեմիայի կրթական չափորոշիչները, ուսուցման ծրագրերը, դրանց իրականացման կարգերը և ժամանակացույցները.

11) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է ունկնդիրների մասնագիտական պատրաստման ընթացքում փորձաշրջանի անցկացման կարգը և ունկնդրի փորձաշրջանի գնահատման չափանիշները, փորձաշրջանի բովանդակության նվազագույն պահանջները, փորձաշրջանից հետո ներկայացվող հաշվետվության և գրավոր գնահատագրի ձևերը.

12) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է ակադեմիայում քննությունների անցկացման կարգն ու պայմանները, ունկնդրի գիտելիքների գնահատման և քննական միավորների հաշվարկման կարգը, քննությունների անցկացման ժամանակացույցը, գիտելիքների ստուգման եղանակների, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննության արդյունքների բողոքարկման կարգը.

13) սահմանում է գնահատման հանձնաժողովի անդամների վարձատրության կարգն ու պայմանները.

14) սահմանում է ակադեմիայի ունկնդիրների տարկետման հիմքերը և կարգը.

15) ռեկտորի ներկայացմամբ` քննարկում և լուծում է ունկնդիրների նկատմամբ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական տույժեր կիրառելու հարցը.

16) «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշում դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակից ունկնդրին հանելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդ (այսուհետ՝ արդարադատության խորհուրդ) կամ գլխավոր դատախազին դիմելու վերաբերյալ.

17) ռեկտորի ներկայացմամբ` քննարկում և լուծում է ունկնդրին տարկետում տրամադրելու հարցը.

18) ռեկտորի ներկայացմամբ` սահմանում է վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման խմբերում ընդգրկվող ունկնդիրների առավելագույն թիվը.

19) սահմանում է ակադեմիայի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության կարգը, ընդունում է որոշում ակադեմիայի շահույթի օգտագործման վերաբերյալ.

20) հաստատում է ակադեմիայում դասավանդող դասախոսների թվային և անհատական կազմը.

21) ռեկտորի ներկայացմամբ` հաստատում է ակադեմիայի խորհրդանիշը.

22) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

20. Խորհուրդն իրականացնում է ակադեմիայի գործունեության ստուգման միջոցառումներ՝ խորհրդի առնվազն երկու անդամի կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պահանջով՝ դրանում նշված հիմքերի սահմաններում: Ստուգման միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պահանջը տվյալ տարվա ընթացքում մեկ անգամ ենթակա է պարտադիր բավարարման` խորհրդի կողմից, որից հետո նույն անդամի կողմից նմանատիպ պահանջ կրկին ներկայացվելու դեպքում խորհուրդն ընդունում է որոշում պահանջի բավարարման կամ մերժման վերաբերյալ:

21. Սույն կանոնադրության 20-րդ կետով նախատեսված ստուգումներն իրականացնելու նպատակով խորհուրդն իր կազմից ձևավորում է համապատասխան խումբ, որի մեջ չեն մտնում ստուգման վերաբերյալ պահանջով հանդես եկած անդամները: Ստուգումներն իրականացնելու նպատակով հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջվելու դեպքում խորհուրդն իր որոշմամբ կարող է ներգրավել համապատասխան մասնագետի կամ մասնագիտացված կազմակերպության: Այս դեպքում ստուգումների իրականացումը ֆինանսավորվում է ակադեմիային Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող համապատասխան միջոցների հաշվին:

22. Խորհրդի իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

23. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.

3) ստորագրում է խորհրդի արձանագրությունները և որոշումները.

4) իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

24. Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում խորհրդի նիստն անցկացնում է խորհրդի` տարիքով ավագ անդամը, որից հետո խորհրդի նախագահի լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է խորհրդի անդամներից մեկը` բաց քվեարկությամբ ընդունված խորհրդի որոշմամբ։

25. Խորհրդի նիստերի նախապատրաստման, գումարման, անցկացման, քվեարկության, որոշումների ընդունման, նիստերի արձանագրման կարգը սահմանվում է խորհրդի աշխատակարգով:

26. Խորհրդի նիստերը դռնփակ են: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը և ռեկտորն իրավունք ունեն խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու խորհրդի նիստերին։ Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել խորհրդի որոշմամբ հրավիրված այլ անձինք։

27. Ակադեմիայի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը:

28. Ռեկտորը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, խորհրդի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է ակադեմիայի գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները.

3) տալիս է ակադեմիայի անունից հանդես գալու լիազորագրեր` ներառյալ վերալիազորման իրավունքով լիազորագրերը.

4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է ակադեմիայի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրեր է կնքում ակադեմիայում դասավանդման գործընթացում ներգրավված անձանց հետ.

6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

7) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

8) կազմակերպում է ակադեմիայում ուսումնական գործընթացը.

9) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.

10) խորհրդի հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, ակադեմիայի կառուցվածքային մաս կազմող ստորաբաժանումների ցանկը, ինչպես նաև հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

11) հրապարակում է ակադեմիայի գործունեության մասին տարեկան հաշվետվությունը.

12) կազմակերպում է քննական հարցերի կազմումը և ապահովում դրանց գաղտնիության պահպանումը.

13) խորհրդի հաստատմանն է ներկայացնում ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը).

14) ակադեմիայում ուսումնառության ընթացքում դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից դատավորի կամ դատախազի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտում պարունակող արարքների մասին տեղեկատվության տիրապետման դեպքում դրա մասին հայտնում է դատավորների էթիկայի հարցերով զբաղվող հանձնաժողովին կամ գլխավոր դատախազին.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ նախատեսված և ակադեմիայի կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

29. Ակադեմիան կարող է ունենալ պրոռեկտոր (պրոռեկտորներ): Պրոռեկտորները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են ռեկտորի հրամանով: Պրոռեկտորներն անմիջականորեն ղեկավարում են ակադեմիայի գործունեության որոշակի ոլորտներ` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

30. Ռեկտորի լիազորությունների դադարեցման, պաշտոնը թափուր մնալու կամ օրենքով սահմանված կարգով ռեկտորի լիազորությունների կասեցման դեպքում այդ լիազորությունները ժամանակավորապես իրականացնում է խորհրդի կողմից որոշված պրոռեկտորը:

31. Ռեկտորի լիազորությունների կատարման ժամանակավոր անհնարինության դեպքում նրան ժամանակավորապես փոխարինում է այն պրոռեկտորը, որի վրա ռեկտորի հրամանով դրված է նրան փոխարինելու իրավասությունը:

32. Ակադեմիայի կառուցվածքային մաս հանդիսացող ստորաբաժանումների և պրոռեկտորների գործառույթները սահմանվում են ռեկտորի հրամանով:

33. Ռեկտորն ընտրվում և պաշտոնի է նշանակվում «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով:

34. Ռեկտորի պաշտոնի համար անցկացվելիք մրցույթի մասին հայտարարության հրապարակումը կազմակերպում է խորհրդի նախագահը:

35. Հայտարարության տեքստում պարտադիր է նշել`

1) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամկետը.

2) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

3) «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` ռեկտորի պաշտոնի հավակնորդին (այսուհետ` հավակնորդ) ներկայացվող պահանջները.

4) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ սույն կանոնադրության 37-րդ և 38-րդ կետերին համապատասխան:

36. Մրցույթի անցկացման վայրի, օրվա կամ ժամի փոփոխության դեպքում ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդները գրավոր՝ պատվիրված փոստով կամ հավակնորդի նշած էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցվում են մրցույթի անցկացումից առնվազն մեկ շաբաթ առաջ:

37. Ռեկտորի պաշտոնի համար մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներառում է`

1) դիմում՝ խորհրդի նախագահի անունով.

2) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) դիմումատուի` բարձրագույն կրթության առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.

4) դիմումատուի` իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.

5) դիմումատուի` իրավունքի բնագավառում առնվազն 10 տարվա աշխատանքային, ինչպես նաև մանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթղթեր (այդ թվում՝ աշխատանքային գրքույկից քաղվածք, պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են տվյալ աշխատանքում աշխատանքային պարտականությունները):

38. Հավակնորդները, ըստ հայեցողության, կարող են ներկայացնել նաև ինքնակենսագրություն, երաշխավորագիր-նամակներ, գործունեության ծրագիր (փակ և ստորագրված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո), ինչպես նաև ցանկացած այլ փաստաթուղթ, որը, իրենց կարծիքով, կարող է նշանակություն ունենալ ընտրության գործընթացում:

39. Մրցույթ անցկացնելու մասին հրապարակումը պետք է կրկնվի առաջին հրապարակումից հետո 5-օրյա ժամկետում:

40. Ռեկտորի պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (համարակալած և յուրաքանչյուր էջի դարձերեսին հավակնորդի կողմից ստորագրված) հանձնվում է ակադեմիայի՝ փաստաթղթերն ընդունող մարմնին:

41. Հավակնորդների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի ընդունման նպատակով ակադեմիայում բացվում է գործերի ընդունման գրանցամատյան` էջերի համարակալմամբ, կարված և կնքված:

42. Գրանցամատյանի լրացված էջը կնքվում և փակվում է յուրաքանչյուր օրվա ավարտին:

43. Փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում տրված, եթե հանձնվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված ժամկետը լրանալը:

44. Փաստաթղթերի փոստային առաքման դեպքում փաստաթղթերն ընդունող մարմինը դրանց ստացման մասին գրավոր՝ պատվիրված փոստով կամ հավակնորդի նշած էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է հավակնորդին:

45. Փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքում փաստաթղթերն ընդունող մարմինը հանձնումը հավաստող նշագրում է կատարում փաստաթղթերի` հավակնորդի օրինակի վրա:

46. Դիմումներն ընդունելիս` փաստաթղթերն ընդունող մարմինը պարտավոր է ստուգել դիմումի համապատասխանությունը սույն կանոնադրության 37-րդ կետով ներկայացվող պահանջներին:

47. Փաստաթղթերը թերի լինելու դեպքում հավակնորդը դրա մասին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մեկ օրվա ընթացքում, գրավոր՝ պատվիրված փոստով կամ հավակնորդի նշած էլեկտրոնային փոստի հասցեով, հնարավորության դեպքում՝ նաև հեռախոսազանգով: Թերությունները կարող են վերացվել դիմումների ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում:

48. Փաստաթղթերն ընդունող մարմինը դիմումների ընդունումն ավարտվելու հաջորդ օրն ընդունված փաստաթղթերի փաթեթը` կից գրությամբ հանձնում է խորհրդի նախագահին:

49. Խորհրդի նախագահը մրցույթի անցկացումից առնվազն 2 օր առաջ՝

1) խորհրդի անդամներին է ուղարկում յուրաքանչյուր հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի պատճենները.

2) կազմակերպում է հավակնորդների անվան և ազգանվան, գիտական աստիճանի, զբաղեցրած պաշտոնի մասին տեղեկատվության տարածում ակադեմիայի պաշտոնական ինտերնետային կայքում:

50. Ռեկտորի ընտրության համար խորհրդի նիստի օրակարգը հետևյալն է՝

1) հավակնորդների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության հարցի որոշում.

2) հավակնորդների ծրագրերը ներկայացնելը.

3) հավակնորդներին հարցերը ներկայացնելը և խորհրդի անդամների ելույթներ.

4) հաշվիչ հանձնաժողովի ձևավորում.

5) ռեկտոր ընտրելու նպատակով գաղտնի քվեարկություն.

6) ռեկտորի ընտրության արդյունքների մասին որոշման ընդունում:

51. Ռեկտորն ընտրվում է խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ:

52. Եթե ռեկտորի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել խորհրդի անդամը, ապա նա չի մասնակցում ռեկտորի ընտրության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ խորհրդի համար նախատեսված ընթացակարգերին և որոշումների ընդունմանը:

53. Ռեկտորի պաշտոնի համար դիմած հավակնորդներին պետք է հնարավորություն տրվի հանդես գալու խորհրդի նիստում, սակայն հավակնորդի բացակայությունը հիմք չէ նրա թեկնածությունը քննարկումից կամ քվեարկությունից հանելու համար` բացառությամբ գրավոր ինքնաբացարկ հայտնելու դեպքերի:

54. Հավակնորդներն իրավունք չունեն ներկա գտնվելու մյուս հավակնորդների ելույթների և հարցուպատասխանի ժամանակ: Հավակնորդների ներկայացրած գործունեության ծրագրերը խորհրդում բոլոր հավակնորդների ելույթների ավարտից հետո երկօրյա ժամկետում տեղադրվում են ակադեմիայի պաշտոնական ինտերնետային կայքում:

55. Խորհրդի նախագահն օրակարգի առաջին հարցով զեկուցում է ռեկտորի թեկնածուների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության պահանջները բավարարելու հարցի վերաբերյալ: Հարցը ներկայացնելուց հետո խորհրդի նախագահը պատասխանում է առաջադրված հարցերին:

56. Խորհրդի ցանկացած անդամ կարող է ներկայացնել առաջարկություն հավակնորդին թեկնածուների ցուցակից հանելու վերաբերյալ՝ հիմնավորելով, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության ո՛ր պահանջներն են խախտված:

57. Հավակնորդին թեկնածուների ցուցակից հանելու վերաբերյալ առաջարկությունը խորհրդի նախագահի կողմից դրվում է քվեարկության: Հավակնորդը հանվում է թեկնածուների ցուցակից, եթե առաջարկությանը կողմ է քվեարկել նիստին մասնակցող անդամների մեծամասնությունը:

58. Խորհրդի նախագահն օրակարգի երկրորդ հարցով ծրագրային ելույթների համար, ըստ ազգանունների այբբենական կարգի, ձայնը տալիս է հավակնորդներին: Յուրաքանչյուր հավակնորդ ունի ոչ ավելի, քան 10 րոպե տևողությամբ ելույթի իրավունք: Խորհրդի անդամները յուրաքանչյուր հավակնորդի ելույթից հետո կարող են հարցեր տալ թեկնածուին:

59. Յուրաքանչյուր հավակնորդ ներկայացնում է իր ծրագիրը ռեկտորի պաշտոնում ընտրվելու դեպքում իր գործունեության ուղղությունների, բովանդակության և ակադեմիայի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

60. Հարցուպատասխանի տևողությունը պետք է կարճ լինի: Հավակնորդին տրվող հարցերը կարող են վերաբերել միայն նրա կողմից ներկայացված փաստաթղթերին կամ ծրագրային ելույթին: Հարցերն ու պատասխաններն արձանագրվում են:

61. Բոլոր հավակնորդներին ուղղված հարցերի և պատասխանների ավարտից հետո խորհրդում սկսվում է քննարկում:

62. Եթե ռեկտորի ընտրության համար գաղտնի քվեարկությունը չի սկսվել մինչև ժամը 19:00-ն, ապա նիստն ընդմիջվում է մինչև հաջորդ օրը՝ ժամը 9:00-ն` անկախ նրանից, թե հաջորդ օրն աշխատանքային է, թե ոչ: Եթե գաղտնի քվեարկությունն սկսվել է, ապա նիստը շարունակվում է` մինչև քվեարկության ավարտը և ընտրության արդյունքների մասին որոշման ընդունումը:

63. Խորհրդի նիստում քննարկումներից հետո խորհրդի նախագահը, ըստ ազգանունների այբբենական կարգի, հրապարակում է հավակնորդների ազգանուններն ու անունները: Եթե վերջիններս իրենց անունները հրապարակելու պահին ինքնաբացարկ հայտնած չեն լինում, ապա նրանց թեկնածությունը ներառվում է քվեաթերթիկում:

64. Խորհրդի նախագահը ներկայացնում է գաղտնի քվեարկության կարգը:

65. Խորհուրդն իր կազմից ընտրում է 3 անդամից կազմված հաշվիչ հանձնաժողով:

66. Հաշվիչ հանձնաժողովը`

1) կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը.

2) կազմում է ռեկտորի ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը.

3) հրապարակում է ռեկտորի ընտրության քվեարկության արդյունքները:

67. Քվեաթերթիկների ձևը սահմանվում է խորհրդի որոշմամբ:

68. Ռեկտորի ընտրությունների քվեաթերթիկներն ստորագրվում են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

69. Ռեկտորի ընտրությունների քվեաթերթիկում նշվում են թեկնածուների ազգանուններն ու անունները` այբբենական կարգով: Յուրաքանչյուր թեկնածուի ազգանվան-անվան դիմաց առկա է «Կողմ եմ» գրառմամբ վանդակը: Քվեաթերթիկը պետք է պարունակի նաև «Բոլորին դեմ եմ» գրառմամբ վանդակ: Մեկ թեկնածուի քվեարկման դեպքում նրա ազգանվան-անվան դիմաց առկա են «Կողմ եմ» և «Դեմ եմ» գրառումներով վանդակներ:

70. Խորհրդի անդամը քվեարկության ժամանակ ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:

71. Ընտրողը քվեաթերթիկում համապատասխան նշում է կատարում իր նախընտրած թեկնածուի ազգանվան-անվան դիմաց` հետևյալ կերպ` «V»:

72. Հանձնաժողովի նախագահը քվեարկությունն ավարտվելուց հետո բացում է քվեատուփը, այնտեղից հանում է մեկական քվեաթերթիկ, հայտարարում է քվեարկության արդյունքը և փոխանցում հանձնաժողովի անդամներին` տեսակավորելու համար: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մինչև քվեատուփից հաջորդ քվեաթերթիկը հանելը կարող է պահանջել քվեարկության դնել քվեաթերթիկն անվավեր լինելու հարցը:

73. Քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե չի համապատասխանում սույն կանոնադրության 71-րդ կետի պահանջներին, պարունակում է մեկից ավելի նշում կամ ընտրողի ինքնությունը բացահայտող նշում: Քվեաթերթիկի անվավերության վերաբերյալ հաշվիչ հանձնաժողովի որոշումն ընդունվում է հաշվիչ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

74. Հաշվիչ հանձնաժողովն ամփոփում է քվեարկության արդյունքները և կազմում խորհրդի որոշմամբ հաստատված ձևի արձանագրություն:

75. Արձանագրության մեջ գրառվում են`

1) քվեաթերթիկ ստացածների թիվը.

2) քվեատուփում առկա քվեաթերթիկների ընդհանուր թիվը.

3) անվավեր քվեաթերթիկների թիվը.

4) թեկնածուի (թեկնածուների) ազգանունը (ազգանունները) և յուրաքանչյուրի ստացած ձայները.

5) «Բոլորին դեմ եմ» (մեկից ավելի թեկնածուների դեպքում) գրառմամբ տրված ձայները:

76. Արձանագրությունն ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները: Մեկից ավելի թեկնածուների դեպքում արձանագրության մեջ թեկնածուների ցուցակը ներկայացվում է ըստ հավաքած կողմ ձայների թվի նվազման հաջորդականության:

77. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը խորհրդի նիստում հրապարակում է քվեարկության արդյունքները:

78. Խորհուրդը քվեարկության արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) ռեկտոր ընտրվելու մասին.

2) քվեարկության երկրորդ փուլ անցկացնելու մասին.

3) ընտրությունն անվավեր ճանաչելու և ռեկտոր չընտրվելու մասին.

4) ընտրությունները չկայացած ճանաչելու և ռեկտոր չընտրվելու մասին:

79. Ընտրությունները խորհրդի կողմից ճանաչվում են անվավեր, եթե ընթանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության էական խախտումներով:

80. Եթե խախտումները տեղի են ունեցել մինչև խորհրդի կողմից ռեկտորի ընտրության նիստի անցկացումը, ապա ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր մրցույթ:

81. Եթե խախտումները տեղի են ունեցել խորհրդի՝ ռեկտորի ընտրության նիստի անցկացման ընթացքում կամ քվեարկության փուլում, ապա ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում խորհուրդը հայտարարում է նոր քվեարկություն:

82. Առաջին փուլի քվեարկության արդյունքում ընտրությունները համարվում են չկայացած, իսկ ռեկտորը՝ չընտրված, եթե քվեարկված միակ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ:

83. Քվեարկության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության առաջին փուլի ավարտից անմիջապես հետո, իսկ եթե երկրորդ փուլի համար գաղտնի քվեարկությունը չի սկսվել մինչև ժամը 19:00-ն, նիստն ընդմիջվում է մինչև հաջորդ օրը՝ ժամը 9:00-ն` անկախ նրանից, թե հաջորդ օրն աշխատանքային է, թե ոչ: Այս դեպքում երկրորդ փուլ են անցնում առավել ձայներ հավաքած երկու թեկնածուները, իսկ երկրորդ թեկնածուի ձայներին հավասար թվով ձայներ հավաքած այլ թեկնածուների առկայության դեպքում` նաև այդ թեկնածուները:

84. Խորհուրդը երկրորդ փուլի քվեարկության արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) ռեկտոր ընտրվելու մասին.

2) ընտրությունը չկայացած ճանաչելու և ռեկտոր չընտրվելու մասին:

85. Երկրորդ փուլի քվեարկության արդյունքում ընտրությունները ճանաչվում են չկայացած, իսկ ռեկտորը համարվում չընտրված, եթե քվեարկված թեկնածուներից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ:

86. Ռեկտորի ընտրության արդյունքը ձևակերպվում է խորհրդի որոշմամբ: Որոշումն ստորագրում է խորհրդի նախագահը: Խորհրդի նախագահը որոշման մեկ օրինակը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

87. Եթե «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդի առաջարկած թեկնածուների թվից երկշաբաթյա ժամկետում չի նշանակում ռեկտոր, ապա այդ դեպքում խորհուրդը նշված ժամկետի ավարտման օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հայտարարում է նոր մրցույթ:

88. Ակադեմիայի ռեկտորի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են ռեկտորի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` սույն օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ:

89. Ռեկտորի նկատմամբ կարող են կիրառվել «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգապահական տույժեր՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: Ռեկտորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդությամբ կարող է հանդես գալ խորհրդի յուրաքանչյուր անդամ՝ միջնորդությունը ներկայացնելով խորհրդի նախագահին: Միջնորդությունը հիմք է խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու համար:

90. Եթե կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ որոշման ընդունման համար անհրաժեշտ է փաստերին վերաբերող լրացուցիչ ապացույցների հավաքագրում, փաստերի ուսումնասիրություն, ապա «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն նշանակելուց և անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն անցկացնելու նպատակով խորհուրդը ձևավորում է համապատասխան հանձնաժողով:

 

IV. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

91. Ակադեմիան ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանձին բյուջետային տողով։

92. Ակադեմիայի սեփականությունը ձևավորվում է ակադեմիայի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից։

93. Ակադեմիայի գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել նաև`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցները.

2) ձեռնարկատիրական գործունեության արդյունքները.

3) դրամաշնորհները, նվիրատվությունները, կտակված գույքը.

4) օրենքով չարգելված այլ միջոցներ։

94. Ակադեմիային չի կարող սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք: Դրանք հիմնադրի որոշմամբ կարող են տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

95. Ակադեմիան կարող է հաշիվներ բացել բանկերում (այդ թվում` օտարերկրյա)` ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ` արտարժույթով։ Բանկային հաշիվների գումարներին ավելացած տոկոսները և արտոնությունները պատկանում են ակադեմիային։

96. Ակադեմիայի բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են տարեկան նախահաշվին համապատասխան։

97. Ակադեմիան իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում ակադեմիայի ստացած եկամուտներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

98. Ակադեմիան իր գործունեության ընթացքում ստացած շահույթն օգտագործում է ինքնուրույն` իր առջև դրված նպատակների իրականացման համար:

99. Ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

100. Հիմնադիրը սեփականության իրավունքով ակադեմիային պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ ակադեմիայի լուծարումից հետո մնացած գույքի:

101. Ակադեմիան իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:

102. Ակադեմիային սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20 տոկոսը և ավելին կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով խոշոր գործարքներ կատարելու մասին որոշումը կարող է ընդունվել միայն խորհրդի կողմից:

 

V. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ

 

103. Ակադեմիայի աշխատողներն են ակադեմիայում աշխատանքային պայմանագրերով աշխատողները, ովքեր ընդգրկված են դասախոսական, գիտական, վարչական կազմում, ինչպես նաև` տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք:

104. Ակադեմիայի աշխատողներն իրավունք ունեն՝

1) իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման.

2) հաստատված ուսումնական ծրագրերի համաձայն ընտրելու և մշակելու հետազոտական թեմաներ.

3) իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդների ու միջոցների ազատ ընտրության։

105. Ակադեմիայի աշխատողները պարտավոր են`

1) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գերատեսչական ակտերի, ակադեմիայի ներքին ակտերի և սույն կանոնադրության պահանջները.

2) ապահովել ուսումնական գործընթացի, կատարվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

3) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.

4) պահպանել և խնայողաբար ու արդյունավետ օգտագործել ակադեմիայի գույքը:

106. Ակադեմիայի ունկնդիրներն են (այսուհետ` ունկնդիրներ)`

1) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով ցուցակում ընդգրկված նախկին դատավորների.

2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք` բացառությամբ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց.

3) դատավորները, դատախազները, ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, դատական ծառայողները, դատախազության աշխատակազմում պետական ծառայողները և դատական կարգադրիչները։

107. Ակադեմիայի ունկնդիրներն իրավունք ունեն՝

1) օգտվելու ակադեմիայի լսարաններից, գրադարանից և հանրակացարանային համալիրից.

2) մասնակցելու ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը և ներկայացնելու առաջարկություններ.

3) ըստ նախասիրությունների մասնակցելու ակադեմիայում անցկացվող հետազոտություններին:

108. Ակադեմիայի ունկնդիրները պարտավոր են՝

1) հաճախել ակադեմիայի կողմից անցկացվող ուսումնական դասընթացներին.

2) անվերապահորեն պահպանել կարգապահությունը, սահմանված ժամկետում կատարել ուսումնական ծրագրերով և պլաններով նախատեսված ուսումնական առաջադրանքները.

3) կատարել սույն կանոնադրության պահանջները և ակադեմիայի ներքին ակտերի պահանջները:

 

VI. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

109. Ակադեմիայում ուսուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, խորհրդի որոշումներով սահմանված եղանակով և կարգով՝ առկա և հեռավար ձևերով:

110. Ունկնդիրներին տրվում է ակադեմիայի խորհրդի կողմից սահմանված ձևի ավարտական վկայական կամ դիպլոմ:

 

VII. ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

111. Ակադեմիան կարող է վերակազմակերպվել և լուծարվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

112. Ակադեմիայի լուծարման դեպքում ակադեմիայի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան