Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.08/1(1014) Հոդ.10
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0282/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0282/02/12
2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ի. Վարդանյան

Դատավորներ՝   

Ա. Մկրտչյան
 

Ն. Բարսեղյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. Անտոնյանի

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարիետա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մարիետա Գրիգորյանի ընդդեմ Համլետ Գևորգյանի, երրորդ անձ «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` պարտավորական հարաբերությունների առկայությունը և որպես հետևանք պահանջի իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մարիետա Գրիգորյանը պահանջել է ճանաչել իր և Համլետ Գևորգյանի միջև պարտավորական հարաբերությունների առկայությունը, որով Համլետ Գևորգյանի պարտավորությունը Մարիետա Գրիգորյանի հանդեպ կազմում է 24.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` որպես իր և Համլետ Գևորգյանի միջև առկա պարտավորական հարաբերությունների և Համլետ Գևորգյանի գործողությունների հետևանք` ճանաչել Մարիետա Գրիգորյանի պահանջի իրավունքը Երևանի 33-րդ թաղամասում Ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքի 2-րդ մասնաշենքի 14-րդ հարկի 61,6քմ մակերեսով թիվ 1405 բնակարանի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Կարախանյան) (այսուհետ՝ Դատարան) 18.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.05.2013 թվականի որոշմամբ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 18.06.2012 թվականի վճիռը բեկանվել, և քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարիետա Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանը:

 

 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը, 39-րդ հոդվածի «գ» կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մարիետա Գրիգորյանն իր պահանջի իրավունքը ճանաչելու մասին հայցը Դատարան ներկայացրել է սնանկության վարույթի հարուցումից դեռևս ութ ամիս առաջ: Բացի այդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հետևում է, որ սնանկության գործով կառավարչի վրա է դրված պարտականությունը` ճշտելու, թե արդյոք առկա են պարտապանի դեմ հարուցված դատական վարույթներ` դրանցում ներգրավվելու համար: Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքին կից բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ սնանկության գործով կառավարիչը բարեխղճորեն կատարել է իր այդ պարտականությունը: Բացի այդ, Դատարանի վճիռը կայացվել է 18.06.2012 թվականին, մինչդեռ վերաքննիչ բողոք է ներկայացվել միայն 12.03.2013 թվականին: Այսինքն` ամեն դեպքում սնանկության գործով կառավարչի գործողություններում առկա է իրավունքի չարաշահում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.05.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 18.06.2012 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրականացրել է գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, դրանցից յուրաքանչյուրը գնահատել է մյուս ապացույցների հետ համադրման սկզբունքից ելնելով, և հանգել է ճիշտ եզրակացության առ այն, որ գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2012 թվականի վճռով Համլետ Գևորգյանը ճանաչվել է սնանկ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մարիետա Գրիգորյանի հայցն ընդդեմ Համլետ Գևորգյանի` պարտավորական հարաբերությունների առկայությունը և որպես հետևանք պահանջի իրավունքը ճանաչելու պահանջների մասին Դատարանի 18.06.2012 թվականի վճռով բավարարվել է, նշված դատական ակտը կողմերի կողմից չի բողոքարկվել (հատոր 1-ին, գ.թ. 102-112):

2) Սոնյա Ղարիբյանի դիմումը` Համլետ Գևորգյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, վարույթ է ընդունվել 25.05.2012 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0049/04/12 որոշմամբ, և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հակոբ Ասոյանը (հատոր 2-րդ, գ.թ. 29):

3) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2012 թվականի թիվ ԵԿԴ/0049/04/12 վճռով Համլետ Գևորգյանը ճանաչվել է սնանկ (հատոր 2-րդ, գ.թ. 29-30):

4) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2012 թվականի որոշմամբ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հակոբ Ասոյանը (հատոր 2-րդ, գ.թ. 27-28):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտապանի մասնակցությամբ դատավարություններում սնանկության ժամանակավոր կառավարչի ներգրավման իրավական խնդրին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերաքննիչ բողոքարկման իրավունք վերապահել է միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, սակայն վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման համար անձը նախ և առաջ պետք է օժտված լինի վարույթի կողմ լինելու ունակությամբ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության վարույթի տարբեր փուլերում նախատեսել է սնանկության ժամանակավոր կառավարչի և կառավարչի մասնակցությունը, որոնք սնանկության իրավահարաբերությունների տարբեր սուբյեկտներ են` ինքնուրույն գործառույթներով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի և 22-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումից հետևում է, որ սնանկության ժամանակավոր կառավարիչը սնանկության վարույթին մասնակցում է մինչև կառավարչի նշանակումը կամ մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

Այսպես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` սնանկության ժամանակավոր կառավարիչը մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահն իրականացնում է նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «զ» կետերով նախատեսված լիազորությունները:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է սնանկության կառավարչի լիազորությունները: Մասնավորապես, սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը`

ա) դատարանի պահանջով, իր նախաձեռնությամբ կամ պարտապանի նկատմամբ գրանցված պահանջների 5 տոկոսից ավելի ունեցող պարտատերերի պահանջով հրավիրում է պարտատերերի ժողով և նախագահում է այն:

բ) սնանկության գործով դիմում է դատարան` նույն օրենքով նախատեսված դեպքերում.

գ) պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.

դ) իր լիազորությունների կատարումը պատշաճ ապահովելու նպատակով ներգրավում է համապատասխան մասնագիտացված կազմակերպություններ կամ մասնագետների և այլ աշխատակիցների և նրանց վարձատրում է պարտապանի հաշվին.

ե) կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար.

զ) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում.

է) վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը.

ը) ստուգում է պարտապանին ներկայացվող պահանջների հիմնավորվածությունը.

թ) հիմնական կապիտալի մեծությամբ Հայաստանի Հանրապետությունում գործող առաջին հինգ առևտրային բանկերից մեկում պարտապանի անունով բացում է սնանկության հատուկ հաշիվ և դրան է հաշվեգրում պարտապանի անունով ստացվող բոլոր դրամական միջոցները.

ժ) պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դատարանի որոշման հիման վրա արգելանք է դնում կամ հանում արգելանքը.

ժա) հսկողություն է իրականացնում պարտապանի ղեկավարի պարտականությունների կատարման նկատմամբ.

ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Վկայակոչված հոդվածներից հետևում է, որ սնանկության ժամանակավոր կառավարչի լիազորությունները, ի տարբերություն սնանկության կառավարչի, սահմանափակ են և կրում են սպառիչ բնույթ: Մասնավորապես, սնանկության ժամանակավոր կառավարիչն իրակացնում է հետևյալ լիազորությունները` կազմակերպում է գույքագրում, միջոցներ է ձեռնարկում պարտապանին պատկանող գույքի պահպանության ապահովման համար, ինչպես նաև վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, սնանկության պատճառները, ինչպես նաև պարտապանի ֆինանսական, տնտեսական և ներդրումային գործունեությունը և նրա դրությունն ապրանքային շուկայում: Օրենսդրական նման կարգավորումը պայմանավորված է մինչ սնանկ ճանաչվելը և սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի իրավական կարգավիճակի առանձնահատկություններով: Մինչ սնանկ ճանաչվելը պարտապանն ինքնուրույն է իրացնում իր իրավունքները և պարտականությունները, այդ թվում նաև` դատավարական, հետևաբար օրենսդիրը սնանկության ժամանակավոր կառավարչին վերապահել է սահմանափակ լիազորություններ: Մինչդեռ, սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի որոշ իրավունքներ, այդ թվում նաև` դատավարական, իրացնում է կառավարիչը: Մասնավորապես, վերջինս պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:

Վերը շարադրվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության ժամանակավոր կառավարիչն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օժտված չէ դատավարական իրավունակությամբ, հետևաբար նաև` վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքով, և պարտապանի մասնակցությամբ դատավարություններում նրան ներգրավելու անհրաժեշտությունը բացակայում է:

Նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գալիս է հետևյալ եզրահանգման.

Սույն գործի փաստերի համաձայն` Մարիետա Գրիգորյանի հայցն ընդդեմ Համլետ Գևորգյանի` պարտավորական հարաբերությունների առկայությունը և որպես հետևանք պահանջի իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Դատարանի 18.06.2012 թվականի վճռով բավարարվել է: Սոնյա Ղարիբյանի դիմումը` Համլետ Գևորգյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, վարույթ է ընդունվել 25.05.2012 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0049/04/12 որոշմամբ, և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հակոբ Ասոյանը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2012 թվականի թիվ ԵԿԴ/0049/04/12 վճռով Համլետ Գևորգյանը ճանաչվել է սնանկ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.10.2012 թվականի որոշմամբ Համլետ Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հակոբ Ասոյանը:

Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ է ընդունվել 07.02.2012 թվականին, վճիռը կայացվել է 18.06.2012 թվականին, Հակոբ Ասոյանը գործի քննությանը մասնակից չի դարձվել, մինչդեռ Համլետ Գևորգյանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ է ընդունվել, և Հակոբ Ասոյանը սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2012 թվականի որոշմամբ, հետևաբար բողոք բերած անձը զրկված է եղել դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննության ընթացքում և մինչև քննության ավարտը պատասխանող Համլետ Գևորգյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ առկա չի եղել, որպիսի պարագայում վերջինս հանդիսացել է դատավարական իրավահարաբերությունների լիարժեք սուբյեկտ և սույն գործի շրջանակներում ինքնուրույն իրականացրել է իր դատավարական իրավունքները և պարտականությունները: Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ սույն գործի քննության ընթացքում և մինչև քննության ավարտը Հակոբ Ասոյանը նշանակված էր որպես պատասխանող Համլետ Գևորգյանի սնանկության ժամանակավոր կառավարիչ, հետևաբար իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, օժտված չլինելով դատավարական իրավունակությամբ, բացակայել են վերջինիս գործի քննությանը ներգրավելու հիմքերը: Նշված պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ ժամանակավոր կառավարիչը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել, որով զրկվել իր դատավարական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման իրավունքներ սնանկության ժամանակավոր կառավարչին վերապահված չլինելու պարագայում վերջինիս գործին մասնակից չդարձնելը չի կարող հանգեցնել ՀՀ օրենսդրությամբ ամրագրված որևէ իրավունքի խախտման:

Միաժամանակ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջներով այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ` պարտապանի մասով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հիմքով կարճման ենթակա է միայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին դատարանի վարույթում քննվող (ընթացիկ) քաղաքացիական գործի վարույթը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի քննությունն ավարտվել է 04.06.2012 թվականին, և վճիռը հրապարակվել է 18.06.2012 թվականին, որպիսի դատական ակտը կողմերի կողմից չի բողոքարկվել: Համլետ Գևորգյանը սնանկ է ճանաչվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2012 թվականի վճռով, այսինքն` սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահին սույն գործն ընթացիկ չի եղել: Այն ընթացիկ չէր կարող համարվել նաև վերաքննության փուլում` նկատի ունենալով վերաքննիչ բողոք բերելու իրավունքի բացակայությունը, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը քննարկվող պարագայում կիրառելի չէ:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը, ինչպես նաև այն, որ առաջին ատյանի դատական ակտը գործին մասնակցող անձանց կողմից չի բողոքարկվել։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.05.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.06.2012 թվականի վճռին:

2. Հակոբ Ասոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.07.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան