ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2095/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2095/02/12 |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան |
Դատավորներ՝ |
Դ. Խաչատրյան |
Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | |
Ա. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի նոյեմբերի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Էս Թի Տրանս Մոբիլ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Գասպարյանի ընդդեմ Ընկերության` 1.692.000 ՀՀ դրամ աշխատավարձը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հայկ Գասպարյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.692.000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի գումարը և 203.040 ՀՀ դրամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ՝ Դատարան) 05.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Ընկերությունից բռնագանձվել է 1.080.000 ՀՀ դրամ` որպես չվճարված աշխատավարձի գումար, ինչպես նաև 203.040 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, իսկ մնացած մասով հայցը մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.08.2013 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.04.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին, 411-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, 78-րդ, 132-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերության կողմից Վերաքննիչ դատարան ներկայացված վճարացուցակներից պարզ է դառնում, որ հայցվորը ստացել է վիճարկվող ժամանակահատվածի աշխատավարձի մի մասը, ինչի արդյունքում Ընկերությանը ծանրաբեռնել է նույն աշխատավարձը հայցվորին կրկին վճարելու պարտավորությամբ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածը, այլ ոչ թե` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը:
Վերաքննիչ դատարանում դատական նիստը նշանակված է եղել 14.08.2013 թվականին` ժամը 12:35-ին, սակայն այն տեղի է ունեցել 14.08.2013 թվականին` ժամը 13:00-ին, որի մասին կողմին ծանուցելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Վերաքննիչ դատարանի 14.08.2013 թվականի ժամը 12:35-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Հայկ Գասպարյանը և Ընկերությունը ծանուցագրերով ծանուցվել են (հատոր 2-րդ, գ.թ. 63-71)։
2. Դատական նիստի արձանագրության համաձայն` սույն գործով դատական նիստը սկսվել է 14.08.2013 թվականի ժամը 13:13-ին։ Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Ընկերությունը պատշաճ ձևով տեղեկացվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չի ներկայացել, որոշել է գործը քննել նրա բացակայությամբ: Նույն օրը դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված (հատոր 2-րդ, գ.թ. 78-79):
3. Ընկերությունը պատշաճ ձևով չի տեղեկացվել 14.08.2013 թվականի ժամը 13:13-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյոք դատարանը, գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն այն սկսելով ուշացմամբ, խախտում է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝ բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում` չներկայանալու հետևանքների մասին:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։ Մասնավորապես, նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե՛ս` ըստ հայցի Վերգուշ Վարդանյանի ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ։ Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (տե´ս` Վարդան Նավասարդյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Համլետ Ավդալյանի՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ 3-1867(Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն` դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի ընդդեմ Ալվինա, Լիանա Կազկոնների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը)։
Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին։
Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական նիստը նշանակել է 14.08.2013 թվականին` ժամը 12:35-ին, որի վերաբերյալ գործին մասնակցող անձինք պատշաճ կարգով ծանուցվել են: Վերաքննիչ դատարանը, սակայն, դատական նիստը սկսել է ուշացումով` 14.08.2013 թվականին` ժամը 13:13-ին, մինչդեռ գործում առկա չէ ապացույց առ այն, որ Վերաքննիչ դատարանը կողմերին պատշաճ ծանուցել է նաև 14.08.2013 թվականի ժամը 13:13-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 218-րդ հոդվածների պահանջները, գործը քննել է վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Ընկերության բացակայությամբ, ինչը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով արձանագրված կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|