Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.13/61(1001) Հոդ.1087
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0858/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0858/02/10
2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ս. Միքայելյան

Դատավորներ՝   

Ն. Տավարացյան
 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ Անահիտ Պողոսյանի հայցի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձինք Սիլվա Հովհաննիսյանի, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Անահիտ Պողոսյանը պահանջել է արգելանքից հանել Երևանի Արղության փողոցի թիվ 21 հասցեում գտնվող և սեփականության իրավունքով իրեն պատկանող 6 անուն գույքը` հեռուստացույց «G-HANZ»` 520.000 ՀՀ դրամ արժողությամբ, փափուկ կահույք, պահարան, փոքր սեղան` 1.200.000 ՀՀ դրամ արժողությամբ, «SONY» տնային կինոթատրոն` 430.000 ՀՀ դրամ արժողությամբ, «LG» լվացքի մեքենա` 160.000 ՀՀ դրամ արժողությամբ, «LG» սառնարան` 300.000 ՀՀ դրամ արժողությամբ և «ARISTON» գազօջախ` 400.000 ՀՀ դրամ արժողությամբ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ.Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 20.02.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2013 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 20.02.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Պողոսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` անտեսելով այն հանգամանքը, որ Ծառայությունը Դատարան չի ներկայացրել համապատասխան ապացույց այն մասին, որով կհիմնավորվեր, որ 07.05.2010 թվականին Երևանի Արղության փողոցի թիվ 21 հասցեում գտնվող արգելադրված գույքի արձանագրություն կազմելիս հաստատվել է թվով 6 անուն շարժական գույքի` Սիլվա Հովհաննիսյանին պատկանելու հանգամանքը: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցի ապահովումը ենթակա է կիրառման սեփականատիրոջը պատկանող գույքի նկատմամբ, մինչդեռ տվյալ դեպքում արգելանք է դրվել սեփականատիրոջը չպատկանող գույքի վրա:

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ տվյալ պարագայում, ըստ էության, վեճ է ծագել արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ, որպիսի իրավահարաբերությունների առկայության պայմաններում իրավունքի պաշտպանությունը և խախտված իրավունքի վերականգնումը նախատեսված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, ինչից էլ օգտվել է Անահիտ Պողոսյանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.02.2013 թվականի վճռին։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եկել է այն եզրահանգման, որ վեճը կրում է հանրային իրավունքի բնույթ և անվերապահորեն կիրառելով այն օրենքը, որը պետք է կիրառեր, կարճել է գործի վարույթը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 07.03.1996 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 500 վկայականի համաձայն` Երևանի Ֆիոլետովի (Արղության) փողոցի թիվ 21 բնակելի տան սեփականատերն Անահիտ Հովհաննեսի Պողոսյանն է (հատոր 1-ին, գ.թ.8):

 2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/1278/02/09 վճռով Սիլվա Հովհաննիսյանից հօգուտ Բանկի բռնագանձվել է 4.749.243 ՀՀ դրամ 84 լումա` որպես հիմնական պարտքի գումար, 444.125 ՀՀ դրամ 84 լումա` որպես տուժանքի գումար, ինչպես նաև 103.867 ՀՀ դրամ 40 լումա` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար հայցվորի կողմից վճարված պետական տուրքի գումար: Միաժամանակ վճռվել է` սկսած 21.05.2009 թվականից մինչև 4.713.257 ՀՀ դրամ 40 լումա գումարը հայցվորին վերադարձնելու օրն այդ գումարի նկատմամբ հաշվեգրել տարեկան 33 տոկոս, ինչպես նաև վերը նշված գումարների բռնագանձումը տարածվել է գրավի առարկա հանդիսացող 2008 թվականի արտադրության ՌԵՆՈ CLIO SYMBOL մակնիշի 14 SS 047 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա (հատոր 1-ին, գ.թ.14-16):

 3. Ծառայության հարկադիր կատարող Ա. Փափազյանի 07.05.2010 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» արձանագրության համաձայն` արգելանք է դրվել Երևանի Արղության փողոցի թիվ 21 հասցեում գտնվող հետևյալ 6 անուն շարժական գույքի վրա` հեռուստացույց «G-HANZ»` 520.000 ՀՀ դրամ արժողությամբ, փափուկ կահույք (6 նստատեղերով), պահարան (4 դարակով), փոքր սեղան (4 դարակով)` 1.200.000 ՀՀ դրամ արժողությամբ, «SONY» տնային կինոթատրոն 3+1` 430.000 ՀՀ դրամ արժողությամբ, լվացքի մեքենա «LG»` 160.000 ՀՀ դրամ արժողությամբ, սառնարան «LG»` 300.000 ՀՀ դրամ արժողությամբ, գազօջախ «Ariston»` 400.000 ՀՀ դրամ արժողությամբ (հատոր 1-ին, գ.թ.9)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձի կողմից գույքն արգելանքից հանելու ինստիտուտին.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ:

Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վերոգրյալ նորմերի վերլուծությանը և արձանագրել է` ի տարբերություն վարույթի կողմերի, ովքեր իրավունք ունեն բողոքարկելու հարկադիր կատարողի գործողությունները (որոշումները) ինչպես վերադասության, այնպես էլ դատական կարգով, կատարողական վարույթի կողմ չհանդիսացող շահագրգիռ անձինք արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում իրավունք ունեն դիմել դատարան: Արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճի առկայության դեպքում շահագրգիռ անձը պետք է գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմի գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, որն իրենից ենթադրում է համապատասխան պահանջի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով (տես` Սվետլանա Թադևոսյանը, Սոնա Վարդանյանն ընդդեմ Գոհար և Գրիգոր Վարդանյանների, երրորդ անձ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին թիվ ԵՄԴ/1086/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումը):

 Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության հարկադիր կատարող Ա. Փափազյանը 07.05.2010 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշմամբ արգելանք է դրել Երևանի Արղության փողոցի թիվ 21 հասցեում գտնվող, Անահիտ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող տանը գտնվող հետևյալ 6 անուն շարժական գույքի վրա` հեռուստացույց «G-HANZ»` 520.000 ՀՀ դրամ արժողությամբ, փափուկ կահույք (6 նստատեղերով), պահարան (4 դարակով), փոքր սեղան (4 դարակով)` 1.200.000 ՀՀ դրամ արժողությամբ, «SONY» տնային կինոթատրոն 3+1` 430.000 ՀՀ դրամ արժողությամբ, լվացքի մեքենա «LG»` 160.000 ՀՀ դրամ արժողությամբ, սառնարան «LG»` 300.000 ՀՀ դրամ արժողությամբ, գազօջախ «Aristօո»` 400.000 ՀՀ դրամ արժողությամբ: Ծառայությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ արգելադրված շարժական գույքը պատկանում է Սիլվա Հովհաննիսյանին:

Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի ավագ հարկադիր կատարող Ա.Փափազյանը դատարան համապատասխան ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր, որ 07.05.2010 թվականին Երևան քաղաքի Արղության փողոցի թիվ 21 հասցեում գտնվող «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» արձանագրություն կազմելիս արգելանքի տակ դրվող թվով 6 անուն շարժական գույքը պատկանում է Սիլվա Վարդանի Հովհաննիսյանին:

Վերաքննիչ դատարանը քաղաքացիական գործի վարույթը կարճելիս պատճառաբանել է, որ «հայցվոր կողմը, ըստ էության, վիճարկել է վեճի առարկա գույքերը հարկադիր կատարողի կողմից արգելանքի տակ դնելու գործողության իրավաչափությունը: Նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ առանց վիճելի գույքերի արգելանքի տակ դնելու հարկադիր կատարողի գործողության իրավական լինելու հարցի պարզման` հնարավոր չէ որոշել հայցապահանջի իրավաչափությունը» և գտել է, որ «սույն գործով ներկայացված հայցապահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունը հանրային իրավական բնույթի է, ինչը նշանակում է, որ ըստ առարկայական ընդդատության այն ենթակա է քննության վարչական դատավարության ընթացակարգով»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ տվյալ դեպքում հաշվի առնելով, որ վեճը վերաբերում է արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելությանը, Անահիտ Պողոսյանը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի հիմքով որպես կատարողական վարույթի կողմ չհանդիսացող շահագրգիռ անձ, դիմել է դատարան գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով:

Նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են գույքն արգելանքից հանելու ինստիտուտը կարգավորող նորմերի պահանջները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը, քանի որ վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է և Վերաքննիչ դատարանը գնահատման առարկա է դարձրել միայն ընդդատության կանոնների խախտման հարցը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2013 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2013 թվականի վճռին։

2. ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հօգուտ Անահիտ Պողոսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան