Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.01.08/1(1014) Հոդ.14
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.11.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/0045/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/0045/02/12

2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Թումանյան

Դատավորներ՝   

Դ. Խաչատրյան
 

Կ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի նոյեմբերի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էլմիրա Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2013 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Նունե Գալոյանի ընդդեմ Էլմիրա Սահակյանի և Սարգիս Դոխոլյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Էլմիրա Սահակյանի ընդդեմ Նունե Գալոյանի` գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նունե Գալոյանը պահանջել է Էլմիրա Սահակյանին, Սարգիս Դոխոլյանին և այլոց վտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող` ՀՀ Լոռու մարզի Ագարակ համայնքի 1-ին փողոցի թիվ 3 բնակելի տնից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Էլմիրա Սահակյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Լոռու բաժնի Ստեփանավան-Տաշիր բաժանմունքի հարկադիր կատարողի և Նունե Գալոյանի միջև 15.03.2012 թվականին կնքված գույքը պահանջատիրոջը հանձնելու մասին պայմանագիրը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ՝ Դատարան) 10.04.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.08.2013 թվականի որոշմամբ Էլմիրա Սահակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.04.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլմիրա Սահակյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 78-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Նունե Գալոյանը 8.000 ԱՄՆ դոլար ստանալու վերաբերյալ իրար հակասող ցուցմունքներ է տվել, որի պատճառով միջնորդել է որպես երրորդ անձ ներգրավել ԴԱՀԿ ծառայության Ստեփանավան-Տաշիր բաժանմունքին և գործարքը վավերացրած Ստեփանավանի նոտարական տարածքի նոտար Ա. Հարությունյանին, որը դատարանի կողմից մերժվել է, ավելին Դատարանը մերժել է նաև ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Ա. Տեր-Ստեփանյանին որպես վկա հարցաքննելու մասին միջնորդությունը:

Սույն գործով վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 14.08.2013 թվականին` ժամը 12:10-ին, որի վերաբերյալ ծանուցագիրը Էլմիրա Սահակյանը ստացել է, սակայն վերաքննիչ բողոքի քննությունը տեղի է ունեցել 14.08.2013 թվականին` ժամը 12:40-ին, որի մասին իրեն ծանուցելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Վերաքննիչ դատարանի 14.08.2013 թվականի ժամը 12:10-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Էլմիրա Սահակյանը ծանուցագրով ծանուցվել է (հատոր 2-րդ, գ.թ. 20-22)։

2. Դատական նիստի արձանագրության համաձայն` սույն գործով դատական նիստը սկսվել է 14.08.2013 թվականի ժամը 12:49-ին։ Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պատասխանողը (վերաքննիչ բողոք ներկայացրած անձը) պատշաճ ձևով տեղեկացվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չի ներկայացել, որոշել է գործը քննել նրա բացակայությամբ: Նույն օրը դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված (հատոր 2-րդ, գ.թ. 30-31, 34):

3. Էլմիրա Սահակյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել 14.08.2013 թվականի ժամը 12:49-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է այն իրավական խնդրին, թե արդյոք դատարանը, գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելով դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն այն սկսելով ուշացմամբ, խախտում է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝ բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում` չներկայանալու հետևանքների մասին:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։ Մասնավորապես, նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե՛ս ըստ հայցի Վերգուշ Վարդանյանի ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ։ Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (տե'ս, Վարդան Նավասարդյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Համլետ Ավդալյանի՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1867 (Ա) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն` դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս` ըստ հայցի Շենգավիթի թաղապետարանի ընդդեմ Ալվինա, Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին թիվ 3-2236/Ա քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը)։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական նիստը նշանակել է 14.08.2013 թվականին` ժամը 12:10-ին, որի վերաբերյալ վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Էլմիրա Սահակյանը պատշաճ ձևով ծանուցվել է: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը դատական նիստը սկսել է 14.08.2013 թվականին` ժամը 12:49-ին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Վերաքննիչ դատարանը կողմերին պատշաճ ձևով տեղեկացրել է 14.08.2013 թվականի ժամը 12:49-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 218-րդ հոդվածների պահանջները, գործը քննել է վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Էլմիրա Սահակյանի բացակայությամբ, ինչը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով արձանագրված կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.08.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան