Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1130
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.25/69(1009) Հոդ.1167
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
17.12.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2013

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

17 դեկտեմբերի 2013 թ.

 

ՔԱՂԱՔԱՑԻ ԳՈՌ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ /գրավոր ընթացակարգի շրջանակներում/`

դիմողի ներկայացուցիչներ, փաստաբաններ Ռ. Ահարոնյանի, Ս. Ջաղինյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի փորձագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Գոռ Անդրիասյանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը քաղաքացի Գ. Անդրիասյանի` 01.08.2013թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվել է 1985 թվականի դեկտեմբերի 6-ին և ուժի մեջ է մտել 1986 թվականի հունիսի 1-ից:

Դիմողի կողմից վիճարկվող նորմը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացվել է Ազգային ժողովի կողմից 2012 թվականի փետրվարի 7-ին ընդունված, ՀՀ Նախագահի կողմից 2012 թվականի մարտի 1-ին ստորագրված և 2012 թվականի մարտի 17-ին ուժի մեջ մտած` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-2-Ն ՀՀ օրենքով:

Օրենսգրքի վիճարկվող նորմը սահմանում է. «Օրենքով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից 27.06.2012 թվականին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` Գոռ Անդրիասյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածով նախատեսված խախտում կատարելու մասին:

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 27.06.2012թ. թիվ ԱԷ000917 որոշմամբ Գոռ Անդրիասյանը, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի, ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանքի 5000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 14.07.2012թ. գրությամբ Գոռ Անդրիասյանին հայտնվել է, որ թիվ ԱԷ 000917 վարչական իրավախախտման արձանագրության հիման վրա կայացված որոշումը թողնվել է անփոփոխ, քանի որ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի` անվտանգության ամրագոտիները չամրակապած ուղևոր փոխադրելն առաջացնում է տուգանքի նշանակում 5000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ վարչական դատարանը, քննելով թիվ ՎԴ/5368/05/12 վարչական գործն ըստ հայցի Գոռ Անդրիասյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության` վարչական ակտն անվավեր ճանաչելու մասին, իր 03.12.2012թ. վճռով մերժել է հայցը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր` 09.04.2013թ. որոշմամբ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/5368/05/12 վարչական գործով 03.12.2012թ. կայացրած վճիռը թողել է ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանն իր` 29.05.2013թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը:

 

3. Վիճարկելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 43-րդ հոդվածներին այնքանով, որքանով չի համապատասխանում պատժի համաչափության սկզբունքին: Իր դիրքորոշումը հիմնավորելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-920 և ՍԴՈ-924 որոշումներում պատժի համաչափության վերաբերյալ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում` դիմողը, մասնավորապես, գտնում է, որ այն հանգամանքը, որ օրենսգրքի վիճարկվող նորմի սանկցիան չի նախատեսում տարբերակված մոտեցում հոդվածում նախատեսված արարքների համար և իրավակիրառողի համար չի նախատեսում հնարավորություն` սահմանելու տարբեր պատժաչափեր, խախտում է սահմանադրական դատարանի` վերը նշված որոշումներում ամրագրված` համաչափության սկզբունքի տարր հանդիսացող տարբերակման չափանիշը: Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորում է նաև վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածը:

 

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին: Որպես իր դիրքորոշման հիմնավորում, պատասխանող կողմը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի 12.10.2010թ. ՍԴՈ-920 և 16.11.2010թ. ՍԴՈ-924 որոշումներում իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սկզբունքի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները, հաշվի առնելով օրենսգրքի վիճարկվող նորմով սահմանված իրավակարգավորման նպատակը, կարծիք է հայտնում, որ օրենսգրքի վիճարկվող նորմով նախատեսված տուգանքի չափն արդարացված է և համապատասխանում է վարչական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սկզբունքի պահանջներին:

Անդրադառնալով համաչափության սկզբունքի հիմքում ընկած` իրավաբանական պատասխանատվության չափի տարբերակման սկզբունքին և արձանագրելով այն փաստը, որ օրենսգրքով տուգանքների չափն սկսվում է հիմնականում հենց նվազագույն աշխատավարձի հնգապատիկ չափից` բացառությամբ մի քանի դեպքերի, երբ օրենսգրքով տուգանքի չափը նախատեսված է նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով, որ օրենսգրքի վիճարկվող նորմով նախատեսված տուգանքի չափն ինքնին ցածր է, պատասխանող կողմը գտնում է, որ իրավաբանական պատասխանատվության չափի տարբերակման սկզբունքի տեսանկյունից օրենսգրքի վիճարկվող նորմով սահմանված իրավակարգավորման պայմաններում ապահովվում է կատարված արարքի դիմաց համարժեք պատասխանատվությունը:

 

5. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի փաստարկները վերաբերում են ոչ թե ինքնին իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած` պատասխանատվության համաչափության սկզբունքին, այլ նշված սկզբունքի հիմքում ընկած` պատժաչափի տարբերակման սկզբունքին, սահմանադրական դատարանը հարկ է համարում հենց այդ սկզբունքի տեսանկյունից գնահատել օրենսգրքի վիճարկվող նորմի սահմանադրականությունը` հաշվի առնելով նաև իր ՍԴՈ-924 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները:

Սահմանադրական դատարանն իր` 16.11.2010թ. ՍԴՈ-924 որոշման 7-րդ կետում, անդրադառնալով իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած` պատժաչափի տարբերակման սկզբունքին` ընդգծել է զանցանքի բնույթը և լրջությունը: Վերահաստատելով իր` 16.11.2010թ. ՍԴՈ-924 որոշման 7-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշումները` սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը գտնում է, որ կախված զանցանքի բնույթից և լրջությունից, այսինքն` զանցանքի առանձնահատկություններից` ոչ բոլոր դեպքերում է, որ անհրաժեշտություն է առաջանում սահմանելու տվյալ զանցանքի համար նախատեսված պատժաչափի ստորին և վերին սահմանները` չբացառելով նշված դեպքերում այդպիսիք սահմանելու` օրենսդիր մարմնի բացառիկ հայեցողական իրավասությունը: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ զանցանքի բնույթը միանշանակ է ու պայմանավորված է կոնկրետ փաստով և ոչ որևէ այլ հանգամանքներով: Օրենքով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաև անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելը որևէ այլ հանգամանքով արդարացնելի չէ, փաստ է օրենքի խախտումը, հետևանքը միարժեք պետք է լինի:

Տվյալ դեպքում առանձնակի կարևորություն է ստանում այդպիսի զանցանքների համար պատժաչափի համաչափության սկզբունքի պահպանումը: Այս կապակցությամբ սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը, հաշվի առնելով օրենսգրքի վիճարկվող նորմով նախատեսված արարքի բնույթը և լրջությունը, դրանով հետապնդվող նպատակը, նախատեսված տուգանքի չափը, գտնում է, որ տվյալ դեպքում օրենսգրքի վիճարկվող նորմով սահմանված վարչական պատասխանատվությունն իրավաչափ նպատակ է հետապնդում` ապահովել այդ նորմով կարգավորվող հասարակական հարաբերությունները` երաշխավորելով մարդկանց անվտանգությունը, և համապատասխանում է համաչափության սկզբունքին:

Հաշվի առնելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում տարբերակված մոտեցման սկզբունքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 33-րդ հոդվածով նախատեսված` մեղմացուցիչ և ծանրացուցիչ հանգամանքների կիրառման վերաբերյալ դիմողի փաստարկները, և գտնում է, որ տվյալ դեպքում սահմանադրական դատարանի որոշումներին կատարվող հղումները դիմողի կողմից սահմանադրական դատարանի 16.11.2010թ. ՍԴՈ-924 որոշման 7-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշումների ոչ ճիշտ ընկալման և մեկնաբանման արդյունք է:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.3-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

17 դեկտեմբերի 2013 թ.

ՍԴՈ-1130